2010–2019 թթ․
Հանգստության օրը
Հոկտեմբեր 2016


15:57

Հանգստության օրը երախտագիտության օր է

Վերջին Օրերի Սրբերի համար Հանգստության օրը երախտագիտության և սիրո օր է:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, որ սփռված եք ողջ աշխարհի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, ես երախտապարտ եմ, որ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը խնդրեց ինձ ելույթ ունենալ համաժողովում` այս Հանգստության օրը: Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին իմ խոսքերը հասցնի ձեր սրտերին:

Այսօր ես ցանկանում եմ խոսել սրտի զգացմունքների մասին: Մի զգացմունքը, որի վրա ես կկենտրոնանամ, երախտագիտությունն է` հատկապես Հանգստության օրը:

Մենք երախտապարտ ենք զգում շատ բաների համար. անծանոթի բարության համար, սնունդի համար, երբ քաղցած ենք, մեր գլխավերևում չոր ծածկի համար, երբ փոթորիկներ են բարձրանում, առողջացող կոտրվածքի համար և նորածին երեխայի առողջ ճիչի համար: Մեզանից շատերն այսպիսի պահերին հիշում են երախտագիտության զգացումը:

Վերջին Օրերի Սրբերի համար Հանգստության օրն այդպիսի պահ է, իրականում` երախտագիտության ու սիրո օր: 1831 թվականին Միսսուրիի Ջեքսոն գավառում Տերը հրահանգեց Սրբերին, որ նրանց աղոթքներն ու շնորհակալությունները պիտի ուղղված լինեն Աստծուն: Վաղ շրջանի Սրբերին մի հայտնություն տրվեց այն մասին, թե ինչպես Հանգստության օրը սուրբ պահեն, ծոմ պահեն և աղոթեն:

Տերը մեզ ու նրանց ասաց, թե ինչպես երկրպագենք ու շնորհակալություն հայտնենք Հանգստության օրը: Ինչպես դուք տարբերակում եք, ամենակարևորը սերն է, որը մենք զգում ենք պարգևները տվողների հանդեպ: Ահա Տիրոջ մի քանի խոսքերն այն մասին, թե ինչպես շնորհակալություն հայտնել և ինչպես սիրել Հանգստության օրը.

«Ուստի, ես նրանց տալիս եմ պատվիրան, ասելով այսպես. Սիրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, քո ողջ սրտով, քո ողջ զորությամբ, մտքով և ուժով. և Հիսուս Քրիստոսի անունով ծառայիր նրան։ …

Գոհություն հայտնիր Տիրոջը՝ քո Աստծուն, բոլոր բաներում։

Արդարությամբ զոհ մատուցիր Տիրոջը՝ քո Աստծուն, այսինքն՝ կոտրված սրտի ու փշրված հոգու զոհը»:

Իսկ հետո Տերը շարունակում է, զգուշացնելով այն վտանգի մասին, որ չպիտի թերանանք շնորհակալություն հայտնել Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին` որպես այդ պարգևները տվողների: «Եվ ոչնչով մարդ չի վիրավորում Աստծուն կամ ոչ ոքի հանդեպ նրա ցասումը չի բռնկվում, բացի նրանցից, ովքեր չեն խոստովանում նրա ձեռքը բոլոր բաներում և չեն հնազանդվում նրա պատվիրաններին»:

Ձեզանից շատերն արդեն ուրախություն են գտնում Հանգստության օրը` որպես Աստծուն հիշելու և օրհնությունների համար շնորհակալություն հայտնելու օր: Դուք հիշում եք ծանոթ երգը.

Կյանքի փոթորիկը երբ ցնցում է քեզ,

Երբ թվում է, թե ամեն ինչ կորցրել ես,

Օրհնություններդ հաշվիր, թվիր մեկ առ մեկ,

Եվ դու կզարմանաս, թե ինչ շատ ունես:

Օրհնություններդ

Հաշվիր,

Թվիր,

Տես, թե Աստված ինչ է տվել քեզ: …

Հոգսերն են արդյոք քեզ անհանգստացնում,

Խաչը, որ տանում ես, քեզ ծանր է թվում,

Օրհնություններդ հաշվիր, թվիր մեկ առ մեկ,

Եվ դու ուրախ կերգես գիշեր ու ցերեկ:

Ես նամակներ եմ ստանում Վերջին Օրերի հավատարիմ Սրբերից, ովքեր կքած են հոգսերի բեռի տակ: Ոմանք համարյա այնպիսի զգացում ունեն, որ առնվազն ամեն ինչ կորած է իրենց համար: Ես հուսով եմ և աղոթում եմ, որ այն, ինչ ես ասում եմ Հանգստության օրը երախտապարտ լինելու մասին, կօգնի ցրել կասկածները, և ձեր սրտերը կերգեն:

Մի օրհնություն, որի համար մենք կարող եք երախտապարտ լինել, այն է, որ հնարավորություն ունենք մասնակցելու հաղորդության ժողովին` Նրա մեկ կամ երկու հետևորդների հետ, Նրա անունով: Կան մարդիկ, ովքեր իրենց տներում են և անկարող են վեր կենալ անկողնուց: Կան մարդիկ, ովքեր կկամենային այնտեղ լինել, որտեղ մենք ենք, բայց փոխարենը ծառայում են հիվանդանոցներում, ապահովում հասարակության անվտանգությունը կամ պաշտպանում մեզ, վտանգի ենթարկելով իրենց կյանքը` ինչ-որ տեղ անապատում կամ ջունգլիներում: Փաստը, որ մենք կարող եք գոնե մեկ ուրիշ Սրբի հետ միասին հաղորդություն ընդունել, կօգնի մեզ երախտագիտություն ու սեր զգալ Աստծո բարության հանդեպ:

Մարգարե Ջոզեֆ Սմիթի և վերականգնված ավետարանի մեկ այլ օրհնությունը, որը մենք կարող ենք հաշվել, այն է, որ ամեն շաբաթ մենք հնարավորություն ունենք ընդունել հաղորդությունը, որը պատրաստվում, օրհնվում և բաժանվում է Աստծո լիազորված ծառաների կողմից: Դուք կարող եք երախտապարտ լինել, երբ Սուրբ Հոգին հաստատում է մեզ, որ հաղորդության աղոթքի բառերը, որոնք ասվում են լիազորված քահանայություն կրողների կողմից, շնորհված են մեր Երկնային Հոր կողմից:

Բոլոր օրհնություններից մեկը, որը մենք կարող ենք հաշվել, ամենամեծն անշուշտ ներման զգացումն է, որը համակում է մեզ, երբ ընդունում ենք հաղորդությունը: Մենք ավելի մեծ սեր ու գնահատանք կզգանք Փրկիչի հանդեպ, ում անսահման զոհաբերությունը հնարավոր դարձրեց, որ մենք մաքրվենք մեղքից: Երբ մենք ճաշակում ենք հացն ու ջուրը, մենք հիշում ենք, որ Նա տառապեց մեզ համար: Իսկ երբ մենք երախտագիտություն ենք զգում այն ամենի համար, ինչ Նա արել է մեզ համար, մենք կզգանք Նրա սերը մեր հանդեպ և մեր սերը Նրա հանդեպ:

Սիրո օրհնությունը, որ մենք ստանում ենք, մեզ համար կհեշտացնի պահելու «միշտ հիշեք նրան» պատվիրանը: Դուք կարող եք նույնիսկ սեր ու երախտագիտություն զգալ, ինչպես ես եմ զգում Սուրբ Հոգու հանդեպ, ում հավատարմության մասին Երկնային Տերը խոստացել է, որ միշտ մեզ հետ կլինի, եթե մենք հավատարիմ մնանք մեր կապած ուխտերին: Մենք կարող եք հաշվել այդ օրհնությունները ամեն կիրակի և երախտապարտ զգալ:

Հանգստության օրը նաև կատարյալ ժամանակ է հիշելու Աստծո զավակներին սիրելու և ծառայելու ուխտի մասին, որը մենք կապել եք մկրտության ջրերում: Հանգստության օրը այդ ուխտի կատարումը իր մեջ կներառի մասնակցությունը դասին կամ քվորումին` սրտի ողջ նվիրումով, որպեսզի հավատ ու սեր կառուցենք մեր եղբայրների ու քույրերի միջև, ովքեր այնտեղ մեզ հետ են: Այդ խոստումը կարող է ընդգրկել նաև ցանկացած կոչման հրաշալի կատարումը:

Ես երախտապարտ եմ այն բազմաթիվ կիրակիների համար, երբ ուսուցանում էի սարկավագների քվորումում Յուտայի Բաունթիֆուլ քաղաքում, ինպես նաև Կիրակնօրյա դպրոցում` Այդահոյում: Եվ ես նույնիսկ հիշում եմ այն ժամանակները, երբ որպես իմ կնոջ օգնական, ծառայում էի երեխաների խմբում, որտեղ իմ հիմնական աշխատանքը խաղալիքները բաժանելն ու հավաքելն էր:

Տարիներ հետո Հոգու միջոցով ես հասկացա, որ Տիրոջ համար կատարվող իմ պարզ ծառայությունը կարևոր էր Երկնային Հոր զավակների կյանքում: Ի զարմանս ինձ, նրանցից ոմանք հիշում ու շնորհակալություն էին հայտնում ինձ` անփորձ պատանու այն ջանքերի համար, ով Հանգստության օրը ծառայում էր իրենց Ուսուցչի անունից:

Ինչպես մենք երբեմն չենք կարող տեսնել Հանգստության օրը կատարած մեր ծառայության արդյունքները, այնպես էլ չենք կարող տեսնել Տիրոջ այլ ծառաների միասնական ներգործությունը: Բայց Տերը լուռ, առանց հանրայնացնելու կառուցում է Իր արքայությունը Իր հավատարիմ ու խոնարհ ծառաների միջոցով` դեպի դրա փառավոր հազարամյակի ապագան: Սուրբ Հոգու ուղեկցությամբ մենք կարող ենք տեսնել այդ աճող վեհությունը:

Ես մեծացել եմ, հաճախելով Նյու Ջերսիի մի փոքրիկ ճյուղի հաղորդության ժողովներին, որը բաղկացած էր ընդամենը մի քանի անդամներից և իմ ընտանիքից: Յոթանասունհինգ տարի առաջ ես մկրտվեցի Եկեղեցու կողմից կառուցված միակ ժողովատանը, որը միակն էր Փենսիլվանիայում և Նյու Ջերսիում: Սակայն Փրինքթոնի Նյու Ջերսիում, որտեղ մի փոքրիկ ճյուղ էր, այժմ կան երկու մեծ ծուխ: Իսկ ընդամենը մի քանի օր առաջ հազարավոր երիտասարդներ անցկացրին տոնակատարություն, որը նախորդեց Ֆիլադելֆիա Փենսիլվանիա Տաճարի նվիրագործմանը:

Երբ երիտասարդ տղամարդ էի, ես կանչվեցի որպես շրջանի միսիոներ Ալբուկերկեի Նյու Մեքսիկո քաղաքի միակ եկեղեցում, որտեղ մենք երկրպագում էինք կիրակի օրը: Այսօր այնտեղ մի տաճար կա ու չորս ցից:

Ուսման նպատակով Ալբուկերկեից մեկնեցի Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքը: Այնտեղ կար միայն մի եկեղեցի և մի շրջան, որն ընդգրկում էր Մասաչուսեթսի տարածքի մեծ մասը և Ռոդ Այլենդը: Ես մեքենայով ճամփորդում էի այդ գեղեցիկ երկրի սարերով, որպեսզի մասնակցեի փոքր ճյուղերի հաղորդության ժողովներին, որոնք գտնվում էին վարձված շենքերում կամ հարմարեցված տներում: Այժմ Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում կա Աստծո սուրբ տաճար և ցցեր, որոնք ցրված են գյուղական վայրերում:

Ես այն ժամանակ հստակ տեսնում էի, որ այդ փոքրիկ հաղորդության ժողովներին Տերը հեղում էր Իր Հոգին մարդկանց վրա: Ես զգում էի դա, բայց չէի տեսնում Տիրոջ նպատակի չափերն ու ժամկետները, որպեսզի կառուցեր ու փառավորեր Իր արքայությունը: Մի մարգարե հայտնությամբ տեսավ ու գրառեց այն, ինչ հիմա մենք ինքներս կարող ենք տեսնել: Նեփին ասաց, որ մեր ընդհանուր թիվը մեծ չի լինի, բայց միասնական լույսը տեսանելի կլինի.

«Եվ եղավ այնպես, որ ես տեսա Աստծո Գառի եկեղեցին և այն թվով փոքր է: …

Եվ եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, տեսա Աստծո Գառի զորությունը, որ այն իջավ Գառի եկեղեցու սրբերի վրա և Տիրոջ ուխտյալ ժողովրդի վրա, որոնք ցրված էին ողջ երկրի երեսին. և նրանք զինված էին արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով»:

Այս տնտեսությունում նման մի մարգարեական նկարագրություն կա մեր պայմանների ու ապագա հնարավորությունների մասին, որը շարադրված է Վարդապետություն և Ուխտերում.

«Դուք դեռ չեք հասկացել, թե որքան մեծ օրհնություններ ունի Հայրն իր ձեռքում և ձեզ համար պատրաստած.

«Եվ դուք չեք կարող տանել բոլոր բաներն այժմ. այնուամենայնիվ, ուրախ եղեք, քանզի ես ձեր ուղեկիցը կլինեմ։ Արքայությունը ձերն է և նրա օրհնությունները ձերն են, և հավերժության հարստությունները ձերն են։

«Եվ նա, ով ընդունում է բոլոր բաները գոհությամբ, պիտի փառավորվի. և այս աշխարհի բաները պիտի ավելացվեն նրա համար, նույնիսկ հարյուրապատիկ, այո, ավելի շատ»:

Ես զգացել եմ, որ Աստծո սիրո և օրհնությունների համար աճող երախտագիտության փոխակերպումն աճում է ողջ Եկեղեցում: Թվում է, որ այն արագանում է Եկեղեցու անդամների մեջ այնպիսի ժամանակներում ու տեղերում, որտեղ փորձվում է նրանց հավատը, որտեղ նրանք ստիպված էին օգնություն խնդրել Աստծուց առաջ գնալու համար:

Ժամանակները, որոնց միջով մենք կանցնենք, իրենց հետ ծանր փորձություններ կբերեն, ինչպես որ բերեցին Ալմայի ժողովրդին դաժան Ամուղոնի տիրապետության տակ, ով այնքան ծանր բեռներ էր դնում նրանց մեջքին, որ անհնար էր տանել.

«Եվ եղավ այնպես, որ Տիրոջ ձայնը եկավ նրանց իրենց չարչարանքների մեջ՝ ասելով. Բարձրացրեք ձեր գլուխները և հանգիստ եղեք, քանզի ես գիտեմ ուխտի մասին, որը դուք արել եք ինձ հետ. և ես կուխտեմ իմ ժողովրդի հետ ու կազատեմ նրանց ճորտությունից։

Եվ ես նաև կթեթևացնեմ բեռները, որոնք դրվել են ձեր ուսերին, որպեսզի դուք մինչև անգամ չզգաք դրանք ձեր մեջքին, նույնիսկ մինչ դուք ճորտության մեջ եք. և սա ես կանեմ, որպեսզի հետագայում դուք կարողանաք կանգնել որպես վկաներ ինձ համար, և որպեսզի դուք կարողանաք հաստատ իմանալ, որ ես՝ Տեր Աստվածս, այցելում եմ իմ ժողովրդին իրենց չարչարանքների մեջ։

Եվ արդ, եղավ այնպես, որ բեռները, որոնք դրվել էին Ալմայի ու նրա եղբայրների վրա, թեթևացան. այո՛, Տերն ուժեղացրեց նրանց, որ նրանք կարողանային իրենց բեռները հեշտությամբ տանել, և նրանք զվարթությամբ ու համբերությամբ հնազանդվեցին Տիրոջ ողջ կամքին»:

Ես և դուք վկայություն ունենք, որ երբ մենք պահել ենք Աստծո հետ կապած մեր ուխտերը, հատկապես, երբ դժվար էր դա անել, Նա լսել է մեր երախտագիտության աղոթքներն այն ամենի համար, ինչ Նա արդեն արել է և պատասխանել է, երբ մեր աղոթքներում զորություն ու հավատարմությամբ տոկալու ուժ ենք խնդրել: Եվ շատ անգամներ Նա մեզ առույգացրել և ուժ է տվել:

Ձեզ երևի շատ կհետաքրքրի, թե դուք ինչ կարող եք անել, որպեսզի ապրեք ու երկրպագեք այս Հանգստության օրը, որպեսզի արտահայտեք ձեր երախտագիտությունը ու զորացնեք ձեզ և ուրիշներին` գալիք փորձություններին դիմակայելու համար:

Դուք կարող եք սկսել այսօր` անձնական և ընտանեկան աղոթքով, շնորհակալություն հայտնելով այն ամենի համար, ինչ Աստված արել է ձեզ համար: Կարող եք աղոթել, որպեսզի իմանաք, թե Տերն ինչ կցանկանար, որ դուք անեիք Իրեն և ուրիշներին ծառայելու համար: Հատկապես, դուք կարող եք աղոթել, որպեսզի Սուրբ Հոգին տեղեկացնի ձեզ այն մարդու մասին, ով մենակ է կամ կարիքի մեջ, ում մոտ Տերը կուղարկեր ձեզ:

Ես կարող եմ խոստանալ ձեզ, որ դուք կստանաք ձեր աղոթքների պատասխանը, և երբ գործեք ըստ ձեր ստացած պատասխանների, ուրախություն կգտնեք Հանգստության օրվա մեջ և ձեր սրտերը կողողվեն երախտագիտությամբ:

Ես վկայում եմ, որ Հայր Աստվածը ճանաչում ու սիրում է ձեզ: Փրկիչը` Տեր Հիսուս Քրիստոսը, հատուցել է ձեր մեղքերի համար, քանի որ սիրում է ձեզ: Հայրը և Որդին, գիտեն ձեր անունը, ինչպես գիտեին Մարգարե Ջոզեֆի Սմիթի անունը, երբ հայտնվեցին նրան: Ես վկայում եմ, որ սա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցին է, և Նա կպատվի ու կնորոգի այն ուխտերը, որոնք դուք կապել եք Աստծո հետ: Ձեր բնույթը կփոխվի և դուք ավելի կնմանվեք Փրկիչին: Դուք պաշտպանված կլինեք գայթակղություններից ու ճշմարտության մասին կասկածի զգացումներից: Դուք ուրախություն կգտնեք Հանգստության օրվա մեջ: Ես խոստանում եմ ձեզ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: