Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Սմիթ Ջոզեֆ կրտսեր


Սմիթ Ջոզեֆ կրտսեր

Մարգարեն, որն ընտրվել էր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին երկրի վրա վերականգնելու համար: Ջոզեֆ Սմիթը ծնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Վերմոնտ նահանգում և ապրել է 1805–1844թթ.:

1820թ. Հայր Աստվածը և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին Ջոզեֆին, և նա հասկացավ, որ երկրի վրայի եկեղեցիներից ոչ մեկը ճշմարիտ չէր (ՋՍ–Պ 1.1–20): Ավելի ուշ նրան այցելեց Մորոնի հրեշտակը, որը հայտնեց այն ոսկե թիթեղների թաքնված տեղը, որոնք պարունակում էին Ամերիկյան աշխարհամասի հնագույն ժողովուրդների հիշատակարանը (ՋՍ–Պ 1.29–54):

Ջոզեֆը թարգմանեց ոսկե թիթեղները և 1830 թվականին հրատարակեց դրանք, որպես «Մորմոնի Գիրքը» (ՋՍ–Պ 1.66–67, 75): 1829-ին նա քահանայության իշխանություն ստացավ Հովհաննես Մկրտչից և Պետրոսից, Հակոբոսից ու Հովհաննեսից (ՎևՈՒ 13; 27.12; 128.20; ՋՍ–Պ 1.68–70):

Ինչպես Աստված պատվիրել էր, Ջոզեֆը և ևս մի քանի հոգի 1830թ. ապրիլի 6-ին կազմավորեցին Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին (ՎևՈՒ 20.1–4): Ջոզեֆի ղեկավարության ներքո Եկեղեցին աճեց Կանադայում, Անգլիայում և Միացյալ Նահանգների արևելյան մասում, հատկապես Օհայոյում, Միսսուրիում և Իլինոյսում: Ջոզեֆը և Սրբերը ծանր հալածանքների ենթարկվեցին, որտեղ էլ բնակվեցին: 1844-ի հունիսի 27-ին Ջոզեֆը և նրա եղբայր Հայրումը նահատակվեցին Քարտեջում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Իլինոյս նահանգում:

Մարգարե Ջոզեֆ Սմիթի առաջ բերած սուրբ գրքերը

Ջոզեֆը թարգմանեց մի մաս ոսկե թիթեղներից, որոնք տրվել էին նրան Մորոնի հրեշտակի կողմից, թարգմանություն, որը հրատարակվեց 1830 թվականին, որպես «Մորմոնի Գիրքը»: Նա նաև շատ հայտնություններ ստացավ Տիրոջ կողմից, որոնք ուրվագծում էին Եկեղեցու հիմնական վարդապետություններն ու կազմակերպությունը: Այդ հայտնություններից շատերը կազմում են այն գիրքը, որն այժմ հայտնի է, որպես «Վարդապետություն և Ուխտեր»: Նա պատասխանատու էր նաև «Թանկագին Մարգարիտի» լույս ընծայման համար, որը ոգեշնչված թարգմանություններ է պարունակում Մովսեսի, Աբրահամի և Մատթեոսի գրություններից, հատվածներ իր անձնական պատմությունից և վկայությունից, և տասներեք պնդում՝ Եկեղեցու կողմից դավանվող վարդապետության և հավատքի վերաբերյալ: