Քրիստոսի վարդապետությունը
Քրիստոսի վարդապետությունը մեզ թույլ է տալիս ձեռք բերել հոգևոր ուժ, որը մեզ կբարձրացնի մեր ներկայիս հոգևոր վիճակից դեպի այն վիճակը, որտեղ մենք կարող ենք կատարելագործվել։
Իր հարությունից հետո Հիսուսի այցելությունը նեփիացիներին նպատակ ուներ ուսուցանելու մեզ կարևորագույն բաներ։ Սկզբում Հայրը վկայեց մարդկանց, որ Հիսուսն է Իր «Սիրելի Որդին, որից [Նա] շատ գոհ [էր]»։ Ապա Հիսուսն Ինքն իջավ և վկայեց Իր քավիչ զոհաբերության մասին, հրավիրելով մարդկանց «իմանալ անկասկած», որ Ինքը Քրիստոսն է, առաջ գալով ու շոշափելով Իր կողի վերքը և բևեռների նշանները Իր ձեռքերի ու ոտքերի վրա։ Այս վկայություններն անկասկած հաստատեցին, որ Հիսուսի Քավությունն ավարտված էր, և Հայրը կատարեց Փրկիչ տալու Իր ուխտը։ Ապա Հիսուսն ուսուցանեց նեփիացիներին, թե ինչպես ստանալ Հոր երջանկության ծրագրի բոլոր օրհնությունները, որոնք մեզ համար հնարավոր են դարձվել Փրկիչի Քավության շնորհիվ՝ սովորեցնելով նրանց Քրիստոսի վարդապետությունը։
Այսօր իմ ուղերձը կենտրոնանում է Քրիստոսի վարդապետության վրա։ Սուրբ գրությունները Քրիստոսի վարդապետությունը սահմանում են այսպես․ հավատ գործադրել Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ, ապաշխարել, մկրտվել, ստանալ Սուրբ Հոգու պարգևը և համբերել մինչև վերջ։
Քրիստոսի վարդապետությունը մեզ հնարավորություն է տալիս ստանալու Քրիստոսի Քավության օրհնությունները
Քրիստոսի Քավությունը ստեղծում է պայմաններ, երբ մենք կարող ենք ապավինել «Սուրբ Մեսիայի արժանիքներին, ողորմությանը և շնորհին», «կատարելագործվել [Քրիստոսով] », ձեռք բերել ամեն բարի բան, և ունենալ հավերժական կյանք։
Մյուս կողմից Քրիստոսի վարդապետությունը այն միակ միջոցն է, որի շնորհիվ մենք կարող ենք ձեռք բերել բոլոր օրհնությունները, որոնք հասանելի են դարձվել մեզ Հիսուսի Քավության շնորհիվ։ Քրիստոսի վարդապետությունն է, որ մեզ թույլ է տալիս ձեռք բերել հոգևոր ուժ, որը մեզ կբարձրացնի մեր ներկայիս հոգևոր վիճակից դեպի այն վիճակը, որտեղ մենք կարող ենք կատարելագործվել ու նմանվել Փրկիչին։ Վերածնվելու այս գործընթացի մասին Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է․«Վերստին ծնվելը, ի տարբերություն մեր ֆիզիկական ծննդի, ավելի շուտ ընթացք է, քան իրադարձություն։ Եվ այդ գործընթացի մեջ մտնելը մահկանացու կյանքի առանցքային նպատակն է»։
Եկեք քննարկենք Քրիստոսի վարդապետության յուրաքանչյուր տարրը։
Առաջինը, հավատ Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ։ Մարգարեներն ուսուցանել են, որ հավատը սկսում է Քրիստոսի խոսքերը լսելուց։ Քրիստոսի խոսքերը վկայում են Նրա քավիչ զոհաբերության մասին և ասում մեզ, թե ինչպես կարող ենք ձեռք բերել ներում, օրհնություններ և վեհացում։
Երբ լսում ենք Քրիստոսի խոսքերը, մենք հավատ ենք գործադրում՝ ընտրելով հետևել Փրկիչի ուսմունքներին և օրինակին։ Սա անելու համար Նեփին ուսուցանել է, որ մենք պետք է «ամբողջովին ապավինենք [Քրիստոսի] արժանիքներին, որը հզոր է փրկելիս»։ Քանի որ Հիսուսն Աստված էր նախաերկրային կյանքում, ապրեց առանց մեղքի և Իր Քավության ընթացքում բավարարեց արդարադատության բոլոր պահանջներն իմ և ձեր համար, Նա զորություն և բանալիներ ունի՝ իրականացնելու ողջ մարդկության հարությունը, և Նա հնարավոր դարձրեց, որ գթասրտությունը հաղթի արդարադատությանը՝ ապաշխարության պայմանով։ Երբ մենք հասկանում ենք, որ կարող ենք գթասրտության արժանանալ Քրիստոսի արժանիքների շնորհիվ, մենք կարող ենք «ունենալ հավատք ի ապաշխարություն»։ Քրիստոսի արժանիքներին լիովին ապավինել` նշանակում է վստահել, որ Նա արել է ամեն անհրաժեշտ բան մեզ փրկելու համար, և ապա գործել ըստ մեր հավատի։
Հավատը նաև օգնում է մեզ քիչ մտահոգվել, թե ինչ են մեր մասին մտածում ուրիշները և սկսել ավելի շատ մտահոգվել, թե ինչ է Աստված մտածում մեր մասին։
Երկրորդը, ապաշխարություն։ Սամուել Լամանացին ուսուցանել է․ «Եթե դուք հավատաք [Քրիստոսի] անունին, դուք կապաշխարեք ձեր բոլոր մեղքերից»։ Ապաշխարությունը թանկագին պարգև է Երկնային Հոր կողմից, որը հնարավոր է դարձվել Նրա Միածին Որդու զոհաբերության միջոցով։ Դա է գործընթացը, որը Հայրը տվել է մեզ, որի միջոցով մենք փոխում ենք մեր մտքերը, գործերը և մեր էությունը, որպեսզի ավելի ու ավելի նմանվենք Փրկիչին։ Դա միայն մեծ մեղքերի համար չէ, այլ ինքնաքննման և զարգացման ամենօրյա գործընթաց է, որն օգնում է մեզ հաղթահարել մեր մեղքերը, մեր թերությունները, մեր թուլությունները և մեր անհամապատասխանությունները։ Ապաշխարությունը օգնում է մեզ դառնալ Քրիստոսի «ճշմարիտ հետևորդներ», ինչը մեզ լցնում է սիրով և հեռացնում է մեր վախերը։ Ապաշխարությունը լրացուցիչ ծրագիր չէ պարզապես այն դեպքերի համար, եթե կատարյալ ապրելու մեր ծրագիրը չստացվի։ Շարունակաբար ապաշխարելը միակ ուղին է, որը կարող է բերել մեզ հարատև ուրախություն և հնարավոր դարձնել, որ վերադառնանք ու ապրենք մեր Երկնային Հոր հետ։
Ապաշխարության միջոցով մենք դառնում ենք ենթարկվող և հնազանդ Աստծո կամքին։ Սակայն դա բավարար չէ։ Աստծո բարության և մեր ոչնչության իմացությունը, միանալով մեր վարքը Աստծո կամքի հետ համահունչ դարձնելու մեր լավագույն ջանքերի հետ, շնորհ է բերում մեր կյանք։ Շնորհը «Աստվածային օգնությունն է և ուժը, որը տրվում է Հիսուս Քրիստոսի ողորմության և սիրո շնորհիվ …անելու բարի գործեր, որը [մենք] այլապես ինքնուրույն չէինք կարող ձեռք բերել»։ Քանի որ ապաշխարել` նշանակում է դառնալ Փրկիչի նման, որին անհնար է ինքնուրույն հասնել, մեզ անշուշտ անհրաժեշտ է Փրկիչի շնորհը, որպեսզի մեր կյանքում տեղի ունենան անհրաժեշտ փոփոխություններ։
Երբ ապաշխարում ենք, մենք փոխարինում ենք մեր հին, անարդար վարքագիծը, թուլությունները, անկատարությունները և վախերը նոր վարքագծով և համոզմունքներով, որոնք մեզ մոտեցնում են Փրկիչին և օգնում նմանվել Նրան։
Երրորդը, մկրտություն և հաղորդություն։ Մորմոն մարգարեն ուսուցանել է, որ «ապաշխարության առաջին պտուղներից է մկրտությունը»։ Լիարժեք լինելու համար ապաշխարությունը պետք է միանա մկրտության արարողությանը, կատարվելով մեկի կողմից, ով կրում է Աստծո քահանայության իշխանությունը։ Եկեղեցու անդամները նորոգում են մկրտության և այլ արարողությունների ժամանակ կապած ուխտերը, մինչ մենք ճաշակում ենք հաղորդությունը։
Մկրտության և հաղորդության արարողությունների ժամանակ մենք ուխտում ենք պահել Հոր և Որդու պատվիրանները, միշտ հիշել Քրիստոսին և հոժարակամ վերցնել Քրիստոսի անունը (կամ Նրա գործը և հատկանիշները) մեզ վրա։ Ի պատասխան՝ Փրկիչն ուխտում է ներել կամ թողություն տալ մեր մեղքերին և «իր Հոգին ավելի առատորեն դուրս թափել [մեզ] վրա»։ Քրիստոսը նաև խոստանում է նախապատրաստել մեզ հավերժական կյանքի համար՝ օգնելով մեզ նմանվել Իրեն։
Դուգլաս Դ․ Հոլմսը՝ Երիտասարդ Տղամարդկանց Գերագույն Նախագահության Առաջին Խորհրդկանը, գրել է․«Մկրտության և հաղորդության արարողությունները խորհրդանշում են վերստին ծնվելու վերջնական արդյունքը և գործընթացը։ Մկրտվելիս մենք թաղում ենք մարմնական հին մարդուն և սկսում նոր կյանք։ Հաղորդության ժամանակ մենք սովորում ենք, որ այս փոփոխությունը քայլ առ քայլ կատարվող գործընթաց է,երբ քիչ-քիչ, շաբաթից շաբաթ մենք փոխվում ենք, մինչ ապաշխարում ենք, ուխտեր կապում և Հոգու օժտումների շնորհիվ [նմանվում ենք Փրկիչին]»։
Արարողությունները և ուխտերը Քրիստոսի վարդապետության առանցքն են։ Քահանայության արարողությունները արժանիորեն ստանալու և դրանց հետ կապված ուխտերը պահելու միջոցով է, որ մեր կյանքում բացահայտվում է աստվածայնության զորությունը։ Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնը բացատրել է, որ «աստվածայնության զորությունը գալիս է անհատապես և Սուրբ Հոգու զորությամբ»։
Չորրորդը, Սուրբ Հոգու պարգևը։ Մկրտությունից հետո հաստատման արարողության միջոցով մեզ տրվում է Սուրբ Հոգու պարգևը։ Երբ մենք ստանում ենք այս պարգևը, այն մեզ թույլ է տալիս մշտապես ունենալ Աստծո ընկերակցությունը և դրա արդյունքում մշտապես ունենալ շնորհ։
Որպես մեր մշտական զուգընկեր, Սուրբ Հոգին մեզ տալիս է լրացուցիչ զորություն կամ ուժ՝ պահելու մեր ուխտերը։ Նա նաև սրբագործում է մեզ, որը նշանակում է դարձնել մեզ «մեղքից ազատված, անարատ, մաքուր և սուրբ՝ Հիսուս Քրիստոսի քավության միջոցով»։ Սրբագործման գործընթացը ոչ միայն մաքրում է մեզ, այլ նաև օժտում է մեզ անհրաժեշտ հոգևոր պարգևներով կամ Փրկիչի աստվածային հատկանիշներով և փոխում է մեր էությունը այնպես, «որ մենք այլևս հակված չենք գործելու չարիք»։ Ամեն անգամ, երբ մենք ընդունում ենք Սուրբ Հոգուն մեր կյանք՝ հավատի, ապաշխարության, արարողությունների, Քրիստոսանման ծառայությունների և այլ արդար գործերի միջոցով, մենք քայլ առ քայլ փոխվում ենք և աստիճանաբար դառնում Քրիստոսի նման։
Հինգերորդը, համբերել մինչև վերջ։ Նեփի մարգարեն ուսուցանել է, որ Սուրբ Հոգու պարգևը ստանալուց հետո մենք պետք է «համբերենք մինչև վերջ, հետևելով կենդանի Աստծո Որդու օրինակին»։ Երեց Դեյլ Գ. Ռենլանդը նկարագրել է մինչև վերջ համբերելու գործընթացը․ «Մենք կարող ենք կատարելագործվել՝ բազմիցս և անընդհատ … գործադրելով հավատ [Քրիստոսի] հանդեպ, ապաշխարելով, ճաշակելով հաղորդությունից, նորոգելով մկրտության ուխտերն ու օրհնությունները, և ստանալով Սուրբ Հոգին` որպես մշտական ուղեկից ավելի մեծ չափով։ Երբ այդպես ենք անում, մենք ավելի ենք նմանվում Քրիստոսին և կարողանում ենք համբերել մինչև վերջ՝ ինչ էլ որ պատահի»։
Այլ կերպ ասած՝ Սուրբ Հոգին ստանալը և փոփոխությունը, որը այն առաջացնում է մեր մեջ, ամրացնում է մեր հավատը։ Մեծացող հավատը կրկին տանում է դեպի ապաշխարություն։ Եվ երբ մենք հաղորդության զոհասեղանին ենք դնում մեր սրտերը և մեր մեղքերը, մենք ստանում ենք Սուրբ Հոգին առատորեն։ Սուրբ Հոգին առատորեն ստանալն այնուհետև մեզ տանում է վերստին ծնվելու ուղիով։ Երբ մենք շարունակում ենք այդ գործընթացը և ստանում ենք բոլոր փրկարար արարողությունները և ավետարանի ուխտերը, մենք ստանում ենք «շնորհ՝ շնորհի տեղ», մինչև որ ստանում ենք լիությունը։
Մենք պետք է կիրառենք Քրիստոսի վարդապետությունը մեր կյանքում
Եղբայրներ և քույրեր, երբ մենք կիրառում ենք Քրիստոսի վարդապետությունը մեր կյանքում, մենք օրհնվում ենք նյութապես և հոգեպես՝ նույնիսկ փորձությունների մեջ։ Ի վերջո, մենք կարողանում ենք «որդեգրել այն ամենը, ինչ բարի է»։ Ես վկայում եմ, որ այս գործընթացը տեղի է ունեցել և շարունակում է տեղի ունենալ իմ կյանքում՝ քայլ առ քայլ, աստիճանաբար։
Սակայն ավելի կարևոր է այն, որ մենք պետք է կիրառենք Քրիստոսի վարդապետությունը մեր կյանքում, քանի որ այն ապահովում է միակ ուղին, որը մեզ կրկին կտանի մեր Երկնային Հոր մոտ։ Դա միակ ուղին է՝ ընդունելու Փրկիչին և դառնալու Նրա որդիներն ու դուստրերը։ Այսպիսով, մեղքից ազատվելու և հոգևոր աճ ունենալու միակ ուղին մեր կյանքում Քրիստոսի վարդապետությունը կիրառելն է։ Ի վերջո, Հովհաննես Առաքյալն ուսուցանել է․«Ամեն ով որ … չէ կենում Քրիստոսի վարդապետութեան մէջ, Աստուած չունի»։ Հիսուսն ասաց նեփիացիների Տասներկուսին, որ եթե մենք չկարողանանք հավատ գործադրել առ Քրիստոսը, ապաշխարել, մկրտվել և համբերել մինչև վերջ, մենք «կկտրվենք և կգցվենք կրակի մեջ, որտեղից այլևս հնարավոր չէ վերադառնալ»։
Այսպիսով, ինչպե՞ս կարող ենք մեր կյանքում ավելի լիարժեք կիրառել Քրիստոսի վարդապետությունը։ Ուղիներից մեկը կարող է լինել ամեն շաբաթ հաղորդությանը պատրաստվելու համար ջանքեր գործադրելը՝ որոշ ժամանակ հատկացնելով աղոթքով խորհելուն, թե ինչպես կարող ենք կատարելագործվել։ Ապա կարող ենք հաղորդության զոհասեղանին դնել առնվազն մի բան, ինչը մեզ խանգարում է նմանվել Հիսուս Քրիստոսին և հավատով օգնություն աղերսել, խնդրելով անհրաժեշտ հոգևոր պարգևներ, և ուխտել ավելի լավը դառնալ եկող շաբաթվա ընթացքում։ Մինչ մենք կանենք դա, Սուրբ Հոգին կհայտնվի մեր կյանքում ավելի շատ, և մենք լրացուցիչ ուժ կստանանք՝ հաղթահարելու մեր թերությունները։
Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը աշխարհի Փրկիչն է, և Նրա անունով է միայն, որ մենք կարող ենք փրկվել։ Բոլոր բաները, որ բարի են, հասանելի են դարձվել միայն Նրա միջոցով։ «Այն ամենը, ինչ բարի է» որդեգրելու և հավերժական կյանք ունենալու համար մենք պետք է շարունակ մեր կյանքում կիրառենք Քրիստոսի վարդապետությունը։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։