Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 69


Բաժին 69

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Հայրամում, Օհայո, 1831թ. նոյեմբերին (History of the Church, 1.234–235): Հայտնությունների ժողովածուն, որը նախատեսվել էր մոտ ապագայում հրատարակելու համար, հաստատվել էր նոյեմբերի 1-ի հատուկ համաժողովում: Նոյեմբերի 3-ին ավելացվեց հայտնությունը, որն այս գրքում հայտնի է որպես 133-րդ բաժին, և անվանվեց Հավելված: Համաժողովի որոշմամբ Օլիվեր Քաուդերին նշանակվեց, որ ժողովված հայտնություններն ու պատվիրանները տանի Ինդիփենդենս, Միսսուրի՝ տպագրելու համար: Նա պետք է նաև իր հետ վերցներ դրամը, որը նվիրաբերվել էր Միսսուրիում Եկեղեցին կառուցելու համար: Քանի որ դեպի սահմանամերձ հողեր նրա ճամփորդությունն ընթանալու էր սակավաբնակ շրջաններով, ցանկալի էր, որ լիներ ուղեկից մի ընկեր:

1–2՝ Ջոն Ուիթմերը պետք է ուղեկցի Օլիվեր Քաուդերիին դեպի Միսսուրի. 3–8՝ Նա նաև պետք է քարոզի և հավաքի, գրի առնի և գրանցի պատմական փաստերը:

1 Ականջ դրեք ինձ, ասում է Տերը՝ ձեր Աստվածը, ի սեր իմ ծառա Օլիվեր Քաուդերիի: Դա իմ իմաստությամբ չէ, որ նրան վստահվի պատվիրանները և դրամը, որը նա պետք է տանի Սիոնի հող, եթե նրա հետ չգնա մեկը, որը կլինի ճշմարիտ ու հավատարիմ:

2 Ուստի, ես՝ Տերս, կամենում եմ, որ իմ ծառա Ջոն Ուիթմերը գնա իմ ծառա Օլիվեր Քաուդերիի հետ.

3 Եվ նաև, որ նա շարունակի գրելն ու պատմություն կազմելը բոլոր կարևոր բաների մասին, որոնք նա կնկատի և կիմանա իմ եկեղեցու վերաբերյալ.

4 Եվ նաև, որ նա խորհուրդ և օգնություն ստանա իմ ծառա Օլիվեր Քաուդերիից և մյուսներից:

5 Եվ նաև իմ ծառաները, որոնք ամենուր երկրի վրա են, Սիոնի հող պիտի ուղարկեն իրենց տնտեսության հաշիվը.

6 Քանզի Սիոնի հողը կլինի այս բաները ստանալու և կատարելու կենտրոնն ու վայրը:

7 Այնուամենայնիվ, թող իմ ծառա Ջոն Ուիթմերը բազմաթիվ անգամներ ճամփորդի մի վայրից մյուսը, մի եկեղեցուց մյուսը, որ ավելի հեշտորեն գիտելիք ձեռք բերի,–

8 Քարոզելով և մեկնաբանելով, գրի առնելով, պատճենագրելով, ընտրելով և ձեռք բերելով բոլոր բաները, որոնք կլինեն եկեղեցու բարիքի համար, և աճող սերունդների համար, որոնք պիտի մեծանան Սիոնի հողի վրա, որ տիրեն այն սերնդե-սերունդ՝ հավիտյանս հավիտենից: Ամեն: