Աստվածաշունչ
Եբրայական և Քրիստոնեական գրությունների հավաքածու, որոնք պարունակում են աստվածային հայտնություններ: Աստվածաշունչը շատ մարգարեների և ոգեշնչված մատենագիրների աշխատանք է, որոնք գործել են Սուրբ Հոգու ազդեցության ներքո (Բ Պետ. Ա.21):
Քրիստոնեական Աստվածաշունչն ունի երկու բաժին, որոնք սովորաբար կոչվում են Հին և Նոր Կտակարաններ: Հին Կտակարանը բաղկացած է սուրբ գրքերից, որոնք օգտագործվում էին Պաղեստինի հրեաների կողմից Տիրոջ երկրային ծառայության ժամանակ: Նոր Կտակարանը պարունակում է Առաքելական դարաշրջանին պատկանող գրություններ, որոնք համարվում են նույնքան սուրբ և հեղինակավոր, որքան հրեաների սուրբ գրքերը: Հին Կտակարանի գրքերը վերցվել են շատ դարերով ձգվող ազգային գրականությունից և գրեթե ամբողջությամբ գրված են եղել եբրայերեն, մինչդեռ Նոր Կտակարանի գրքերը մեկ սերնդի աշխատանքներ են և հիմնականում գրվել են հունարեն:
Կտակարան բառը Հին Կտակարանում ներկայացնում է եբրայերեն մի բառ, որը նշանակում է «ուխտ»: Հին Ուխտն այն օրենքն է, որը տրվեց Մովսեսին, երբ Իսրայելը մերժեց ավետարանի լրիվությունը, որն Աստծո ժողովուրդն ունեցել էր մահկանացության սկզբից ի վեր: Նոր Ուխտը Հիսուս Քրիստոսի կողմից ուսուցանված ավետարանն է:
Եբրայեցիների Աստվածաշնչում (Հին Կտակարանում) գրքերը բաժանված էին երեք խմբի՝ Օրենք, Մարգարեներ և Գրություններ: Քրիստոնեական աշխարհում օգտագործվող Աստվածաշնչի գրքերը դասակարգվում են ըստ համապատասխան թեմաների, ինչպես օրինակ՝ պատմական, բանաստեղծական և մարգարեական:
Նոր Կտակարանի գրքերը հիմնականում ունեն հետևյալ հերթականությունը՝ չորս Ավետարանները և Գործքը. Պողոսի թղթերը. Հակոբոսի, Պետրոսի, Հովհաննեսի և Հուդայի ընդհանրական թղթերը. և Հովհաննեսի Հայտնությունը:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հարգում ու պատվում է Աստվածաշունչը և նաև պնդում, որ Տերը շարունակում է լրացուցիչ Հայտնություններ տալ իր վերջին օրերի մարգարեների միջոցով, որոնք պաշտպանում և հաստատում են մարդկության հետ ունեցած Աստծո գործերի վերաբերյալ աստվածաշնչի արձանագրությունները: