2010–2019 թթ․
Մեր հոգևոր զարգացման և ուսման համար
Հոկտեմբեր 2016


11:47

Մեր հոգևոր զարգացման և ուսման համար

Աստծո գաղտնիքները մեզ հայտնի են դառնում միայն Նրա կամքով և Սուրբ Հոգու զորությամբ:

Երբ փոքր տղա էի, ծնողներս մի նվեր ստացան, որը շատ հետաքրքրաշարժ իր էր իմ և կրտսեր եղբորս՝ Դեյվիդի համար: Նվերը Մարգարե Ջոզեֆ Սմիթին Մորոնի հրեշտակի հանձնած ոսկե թիթեղների մանրապատկեր նմուշն էր: Որքան հիշում եմ, նմուշ թիթեղները 10 մետաղական էջ ունեին, որոնց վրա բառեր կային գրված: Սակայն էջերը չէին, որ գրավել էին մեր ուշադրությունը:

Մենք մեծացել էինք՝ լսելով Վերականգնման պատմությունները: Մենք գիտեինք և Երեխաների խմբում երգում էինք ոսկե թիթեղների մասին, որոնք խորը թաքնված էին լեռան լանջում, և որոնք Մորոնի հրեշտակը հանձնել էր Ջոզեֆ Սմիթին: Քանի որ մեր երիտասարդ մտքի հետաքրքրությունը շարժվել էր, կար մի բան, որը մենք իսկապես շատ էինք ուզում տեսնել. ի՞նչ էր գրված նմուշ թիթեղների երկու փոքր մետաղական երիզներով ապահով կնքված բաժնում:

Թիթեղները մի քանի օր դրված էին փոքր մի սեղանիկի վրա, մինչև մեր հետաքրքրասիրությունը հասավ գագաթնակետին: Չնայած մենք հստակ հասկանում էինք, որ դրանք Մորոնիի հանձնած փաստացի թիթեղները չէին, մենք ցանկանում էինք դիտել կնքված մասը: Այնպես որ, ես և եղբայրս, օգտագործելով պանրի դանակներ, հին գդալներ և հնարավորամեն բան , մի քանի առիթներով փորձեցինք բացել թիթեղների կնքված մասը այնքան, որ բավական լինի թաքուն կարդալ պարունակությունը, բայց ոչ այնքան, որ կոտրենք փոքրիկ երիզները: Համենայն դեպս, մենք բավականաչափ խելացի էինք, որ չթողեցինք մեր չարաճճի պատանեկության հետաքրքրասիրության հետքերը: Ի հիասթափություն և ի հուսախաբություն մեզ, «թիթեղները թաքուն դիտելու» այդ փորձերը միշտ անհաջող էին:

Ես դեռևս չգիտեմ, թե ինչ էր թաքցված այդ կնքված մասում, եթե իրապես ինչ-որ բան կար: Բայց մեր պատմության ամաչեցնող մասն այն է, որ առ այսօր, ես չգիտեմ, թե ինչ էր գրված մետաղական էջերի այն մասում, որը նախատեսված էր կարդալու համար: Ես միայն կարող եմ պատկերացնել, որ այդ էջերը պարունակում էին Վերականգնման պատմություններ և վկայություններ Ջոզեֆ Սմիթի,Երեք և Ութ Վկաների մասին, ովքեր տեսել էին Մորոնիի հանձնած իրական թիթեղները:

Այս երկրի Արարումից ի վեր, մեր սիրառատ Երկնային Հայրը մարգարեների միջոցով ուղղություն, առաջնորդություն և հրահանգներ է տրամադրել Իր զավակներին: Նրա խոսքերը փոխանցվել են մարգարեների միջոցով և պահվում են որպես սուրբ գրություններ` մեր զարգացման և ուսման համար: Նեփին այս կերպ է նկարագրել այն.

«Քանի որ հոգիս հրճվում է սուրբ գրություններով և սիրտս խորհում է դրանք, և ես գրում եմ իմ զավակների ուսման և օգտի համար։

Ահա, հոգիս հրճվում է Տիրոջ բաներով. և սիրտս շարունակ խորհում է այն բաների շուրջ, որոնք տեսել եմ ու լսել»:

Ի լրումն սուրբ գրությունների, անցած տնտեսությունների և ժամանակների լրության այս վերջին տնտեսության ժամանակ, Տիրոջ Եկեղեցու արժանի անդամները օրհնվել են Սուրբ Հոգու մշտական ​​ընկերակցությամբ, որը օգնում է մեր հոգևոր զարգացման և ուսման հարցում:

Իմանալով իմ կրտսեր եղբոր բարեխիղճ էությունը, ենթադրում եմ, որ hավանաբար, նա կարդացել է մեր ծնողների տան այդ թիթեղների նմուշի բոլոր խոսքերը: Սակայն ես անտեսեցի այդ պարզ և թանկարժեք ճշմարտությունները և փոխարենը ջանք էի գործադրում փնտրել այն ​​բաները, որոնք նախատեսված չէին հայտնի դարձվելու:

Ցավոք, մեր զարգացումն ու ուսումը կարող է երբեմն դանդաղել կամ նույնիսկ դադարել «թաքնվածը կարդալու» ոչ պատշաճ ցանկությամբ: Նման փնտրտուքները կարող են տանել այն բաների ետևից, որոնք նախատեսված չեն հասկացվելու մեր ժամանակներում, անտեսելով գեղեցիկ ճշմարտությունները, որոնք նախատեսված են մեզ համար և մեր հանգամանքների համար, ճշմարտություններ, որոնք, ըստ Նեփիի նկարագրության, նախատեսված են մեր ուսման և օգտի համար:

Նեփիի եղբայր Հակոբը ուսուցանել է. «Ահա, մեծ և զարմանալի են Տիրոջ գործերը։ Որքա՜ն անքննելի են նրա խորհուրդների խորքերը. և անհնարին է, որ մարդ իմանա նրա բոլոր ուղիները»:

Հակոբի խոսքերը մեզ սովորեցնում են, որ մեզ մոտ չի ստացվի «թաքնվածը կարդալ», ոչ էլ կարող ենք ստիպել, որ Աստծո գաղտնիքները հայտնվեն մեզ: Փոխարենը, Աստծո խորհուրդները մեզ հայտնի են դառնում միայն Նրա կամքով և Սուրբ Հոգու զորությամբ:

Հակոբը շարունակում է.

«Եվ ոչ մի մարդ չգիտի նրա ուղիների մասին, մինչև այն հայտնի չդարձվի նրան. ուստի, եղբայրնե՛ր, մի՛ արհամարհեք Աստծո հայտնությունները։

Քանզի ահա, նրա խոսքի զորությամբ մարդը եկավ երկրի երեսի վրա. … O՜հ, ուրեմն ինչո՞ւ ի զորու չէ հրամայելու երկրագնդին, կամ իր ձեռքերի ստեղծագործությանը երկրի երեսի վրա, ըստ իր կամքի և հաճության։

Ուստի, եղբայրներ, մի՛ փնտրեք խորհուրդ տալ Տիրոջը, այլ խորհուրդ վերցնել նրա ձեռքից»:

Որպեսզի հասկանանք Աստծո գաղտնիքները կամ այն ​​բաները, որոնք հնարավոր է հասկանալ միայն հայտնության միջոցով, մենք պետք է հետևենք Նեփիի օրինակին, ով ասել է. «Լինելով չափազանց երիտասարդ, այնուամենայնիվ, լինելով հաղթանդամ կազմվածքով, և նաև ունենալով մեծ իղձեր՝ իմանալու Աստծո խորհուրդները, ուստի, ես կանչեցի առ Տերը. և ահա, նա այցելեց ինձ և այնպես փափկացրեց իմ սիրտը, որ ես հավատացի բոլոր այն խոսքերին, որոնք ասվել էին հորս կողմից»: Դրանից հետո Տերն Ինքը բացատրեց, որ Նեփին հավատք էր գործադրել, ջանասիրաբար և սրտի խոնարհությամբ փնտրել էր և պահել Իր պատվիրանները:

Գիտելիք փնտրելու Նեփիի օրինակը ներառում էր՝ (1) անկեղծ ցանկություն, (2) խոնարհություն, (3) աղոթք, (4) վստահություն մարգարեին, (5) հավատքի, (6) ջանասիրության և (7) հնազանդության գործադրում: Փնտրելու այդ ուղին հակապատկերն է «թաքնվածը կարդալու» իմ ջանքերի կամ փորձերի, որ ստիպողաբար հասկանամ բաներ, որոնց բացահայտումը նշանակված է՝ համաձայն Տիրոջ ժամանակացույցի և Սուրբ Հոգու զորության:

Ժամանակակից դարաշրջանում մենք սկսել ենք ակնկալել, որ գիտելիքը կարելի է և պետք է ստանալ անմիջապես. երբ տեղեկությունը հեշտությամբ չի հայտնվում կամ հասանելի չի դառնում, այն հաճախ բաց են թողնում կամ նրա հանդեպ անվստահություն հայտնում: Տեղեկատվության առատության արդյունքում ոմանք ակամայից ավելի շատ են վստահում անհայտ ծագումով առկա աղբյուրներին, քան ապավինում են անձնական հայտնություն ստանալու Տիրոջ սահմանած օրինակին: Հակոբը, հնարավոր է, մեր ժամանակն էր նկարագրում, երբ ասում էր. «Բայց ահա, [նրանք] մի խստապարանոց ժողովուրդ էին. և նրանք արհամարհեցին պարզության խոսքերը. … և փնտրեցին բաներ, որոնք չէին կարող հասկանալ։ Ուստի, նրանց կուրության պատճառով, կուրություն, որը եկել էր նշանակետից այն կողմ նայելուց, նրանք պիտի անպայման ընկնեին. քանզի Աստված վերցրել է նրանցից իր պարզությունը և հանձնել նրանց շատ բաներ, որոնք նրանք չեն կարող հասկանալ, քանի որ նրանք ցանկանում էին դա»:

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը խորհուրդ է տվել, որը տարբերվում է այդ մոտեցումից: Նրա խոսքերը ուղղված են միսիոներներին, սակայն հավասարապես կիրառելի են հոգևոր ճշմարտություն փնտրող բոլոր մարդկանց համար: «Եթե. … միսիոներները հավատ գործադրեն առ Հիսուս Քրիստոս, – ասել է նա, – նրանք կվստահեն Տիրոջը բավականաչափ, որ հետևեն Նրա պատվիրաններին անգամ այն ​​ժամանակ, երբ ամբողջությամբ չեն հասկանում դրա անհրաժեշտությունը: Նրանց հավատը կդրսևորվի ջանասիրության ու աշխատասիրության միջոցով»:

Ապրիլյան գերագույն համաժողովին Երեց Դալլին Հ. Օուքսը բացատրել է. «Եկեղեցին մեծ ջանքեր է գործադրում, որ թափանցիկ լինի իր ունեցած պատմական արձանագրություններով: Սակայն մեր ունեցած ամեն տեղեկություն հրապարակելուց հետո, ի վերջո, մեր անդամների որոշ հիմնական հարցերը երբեմն մնում են անպատասխան, որոնք, հնարավոր է, չպարզաբանվեն ուսումնասիրության միջոցով: Որոշ բաներ կարելի է սովորել միայն հավատքով»:

Հին մարգարեները ուսուցանել են այս նույն սկզբունքը, ցույց տալով, որ ժամանակի ընթացքում մարդու բնույթը չի փոխվել, և սովորելու Տիրոջ օրինակը ժամկետներ չունի: Մտածեք Հին Կտակարանի այս ասացվածքի մասին. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր»:

Խոսելով Տիրոջ անունից՝ Եսայիան բացատրել է. «Այլ ինչպէս որ բարձր է երկինքը երկրից, նոյնպէս էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներիցը եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներիցը»:

Նեփին ավելացրել է մեկ այլ վկայություն, երբ հայտարարել է. «Ո՜վ Տեր, ես քեզ եմ ապավինել, և ես քեզ եմ ապավինելու հավիտյան»

Տիրոջ հանդեպ հավատը և վստահությունը պահանջում է մեզ ընդունել, որ Նրա իմաստությունը վեր է մեր սեփականից: Մենք պետք է նաև ընդունենք, որ Նրա ծրագիրը ապահովում է հոգևոր զարգացման և ուսման առավելագույն ներուժը:

Մեզանից երբեք չի պահանջվել «բաների մասին կատարյալ գիտելիք ունենալ» այս մահկանացու գոյության ընթացքում: Փոխարենը, մեզանից ակնկալվում է «հույս ունենալ բաների համար, որոնք տեսանելի չեն, որոնք ճշմարիտ են»:

Նույնիսկ Նեփին, որ մեծ հավատք ուներ, խոստովանեց, որ իր հասկացողությունը սահմանափակ է, երբ նա պատասխանեց հրեշտակի հարցին. «Գիտե՞ս դու Աստծո բարեհաճության մասին»: Նեփին պատասխանեց. «Ես գիտեմ, որ նա սիրում է իր զավակներին. սակայն,ես չգիտեմ բոլոր բաների իմաստը»:

Նմանապես, Ալման ասաց իր որդի Հելամանին. «Արդ, այս խորհուրդները դեռ լիովին հայտնի չեն դարձվել ինձ. հետևաբար, ես պիտի զսպեմ ինձ»:

Ես արտահայտում եմ իմ վկայությունը, որ մեր Երկնային Հայրը սիրում է Իր զավակներին, և այնուամենայնիվ, Նեփիի և Ալմայի նման, ես չգիտեմ բոլոր բաների իմաստը: Ոչ էլ կարիք կա, որ ամեն բան իմանամ. ես նույնպես պիտի զսպեմ ինձ և համբերատար ապավինեմ Տիրոջը՝ իմանալով. «Ես ունեմ բոլոր բաները՝ որպես մի վկայություն, որ այս բաները ճշմարիտ են. և դու նույնպես ունես բոլոր բաները՝ որպես մի վկայություն քեզ համար, որ դրանք ճշմարիտ են ….

. … Սուրբ գրքերը դրված են քո առջև, այո, և բոլոր բաները մատնանշում են, որ կա՛ Աստված. այո, նույնիսկ երկիրը և բոլոր բաները, որ նրա երեսին են, այո, և նրա շարժումը, այո, և բոլոր մոլորակները, որոնք շարժվում են իրենց կանոնավոր ձևով, վկայում են, որ կա մի Գերագույն Ստեղծող»:

Քանի որ մենք ընդունում ենք, որ իմաստուն և անձնվեր Երկնային Հոր ստեղծագործությունն ենք, «Օ՜հ, ուրեմն», ինչո՞ւ թույլ չտանք, որ նա առաջնորդի մեր հոգևոր զարգացումն ու ուսումը «ըստ իր կամքի և հաճության», այլ ոչ թե մեր սեփական:

Նա ապրում է: Հիսուս Քրիստոսը Նրա Միածին Որդին է և մարդկության Քավիչը: Քրիստոսի անսահման Քավության շնորհիվ Նա ունի իմաստություն և հեռատեսություն՝ առաջնորդելու մեզ այս վերջին օրերում: Ջոզեֆ Սմիթը Նրա մարգարեն է, ով ընտրվել էր վերականգնելու Նրա թագավորությունը երկրի վրա իր լրիվությամբ: Թոմաս Ս. Մոնսոնը Նրա կենդանի մարգարեն է և խոսնակը այսօր: Այդ մասին ես բերում եմ իմ անկեղծ վկայությունը՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: