Հիմա է ժամանակը
Եթե ինչ-որ բան կա ձեր կյանքում, որ դուք պետք է փոխեք, հիմա է ժամանակը։
Մի քանի տարի առաջ, մինչ պատրաստվում էի գործուղման, կրծքավանդակիս շրջանում ցավ զգացի։ Մտահոգված իմ վիճակից, կինս որոշեց ընկերակցել ինձ։ Մեր առաջին իսկ թռիչքի ընթացքում ցավն այնքան ուժգնացավ, որ դժվարանում էի շնչել։ Վայրէջքից հետո մենք օդանավակայանից գնացինք տեղի հիվանդանոցը, որտեղ մի շարք ստուգումներից հետո բժիշկը հայտնեց, որ մենք կարող էինք ապահով շարունակել մեր ճամփորդությունը։
Մենք վերադարձանք օդանավակայան և պատրաստվեցինք մեր հաջորդ թռիչքին։ Երբ վայրէջք էինք կատարում, օդաչուն ներքին հեռախոսակապով խնդրեց ինձ ներկայացնել իմ փաստաթղթերը։ Թռիչքի ուղեկցողը մոտեցավ, ասաց, որ իրենք հենց նոր շտապ օգնությունից զանգ են ստացել և ասաց ինձ, որ շտապ օգնության մեքենան սպասում է օդանավակայանում, որ ինձ հիվանդանոց տանի։
Մեզ արագ տեղափոխեցին հիվանդանոց։ Այնտեղ մեզ դիմավորեցին երկու մտահոգ բժիշկներ և բացատրեցին, որ ինձ սխալ ախտորոշում էր տրվել, իսկ իրականում ես ունեի թոքերի լուրջ խնդիր, որը պահանջում էր անհապաղ բժշկական միջամտություն։ Բժիշկները տեղեկացրին մեզ, որ շատ հիվանդներ դուրս չեն գալիս այս վիճակից։ Իմանալով, որ մենք հեռու ենք գտնվում տանից և վստահ չլինելով, որ մենք պատրաստ ենք կյանքի նման փոփոխության, բժիշկն ասաց, որ եթե ինչ-որ բան կա մեր կյանքում, որ մենք պետք է փոխենք, հիմա է ժամանակը։
Ես լավ հիշում եմ, թե ինչպես, գրեթե ակնթարթորեն, այդ մտահոգ պահին իմ ողջ հեռանկարը փոխվեց։ Այն, ինչ շատ կարևոր էր թվում րոպեներ առաջ, այժմ ինձ շատ քիչ էր մտահոգում։ Իմ միտքն արագ սլացավ այս կյանքի հարմարավետություններից ու հոգսերից դեպի հավերժական հեռանկարները․ մտքեր ընտանիքի, երեխաների, իմ կնոջ և ամենակարևորը՝ իմ իսկ կյանքի գնահատման վերաբերյալ։
Արդյո՞ք ամեն բան կարգին էր մեր ընտանիքում և մեր անձնական կյանքում։ Արդյո՞ք մենք ապրում էինք մեր կյանքը համաձայն մեր կապած ուխտերի և Տիրոջ սպասելիքների, կամ գուցե մենք աննկատորեն թույլ էինք տվել, որ աշխարհի հոգսերը շեղեն մեզ ամենակարևոր բաներից։
Ես հրավիրում եմ ձեզ խորհել մի կարևոր դասի շուրջ, որ կարող ենք սովորել այդ փորձառությունից․ մի պահ մոռացեք աշխարհիկ հոգսերը և գնահատեք ձեր կյանքը։ Կամ, ինչպես բժիշկն է ասել, եթե ինչ-որ բան կա ձեր կյանքում, որ դուք պետք է փոխեք, հիմա է ժամանակը։
Գնահատելով մեր կյանքը
Մենք ապրում ենք տեղեկատվությամբ գերծանրաբեռնված աշխարհում, որտեղ գերակշռում են անընդհատ աճող շեղումները, որոնք ավելի ու ավելի են դժվարացնում կողմնորոշումը այս խառնաշփոթ կյանքում և կենտրոնացումը հավերժական արժեքների վրա։ Առօրյա կյանքում մենք անընդհատ բախվում ենք մեր ուշադրությունը գրավող հայտարարությունների, որոնք մատուցվում են արագ փոփոխվող տեխնոլոգիաների միջոցով։
Եթե մենք ժամանակ չհատկացնենք խորհելուն, գուցե չգիտակցենք այս արագընթաց միջավայրի ազդեցությունը մեր ամենօրյա կյանքի և մեր կատարած ընտրությունների վրա։ Գուցե մենք տեսնենք, որ մեր կյանքը վատնում ենք համացանցի, տեսանյութերի և մեր ուշադրությունը գրավող նման այլ միջոցների վրա։ Չնայած դրանք հետաքրքիր ու զվարճալի են, դրանց մեծ մասը շատ քիչ են կապված մեր հավերժական առաջընթացի հետ, սակայն դրանք մեծ ազդեցություն են ունենում մեր մահկանացու կյանքի փորձառությունների վրա։
Աշխարհի այս շեղումները կարող են համեմատվել Լեքիի երազի հետ։ Մինչ մենք առաջ ենք ընթանում ուխտի ճանապարհով, երկաթյա ձողից ամուր բռնած, մենք լսում և տեսնում ենք նրանց, ովքեր մեծ ու ընդարձակ շենքից ծաղրում և մատով ցույց են տալիս մեզ (1 Նեփի 8․27)։ Գուցե մենք գիտակցաբար չենք վարվում այդպես, սակայն երբեմն կանգ ենք առնում և սևեռում մեր ուշադրությունը, որ տեսնենք, թե ինչ է կատարվում աշխարհում։ Մեզանից ոմանք գուցե նաև թողնում են երկաթյա ձողը և մոտենում, որ ավելի լավ տեսնեն։ Ոմանք էլ, գուցե, ընդմիշտ հեռանան «նրանց պատճառով, ովքեր ծաղրի էին ենթարկում իրենց» (1 Նեփի 8․28)։
Փրկիչը զգուշացրել է մեզ․ «Զգոյշ կացէք … մի գուցէ ձեր սրտերը ծանրանան … ապրուստի հոգսերով» (Ղուկաս 21․34)։ Ժամանակակից հայտնությունը հիշեցնում է մեզ, որ շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված։ Նրանք ընտրված չեն, «որովհետև նրանց սրտերը … դրված են այս աշխարհի բաների վրա և տենչում են մարդկանց գովասանքները» (Վարդապետություն և Ուխտեր 121․35, տես նաև հատված 34)։ Գնահատելով մեր կյանքը,մենք կտրվում ենք աշխարհից, ուշադրություն դարձնում, թե որտեղ ենք գտնվում ուխտի ուղու վրա, և անհրաժեշտության դեպքում, շտկումներ կատարում, որպեսզի համոզվենք, որ ամուր բռնել ենք ձողից և մեր հայացքը հառել հավերժական կյանքին։
Վերջերս երիտասարդների համաշխարհային հավաքի ժամանակ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը հրավիրեց երիտասարդներին կտրվել աշխարհից և սոցիալական լրատվամիջոցներից յոթ օր ծոմ պահելու միջոցով։ Եվ հենց անցած երեկո, համաժողովի կանանց նիստի ժամանակ նա նմանատիպ մի հրավեր հղեց քույրերին։ Ապա նա խնդրեց երիտասարդներին ուշադրություն դարձնել ցանկացած փոփոխության վրա, թե ինչ են զգում, ինչ են մտածում կամ նույնիսկ ինչպես են նրանք մտածում։ Ապա նա հրավիրեց նրանց․ «Տիրոջ հետ անցկացրեք կյանքի մանրակրկիտ գնահատում … որպեսզի համոզվեք, որ ձեր ոտքերն ամուր կանգնած են ուխտի ուղու վրա»։ Նա խրախուսեց նրանց, որ եթե իրենց կյանքում կան բաներ, որ պետք է փոխել, «այսօր է փոփոխություններ կատարելու հրաշալի ժամանակը»։
Երբ մեր կյանքում գտնենք բաներ, որոնք պետք է փոխել, մենք կարող ենք տալ մեզ գործնական մի հարց․ Ինչպե՞ս ենք մենք հաղթահարում այս աշխարհի շեղող բաները և կենտրոնացած մնում մեր առջև բացվող հավերժության վրա։
Նախագահ Դալլին Հ․ Օուքսը 2007թ․ համաժողովի «Լավ, ավելի լավ, ամենալավ» վերնագրված ելույթում ուսուցանում է, թե որ ընտրություններին տալ առաջնահերթությունը մեր բազում հակամարտող աշխարհիկ պահանջների մեջ։ Նա խորհուրդ է տվել. «Մենք պետք է հրաժարվենք որոշ լավ բաներից, որպեսզի ընտրենք ավելի լավը կամ լավագույնը, որովհետև դրանք զարգացնում են Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատը և ամրացնում մեր ընտանիքները»։
Թույլ տվեք խորհուրդ տալ, որ այս կյանքում լավագույն բաները կենտրոնացած են Հիսուս Քրիստոսի և հավերժական ճշմարտությունները հասկանալու վրա, թե ով է Նա և ովքեր ենք մենք Նրա հետ մեր հարաբերություններում։
Փնտրեք ճշմարտությունը
Մինչ մենք փորձում ենք ճանաչել Փրկչին, մենք չպետք է անտեսենք հիմնական ճշմարտությունը, թե ով ենք մենք և ինչու ենք այստեղ։ Ամուղեկը հիշեցնում է մեզ, որ «այս կյանքն է ժամանակը նախապատրաստվելու` հանդիպելու Աստծուն», ժամանակ, «որը տրված է մեզ, որ նախապատրաստվենք հավերժության համար» (Ալմա 34․32-33)։ Ինչպես մեզ հիշեցնում է հայտնի աքսիոման․ «Մենք մարդկային էակներ չենք, որոնք հոգևոր փորձառություն են ունենում։ Մենք հոգևոր էակներ ենք, որոնք մարդկային փորձառություն են ունենում»։
Մեր աստվածային էության ըմբռնումը խիստ կարևոր է մեր հավերժական առաջընթացի համար և կարող է ազատել մեզ այս կյանքի շեղող բաներից։ Փրկիչն ուսուցանել է․
«Եթէ դուք իմ խօսքի մէջ կենաք, ճշմարտապէս իմ աշակերտներն էք։
«Եւ ճշմարտութիւնը կ’ճանաչէք. Եւ ճշմարտութիւնը կ’ազատէ ձեզ» (Հովհաննես 8.31-32)։
Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը հայտարարել է․ «Ամենամեծ նվաճումը, որ կարող է մարդկությունն ունենալ այս աշխարհում, աստվածային ճշմարտության հետ խորապես ծանոթանալն է, այնքան կատարելապես, որ աշխարհում ապրող ոչ մի կենդանի էակի օրինակ կամ վարք չհեռացնի նրանց իրենց ձեռք բերած գիտելիքից»։
Այսօր աշխարհում ճշմարտության մասին բանավեճը հասել է այն մակարդակի, որ բոլոր կողմերն իրենցն են պնդում և կատարում իրենց սեփական մեկնաբանությունները։ Պատանի Ջոզեֆ Սմիթը նկատում է, որ իր կյանքում «այնքան մեծ էին … տարաձայնություններն ու վիճաբանությունները, որ անհնար էր որոշակի եզրակացության գալ, թե ով է ճիշտ և ով է սխալ» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․8)։ «Խոսքերի պատերազմի և տարաձայնությունների այդ աղմուկի մեջ» էր, որ նա սկսեց փնտրել աստվածային առաջնորդություն ճշմարտությունը փնտրելու միջոցով (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․10)։
Ապրիլի համաժողովին Նախագահ Նելսոնն ուսուցանել է․ «Եթե պիտի որևէ հույս ունենանք անհամար ձայների և մարդկանց փիլիսոփայությունների միջից մաղել ճշմարտությունը, մենք պետք է սովորենք հայտնություն ստանալ»։ Մենք պետք է սովորենք Ճշմարտության Հոգուն ապավինել, որը «աշխարհքս կարող չէ ընդունել. որ չէ տեսնում նորան. եւ ոչ էլ ճանաչում նորան» (Հովհաննես 14․17)։
Մինչ այս աշխարհն արագ շարժվում է դեպի աղավաղված ճշմարտությունը, մենք պետք է հիշենք Հակոբի խոսքերը, որ «Հոգին խոսում է ճշմարտությունը և չի ստում։ Ուստի, այն խոսում է բաների մասին, ինչպես դրանք իրականում կան, բաների մասին, ինչպես դրանք իրականում լինելու են. ուստի, այս բաները մեզ հայտնի են դարձվում հստակորեն՝ մեր հոգիների փրկության համար» (Հակոբ 4․13)։
Երբ մենք կտրվում ենք աշխարհից և գնահատում մեր կյանքը, հիմա է ժամանակը խորհելու համար, թե մենք ինչ փոփոխություններ պետք է կատարենք։ Մենք կարող ենք մեծ հույս ունենալ, իմանալով, որ մեր Օրինակը՝ Հիսուս Քրիստոսը, մեկ անգամ ևս ցույց է տվել ուղին։ Իր մահից և Հարությունից առաջ, մինչ Նա աշխատում էր օգնել Իր շուրջը գտնվողներին հասկանալ Իր աստվածային դերը, Նա հիշեցրեց նրանց, «որ ինձանում խաղաղութիւն ունենաք․ աշխարհքումը նեղութիւն կունենաք. բայց քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին» (Հովհաննես 16.33): Նրա մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: