Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Պետրոս


Պետրոս

Նոր Կտակարանում Պետրոսը սկզբում հայտնի էր որպես Շմավոն կամ Սիմոն (Բ Պետ. Ա.1), ձկնորս Բեթսայիդայից, որն իր կնոջ հետ ապրում էր Կափառնայումում: Հիսուսը բժշկեց Պետրոսի զոքանչին (Մար. Ա.29–31): Պետրոսը, իր եղբայր Անդրեասի հետ, կանչվեց Հիսուս Քրիստոսի աշակերտը լինելու (Մատ. Դ.18–22; Մար. Ա.16–18; Ղուկ. Ե.1–11): Նրա արամեական անունը՝ Կեփաս, որը նշանակում է «տեսանող» կամ «վեմ», նրան տրվել էր Տիրոջ կողմից (Հովհ. Ա.40–42; ՋՍԹ Հովհ. 1.42): Չնայած Նոր Կտակարանը նշում է Պետրոսի որոշ մահկանացու թուլությունները, այն լուսաբանում է նաև, որ նա ամուր դարձվեց իր հավատքով առ Հիսուս Քրիստոս:

Պետրոսը խոստովանեց, որ Հիսուսը Քրիստոսն էր և Աստծո Որդին (Հովհ. Զ.69–70), և Տերն ընտրեց նրան, որ կրի արքայության բանալիները երկրի վրա (Մատ. ԺԶ.13–18): Կերպարանափոխման սարի վրա Պետրոսը տեսավ կերպարանափոխված Փրկչին, ինչպես նաև Մովսեսին և Եղիային (Մատ. ԺԷ.1–9):

Պետրոսն իր օրերի ավագ Առաքյալն էր: Փրկչի մահից, հարությունից և համբարձումից հետո, նա հավաքեց Եկեղեցին մեկտեղ և ղեկավարեց Հուդա Իսկարիովտացու փոխարեն Առաքյալ կանչելու գործը: (Գոր. Ա.15–26): Պետրոսը և Հովհաննեսը մի մարդ բժշկեցին, որն ի ծնե կաղ էր (Գոր. Գ.1–16) և հրաշքով ազատվեցին բանտից (Գոր. Ե.11–29; ԺԲ.1–19): Պետրոսի ծառայությամբ էր, որ ավետարանն սկզբում բացվեց հեթանոսների առաջ (Գոր. Ժ–ԺԱ): Վերջին օրերին Պետրոսը, Հակոբոսի և Հովհաննեսի հետ, իջավ երկնքից և Մելքիսեդեկյան Քահանայությունն ու նրա բանալիները շնորհեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին (ՎևՈՒ 27.12–13; 128.20):

Պետրոսի առաջին թուղթը

Առաջին թուղթը գրվել է «Բաբելոնից» (հավանաբար, Հռոմից) և ուղարկվել է այժմյան Փոքր Ասիայի տարածքի Սրբերին՝ Ներոնի կողմից Քրիստոնյաների հալածվելուց կարճ ժամանակ անց:

Ա գլխում խոսվում է Քրիստոսի՝ որպես Քավիչի նախակարգված դերի մասին: Բ–Գ գլուխները բացատրում են, որ Քրիստոսը Եկեղեցու գլխավոր անկյունաքարն է, որ Սրբերը կրում են թագավորական քահանայություն, և որ Քրիստոսը քարոզում էր բանտում եղած հոգիներին: Դ–Ե գլուխները բացատրում են, թե ինչու է ավետարանը քարոզվում մեռելներին և թե երեցներն ինչու պետք է արածեցնեն հոտը:

Պետրոսի երկրորդ թուղթը

Ա գլուխը Սրբերին հորդորում է հաստատուն անել իրենց կոչումը և ընտրությունը: Բ գլուխը զգուշացնում է կեղծ վարդապետների համար: Գ գլուխը խոսում է վերջին օրերի և Քրիստոսի երկրորդ գալստի մասին: