2023 թվականի հոգևոր հավաքներ
Մարգարեական առաջնորդություն


Մարգարեական առաջնորդություն

Համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդ չափահասների համար

Կիրակի, 19 նոյեմբեր 2023 թ․

Անդրադառնալով մարգարեական առաջնորդություն ստանալուն՝ ես վկայում եմ, որ Ռասսել Մ. Նելսոնը Տիրոջ ընտրյալ մարգարեն է, որն առաջնորդում է Նրա Եկեղեցին այսօր: Ես բազմիցս խոսել եմ նրա հանդեպ իմ սիրո և երախտագիտության մասին։1

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը, խոսելով մարգարեական առաջնորդության մասին, ասել է․ «Ամեն ինչից առավել, … մենք պետք է ամենից երախտապարտ լինենք նրա համար, որ երկինքներն իսկապես բաց են, և որ Հիսուս Քրիստոսի վերականգնված եկեղեցին հիմնված է հայտնության վեմի վրա: Շարունակվող հայտնությունն իսկապես ապրող Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի կենարար արյունն է»։2

Ենովք մարգարեն կանխատեսել էր այն օրերը, որոնցում մենք ապրում ենք: Նա տեսավ այն մեծ ամբարշտությունը, որը կտիրեր, և մարգարեացավ «մեծ նեղությունների» մասին, որոնք տեղի կունենան: Սակայն Տերը խոստացել է․ «Բայց իմ ժողովրդին ես կպահպանեմ։ Արդարություն ցած կուղարկեմ երկնքից. և ճշմարտություն առաջ կուղարկեմ երկրից, որ վկայություն բերեն իմ Միածնի մասին»։3 Մորմոնի Գրքի ի հայտ գալը Ենովքին ուղղված Տիրոջ հայտարարության իրականացումն էր:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություն հայտնության հետևից։ Շատ հայտնություններ մեզ համար պահպանվել են Վարդապետություն և Ուխտերում: Եկեղեցու բոլոր կանոնիկ աշխատությունները պարունակում են այս վերջին տնտեսությունում Տիրոջ միտքն ու կամքը մեզ համար։4

Բացի այս հրաշալի հիմնարար սուրբ գրություններից, մենք օրհնված ենք ապրող մարգարեների շարունակական հայտնությամբ: Մարգարեները «Տիրոջ լիազորված գործակալներն են, որոնք իրավասու են խոսել Նրա անունից»։5

Ինչպես շատ անգամներ եմ ասել, ես ամենայն վճռականությամբ հայտարարում եմ, որ շարունակական հայտնությունը ստացվել և ստացվում է Տիրոջ հաստատած ուղիներով:

Ես՝ որպես առաքյալ, ծառայել եմ երեք մարգարեների ղեկավարության ներքո՝ նախագահներ Գորդոն Բ. Հինքլիի, Թոմաս Ս. Մոնսոնի և Ռասսել Մ. Նելսոնի: Ես վկայում եմ, որ նրանք բոլորն էլ հայտնություն են ստացել մեր օրերի համար:

Վստահեցնում եմ ձեզ, որ յուրաքանչյուրս կարող ենք ստանալ սուրբ առաջնորդություն, քանի դեռ աշխատում ենք Տիրոջ այգում: Մեր առաջնորդության մեծ մասը գալիս է Սուրբ Հոգուց: Երբեմն և որոշ նպատակների համար այն անմիջապես գալիս է Տիրոջից: Ես անձամբ եմ վկայում, որ դա ճիշտ է: Ամբողջ Եկեղեցու վերաբերյալ առաջնորդությունը տրվում է միայն Եկեղեցու նախագահին և մարգարեին։

Ես նախկինում վերաձևակերպել եմ այն, ինչ Վիլֆորդ Վուդրուֆը ասել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին. դա հավասարապես վերաբերում է Նախագահ Ռասսել Մ. Նելսոնին: Ես տեսել եմ «Աստծո Հոգու գործերը նրա հետ և նրան տրված Հիսուս Քրիստոսի հայտնությունը, ինչպես նաև այդ հայտնությունների իրականացումը»:6 Նա է Տիրոջ մարգարեն։

Ես՝ որպես Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալ, վստահաբար վկայում եմ Փրկչի աստվածայնության և Նրա քավության իրական լինելու մասին։ Նա մեր Փրկիչն ու Քավիչն է: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Տես Քվենթին Լ․ Քուք․ «Մեծ սեր մեր Հոր զավակների հանդեպ» ուղերձից, Լիահոնա, մայիս 2019, 76–80:

  2. Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Սպենսեր Վ․ Քիմբալ (2006), 243, տես նաև Մատթեոս 16․13–19։

  3. Մովսես 7․61-62։

  4. See Ezra Taft Benson, “The Gift of Modern Revelation,” Ensign, Nov. 1986, 78–80.

  5. Hugh B. Brown, “Joseph Smith among the Prophets” (Sixteenth Annual Joseph Smith Memorial Sermon, Logan Institute of Religion, Dec. 7, 1958), 7.

  6. Վիլֆորդ Վուդրուֆ, Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 283։

Տպել