«Եկ հետևիր ինձ»՝ կիրառելով քրիստոնեական սերն ու ծառայությունը
Որպես Փրկիչի վերջին օրերի աշակերտներ, մենք մոտենում ենք Նրան, երբ սիրում ու ծառայում ենք Աստծո զավակներին։
Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելը բաց սրտի վիրահատությունից հետո ապաքինվում էր հիվանդանոցում, երբ նրան այցելեց իր հինգ տարեկան թոռնիկը։ Երբ տղան նայեց իր պապիկի աչքերին, զգաց նրա ցավը։ Նա հարցրեց. «Պապիկ, եթե ես քեզ ավելի շատ սիրեմ, արդյո՞ք քո [ցավը կպակասի]»։ Այսօր, ես նմանատիպ հարց եմ հղում յուրաքանչյուրիս. «Եթե մենք Փրկիչին ավելի շատ սիրենք, արդյո՞ք մեր տառապանքը քիչ կլինի»։
Երբ Փրկիչը կոչ արեց իր աշակերտներին հետևել Իրեն, նրանք ապրում էին Մովսեսի օրենքով,կիրառելով «աչքի տեղ աչք, և ատամի տեղ ատամ» օրենքը, սակայն Փրկիչը եկավ իրականացնելու այդ օրենքն իր Քավության շնորհիվ։ Նա նոր վարդապետություն ուսուցանեց. «Սիրեցէք ձեր թշնամիներին, օրհնեցէք ձեզ անիծողներին. Բարի արէք ձեզ ատողներին. Եւ աղօթք արէք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար»։
Աշակերտներին ուսուցանվեց շրջվել բնական մարդու ուղիներից դեպի Փրկիչի սիրող ու հոգատար ուղիները և փոխարինել հակառակությունը ներողամտությամբ, բարությամբ ու կարեկցանքով։ «Իրար սիրելու» պատվիրանը դժվար է պահել։ Երբ աշակերտները մտահոգություն հայտնեցին մեղավորների ու ժողովրդի որոշակի խավերի հետ շփվելու վերաբերյալ, Փրկիչը համբերությամբ ուսուցանեց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք»։ Կամ ինչպես Մորմոնի Գրքի մարգարեն է բացատրել. «Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»։
Որպես Փրկիչի վերջին օրերի աշակերտներ, մենք մոտենում ենք Նրան, երբ սիրում ու ծառայում ենք Աստծո զավակներին։ Անելով դա մենք չենք խուսափում նեղություններից, չարչարանքներից և մարմնական տանջանքներից, բայց մենք ավելի քիչ կտառապենք հոգեպես։ Նույնիսկ մեր փորձություններում մենք կունենանք ուրախություն ու խաղաղություն։
Քրիստոնեական մեր սերն ու ծառայությունը սկսվում է մեր տներում։ Դո՛ւք ծնողներ, կանչված եք լինելու սիրող ուսուցիչներ ու միսիոներներ ձեր երեխաների և երիտասարդության համար։ Նրանք ձեր լսողներն են։ Դուք պատասխանատվություն եք կրում նրանց դարձի համար։ Իրականում, մենք բոլորս ենք ձգտում դարձի գալ, որը նշանակում է լցվել Փրկիչի սիրով։
Երբ հետևում ենք Հիսուս Քրիստոսին, Նրա սերը նպաստում է, որ մենք աջակցենք միմյանց մեր մահկանացու ճամփորդության ժամանակ։ Մենք դա չենք կարող անել մենակ ։ Ես նախկինում պատմել եմ այս «կվակերական» ասացվածքը. «Դու բարձրացրու ինձ, ես բարձրացնեմ քեզ և մենք կբարձրանանք միասին հավերժորեն»։ Որպես աշակերտներ մենք սկսում ենք անել դա մեր մկրտությունից սկսած, երբ ցույց ենք տալիս, որ հոժար ենք «կրելու մեկս մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն»։
«Ուսուցանել միմյանց արքայության վարդապետությունը» սեր ցույց տալու և ծառայելու մի այլ եղանակ է։ Ծնողներ, տատիկներ ու պապիկներ, մենք հակված ենք ողբալու աշխարհի վիճակը, որ դպրոցները բարոյական դաստիրակություն չեն ապահովում։ Բայց կան շատ բաներ, որոնք մենք կարող ենք անել։ Մենք կարող ենք օգտվել պատեհ առիթներն օգտագործելու հնարավորությունից և ուսուցանել մեր ընտանիքներին, այսինքն՝ այժմ։ Մի կորցրեք այդպիսի հնարավորությունը։ Երբ պահը գալիս է և ունեք հնարավորություն կիսվելու ավետարանի և կյանքի դասերի մասին ձեր մտքերով, ամեն ինչ դադարեցրեք, նստեք և զրուցեք ձեր զավակների ու թոռների հետ։
Մենք չպիտի մտահոգվենք, որ ավետարանի մասնագիտացված ուսուցիչներ չենք։ Դասավանդման ոչ մի խումբ կամ ձեռնարկ այդքան օգտակար չէ, որքան սուրբ գրությունների մեր անձնական ուսումնասիրությունը, աղոթքը, խորհելը և Հոգու առաջնորդություն փնտրելը։ Սուրբ Հոգին ձեզ կառաջնորդի։ Ես խոստանում եմ ձեզ, որ ծնող լինելու կոչումն ընդգրկում է ուսուցանելու այն պարգևը, որը ճիշտ է ձեզ և ձեր երեխաների համար։ Հիշեք, որ մեզ վրա ճիշտ ներգործելու Աստծո զորությունը Նրա սերն է։ «Մենք սիրում ենք նրան, քանի որ առաջինը Նա սիրեց մեզ»։
Դո՛ւք երիտասարդներ, մեր ավետարանի ամենարդյունավետ ուսուցիչներն եք։ Դուք հաճախում եք Եկեղեցի սովորելու համար և գնում ձեր տները՝ ուսուցանելու ձեր ընտանիքներին, հարևաններին և ընկերներին։ Մի վախեցեք։ Հավատ ունեցեք վկայելու այն, ինչն ըստ ձեզ ճիշտ է։ Հիշեք, թե ինչպես են լիաժամկետ միսիոներներն աճում, քանի որ նրանք հավատարմորեն ապրում են սրբագործված կյանքով՝ օգտագործելով իրենց ժամանակը, տաղանդները և, բերելով իրենց վկայությունները, ծառայում ու օրհնում են ուրիշներին։ Երբ կիսվեք ավետարանի մասին ձեր վկայությամբ, ձեր հավատը կաճի և ձեր վստահությունը կմեծանա։
Քրիստոնեության ամենաազդեցիկ ծառայություններից մի քանիսը մատուցվում են ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրությամբ, ընտանեկան աղոթքներով և ընտանեկան խորհրդի ժողովներով։ Ավելի քան հարյուր տարի Եկեղեցու ղեկավարները կոչ են անում մեզ յուրաքանչյուր շաբաթ ժամանակ հատկացնել մեր ընտանիքներին։ Բայց մեզանից շատերը դեռևս կորցնում են այդ օրհնությունները։ Ընտանեկան երեկոները դասախոսություններ չեն հոր և մոր կողմից։ Դա մեր ընտանիքին հատկացված ժամանակն է, որտեղ կիսվում ենք հոգևոր պարզ հասկացողություններով և փորձառություններով, օգնում ենք մեր երեխաներին սովորել հոգ տանել, կիսվել, միասին ուրախ ժամանակ անցկացնել, միասին վկայություն բերել, աճել ու զարգանալ միասին։ Երբ ամեն երկուշաբթի անցկացնենք ընտանեկան երեկոներ, միմյանց հանդեպ մեր սերը ավելի կամրապնդվի և մենք ավելի քիչ կտառապենք։
Եկեք հիշենք, որ ամենակարևոր աշխատանքը, որ անում ենք մեր ընտանիքներում, Սուրբ Հոգու զորության միջոցով է։ Երբ բարկացած բարձրացնում ենք մեր ձայնը, Հոգին հեռանում է մեզանից և մեր ընտանիքներից։ Երբ սիրով ենք խոսում, Հոգին ուղեկցում է մեզ։ Եկեք հիշենք, որ մեր երեխաներն ու թոռները մեր սերը չափում են այն ժամանակով, թե որքան ենք մենք նրանց հատկացրել։ Բոլորից առավել, մի կորցրեք համբերությունը և մի հանձնվեք։
Սուրբ գրություններում կարդում ենք, որ երբ Երկնային Հոր հոգևոր զավակներից ոմանք չեն ցանկանում հետևել Նրա ծրագրին, երկինքները լացում են։ Որոշ ծնողներ, ովքեր սիրել ու դաստիարակել են իրենց երեխաներին, նույնպես լաց են լինում, երբ նրանց հասուն զավակները չեն ցանկանում հետևել Տիրոջ ծրագրին։ Ի՞նչ կարող են ծնողներն անել։ Մենք չենք կարող աղոթքով հետ պահել որևէ մեկի ազատ կամքը։ Հիշեք անառակ որդու հորը, ով համբերատար սպասեց իր որդուն, անընդհատ հետևելով նրան, որ «[գա] ինքն իրան»։ Եվ «երբ նա դեռ հեռու էր», հայրը վազեց նրա մոտ։ Մենք կարող ենք աղոթել առաջնորդության համար, թե երբ զրուցել, երբեմն ինչ ասել և երբ հանդարտվել։ Հիշեք, որ մեր երեխաներն ու ընտանիքի անդամներն արդեն կատարել էին Փրկիչին հետևելու իրենց ընտրությունը նախամահկանացու կյանքում։ Երբեմն միայն իրենց կյանքի փորձառություններով են այդ զգացմունքները կրկին արթնանում նրանց մեջ։ Ի վերջո, Տիրոջը սիրելու և հետևելու ընտրությունը պետք է նրանցը լինի։
Կա մեկ այլ հատուկ ձև, որով աշակերտները ցույց են տալիս իրենց սերը Փրկիչի հանդեպ։ Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում բոլոր նրանց, ովքեր Տիրոջը ծառայում են՝ լինելով խնամակալներ։ Տերը շատ է սիրում ձեզ։ Ձեր լուռ ու աննկատ ծառայությամբ դուք հետևում եք Նրան, ով խոստացել է. «Հայրը, որը տեսնում է ծածկապես, ինքը կհատուցի քեզ հայտնապես»։
Հիշում եմ իմ հարևանին, ում կինը հիվանդացել էր Ալցհեյմերի հիվանդությամբ։ Յուրաքանչյուր կիրակի նա օգնում էր կնոջը հագնվել Եկեղեցու ժողովների համար, սանրում էր նրա վարսերը, դիմահարդարում էր և նույնիսկ հագցնում նրա ականջօղերը։ Իր այդ ծառայությամբ նա օրինակ էր ծառայում մեր ծխի տղամարդկանց ու կանանց և, ի դեպ, ողջ աշխարհին։ Մի օր նրա կինն ասաց նրան. «Ես պարզապես ցանկանում եմ տեսնել ամուսնուս կրկին ու լինել նրա հետ»։
Նա պատասխանեց. «Ես եմ քո ամուսինը»։
Իսկ նա մեղմորեն պատասխանեց. «Դե լավ է»։
Ես չեմ կարող խոսել խնամակալության մասին և չհիշատակել իմ կյանքի ամենակարևոր խնամակալին, Փրկիչի հատուկ աշակերտին՝ իմ հավերժական զուգընկերոջը։ Իր կարեկից հոգատարության ու սիրո միջոցով նա տվել է ամեն ինչ։ Հիշում եմ նրա ձեռքերի մեղմ ու աջակցող հպումները։ Ես չէի լինի այստեղ առանց նրա։ Իսկ նրա հետ ես կկարողանամ համբերել մինչև վերջ ու լինել նրա հետ հավերժական կյանքում։
Եթե դուք շատ եք տառապում, ուրիշների հետ կամ մենակ, ես կոչ եմ անում, որ թույլ տաք Փրկիչին լինելու ձեր խնամակալը։ Հենվեք նրա լայն բազկին։ Ընդունեք Նրա հավաստիացումը. «Ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ», խոստանում է Նա։
Եղբայրներ և քույրեր, եթե դեռևս ամբողջությամբ չենք նվիրվել, եկեք ավելի շատ հակվենք խնամակալությանը, բարությանը և սիրուն։ Եկեք հրաժարվենք այն պատերազմից, որը հաճախ ընթանում է բնական մարդու սրտում և հռչակենք Քրիստոսի հոգատարությունը, սերը և խաղաղությունը։
«Եթե դուք եկել եք Աստծո փառքի գիտությանը [և բարությանը]» և նաև «քավությանը, որը պատրաստված էր ողջ մարդկության համար աշխարհի հիմնադրումից սկսած», «դուք մեկդ մյուսին վնասելու միտք չեք ունենա, այլ խաղաղությամբ ապրելու։ … Եվ դուք չեք հանդուրժի, որ ձեր զավակները … զանց անեն Աստծո օրենքները, և կռվեն ու վիճեն միմյանց հետ։ … Բայց դուք կսովորեցնեք նրանց … սիրել միմյանց և ծառայել մեկմեկու»։
Իր խաչելությունից անմիջապես առաջ Փրկիչնուսուցանեց Իր առաքյալներին. «Նոր պատուիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրէք. Ինչպէս ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրէք» և «եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք»։
Ես վկայում եմ, որ Փրկիչի իրական վերաբերմունքը մեր հանդեպ ցուցադրված է Թորվալդսենի «Քրիստոս» արձանի մեկնած ձեռքերում։ Նա շարունակում է պարզել իր ձեռքերը և գլխով նշան անել՝ «Եկ, հետևիր Ինձ»։ Մենք հետևում ենք Նրան, եթե սիրում ու ծառայում ենք միմյանց և պահում Նրա պատվիրանները։
Ես իմ հատուկ վկայությունն եմ բերում, որ Նա ապրում է և սիրում է մեզ կատարյալ սիրով։ Սա Նրա Եկեղեցին է։ Թոմաս Ս. Մոնսոնը Նրա մարգարեն է երկրի վրա մեր օրերում։ Իմ աղոթքն է, որ մենք սիրենք մեր Երկնային Հորը և Նրա Որդուն ու տառապենք ավելի քիչ։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։