2010–2019 թթ․
Հակադրություն բոլոր բաներում
Ապրիլ 2016


15:27

Հակադրություն բոլոր բաներում

Հակադրությունը մեզ թույլ է տալիս աճել և դառնալ այն, ինչ մեր Երկնային Հայրն է ցանկանում, որ մենք դառնանք:

Հիսուս Քրիստոսի ավետարանի առանցքը Հոր փրկության ծրագիրն է Իր զավակների հավերժական առաջընթացի համար: Ժամանակակից հայտնություններում բացատրվող այդ ծրագիրն օգնում է մեզ հասկանալ շատ բաներ, որոնց հանդիպում ենք մահկանացու կյանքում: Իմ ուղերձը կենտրոնանում է այդ ծրագրում եղած հակադրության էական դերի վրա:

I.

Մահկանացու կյանքի նպատակը Աստծո զավակների համար փորձառություններ տրամադրելն է՝ «դեպի կատարելություն ընթանալու և իրենց աստվածային ճակատագիրը որպես հավիտենական կյանքի ժառանգներ բացառիկ կերպով գիտակցելու համար»: Ինչպես այս առավոտ մեզ զորությամբ ուսուցանեց Նախագահ Մոնսոնը, մենք առաջադիմում ենք, ընտրություն կատարելով, որով փորձվում ենք, որպեսզի երևա, թե արդյոք մենք պահում ենք Աստծո պատվիրանները (տես Աբրահամ 3.25): Փորձվելու համար մենք պետք է կամքի ազատություն ունենանք՝ այլընտրանքների միջև ընտություն կատարելու համար: Այլընտրանքներ ապահովելու համար, որ կարողանանք գործադրել մեր ազատ կամքը, պետք է լինի հակադրություն:

Ծրագրի մյուս մասը նույնպես էական է: Երբ մենք սխալ ընտրություն ենք կատարում, ինչն անխուսափելի է, մենք մեղքից կեղտոտվում ենք և կարիք ունենք մաքրվելու, որպեսզի շարունակենք գնալ դեպի մեր հավերժական ճակատագիրը: Հոր ծրագիրը ուղի է ապահովում մաքրվելու համար՝ արդարադատության հավերժական պահանջները բավարարելու ուղի. Փրկիչը վճարում է փրկագինը՝ հնարավորություն տալով ազատվել մեր մեղքերից: Փրկիչը Տեր Հիսուս Քրիստոսն է՝ Հավերժական Հոր՝ Աստծո Միածին Որդին, որի քավիչ զոհաբերությունը, որի տառապանքը, վճարում է մեր մեղքերի գինը, եթե ապաշխարում ենք դրանցից:

Հակադրության նախատեսված դերի լավագույն բացատրություններից մեկը Մորմոնի Գրքում է՝ իր որդի Հակոբին բացատրած Լեքիի ուսմունքներում․

«Անպայման պետք է, որ հակադրություն լինի բոլոր բաներում։ Եթե այդպես չլիներ, արդարությունը չէր կարող իրագործվել, ոչ էլ ամբարշտությունը, ո՛չ սրբությունը, ո՛չ էլ թշվառությունը, ո՛չ լավը, ո՛չ էլ վատը» (2 Նեփի 2.11, տես նաև 15 հատվածը):

Որպես հետևանք, Լեքին շարունակել է. «Տեր Աստված տվեց մարդուն, որ նա գործի ինքնուրույն։ Ուստի, մարդը չէր կարող գործել ինքնուրույն, մինչև որ չհրապուրվեր մեկի կամ մյուսի կողմից» (16 հատված): Նմանապես, ժամանակակից հայտնության մեջ Տերը հայտարարում է. «Անպայման պետք է, որ դևը գայթակղեր մարդկանց զավակներին, այլապես նրանք չէին կարող գործակալը լինել իրենց անձի» (ՎևՈւ 29.39):

Ընդդիմությունը անհրաժեշտ էր Եդեմի պարտեզում. եթե Ադամն ու Եվան ընտրություն չանեին, որը սկիզբ դրեց մահկանացու կյանքին, Լեքին սովորեցրել է. «նրանք մնացած կլինեին անմեղության վիճակում … չանելով բարիք, քանզի նրանք չգիտեին մեղքը» (2 Նեփի 2.23):

Ի սկզբանե, կամքի ազատությունն ու հակադրությունն առանցքային դեր ունեին Հոր ծրագրում և սատանան ապստամբեց դրա դեմ: Ինչպես Տերը հայտնել է Մովսեսին, երկնային խորհրդում սատանան «փնտրեց կործանել մարդու կամքի ազատությունը» (Մովսես 4.3): Այդ կործանումը համակցված էր սատանայի առաջարկի պայմաններին: Նա կանգնեց Հոր առջև և ասաց. «Ահա, ես այստեղ եմ, ի՛նձ ուղարկիր, ես կլինեմ քո որդին և կփրկագնեմ ողջ մարդկությանը, այնպես որ մեկ հոգի չի կորչի, և անկասկած ես դա կանեմ. ուստի, տուր ինձ քո պատիվը» (Մովսես 4.1):

Այդպիսով, սատանան առաջարկեց իրականացնել Հոր ծրագիրն այնպես, որ կկանխեր Հոր նպատակների իրականացումը և սատանային կտար Հոր փառքը:

Սատանայի առաջարկը կապահովեր կատարյալ հավասարություն. ըստ նրա՝ «ողջ մարդկությունը կփրկագնվեր», այնպես որ ոչ մի հոգի չէր կորչի: Ընտրելու ազատություն չէր լինի, ուստի հակադրության կարիք էլ չէր լինի: Չէր լինի ոչ փորձություն, ոչ ձախողում, ոչ էլ հաջողություն: Չէր լինի աճ՝ հասնելու այն նպատակին, որ Հայրը ցանկանում էր Իր զավակների համար: Սուրբ գրություններն արձանագրել են, որ սատանայի ընդդիմությունը հանգեցրեց «պատերազմի երկնքում» (Հայտնություն 12.7), որի ժամանակ Աստծո զավակների երկու երրորդը իրավունք վաստակեց վայելել մահկանացու կյանքը՝ ընտրելով Հոր ծրագիրը և մերժելով սատանայի ապստամբությունը:

Սատանայի նպատակն էր իր վերցնել Հոր պատիվն ու զորությունը (տես Եսայիա 14:12–15, Մովսես 4.1, 3): «Ուստի, – ասաց Հայրը, – քանի որ սատանան ապստամբեց իմ դեմ … ես այնպես արեցի, որ նա ցած գցվեր» (Մովսես 4.3) բոլոր հոգիների հետ, ովքեր իրենց ազատ կամքով ընտրեցին հետևել նրան (տես Հուդա 1.6, Հայտնություն 12.8–9, ՎևՈւ 29.36–37): Ցած գցվելով, որպես մահկանացու կյանքում մարմին չստացած ոգիներ, Սատանան ու նրա հետևորդները գայթակղում և ձգտում են մոլորեցնել ու գերել Աստծո զավակներին (տես Մովսես 4.4): Այնպես որ, չարը, որ հակադրվեց և ձգտեց կործանել Հոր ծրագիրը, իրականում նպաստեց դրան, քանի որ հակադրությունը թույլ է տալիս ճիշտ ընտրություն կատարել, որը տանում է զարգացման, որը Հոր ծրագրի նպատակն է:

II.

Հատկանշական է, որ մեղքի գայթակղությունը հակադրության միակ տեսակը չէ մահկանացու կյանքում: Հայր Լեքին սովորեցրել է, որ եթե անկումը չլիներ, Ադամն ու Եվան «մնացած կլինեին անմեղության վիճակում, չունենալով ուրախություն, քանզի չգիտեին թշվառություն» (2 Նեփի 2.23): Առանց մահկանացու կյանքում հակադրության փորձի, «բոլոր բաները պետք է որ բաղադրված լինեին մեկում», որի դեպքում չէր լինի ոչ երջանկություն, ոչ էլ թշվառության (11 հատված): Հետևաբար, շարունակում է հայր Լեքին, այն բանից հետո, երբ Աստված արարել էր բոլոր բաները, «իր հավերժական նպատակներն իրագործելու համար, մինչև մարդու վախճանը … անպայման պետք է որ լիներ հակադրություն. այսինքն՝ արգելված պտուղն ի հակադրություն կենաց ծառի՝ մեկը լինելով քաղցր, իսկ մյուսը՝ դառը» (15 հատված): Փրկության ծրագրի այս մասի վերաբերյալ Նրա ուսմունքները եզրափակվում են հետևյալ խոսքերով.

«Բայց, ահա, բոլոր բաներն արվել են նրա իմաստությամբ, ով գիտի բոլոր բաները:

Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» (24–25 հատվածներ):

Մահկանացու կյանքում ծառացած դժվարին հանգամանքների տեսքով հակադրությունը ծրագրի մասն է, որը նպաստում է մահկանացու կյանքում մեր աճին:

III.

Բոլորս հանդիպում ենք տարբեր տեսակի հակադրությունների, որոնք ստուգում են մեզ: Այդ ստուգարքների մի մասը մեղքի գայթակղություններն են: Մի քանիսն էլ կյանքի դժվարություններն են, որոնք կապված չեն անձնական մեղքի հետ: Մի քանիսը կարող են շատ մեծ լինել: Մյուսները կարող են չնչին լինել: Մի քանիսը կարող են շարունակական լինել, մյուսները պարզապես դրվագներ են: Մեզանից ոչ ոք բացառություն չէ: Հակադրությունը մեզ թույլ է տալիս աճել և դառնալ այն, ինչ մեր Երկնային Հայրն է ցանկանում, որ մենք դառնանք:

Մորմոնի Գրքի թարգմանության ավարտից հետո Ջոզեֆ Սմիթը պետք է տպագրիչ գտներ գիրքը հրատարակելու համար: Ձեռագրի ծավալի, տպագրության ծախսերի և հազարավոր օրինակներ կազմելու բարդությունը վախեցնող էր: Առաջինը Ջոզեֆը դիմեց Ի. Բ. Գրանդինին՝ Պալմիրայի մի տպագրիչի, որը մերժեց նրան: Ապա նա գտավ ևս մեկ տպագրիչ Պալմիրայում, որը նույնպես մերժեց նրան: Նա գնաց Ռոչեստեր 25 մղոն (40 կմ) հեռու, և դիմեց արևմտյան Նյու Յորքի ամենահեղինակավոր տպագրիչին, որը նույնպես մերժեց նրան: Ռոչեստերի մեկ այլ տպագրիչ ընդունեց առաջարկը, սակայն, հանգամանքների բերումով, այդ տարբերակն անընդունելի դարձավ:

Շաբաթներ էին անցել, և Ջոզեֆը պետք է տարակուսեր աստվածային հանձնառության կատարման դեմ ծառացած հակադրությունից: Տերը չհեշտացրեց նրա գործը, բայց հնարավոր դարձրեց այն: Ջոզեֆի հինգերորդ փորձը՝ Պալմիրայի տպագրիչ Գրանդինին երկրորդ անգամ դիմելը, հաջողությամբ ավարտվեց:

Ցավալի է, բայց տարիներ անց Ջոզեֆը մի քանի ամիս բանտարկված էր Լիբերթի բանտում: Երբ նա աղոթեց սփոփանքի համար, Տերը նրան ասաց. «այս բոլոր բաները փորձառություն կտան քեզ և կլինեն քո օգտի համար» (ՎևՈւ 122.7):

Բոլորս ծանոթ ենք մահկանացու կյանքի այն հակադրություններին, որոնց պատճառը մեր անձնական մեղքերը չեն, այդ թվում` հիվանդությունները, հաշմանդամությունը և մահը: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը բացատրել է.

«Ձեզանից ոմանք իրենց չարչարանքների մեջ ժամանակ առ ժամանակ աղոթում են, ձտգելով հասկանալ, թե Երկնային Հայրն ինչու է թույլ տալիս, որ անցնեք ձեր ներկայիս փորձություններով …

Ինչևէ, մեր երկրային կյանքը երբեք նախատեսված չի եղել, որ հեշտ կամ մշտապես հաճելի լինի: Մեր Երկնային Հայրը … գիտի, որ մենք սովորում, աճում և մաքրվում ենք՝ անցնելով դժվար փորձությունների, սրտաբեկ վշտի և դժվար ընտրությունների միջով: Բոլորս ունենում ենք ծանր օրեր, երբ հարազատ ենք կորցնում, ցավ ենք ապրում, երբ մեր առողջությունը վատանում է, երբ լքված ենք զգում, երբ մեր սիրելիները, կարծես, լքել են մեզ: Նման փորձությունները մինչև վերջ համբերելու իրական ստուգարք են մեզ համար»:

Հանգստության օրը պահելու մեր ջանքերի բարելավումը հակադրության ավելի քիչ ընկճվելու օրինակ է: Տերը մեզ տվել է հանգստության օրը սուրբ պահելու պատվիրանը: Մեր ընտրություններից մի քանիսը կարող են խախտել այդ պատվիրանը, բայց հանգստության օրվա ժամանակը ծախսելու մյուս հարցերը կապված են պարզապես լավի, ավելի լավի կամ ամենալավի միջև ընտրության հետ:

Գայթակղության հակադրությունը ցույց տալու համար Մորմոնի Գիրքը նկարագրում է երեք եղանակ, որոնք սատանան օգտագործում է վերջին օրերին: Նախ նա «կմոլեգնի մարդկանց զավակների սրտերում և կդրդի նրանց բարկության ընդդեմ նրա, ինչը բարի է» (2 Նեփի 28.20): Երկրորդ՝ նա «կխաղաղեցնի և կհանդարտեցնի՝ տանելով դեպի մարմնական ապահովություն, – ասելով, – Սիոնը բարգավաճում է, ամեն ինչ լավ է» (21 հատված): Երրորդ՝ նա կասի մեզ «դժոխք չկա, և … ես դև չեմ, քանզի այդպիսին չկա» (հատված 22), և, հետևաբար, չկա ճիշտ և սխալ: Նման հակադրության պատճառով մեզ զգուշացնում են «անհոգ չլինել Սիոնում» (հատված 24):

Եկեղեցին իր աստվածային առաքելությունը կատարելիս, և մենք՝ մեր անձնական կյանքում, կարծես, թե դիմակայում են աճող հակադրությանը: Գուցե, Եկեղեցին աճում է ուժով, իսկ մենք՝ անդամներս, զորանում ենք հավատքով ու հնազանդությամբ, հետևաբար, սատանան մեծացնում է հակադրության իր ուժը, որպեսզի մենք չդադարենք «հակադրություն ունենալ բոլոր բաներում»:

Այդ հակադրություններից մի քանիսը նույնիսկ գալիս են Եկեղեցու անդամների կողմից: Ոմանք, ովքեր օգտագործում են սեփական տրամաբանությունը կամ իմաստությունը, ընդդիմանում են մարգարեական ուղղությանը, իրենց վրա վերցնելով ընտրությամբ նշանակված մարմիններին բնորոշ այնպիսի պիտակներ, ինչպիսին է «հավատարիմ ընդդիմություն» անվանումը: Այդ մոտեցումը, որքան էլ տեղին լինի ժողովրդավարության համար, հիմք չունի Աստծո արքայության կառավարման մեջ, որտեղ հարցերը ողջունելի են, բայց ընդդիմությունը՝ ոչ (տես Մատթեոս 26.24):

Որպես մեկ այլ օրինակ՝ կան շատ բաներ Եկեղեցու վաղ պատմության մեջ, ինչպես, օրինակ, այն, ինչ Ջոզեֆ Սմիթը արել է կամ չի արել տարբեր հանգամանքներում, ինչը ոմանք հիմք են օգտագործում ընդդիմանալու համար: Բոլոր նման մարդկանց ես ասում եմ. հավատք գործադրեք և ապավինեք Փրկիչի այն ուսմունքին, որ մենք պետք է «ճանաչենք նրանց իրենց պտուղներից» (Մատթեոս 7.16): Եկեղեցին մեծ ջանքեր է գործադրում, որ թափանցիկ լինի իր ունեցած պատմական արձանագրություններով: Սակայն մեր ունեցած ամեն տեղեկություն հրապարակելուց հետո, ի վերջո, մեր անդամների որոշ հիմնական հարցեր երբեմն մնում են անպատասխան, որոնք, հնարավոր է, չպարզաբանվեն ուսումնասիրության միջոցով: Դա «հակադրություն բոլոր բաներում» սկզբունքի Եկեղեցու Պատմության տարբերակն է: Որոշ բաներ կարելի է սովորել միայն հավատքով (տես ՎևՈւ 88.118): Մեր վերջնական ապավինումը պետք է լինի հավատքը այն բաների հանդեպ, որոնց մասին վկայություն ենք ստացել Սուրբ Հոգուց:

Հազվադեպ երևույթ է, որ Աստված սահմանափակի Իր զավակներից որևէ մեկի կամքի ազատությունը, միջամտելով մեկի գործերին, ի սփոփանք մյուսի: Փոխարենը, նա թեթևացնում է մեր չարչարանքների բեռը և ամրացնում է մեզ, որ կարողանանք տանել դրանք, ինչպես նա արել է Ալմայի ժողովրդի համար Էլամի երկրում (տես Մոսիա 24.13–15): Նա չի կանխում բոլոր աղետները, սակայն պատասխանում է դրանք հեռու պահելու մեր աղոթքներին, ինչպես որ նա արեց բացառիկ հզոր ցիկլոնի հետ, որը սպառնացել էր կանխել Ֆիջիի Տաճարի նվիրագործումը, կամ մեղմացնում է դրանց ազդեցությունները, ինչպես Նա արեց ահաբեկիչների պայթյունի հետ, որն այդքան շատ կյանքեր տարավ Բրյուսելի օդանավակայանում, բայց խնայեց մեր չորս միսիոներներին՝ միայն վիրավորելով նրանց:

Մահկանացու բոլոր հակադրությունների միջով անցնելիս, մենք ունենք Աստծո վստահությունը, որ նա «կնվիրագործի [մեր] չարչարանքները [մեր] օգտի համար» (2 Նեփի 2.2): Մենք նաև սովորել ենք հասկանալ մեր մահկանացու կյանքի փորձառությունները և Նրա պատվիրանները Իր մեծ փրկության ծրագրի համատեքստում, որը մեզ բացատրում է կյանքի նպատակը և տալիս է մեզ վստահություն Փրկիչի հանդեպ, որի անունով ես վկայում եմ այս բաների ճշմարտության մասին։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. «Ընտանիք. հայտարարություն աշխարհին», Լիահոնա, նոյ. 2010, 129:

  2. Նման կերպ, ժամանակակից հայտնությունն ուսուցանում է, որ եթե մենք երբեք չճաշակեինք դառնություն, ապա չէինք իմանա քաղցրությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 29.39):

  3. Տես Michael Hubbard MacKay and Gerrit J. Dirkmaat, From Darkness unto Light: Joseph Smith’s Translation and Publication of the Book of Mormon (2015), 163–79:

  4. Թոմաս Ս. Մոնսոն, «Joy in the Journey» (ԲՅ համալսարանի կանանց համաժողովի ելույթ, մայիս 2, 2008), womensconference.ce.byu.edu. Ջոն Ս. Թաները, որը ներկայումս Հավայան կղզիների ԲՅՀ նախագահն է, կարճ հոդված է գրել սպորտի և ժողովրդավարության թեմայով, որտեղ մեզ հայտնի մի նյութ է շոշափվել. «Պարտվելու դեպքում մեծահոգության դրսևորում սովորելը ոչ միայն մեր քաղաքացիական պարտքն է, այլ նաև կրոնական պահանջ: Աստված մահկանացու կյանքն այնպես է նախագծել, որ «հակադրություն լինի բոլոր բաներում» (2 Նեփի 2.11): Պարտվելը կամ չհաղթելը Նրա ծրագրի մասն է մեր կատարելագործման համար … պարտությունը «կատարելության մեր փնտրտուքների» անբաժանալի մասն է» (Notes from an Amateur: A Disciple’s Life in the Academy [2011], 57):

  5. Տես Դալին Հ. Օքս, «Լավ, ավելի լավ, ամենալավ», Լիահոնա, նոյ. 2007, 104–108:

  6. Տես Sarah Jane Weaver, “Rededication Goes Forward,” Church News, Feb. 28, 2016, 3–4։