2010–2019 թթ․
Ծառայեք
Հոկտեմբեր 2016


10:58

Ծառայեք

Յուրաքանչյուր անդամի կարիքը կա, և յուրաքանչյուր անդամ ծառայելու հնարավորության կարիքն ունի:

Երբ փոքր էի, հորեղբայր Լայմանի և հորաքույր Դորոթիի հետ ես սիրում էի աշխատել իրենց ագարակում: Հորեղբայր Լայմանը սովորաբար ղեկավարում էր մեր գործերը, իսկ հորաքույր Դորոթին հաճախ օգնում էր նրան և վարում էր հին Դոդջ բեռնատար մեքենան: Ես հիշում եմ ադրենալինի հոսքը, երբ մենք խրվում էինք ցեխի մեջ կամ փորձում էինք զառիվեր բլուրը բարձրանալ. հորեղբայր Լայմանը գոռում էր. «Միացրու բաղադրյալ փոխանցումը, Դորոթի»: Այդ ժամանակ էր, որ ես սկսում էի աղոթել: Ինչ-որ կերպ` Տիրոջ օգնությամբ և ատամնանիվները շրխկացնելով հորաքույր Դորոթին միացնում էր բաղադրյալ փոխանցումը: Բոլոր անիվներին ուժ հաղորդելով, մեքենան տեղից շարժվում էր, և մեր աշխատանքը շարունակվում էր:

«Միացնել բաղադրյալ փոխանցումը» նշանակում է փոխանցման բռնակը դնել հատուկ դիրքում, երբ բոլոր ատամնանիվներն այնպես են դասավորվում, որ միասին աշխատելով ավելի մեծ քարշիչ ուժ են ստեղծում: Բաղադրյալ փոխանցումը չորս քարշիչ անիվների հետ միասին թույլ է տալիս իջեցնել փոխանցման աստիճանը, մեծացնել հզորությունը և շարժվել:

Բաղադրյալ փոխանցման ատամնանիվներ

Ես սիրում եմ այն միտքը, որ մեզանից յուրաքանչյուրը բաղադրյալ փոխանցման ատամնանիվների մի մասն է հանդիսանում, երբ մենք ծառայում ենք միասին Եկեղեցու ծխերում և ճյուղերում, քվորումներում և օժանդակ կազմակերպություններում: Ինչպես ատամնանիվներն են միասին ավելի մեծ հզորություն ստեղծում բաղադրյալ փոխանցման համար, միասին մենք ավելի մեծ ուժ ենք ունենում: Երբ միավորվում ենք միմյանց ծառայելու գործում, մենք միասին ավելի շատ աշխատանք ենք կատարում, քան կարող էինք անել միայնակ: Մեծ ոգևորություն ենք ապրում, ներգրավվելով և միավորվելով, երբ ծառայում և աջակցում ենք Տիրոջ գործին:

Ծառայելն օրհնություն է

Ծառայելու հնարավորությունը Եկեղեցու անդամության մեծագույն օրհնություններից է: Տերն ասել է. «Եթե ինձ սիրում ես, ծառայիր ինձ», և մենք, ծառայելով մյուսներին, ծառայում ենք Նրան:

Ծառայելիս մենք մոտենում ենք Աստծուն: Մենք ճանաչում ենք Նրան այնպես, որ այլ կերպ չէինք կարող ճանաչել: Մեր հավատքը Նրա հանդեպ մեծանում է: Մեր խնդիրներն ավելի տեսանելի են դառնում: Կյանքից ավելի մեծ բավարարվածություն ենք ստանում: Աճում է մյուսների հանդեպ սերը և ծառայելու ցանկությունը: Այդ օրհնյալ գործընթացի շնորհիվ մենք դառնում ենք ավելի Աստվածանման և ավելի լավ ենք պատրաստվում Նրա մոտ վերադառնալուն:

Ինչպես Նախագահ Մարիոն Գ. Ռոմնին է ուսուցանել. «Ծառայությունը ինչ-որ բան չէ, որը մենք պետք է ստիպված կատարենք, որպեսզի սելեստիալ արքայությունում ապրելու համար իրավունք վաստակենք: Ծառայությունը հենց այն մանրաթելն է, որից սելեստիալ արքայության մեջ վեհացած կյանքն է հյուսվում»:

Ծառայելը կարող է դժվար լինել

Ինչևէ, Եկեղեցում ծառայելը կարող է դժվար լինել, եթե մեզ հանձնարարվում է անել մի բան, որը վախեցնում է մեզ, եթե մենք հոգնում ենք ծառայելուց կամ եթե կանչվել ենք կատարելու այն, ինչն ի սկզբանե մեզ գրավիչ չի թվում:

Վերջերս ես նոր հանձնարարություն ստացա: Ես ծառայել եմ Աֆրիկայի հարավարևելյան տարածքում: Մեծ ոգևորություն էի ապրում, ծառայելով այնտեղ, որտեղ Եկեղեցին նոր էր հիմնադրվում, և մենք սիրում էինք Սրբերին: Այնուհետև ինձ կանչեցին Եկեղեցու գլխավոր վարչություն, և եթե ազնիվ լինեմ, ես այդքան էլ խանդավառված չէի: Կոչման փոփոխությունը որոշ անհայտ իրավիճակներ ստեղծեց ինձ համար:

Մի գիշեր առաջիկա փոփոխության մասին խորհրդածելուց հետո երազումս տեսա իմ նախապապին՝ Ջոզեֆ Սքինին: Նրա օրագրից ես տեղյակ էի, որ երբ նա և իր կինը՝ Մարիան, տեղափոխվել էին Նավու, նա ծառայելու ցանկություն էր ունեցել և այդ պատճառով գտնելով Մարգարե Ջոզեֆ Սմիթին հարցրել էր, թե ինչով կարող էր օգնել: Մարգարեն ուղարկել էր նրան աշխատելու տափաստանային տարածքում և խնդրել էր նրան ջանք չխնայել, ինչն էլ նա արել էր: Նա աշխատեց Սմիթների ագարակում:

Ես մտածեցի այն արտոնության մասին, որ Ջոզեֆ Սքինն ունեցել էր իր հանձնարարությունն այդ կերպ ստանալով: Հանկարծ ես հասկացա, որ ես, ինչպես նաև մենք բոլորս, ունենք այդ նույն արտոնությունը: Եկեղեցու բոլոր կոչումները գալիս են Աստծուց՝ Իր նշանակված ծառաների միջոցով:

Ես հոգևոր հստակ հաստատում ստացա, որ իմ նոր նշանակումը ոգեշնչված էր: Կարևոր է, որ մենք գիտակցենք, որ մեր կոչումները ուղղակիորեն գալիս են Աստծուց մեր քահանայության ղեկավարների միջոցով: Այդ փորձառությունից հետո իմ վերաբերմունքը փոխվեց, և ես լցվեցի ծառայելու մեծ ցանկությամբ: Ես երախտապարտ եմ ապաշխարության օրհնության և իմ փոխված սրտի համար: Ես սիրում եմ իմ նոր կոչումը:

Եթե անգամ մենք մտածում ենք, թե Եկեղեցու մեր կոչումը պարզապես մեր քահանայության ղեկավարի գաղափարն է եղել կամ տվյալ կոչումը մեզ առաջարկվեց, քանի որ ոչ ոք չէր ընդունի դա, մենք կօրհնվենք, եթե ծառայենք: Բայց երբ մեր կոչման մեջ Աստծո ձեռքն ենք տեսնում և ծառայում ենք մեր ողջ սրտով, լրացուցիչ զորություն է գալիս մեր ծառայության մեջ, և մենք դառնում ենք Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ծառաները:

Ծառայելու համար հավատք է պահանջվում

Կոչումները կատարելու համար հավատք է պահանջվում: Երբ Ջոզեֆը նոր էր սկսել իր աշխատանքն ագարակում, նա և Մարիան ծանր հիվանդացան: Նրանք գումար չունեին և օտար միջավայրում էին: Նրանց համար դժվար ժամանակներ էին: Իր օրագրում Ջոզեֆը գրել է. «Մենք աշխատում էինք միասին և հավատարիմ մնում Եկեղեցուն՝ գործադրելով այն փոքր հավատքը, որ մենք ունեինք, թեպետ դևը փորձում էր կործանել և ետ դարձնել մեզ»:

Հարյուրավոր այլ ժառանգների հետ միասին ես հավերժ երախտապարտ կլինեմ, որ Ջոզեֆն ու Մարիան ետ չդարձան: Օրհնությունները գալիս են, երբ մենք հաստատակամություն ենք դրսևորում մեր կոչումներում և պարտականություններում, և տոկում ենք մեր ունեցած ողջ հավատքով:

Ես ճանաչում եմ Ավետարանի վարդապետության մի հրաշալի ուսուցչի, ով բարձրացնում է դասարանի անդամներին, երբ ուսուցանում է, բայց միշտ չէ, որ այդպես է եղել: Եկեղեցուն միանալուց հետո նա կանչվեց ուսուցանելու Երեխաների խմբում: Նա զգում էր, որ ուսուցանելու ունակություններ չուներ, բայց ընդունեց իր կոչումը` գիտակցելով ծառայելու կարևորությունը: Վախը շուտով պատեց նրան, և նա դադարեց Եկեղեցի հաճախել, որպեսզի այլևս չդասավանդեր: Բարեբախտաբար, նրա տնային ուսուցիչը նկատեց նրա բացակայությունը, այցելեց նրան և խնդրեց ետ վերադառնալ: Եպիսկոպոսը և ծխի անդամներն աջակցում էին նրան: Ի վերջո, ավելացած հավատքով նա սկսեց ուսուցանել երեխաներին: Երբ նա կիրառեց այժմ «Ուսուցանեք Փրկչի ձևով» ձեռնարկում ուսուցանվող սկզբունքները, Տերն օրհնեց նրա ջանքերը, և նա դարձավ շնորհալի ուսուցիչ:

Բոլորիս մեջ գոյություն ունեցող բնական տղամարդը կամ կինը հակված է չծառայելու համար արդարացումներ գտնել, բերելով այնպիսի պատճառներ, ինչպիսիք են՝ «Ես պատրաստ չեմ ծառայելուն, ես դեռ սովորելու շատ բան ունեմ», «Ես հոգնել եմ և դադար եմ ուզում տալ», «Ես արդեն տարիքս առել եմ, այժմ մեկ ուրիշի հերթն է» կամ «Ես ուղղակի շատ զբաղված եմ»:

Եղբայրներ և քույրեր, կոչում ընդունելն ու կատարելը հավատքի դրսևորում է: Մենք կարող ենք վստահել մեր մարգարե Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի խոսքերին, երբ նա բազմիցս ուսուցանել է. «Ում Տերը կանչում է, Տերը որակավորում է», և «Երբ Տիրոջ գործի մեջ ենք, մենք Տիրոջ օգնությունը ստանալու իրավունքն ունենք»: Մենք ծանրաբեռնված ենք, թե հետաքրքրված չենք, մահու չափ վախեցած ենք, թե մահու չափ ձանձրացած, Տերը ցանկանում է, որ մենք իջեցնենք փոխանցման աստիճանը, մեծացնենք հզորությունը և ծառայենք:

Ես չեմ նկատել, որ Նախագահ Մոնսոնը և Առաջին Նախագահությունում կամ Տասներկուսի Քվորումում ծառայող նրա գործընկերները չափից շատ զբաղված կամ անտանելի հոգնած լինեն: Նրանք ոգեշնչված օրինակն են այն զորության, որ գալիս է մեր կյանք, երբ մենք հավատք ենք գործադրում, ընդունում ենք կոչումները և կատարում դրանք պատասխանատվությամբ և նվիրվածությամբ: Նրանք երկար տարիներ առաջ «[իրենց ուսը] դեմ են տվել անիվին» և շարունակում են այն հրել առաջ և դեպի վեր:

Այո, նրանք ծառայում են կարևոր կոչումներում, սակայն յուրաքանչյուր կոչում կամ նշանակում կարևոր է: Եկեղեցու նախկին մարգարե և Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է. «Մենք բոլորս միասին այս մեծ գործի մեջ ենք: … Ձեր պարտականությունը նույնքան լուրջ է ձեր պատասխանատվության շրջանակներում, որքան իմ պարտականությունն իմ պատասխանատվության շրջանակում: Այս եկեղեցում ոչ մի կոչում փոքր կամ անկարևոր չէ»: Յուրաքանչյուր կոչում կարևոր է:

Եկեք ծառայենք

Եկեք հավատքով ոտքի ելնենք, «[մեր ուսը] դեմ տանք անիվին», և առաջ շարժենք այս «արժանահավատ գործը»: Եկեք «միացնենք բաղադրյալ փոխանցումը»՝ հավատարիմ հորաքույր Դորոթիի հետ միասին: Որպես եղբայրներ և քույրեր՝ եկեք ծառայենք:

Եթե ուզում եք ձեր եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին ուրախացնել, նրան տվեք հետևյալ հարցերը. «Ինչո՞վ կարող եմ օգնել», «Որտե՞ղ կցանկանար Տերը, որ ես ծառայեի»: Երբ նա աղոթի և հաշվի առնի ձեր անձնական, ընտանեկան և մասնագիտական աշխատանքը, նա կոգեշնչվի համապատասխան կոչում տալու ձեզ: Երբ ձեզ ձեռնադրեն, դուք կստանաք քահանայության օրհնություն, որը կօգնի ձեզ հաջողությամբ կատարել ձեր ծառայությունը: Դուք կօրհնվեք: Յուրաքանչյուր անդամի կարիքը կա, և յուրաքանչյուր անդամ ծառայելու հնարավորության կարիքն ունի:

Հիսուս Քրիստոսը մեր օրինակն է

Հիսուս Քրիստոսը՝ մեր մեծ Օրինակը, Իր կյանքը տվեց Իր Հոր գործի համար: Նախքան այս աշխարհը կկազմավորվեր՝ ի սկզբանե ընտրված և օծված Հիսուսը Մեծ Խորհրդում կամովին առաջարկեց. «Ահա ես, ինձ ուղարկիր»: Այդպիսով, Նա իրականում դարձավ բոլորիս ծառան: Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության շնորհիվ ստացած զորության միջոցով, մենք ևս կարող ենք ծառայել: Նա կօգնի մեզ:

Ես իմ անկեղծ սերն են հղում նրանց, ովքեր գուցե այժմ անձնական հանգամանքներով պայմանավորված ի վիճակի չեն ծառայել Եկեղեցում ավանդական կերպով, բայց ապրում են իրենց կյանքը ծառայության ոգով: Ես աղոթում եմ, որ դուք օրհնվեք ձեր ջանքերում: Ես նաև բարձր եմ գնահատում նրանց, ովքեր ամեն շաբաթ մեծարում են իրենց կոչումները, ինչպես նաև նրանց, ովքեր շուտով ընդունելու են ծառայելու կոչումը: Բոլոր ավանդներն ու զոհաբերություններն արժեվորվում են, հատկապես Նրա կողմից, ում մենք ծառայում ենք: Բոլոր նրանք, ովքեր ծառայում են, կստանան Աստծո շնորհը:

Ինչ տարիքում կամ հանգամանքներում էլ որ լինենք, թող ծառայությունը լինի մեր «նշանաբանը»: Ծառայեք ձեր կոչման մեջ: Միսիա ծառայեք: Ծառայեք ձեր մորը: Ծառայեք օտարին: Ծառայեք ձեր հարևանին: Ուղղակի ծառայեք:

Թող Տերը օրհնի մեզանից յուրաքանչյուրին ծառայելու և Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդները դառնալու մեր ջանքերում:Ես վկայում եմ, որ Նա ապրում է և ղեկավարում է այս աշխատանքը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես “Compound Gears,” technologystudent.com/gears1/gears3.htm; “Compound Gear Reduction,” curriculum.vexrobotics.com.

  2. Տես Քարոզիր իմ ավետարանը. միսիոներական ծառայության ուղեցույց» (2004), 87:

  3. Վարդապետություն և Ուխտեր 42.29, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 59.5:

  4. Տես Մատթեոս 25.40; Մոսիա 2.17:

  5. Տես Հովհաննես 12.26:

  6. Տես Վարդապետություն և Ուխտեր 81.4–6:

  7. Marion G. Romney, “The Celestial Nature of Self-Reliance,” Ensign, Nov. 1982, 93.

  8. Sես Joseph Skeen, reminiscences and diary, 7, Church History Library, Salt Lake City; see also Journal and History of Joseph Skeen, ed. Greg S. Montgomery and Mark R. Montgomery (1996), 23.

  9. Տես Վարդապետություն և Ուխտեր 1.38; Հավատո հանգանակ 1.5:

  10. Skeen, reminiscences and diary, 8, spelling and punctuation standardized; see also Journal and History of Joseph Skeen, 23; Luke 22:31; 2 Nephi 28:19–24; Alma 30:60; Doctrine and Covenants 10:22–27.

  11. Տես Teaching in the Savior’s Way (2016), 37–38; Handbook 2: Administering the Church (2010), 5.3, 5.5.4.

  12. Thomas S. Monson, “Duty Calls,” Ensign, May 1996, 44.

  13. “Put Your Shoulder to the Wheel,” Hymns, no. 252.

  14. Gordon B. Hinckley, “This Is the Work of the Master,” Ensign, May 1995, 71.

    Նախագահ Հինքլին նաև ասել է. «Դուք հրաշալի հնարավորություն ունեք ինձ նման գոհանալու ձեր պարտականության կատարմամբ: Մեր միասնական ջանքերով է պայմանավորված այս աշխատանքի առաջընթացը: Ինչպիսին էլ լինի ձեր կոչումը, այն լի է բարիք գործելու նմանատիպ հնարավորությամբ, ինչպիսին իմն է: Իրականում կարևորն այն է, որ սա Տիրոջ աշխատանքն է: Մեր աշխատանքն է՝ շրջել բարիք գործելով» (“This Is the Work of the Master,” 71):

    Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Ինչպե՞ս է մարդը մեծարում կոչումը: Պարզապես կատարելով այդ կոչման հետ կապված ծառայությունը» (“Duty Calls,” 43):

  15. Տես Ալմա 37.6:

  16. “Put Your Shoulder to the Wheel,” Hymns, no. 252.

  17. Տես Handbook 2, 3.3.1, 3.3.3, 19.1.1, 19.4. “Through the service of men and women and boys and girls, God’s work is done” (Gospel Principles [2009], 163).

  18. Աբրահամ 3.27

  19. Տես Վարդապետություն և Ուխտեր 76.5:

  20. Տես Մոսիա 18.26:

  21. “They, the Builders of the Nation,” Hymns, no. 36.

  22. Տես Մորոնի 7.48: