Չկա ավելի մեծ երջանկություն, քան իմանալ, որ նրանք գիտեն
Ես չգիտեմ, աշխարհում ուրիշ ինչը կարող է բերել ավելի շատ ուրախություն և երջանկություն, քան այն, որ մեր երեխաները գիտեն Փրկիչի մասին:
Եղբայրներ և քույրեր, վերջերս ես մտածում էի հետևյալ հարցի մասին. «Եթե ձեր երեխաները իմանային ավետարանի մասին ձեզանից` որպես այդ գիտելիքի միակ աղբյուրի, նրանք ինչքա՞ն շատ կիմանային»: Այս հարցը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր սիրում, ուսուցանում և ազդում են երեխաների վրա:
Կա՞ ավելի մեծ նվեր, որը մենք կարող ենք փոխանցել մեր երեխաներին, քան հստակ հիշողությունը, որ մենք գիտենք, որ Քավիչը ապրում է: Նրանք գիտե՞ն, որ մենք գիտենք: Եվ ամենակարևորը՝ նրանք անձնապես գիտե՞ն, որ Նա ապրում է:
Երբ ես պատանի էի, ես իմ մոր ամենադժվար ենթարկվող երեխան էի: Ես էներգիայի մեծ պաշար ունեի: Իմ մայրն ասում էր, որ նրա ամենամեծ վախն այն էր, որ ես չեմ հասցնի մեծանալ: Ես պարզապես շատ եռանդուն էի:
Ես հիշում եմ, երբ պատանի էի, իմ ընտանիքի հետ նստած էի մի հատուկ հաղորդության ժողովի: Իմ մայրը հենց նոր էր ստացել իր սուրբ գրությունների հավաքածուն: Այս նոր հավաքածուն իր մեջ ներառում էր եկեղեցու սուրբ գրությունները մեկ տարբերակով, իսկ մեջտեղում կար տողերով թուղթ գրառումներ անելու համար:
Ժողովի ժամանակ ես հարցրի նրան, թե կարող եմ տեսնել նրա սուրբ գրությունները: Հուսալով, որ դա կօգնի ինձ լինել ակնածալից, նա դրանք փոխանցեց ինձ: Երբ ես նայում էի սուրբ գրությունները, նկատեցի, որ գրառումների մասում նա գրել էր մի անձնական նպատակ: Որպեսզի ներկայացնեմ նրա նպատակի ենթատեքստը, ես պետք է ասեմ ձեզ, որ ես վեց երեխաներից երկրորդն եմ և իմ անունն է Բրեթ: Իմ մայրը կարմիր գույնով գրել էր միայն մի նպատակ. «Համբերություն Բրեթի հետ»:
Որպես լրացուցիչ փաստ, որպեսզի օգնեմ ձեզ հասկանալ դժվարությունները, որոնց միջով իմ ծնողներն անցնում էին իրենց զավակներին մեծացնելիս, թույլ տվեք պատմեմ ձեզ, թե ինչպես էինք մենք սուրբ գրություններ կարդում: Ամեն առավոտ նախաճաշի ժամանակ մեր ընտանիքի համար իմ մայրը կարդում էր Մորմոնի Գիրքը: Այդ ժամանակ իմ մեծ եղբայր Դեյվը և ես նստում էինք լուռ, բայց ոչ ակնածանքով: Լիովին անկեղծ ասած` մենք չէինք լսում: Մենք կարդում էինք շիլայի տուփի տպագրությունը:
Վերջապես, մի առավոտ ես որոշեցի անկեղծանալ իմ մոր հետ: Ես բացատրեցի. «Մամ, ինչու՞ ես դու այսպես վարվում մեզ հետ: Ինչու՞ ես դու կարդում Մորմոնի Գիրքը ամեն առավոտ»: Հետո ես ասացի մի արտահայտություն, որի համար ես ամաչում եմ: Իրականում, ես չեմ հավատում, որ այդպիսի բան եմ ասել: Ես ասացի նրան. «Մամ, ես չեմ լսում»:
Նրա պատասխանը իմ կյանքի ամենանշանակալից պահն էր: Նա ասաց. «Որդիս, ես մի ժողովում էի, որտեղ Նախագահ Մերիոն Գ. Ռոմնին ուսուցանեց սուրբ գրությունները կարդալու օրհնությունների մասին: Այդ ժողովի ժամանակ ես ստացա խոստում, որ եթե ես կարդամ սուրբ գրությունները իմ երեխաներին ամեն օր, ես չեմ կորցնի նրանց»: Այնուհետև նա նայեց ուղիղ իմ աչքերի մեջ և ասաց բացարձակ վճռականությամբ. «Եվ ես չեմ կորցնի քեզ»:
Նրա խոսքերը խոցեցին իմ սիրտը: Չնայած իմ անկատարությանը, ես արժանի էի փրկության: Նա սովորեցրեց ինձ հավերժական ճշմարտություն. ես սիրող Երկնային Հոր որդին եմ: Ես սովորեցի, որ անկախ իրավիճակից, ես արժանի եմ փրկության: Սա կատարյալ պահ էր անկատար փոքրիկ տղայի համար:
Ես հավերժ երախտապարտ եմ իմ հրեշտակ մոր համար և բոլոր հրեշտակների համար, ովքեր անվերապահորեն սիրում են իրենց երեխաներին, չնայած նրանց անկատարություններին: Ես հաստատ հավատում եմ, որ քույրերը՝ ես կկոչեմ նրանց «հրեշտակներ», Սիոնի մայրերն են, անկախ նրանից` նրանք ամուսնացած են, թե ոչ, կամ ունեն երեխաներ այս երկրային փորձառության ընթացքում:
Տարիներ առաջ Առաջին Նախագահությունը հայտարարեց. «Մայրությունը մոտ է աստվածայնությանը: Այն ամենաբարձր, ամենասուրբ ծառայությունն է, որ մարդը կարող է կատարել: Ով պատվում է այս սուրբ կոչումն ու ծառայությունը, մորը դնում է հրեշտակների կողքին»:
Ես երախտապարտ եմ ամբողջ Եկեղեցու հրեշտակների համար, ովքեր համարձակորեն և սիրով հռչակում են հավերժական ճշմարտությունը Երկնային Հոր զավակներին:
Ես երախտապարտ եմ Մորմոնի Գրքի պարգևի համար: Ես գիտեմ, որ այն ճշմարիտ է: Այն պարունակում է Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը: Ես չգիտեմ որևէ մեկին, ով ամեն օր ջանասիրաբար կարդում է Մորմոնի Գիրքը մաքուր մտադրությունով և հավատքով առ Քրիստոս և կորցրել է իր վկայությունը կամ հեռացել հավատից: Մորոնիի մարգարեական խոստումը բերում է իր հետ բոլոր բաների ճշմարտությունն իմանալու բանալին, ներառյալ` հակառակորդի խաբեությունների մեջ խորաթափանցելու և դրանցից խուսափելու կարողությունը (տես Մորոնի 10.4–5):
Ես նաև երախտապարտ եմ սիրող Երկնային Հոր և Նրա Որդի` Հիսուս Քրիստոսի համար: Փրկիչը ցուցադրեց կատարյալ օրինակ, թե ինչպես ապրել ոչ կատարյալ և անարդար աշխարհում: «Սիրենք Աստծուն, որովհետև առաջինը Նա՛ սիրեց մեզ» (1 Հովհաննես 4.19): Նրա սերը մեր հանդեպ անսահման է: Նա մեր ամենաանկեղծ ընկերն է: Նրա քրտինքը «հոսում էր արյան կաթիլների նման» ձեր և նաև ինձ համար (Ղուկաս 22.44): Նա ներեց նրանց, ովքեր, թվում էր, թե աններելի են: Նա սիրեց չսիրվածներին: Նա արեց այն, ինչ ոչ մի մահկանացու չէր կարող անել. Նա ապահովեց Քավություն բոլոր մարդկանց հանցանքները, ցավերը և հիվանդությունները հաղթահարելու համար:
Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք ապրել խոստումով, որ անկախ դժվարություններից, մենք միշտ կարող ենք հույս դնել Նրա վրա, «ով հզոր է փրկելիս» (2 Նեփի 31.19): Նրա Քավության շնորհիվ մենք կարող ենք ունենալ ուրախություն, խաղաղություն, երջանկություն և հավերժական կյանք:
Նախագահ Բոյդ Ք. Փաքերը ասել է. «Բացառությամբ մի քանիսի, ովքեր կորստի են մատնված, չկա ոչ մի սովորություն, կախվածություն, ապստամբություն, հանցանք, ուրացություն, չարագործություն, որ կարող է խուսափել ամբողջական ներման խոստումից, որը Քրիստոսի քավության խոստումն է»:
Մարդկության ամենաանհավանական իրադարձություններից մեկը Փրկիչի ծառայության այցն է Ամերիկայի հնագույն բնակիչներին: Ձեր մտքում պատկերացրեք` ինչպիսին կլիներ այդ տեսարանը: Խորհելով տաճարում հավաքված այդ մի խումբ Սրբերի հանդեպ Նրա սիրող և քնքուշ հոգատարության մասին, ես մտածում եմ երեխաների մասին, ում ես սիրում եմ ավելի, քան կյանքը: Ես փորձել եմ պատկերացնել, թե ինչ կզգայի, տեսնելով մեր փոքրիկներին, որոնք ականատես են Փրկիչի հրավերին, երբ յուրաքանչյուր երեխա մոտենա Նրան, տեսնի Փրկիչի բաց թևերը. Ես կողքից կդիտեի, թե ինչպես յուրաքանչյուր երեխա զգուշությամբ կշոշափի Նրա ձեռքերի և ոտքերի սպիները, իսկ հետո կտեսնեի, թե ինչպես է նրանցից յուրաքանչյուրը կանգնում ու վկայում, որ Նա ապրում է (տես 3 Նեփի 11.14–17, տես նաև 17.21, 18.25), թե ինչպես մեր երեխաները կշրջվեին ու կասեին «Մայրիկ, հայրիկ, սա Նա է»:
Ես չգիտեմ, աշխարհում ուրիշ ինչը կարող է բերել ավելի շատ ուրախություն և երջանկություն, քան այն, որ մեր երեխաները գիտեն Փրկիչի մասին, այն, որ նրանք գիտեն «թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար»: Այդպատճառով, որպեսԵկեղեցուանդամներ «մենք քարոզում ենք Քրիստոսի մասին» և մենք վկայում ենք Քրիստոսի մասին (2 Նեփի 25.26):
-
Դրա համար մենք ամեն օր աղոթում ենք մեր երեխաների հետ:
-
Դրա համար մենք ամեն օր կարդում ենք սուրբ գրությունները նրանց հետ:
-
Դրա համար մենք ուսուցանում ենք նրանց ծառայել ուրիշներին, որպեսզի նրանք կարողանան ստանալ իրենց օրհնությունը, գտնելով իրենք իրենց, երբ նրանք կորցնեն իրենց ուրիշներին ծառայելով (տես Մարկոս 8.35, Մոսիա 2.17):
Երբ նվիրում ենք ինքներս մեզ աշակերտության այդ պարզ օրինակին, մենք ուժեղացնում ենք մեր երեխաներին Փրկիչի սիրով և աստվածային ուղղորդությամբ ու պաշտպանությամբ, որը պետք կգա, երբ նրանք հանդիպեն հակառակորդի մոլագար փոթորիկներին:
Ավետարանը իրոք մարդու մասին է: Այն կորած ոչխարի մասին է (տես Ղուկաս 15.3–7), այն ջրհորի մոտ կանգնած Սամարացի կնոջ մասին է (տես Հովհաննես 4.5–30), այն անառակ որդու մասին է (տես Ղուկաս 15.11–32):
Եվ մի փոքր տղայի մասին է, ով կարող է պնդել, որ չի լսում:
Այն մեզանից յուրաքանչյուրի մասին է՝ որքան էլ անկատար լինենք, դառնանք մեկ Տիրոջ հետ, ինչպես Նա է մեկ՝ Իր Հոր հետ (տես Հովհաննես 17.21):
Ես վկայում եմ, որ մենք ունենք սիրող Երկնային Հայր, ով գիտի մեզ անվանապես: Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը ապրող Աստծո ապրող Որդին է: Նա է Միածինը և մեր Բարեխոսը Հոր առաջ: Ես նաև վկայում եմ, որ փրկությունը գալիս է Նրա անունով և միջոցով և ոչ` ուրիշ ճանապարհով:
Իմ աղոթքն է, որ մենք կնվիրենք մեր սրտերը և մեր ձեռքերը՝ օգնելու Երկնային Հոր զավակներին ճանաչել Նրան և զգալ Նրա սերը: Եթե մենք անենք դա, Նա խոստանում է մեզ հավերժական երջանկություն և ուրախություն այս և գալիք աշխարհում: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: