2010–2019 թթ․
Նրա համար
Հոկտեմբեր 2018


2:3

Նրա համար

Մարդկանց ծառայելիս, ում և ինչու հարցերի պատասխանների իմացությունն օգնում է մեզ հասկանալ, որ սիրո բարձրագույն դրսևորումը նվիրվածությունն է Աստծուն:

Այս պատմական երեկո, ես իմ սերն ու գնահատանքն եմ արտահայտում ձեզանից յուրաքանչյուրին, սիրելի՛ քույրեր: Անկախ մեր տարիքից, գտնվելու վայրից կամ հանգամանքներից, մենք այսօր հավաքվել ենք միասնությամբ, միահամուռ ուժով, նպատակով և վկայությամբ, որ մենք սիրված ենք և առաջնորդվում ենք մեր Երկնային Հոր կողմից, մեր Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի կողմից և մեր ապրող մարգարեի՝ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի կողմից:

Երիտասարդ տարիներին ես ու ամուսինս կանչվել էինք մեր եպիսկոպոսի կողմից այցելելու և սպասավորելու մի ընտանիքի, ովքեր երկար տարիներ չէին գալիս Եկեղեցի: Մենք հաճույքով ընդունեցինք հանձնարարությունը և մի քանի օր անց գնացինք նրանց տուն: Մեզ համար անմիջապես պարզ դարձավ, որ նրանք չէին ցանկանում այցելուներ Եկեղեցուց:

Հաջորդ մեր այցի ժամանակ մենք նրանց տարանք թխվածք, վստահ լինելով, որ շոկոլադե թխվածքաբլիթները կհալեցնեին նրանց սրտերը: Սակայն դա տեղի չունեցավ: Ամուսինները մեզ հետ խոսեցին դռան ցանցի ետևից, ավելի պարզ հասկացնելով, որ մեզ չեն սպասում: Սակայն երբ մենք տուն էինք վերադառնում, հաստատ համոզված էինք, որ հաջողության կհասնեինք, եթե շոկոլադե թխվածքաբլիթների փոխարեն առաջարկեինք նրանց խրթխրթան բրնձե թխվածքաբլիթներ:

Մեր հոգևոր թերի տեսլականը հետագա ձախողված փորձերը ջախջախիչ դարձրեց: Մերժվելը երբեք հաճելի չէ: Ժամանակի հետ մենք սկսեցինք հարցնել ինքներս մեզ. «Ինչո՞ւ ենք մենք դա անում: Ո՞րն է մեր նպատակը»:

Երեց Քուքն այս դիտարկումն է արել. «Եկեղեցում ծառայելը … կարող է դժվար լինել, եթե մեզ հանձնարարվում է անել մի բան, որը վախեցնում է մեզ, եթե մենք հոգնում ենք ծառայելուց կամ եթե կանչվել ենք կատարելու այն, ինչն, ի սկզբանե, մեզ գրավիչ չի թվում»: Մենք համոզվեցինք Երեց Քուքի խոսքերի ճշմարտության մեջ և որոշեցինք, որ պետք է առաջնորդություն փնտրենք Մեկից, ով ավելի լայն տեսադաշտ ունի, քան մերն է:

Այսպիսով, բազմաթիվ անկեղծ աղոթքներից և ուսումնասիրությունից հետո մենք ստացանք մեր ծառայության վերաբերյալ ինչո՞ւ հարցի պատասխանը: Մենք մտածելակերպի փոփոխություն ունեցանք, սրտի փոփոխություն, որը փաստորեն հայտնության փորձառություն էր: Երբ մենք ուղղորդում էինք փնտրում սուրբ գրություններում, Տերն ուսուցանեց մեզ, թե մարդկանց ծառայելու գործընթացն ինչպես դարձնել ավելի հեշտ և իմաստալից: Ահա այն հատվածը, որը փոխեց մեր սրտերը և մեր մոտեցումը. «Սիրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, քո ողջ սրտով, քո ողջ զորությամբ, մտքով և ուժով. և Հիսուս Քրիստոսի անունով ծառայիր նրան»: Թեև այս հատվածը շատ ծանոթ էր, սակայն, կարծես, խոսեց մեզ հետ մի նոր ու կարևոր ձևով:

Մենք հասկացանք, որ սրտանց ձգտում էինք ծառայել այս ընտանիքին և ծառայել մեր եպիսկոպոսին, սակայն մենք պետք է հարցնեինք ինքներս մեզ, թե արդյո՞ք ծառայում էինք Տիրոջ հանդեպ սիրուց դրդված: Բենիամին թագավորը հստակեցրել է այս պնդումը, հայտարարելով․ «Ահա, ես ասում եմ ձեզ՝ քանի որ ես ասացի, որ ես անցկացրել եմ իմ օրերը ձեզ ծառայելով, ես չեմ ցանկանում պարծենալ, քանզի ես միայն եղել եմ Աստծո ծառայության մեջ»:

Այսպիսով, ո՞ւմ էր ծառայում Բենիամին թագավորը: Երկնային Հորը և Փրկիչին: Մարդկանց ծառայելիս, ում և ինչու հարցերի պատասխանների իմացությունն օգնում է մեզ հասկանալ, որ սիրո բարձրագույն դրսևորումը նվիրվածությունն է Աստծուն:

Երբ մեր կենտրոնացումն աստիճանաբար փոխվեց, նույնը տեղի ունեցավ մեր աղոթքների հետ: Մենք սկսեցինք հաճույքով կատարել մեր այցերը այս սիրելի ընտանիքի տուն՝ Տիրոջ հանդեպ սիրուց դրդված: Մենք դա անում էինք Նրա համար: Նա պայքարը փոխեց և դա այլևս պայքար չէր: Ամիսներ շարունակ դռան շեմին կանգնելուց հետո ընտանիքի անդամները սկսեցին մեզ ներս հրավիրել: Վերջապես մենք կանոնավոր աղոթքներ և ավետարանի հաճելի քննարկումներ էինք ունենում միասին: Զարգացել էին երկարատև ընկերական հարաբերություններ: Մենք երկրպագում ու սիրում էինք Նրան՝ սիրելով Նրա զավակներին:

Կարո՞ղ եք մտաբերել այնպիսի մի ժամանակ, երբ սիրով ու սրտանց օգնության ձեռք եք մեկնել մեկին, ով կարիքի մեջ է եղել և զգացել եք, որ ձեր ջանքերն աննկատ են անցնում կամ, գուցե, չեն գնահատվում և նույնիսկ՝ անցանկալի են: Այդ պահին, հարցականի տակ դրե՞լ եք ձեր ծառայությունը: Եթե այդպես եղել է, թող Բենիամին թագավորի այս խոսքերը փարատեն ձեր կասկածը և փոխեն ձեր սիրտը. «Դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:

Զայրույթ կառուցելու փոխարեն մենք կարող ենք ծառայության միջոցով ավելի կատարյալ հարաբերություններ կառուցել մեր Երկնային Հոր հետ: Մեր սերը և նվիրվածությունը Նրա հանդեպ հեռացնում է ճանաչվելու կամ գնահատվելու կարիքը և թույլ է տալիս, որ Նրա սերը հոսի մեր մեջ և մեր միջոցով:

Երբեմն մենք կարող ենք ծառայել զուտ պարտականության կամ պարտավորվածության զգացումից ելնելով, սակայն նույնիսկ այդպիսի ծառայությունը կարող է արթնացնել մեր մեջ ավելի բարձր մի բան, դրդելով մեզ ծառայել «ավելի գերազանց ճանապարհով»՝ ինչպես ասվում է Նախագահ Նելսոնի հրավերում «ուրիշների մասին հոգ տանելու և սպասավորելու ավելի նոր, ավելի սուրբ մոտեցումով»:

Երբ մենք կենտրոնանում ենք բոլոր այն բաների վրա, որոնք Աստված արել է մեզ համար, մեր ծառայությունը բխում է երախտապարտ սրտից: Երբ մենք ավելի քիչ ենք մտահոգվում մեր ծառայության տված օգուտի մասին, գիտակցում ենք, որ ծառայությունը պետք է կենտրոնացնել Աստծուն առաջին տեղում դասելու վրա:

Նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է. «Միայն այն ժամանակ, երբ մենք սիրում ենք Աստծուն մեր ողջ սրտով, անձով և մտքով, մենք կարողանում ենք կիսել այս սերը մեր ընկերոջ հետ բարի գործերի և ծառայության միջոցով»:

Տասը պատվիրաններից առաջինը վերահաստատում է այս աստվածային իմաստությունը. «Ես եմ Եհովան քո Աստուածը… Բացի ինձանից ուրիշ աստուածներ չ’ունենաս»: Այս պատվիրանի ձևակերպումը օգնում է մեզ հասկանալ, որ եթե մենք Նրան դարձնենք գլխավոր առաջնահերթություն, մնացած ամեն ինչը վերջապես կընկնի իր տեղը, նույնիսկ մեր ծառայությունն ուրիշներին: Երբ Նա մեր կյանքում գերիշխող դիրք է զբաղեցնում մեր նպատակասլաց ընտրությամբ, ապա Նա կարող է օրհնել մեր գործողությունները մեր և ուրիշների բարօրության համար:

Տերը խորհուրդ է տվել. «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում»: Եվ ամեն շաբաթ մենք ուխտ ենք կապում անելով հենց դա՝ «միշտ հիշել նրան»։ Կարո՞ղ է արդյոք նման աստվածակենտրոն միտումը կիրառվել մեր բոլոր գործերում: Կարո՞ղ է արդյոք նույնիսկ մի փոքր հանձնարարությունը հնարավորություն դառնալ՝ ցուցադրելու մեր սերը և նվիրումը Նրան: Ես հավատում եմ, որ կարող է և կդառնա:

Մենք կարող ենք մեր անելիքների ցուցակի ամեն մի կետը դարձնել Նրան փառաբանելու մի եղանակ: Մենք կարող ենք դիտարկել այդ ցուցակի ամեն մի անելիքը որպես արտոնություն և հնարավորություն՝ ծառայելու Նրան, նույնիսկ այն ժամանակ, երբ գտնվում ենք ժամկետների, հոգսերի կամ երեխայի տակդիրների եռուզեռում:

Ամմոնն ասել է. «Այո՛, ես գիտեմ, որ ես ոչինչ եմ. ինչ վերաբերում է իմ ուժին, ես թույլ եմ. հետևաբար, ես չեմ պարծենա ինձանով, բայց ես կպարծենամ իմ Աստծով, քանզի նրա ուժով ես կարող եմ անել բոլոր բաները»:

Երբ Աստծուն ծառայելը դառնում է մեր կյանքի հիմնական առաջնահերթությունը, մենք կորցնում ենք մեր անձը, բայց ճիշտ ժամանակին՝ գտնում:

Փրկիչը շատ պարզ և ուղիղ ձևով ուսուցանել է այս սկզբունքը. «Հետևաբար, թող ձեր լույսն այնպես շողա այս ժողովրդի առաջ, որ նրանք կարողանան տեսնել ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որը երկնքում է»:

Թույլ տվեք կիսվել ձեզ հետ որոշ իմաստուն խոսքերով, որոնք գրված են եղել Կալկաթայի (Հնդկաստան) մանկատներից մեկի պատին. «Եթե բարի եք, մարդիկ կարող են մեղադրել ձեզ եսասեր, ծածուկ շարժառիթների համար: Ամեն դեպքում բարի եղեք: Այն, ինչ տարիներով կառուցել եք, ինչ-որ մեկը կարող է մի գիշերում քանդել: Ամեն դեպքում կառուցեք: Այսօր ձեր արած լավությունը մարդիկ վաղը մոռանում են: Ամեն դեպքում լավություն արեք: Տվեք աշխարհին այն լավագույնը, ինչ ունեք՝ միևնույնն է, բավարար չի լինելու: Ամեն դեպքում տվեք աշխարհին այն լավագույնը, ինչ ունեք: Վերջնական վերլուծության արդյունքում դուք կտեսնեք, որ դա ձեր և ձեր Աստծո միջև է … ամեն դեպքում»:

Քույրե՛ր, դա միշտ մեր և Տիրոջ միջև է: Ինչպես նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստն է ասել. «Աշխարհում ինչի՞ կարիքն է ամենամեծը»: Ողջ աշխարհում յուրաքանչյուր մարդու ամենամեծ կարիքն այն չէ՞, որ անձնական, անընդհատ, ամենօրյա, շարունակական շփում ունենա Փրկիչի հետ»: Նման փոխհարաբերություն ունենալը կարող է ի հայտ բերել մեր մեջ աստվածայինը, և ոչինչ չի կարող ավելի մեծ փոփոխություն մտցնել մեր կյանք, քան երբ մենք իմանում ու հասկանում ենք Աստծո հետ մեր սուրբ փոխհարաբերությունը»:

Նմանապես, Ալման բացատրել է իր որդուն. «Այո, թող բոլոր քո արարքները լինեն ի Տերը, և ուր էլ որ գնաս, թող դա լինի Տիրոջով, այո, թող քո բոլոր մտքերն ուղղված լինեն առ Տերը. այո, թող քո սրտի գորովանքը դրված լինի Տիրոջ վրա հավիտյան»:

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը նույն կերպ ուսուցանել է մեզ. «Երբ մենք հասկանում ենք Նրա կամավոր Քավությունը, զոհաբերության ցանկացած զգացում մեզ մոտ ամբողջությամբ վեր է ածվում երախտագիտության խորը զգացողության՝ Նրան ծառայելու արտոնության համար»:

Քույրե՛ր, ես վկայում եմ, որ երբ Հիսուս Քրիստոսն Իր Քավության զորությամբ ներգործում է մեզ վրա և մեր մեջ, Նա սկսում է ներգործել մեր միջոցով՝ ուրիշներին օրհնելու համար: Մենք ծառայում ենք նրանց, բայց դա անում ենք սիրելով ու ծառայելով Նրան: Մենք դառնում ենք այն, ինչ սուրբ գրություններում է ասվում. «Ամեն մարդ փնտրելով իր մերձավորի շահը, և բոլոր բաներն անելով պարզ աչքով ուղղված Աստծո փառքին»:

Գուցե մեր եպիսկոպոսը գիտեր, որ դա մի դաս էր, որ ես ու ամուսինս պետք է սովորեինք, այն վաղ, բարի, բայց ոչ կատարյալ ջանքերից՝ որոնք ուղղված էին Աստծո սիրելի որդիներին ու դուստրերին սպասավորելուն: Ես բերում եմ իմ անձնական և հաստատուն վկայությունը բարության ու սիրո վերաբերյալ, որը Նա կիսում է մեզ հետ, երբ մենք ձգտում ենք ծառայել Նրա համար: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: