2023 թվականի հոգևոր հավաքներ
Սեր և պատկանելություն


Սեր և պատկանելություն

Համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդ չափահասների համար

Կիրակի, 19 նոյեմբեր 2023 թ․

Երեց Քվենթին Լ. Քուք. Սիրո և պատկանելության մասին հարցը սերտորեն կապված է կյանքի և հավատքի մարտահրավերներին դիմակայելու հետ: Մերի, կպատասխանե՞ս այս կարևոր հարցին:

Քույր Մերի Քուք. Մենք բոլորս Աստծո զավակներն ենք և պատկանում ենք Տիրոջ վերականգնված Եկեղեցուն՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն: Անկախ մեր տարբեր հանգամանքներից, մենք բոլորս պատկանում ենք:

Սուրբ գրություններում հստակ ասվում է, որ Աստված սիրում է Իր բոլոր հոգևոր զավակներին, բոլորը նույնն են Աստծո համար, և բոլորը պատկանում են:

2 Նեփի 26․33 հատվածում գրված է․ «Նա հրավիրում է նրանց բոլորին՝ գալ իր մոտ և ճաշակել իր բարությունից. և նա չի մերժում ոչ մեկին, որ գալիս են դեպի իրեն, սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին. … և բոլորը նույնն են Աստծո համար»:

Քանի որ մենք բոլորս Աստծո հոգևոր զավակներն ենք, մենք ունենք հոգևոր ինքնություն և մենք երգում ենք դրա մասին «Աստծո զավակն եմ» օրհներգում:1

Տարիներ առաջ, երբ մենք ապրում էինք Կալիֆորնիայի Բեյ տարածքում, երիտասարդները երգում և մասնակցում էին Օքլենդ Կալիֆորնիայի տաճարի դիմակահանդես ներկայացմանը, որը վերնագրված էր «Եվ եղավ այնպես»: Երգերից մեկը մեր հոգևոր ինքնության մասին էր։ Այն վերնագրված էր․ «Ո՞վ եմ ես»: Այն տալիս էր «ինչո՞ւ ենք մենք այստեղ» և «ո՞ւր ենք մենք գնում» հարցերը:

Երգն ավարտվում էր հետևյալ ազդեցիկ պատասխանով.

Ահա, թե ով եմ ես։

Իմ հոգին ապրում էր իմ Հոր հետ նախքան երկրի արարումը:

Ես ընտրեցի այն ճանապարհը, որով պետք է գնամ, երբ ավարտվեց իմ առաջին վիճակը:

Ես երկիր եկա իմ Հոր նման ստեղծված մարմնի համար

Որ միավորեմ իմ հոգին և մարմինը՝ իմ հոգին աստվածային դարձնելու համար:

Ահա, թե ով եմ ես։

Ես իմ երկնային հոր զավակն եմ:

Ահա, թե ով եմ ես։

Ես Աստծո զավակն եմ

Բոլոր մասնակիցները Հոգուց վկայություն ստացան, որ նրանք երգում էին ճշմարտությունը:

Երեց Քուք. Անցած ամիս ես և Մերին գտնվում էինք Թուրքիայի Եփեսոս քաղաքում՝ Եվրոպայի մեծ մասի միսիայի ղեկավարների հետ: Պողոս Առաքյալն ապրել և ուսուցանել է այնտեղ: Եփեսացիներին ուղղված նրա նամակներից մեկը պարունակում է մի սպառիչ հայտարարություն. «Ուրեմն այսուհետև այլևս օտար ու պանդուխտ չեք, այլ սրբերի համաքաղաքացիներ և Աստծու ընտանիքի անդամներ»:2

Մենք բոլորս պատկանում ենք։

Քույր Քուք. Ալեն Միլնը գրել է մի գիրք ոսկեգույն, մեղրասեր արջի մասին, որը կոչվում է Վինի-Թուխ:

Իր ընկեր Դնչիկի հետ զբոսնելիս Դնչիկը հարցնում է Թուխին. «Ինչպե՞ս ես գրում սեր բառը»: Թուխը պատասխանում է․ «Դու չես գրում։ Դու զգում ես այն»:

Սուրբ գրությունների ուսումնասիրության Gospel Library հավելվածում «Սեր» բառի տակ գրված է․ «Սերը խորը նվիրվածության, մտահոգության և կապվածության զգացում է: Իր զավակների հանդեպ Աստծո սիրո մեծագույն օրինակն արտահայտվում է Հիսուս Քրիստոսի անսահման քավությամբ: Աստծո և մերձավորների հանդեպ սերը Հիսուս Քրիստոսի աշակերտներին բնորոշ հատկանիշ է»:3

Հովհաննես 3.16 հատվածում մենք կարդում ենք. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»:

Երբ Հիսուս Քրիստոսը այս երկիր եկավ ժամանակների գագաթնակետին, Նա ուսուցանեց մեզ.

«Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով։

Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը։

Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս»։4

Մենք ցույց ենք տալիս մեր սերը Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ պահելով Նրանց պատվիրանները: Սա է մեր գործը։

Մենք ցույց ենք տալիս մեր սերը Աստծո բոլոր զավակների հանդեպ, երբ ծառայում ենք և ակտիվ ապրում ավետարանով, կատարում ենք միսիոներական աշխատանք՝ սիրելով, կիսվելով և հրավիրելով մյուսներին «գալ Քրիստոսի մոտ»: Մենք ցույց ենք տալիս մեր սերը ընտանիքի հանդեպ՝ պահելով մեր տաճարային ուխտերը և կատարելով տաճարային աշխատանք մեր նախնիների համար:

Ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ: Հարցրեք. Արդյո՞ք իմ գործողությունները ցույց են տալիս իմ սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: Օգնու՞մ եմ ինձ շրջապատող մարդկանց հավատալ: Եթե ինձ «մեղադրեին» քրիստոնյա լինելու մեջ, արդյո՞ք բավարար ապացույցներ կունենային ինձ «դատապարտելու» համար:

Էդվին Մարկխեմի «Outwitted» (Ամենախելացին) բանաստեղծության մեջ ասվում է.

Նա գծեց շրջան, որն ինձ դուրս թողեց.

Հերետիկոս, ապստամբ, ծաղրի առարկա:

Բայց Սեր ունեի ես և խելք հաղթելու.

Մենք գծեցինք մի շրջան, որը նրան ներս ընդգրկեց:

Եկեք լինենք ճշմարիտ աշակերտներ և խաղաղարարներ: Թող Քրիստոսի մաքուր սերը բնակվի մեր սրտերում, երբ մենք մեր գործերով ցույց ենք տալիս մեր սերը Աստծո և Նրա սիրելի Որդի Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Երեց Քուք. Ես խնդրել եմ երեց և քույր Գիլբերտներին պատասխանել հաջորդ երկու հարցերին.

Առաջինը՝ ինչպե՞ս կարող ենք բարելավել մեր կյանքի պլանավորումը և հավասարակշռությունը: Եվ երկրորդը՝ ինչպե՞ս ենք մենք պաշտպանում ճշմարտությունը այս բարդ ժամանակներում:

Տպել