2010–2019 թթ․
Նա խնդրում է մեզ լինել Իր ձեռքերը
Ապրիլ 2016


10:18

Նա խնդրում է մեզ լինել Իր ձեռքերը

Ճշմարիտ Քրիստոսանման ծառայությունն անշահախնդիր է և կենտրոնանում է ուրիշների վրա:

«Սիրեցե՛ք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի»: Այս մեծահամբավ երգչախմբի հնչեցրած բառերն ասվել էին Հիսուսի կողմից Նրա մեծ քավիչ զոհաբերությունից ժամեր առաջ. մի զոհաբերություն, որը Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը նկարագրում է որպես «ամենավեհափառ դրսևորումը մաքուր սիրո, որը երբևէ ցույց է տրվել այս աշխարհի պատմության մեջ»:

Հիսուսը մեզ ոչ միայն ուսուցանե ցսիրել, այլ Նա նաև ապրեց համաձայն Իր ուսուցանածի: Իր ծառայության ընթացքում Հիսուսը «ման եկավ բարի անելով» և «հրավիրեց բոլորին հետևել Իր օրինակին»: Նա ուսուցանել է. «Որովհետև ով որ կամենայ իր անձն ապրեցնել` կկորցնէ նորան. և ով որ իր անձն կորցնէ ինձ համար` նա կապրեցնէ նորան»:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, ով հասկացել է ու ապրել է սիրելու պատվիրանով, ասել է. «Ես հավատում եմ, որ Փրկիչն ասում է մեզ, եթե մենք չկորցնենք ինքներս մեզ ուրիշներին ծառայելու մեջ, մեր անձնական կյանքն այնքան էլ նպատակասլաց չի լինի: Նրանք, ովքեր ապրում են միայն իրենց համար, ի վերջո, թոշնում են և … կորցնում են իրենց կյանքը, մինչդեռ նրանք, ովքեր կորցնում են իրենց ուրիշներին ծառայելու մեջ, աճում և ծաղկում են` արդյունքում պահպանելով իրենց կյանքը:

Ճշմարիտ Քրիստոսանման ծառայությունն անշահախնդիր է և կենտրոնանում է ուրիշների վրա: Մի կին, ով հոգ էր տանում իր հաշմանդամ ամուսնու մասին, բացատրեց. «Ձեր արածը բեռ մի համարեք, մտածեք, որ այն հնարավորություն է սովորելու, թե իսկապես ինչ է սերը»:

ԲՅՀ-ի հոգևոր երեկոներից մեկի ժամանակ խոսելիս` Քույր Սոնդրա Դ. Հիսթոնը հարցրեց. «Ի՞նչ կլիներ, եթե մենք իսկապես կարողանայինք կարդալ միմյանց մտքերն ու զգացմունքները: Միմյանց ավելի լավ կհասկանայի՞նք: Զգալով այն, ինչ ուրիշներն են զգում, տեսնելով այն, ինչ ուրիշներն են տեսնում, և լսելով այն, ինչ ուրիշներն են լսում, մենք կստեղծեի՞նք ժամանակ, ու կօգտագործեի՞նք այդ ժամանակը նրանց ծառայելու համար, և այլ կերպ կվարվեի՞նք նրանց հետ: Կլինեի՞նք նրանց նկատմամբ ավելի համբերատար, ավելի բարի ու ավելի հանդուրժող:

Քույր Հիսթոնը կիսվեց մի փորձառությամբ, որն առնչվում էր Երիտասարդ Կանանց ճամբարում նրա ծառայությանը: Նա ասաց.

«Մեր հոգևոր երեկոյի խոսնակներից մեկն ուսուցանեց մեզ «ով դառնալու» մասին: Նրա նշումներից մեկը հետևյալն էր. «Եղեք այն մարդը, ով առաջ է մղվում ճանաչելու ու ծառայելու ուրիշներին. հեռու գցեք հայելիները և նայեք ապակու միջով»:

Երիտասարդ կնոջ և նրա ղեկավարի միջև զրույցը դժվար է ընթանում, երբ նրանցից մեկը նայում է հայելու մեջ:

Սա ցուադրելու համար նա իր մոտ կանչեց երիտասարդ կանանցից մեկին և խնդրեց նրան կանգնել դեմքով դեպի իրեն: Այնուհետև նա հանեց մի հայելի և դրեց այն երիտասարդ կնոջ ու իր միջև, որպեսզի նա` [խոսնակը] նայեր հայելու մեջ երիտասարդ կնոջ հետ խոսելիս: Առանց զարմանալու, նրանք չկարողացան ունենալ արդյունավետ կամ անկեղծ զրույց: Սա մի հզոր առարկայական դաս էր, որը ցույց տվեց, թե որքան դժվար է հաղորդակցվել ու ծառայել ուրիշներին, եթե մենք չափազանց անհանգստացած ենք մեր մասին ու մտածում ենք միայն մեր ու մեր կարիքների մասին: Նա այնուհետև մի կողմ դրեց հայելին, վերցրեց պատուհանի մի շրջանակ և տեղադրեց այն իր և երիտասարդ կնոջ միջև: … Մենք կարողացանք տեսնել, որ երիտասարդ կինը դարձավ նրա ուշադրության կենտրոնը, և որ ճշմարիտ ծառայությունը պահանջում է, որ մենք կենտրոնանանք ուրիշների կարիքների ու զգացմունքների վրա: Հաճախ մենք այնքան ենք անհանգստանում ինքներս մեր մասին ու մեր սեփական զբաղված կյանքի մասին, որ երբ փորձում ենք ծառայելու հնարավորություններ փնտրել հայելիների մեջ նայելով, պարզությամբ չենք տեսնում ծառայության ապակու միջով:

Երիտասարդ կնոջ և իր ղեկավարի միջև զրուցելը հեշտ է, երբ նրանք նայում են պատուհանի միջով:

Նախագահ Մոնսոնը մեզ հաճախ հիշեցրել է, որ մենք «շրջապատված ենք այն մարդկանցով, ովքեր մեր ուշադրության, խրախուսանքի, աջակցության, սփոփանքի ու բարության կարիքն ունեն` լինեն նրանք ընտանիքի անդամներ, ընկերներ, ծանոթներ, թե անծանոթներ»: Նա ասել է. «Մենք Տիրոջ ձեռքերն ենք այստեղ` երկրի վրա` Իր զավակներին ծառայելու, բարձրացնելու պարտավորությամբ: Եվ Նա կախված է մեզանից յուրաքանչյուրից»:

Երեխաները հրավիրված են ծառայելու և լինելու Տիրոջ ձեռքերը:

Անցած տարի հունվար ամսին Friend և Լիահոնա ամսագրերը հրավիրեցին աշխարհի բոլոր երեխաներին հետևել Նախագահ Մոնսոնի խորհրդին` լինել Տիրոջ ձեռքերը: Երեխաներին հրավիրեցին մեծ ու փոքր ծառայություններ կատարել: Այնուհետև նրանց խրախուսեցին գծել իրենց ձեռքը թղթի վրա, կտրել այն, վրան գրել այն ծառայությունը, որը նրանք կատարել են, և ուղարկել ամսագրերին: Ձեզանից շատերը, ովքեր այստեղ են, հնարավոր է, այդ հազարավոր երեխաներից են, որ կատարեցին անձնվեր ծառայություն և ուղարկեցին այն:

Երեխաները ծառայություններ գրանցեցին իրենց ձեռքի չափով կտրած թղթերի վրա:
Հազարավոր երեխաներ իրենց կատարած ծառայության գրառումն ուղարկեցին ամսագրերին:

Երբ երեխաները սովորում են` ինչպես սիրել ու ծառայել ուրիշներին երիտասարդ տարիքում, նրանք իրենց ողջ կյանքի ընթացքում սահմանում են ծառայության օրինակ: Հաճախ երեխաները սովորեցնում են մեզ, որ պարտադիր չէ, որ սեր ու ծառայություն ցուցաբերելը մեծ ու տպավորիչ լինի` իմաստալից լինելու և տարբերվելու համար:

Երեխաների Միության ուսուցիչներից մեկը կիսվեց հետևյալ օրինակով: «Այսօր,- ասաց նա,- մեր հինգամյա ու վեցամյա դասարանը պատրաստել է սիրո վզնոցներ: Յուրաքանչյուր երեխա թղթե շերտի վրա նկարեց նկարներ` իրենց, Հիսուսին, իրենց ընտանիքի անդամներից մի քանիսին և սիրելի անձանց: Մենք սոսնձեցինք շերտերը և դարձրեցինք շրջաններ, որոնք անցնում էին իրար միջով և շղթայվում, դառնալով վզնոցներ: Նկարելիս երեխաները խոսում էին իրենց ընտանիքների մասին:

Հեդերն ասաց. «Ես չեմ կարծում, որ քույրս սիրում է ինձ: Մենք միշտ կռվում ենք: … Ես նույնիսկ ատում եմ ինքս ինձ: Ես վատ կյանք ունեմ»: Եվ նա ծածկեց իր գլուխը ձեռքերով:

«Ես խորհեցի նրա ընտանեկան վիճակի մասին ու զգացի, որ գուցե նա իսկապես դժվար կյանք ունի: Բայց երբ Հեդերն ասաց սա, Աննան, որ սեղանի մյուս կողմում էր, պատասխանեց. «Հեդեր, ես դնում եմ քո նկարը իմ վզնոցում` իմ ու Հիսուսի անունների միջև, որովհետև Նա սիրում է քեզ, և ես էլ եմ սիրում քեզ»:

Երբ Աննան ասաց սա, Հեդերը սողաց սեղանի տակ, որպեսզի հասներ Աննային ու ամուր գրկեր նրան:

Դասի ավարտին, երբ նրա տատիկը եկավ նրան վերցնելու, Հեդերն ասաց. «Տատի՛կ, գուշակիր` Հիսուսը սիրում է ինձ»:

Երբ մենք հասնում ենք ուրիշներին սիրո ու ծառայության նույնիսկ ամենափոքր ձևերով, մարդկանց սրտերը փոխվում ու մեղմանում են, քանի որ նրանք զգում են Տիրոջ սերը:

Այնուամենայնիվ, քանի որ բազմաթիվ մարդիկ ունեն մեր օգնության ու սփոփանքի կարիքը, երբեմն կարող է դժվար լինել բավարարել բոլորի հրատապ կարիքները:

Քույրեր, ձեզանից ոմանք սա լսելիս գուցե զգում են, որ անում են առավելագույնը` ծառայելով իրենց ընտանիքի անդամներին, ովքեր կարիքի մեջ են: Հիշեք, որ այս սովորական և առօրյա պարտականությունները կատարելիս դուք «ձեր Աստծո ծառայության մեջ եք»:

Ձեզանից ոմանք էլ գուցե դատարկության զգացում ունեն, որը, հնարավոր է, վերանար, եթե փնտրեիք ձեր հարևանությամբ կամ համայնքում որևէ մեկի բեռը թեթևացնելու հնարավորություն:

Մենք բոլորս կարող ենք մեր ամենօրյա կյանքում ինչ-որ ծառայություն կատարել: Մենք ապրում ենք հակառակություններով լի մի աշխարհում: Մենք ծառայություն ենք մատուցում, երբ չենք քննադատում, երբ հրաժարվում ենք բամբասելուց, երբ դադարում ենք դատապարտել, երբ ժպտում ենք, երբ ասում ենք շնորհակալություն և երբ համբերատար ու բարի ենք:

Ծառայության մյուս տեսակները պահանջում են ժամանակ, կանխամտածված պլանավորում և լրացուցիչ եռանդ: Գուցե մենք կարող ենք սկսել՝ ինքներս մեզ ուղղելով այս հարցերը.

  • Ո՞վ կա իմ շրջապատում, ում կարող եմ օգնել:

  • Որքա՞ն ժամանակ ու միջոցներ ունեմ:

  • Ինչպե՞ս կարող եմ օգտագործել իմ տաղանդն ու հմտություններն ուրիշներին օրհնելու համար:

  • Ի՞նչ կարող ենք անել որպես ընտանիք:

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է.

«Դուք պետք է անեք … այն, ինչ անում են Քրիստոսի աշակերտները բոլոր տնտեսությունների ժամանակ` խորհրդակցել միասին, օգտագործել բոլոր առկա միջոցները, փնտրել Սուրբ Հոգու ոգեշնչումը, ստանալ Տիրոջ հաստատումը և ապա թևքերը ծալել ու գործի անցնել:

Ես ձեզ խոստանում եմ,- ասաց նա,- որ եթե դուք հետևեք այս օրինակին, դուք հատուկ ուղղորդում կստանաք, թե, ինչով, երբ, որտեղ և ում մասին պետք է հոգ տանել Տիրոջ ուղիով»:

Երբ ես խորհում եմ, թե ինչպիսին կլինի Փրկիչի Երկրորդ Գալուստը, ես մտածում եմ Նեփիացիներին կատարած Նրա այցելության մասին, երբ Նա հարցրեց.

«Ունե՞ք ձեր մեջ այնպիսիք, որ հիվանդ են: Բերե´ք նրանց այստեղ: Ո՞ւնեք դուք կաղեր, կամ կույրեր, կամ խեղվածներ, կամ հաշմանդամներ, կամ բորոտներ, կամ որ չորացած են, կամ, որ խուլ են, կամ, որ չարչարված են ինչ-որ ձևով: Բերե´ք նրանց այստեղ, և ես կբժշկեմ նրանց, քանզի ես կարեկցանք ունեմ ձեզ վրա. իմ սիրտը լցված է ողորմությամբ: …

… [Փրկիչը] բժշկեց նրանցից ամեն մեկին»:

Այժմ Նա խնդրում է մեզ լինել Իր ձեռքերը:

Ես հասկացել եմ, որ Աստծուն ու մերձավորին սիրելն է, որ կյանքին իմաստ է տալիս: Թող որ հետևենք մեր Փրկիչի օրինակին և ուրիշներին սիրով ձեռք մեկնելու Նրա պատվիրանին:

Ես վկայում եմ Նախագահ Հենրի Բ. Այրինգի խոստումի ճշմատացիության մասին, «որ եթե [մենք] ծառայենք ինչ-որ մեկին` օգտագործելով մեր պարգևները, [մենք] կզգանք Տիրոջ սերն այդ մարդու նկատմամբ: [Մենք] նաև կզգանք Նրա սերը [մեր] նկատմամբ»: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Նշում. 2016 թվականի ապրիլի 2-ին Քույր Էսփլինն ազատվեց Երեխաների Խմբի գերագույն նախագահության առաջին խորհրդականի ծառայությունից:

Հղումներ

  1. Հովհաննես 13.34

  2. Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Որտեղ հանդիպում են արդարադատությունը, սերն ու ողորմածությունը», Լիահոնա, մայիս 2015, 106:

  3. Գործք Առաքելոց 10.38

  4. «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը», Լիահոնա, ապրիլ, 2000, 2:

  5. Ղուկաս 9.24

  6. Թոմաս Ս. Մոնսոն, «Ի՞նչ եմ ես արել ինչ-որ մեկի համար ես այսօր», Լիահոնա, նոյ. 2009, 85:

  7. Lola B. Walters, “Sunshine in My Soul,” Ensign, Aug. 1991, 19.

  8. Sondra D. Heaston, “Keeping Your Fingers on the PULSE of Service” (Brigham Young University devotional, June 23, 2015), 1, 5, speeches.byu.edu. The Young Women camp speaker who shared these insights is Sister Virginia H. Pearce.

  9. Թոմաս Ս. Մոնսոն, «Ի՞նչ եմ ես արել ինչ-որ մեկի համար ես այսօր», 86:

  10. Տես “Give Us a Hand!” Լիահոնա, հունվ. 2015, 64–65։

  11. Մոսիա 2.17

  12. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Հոգ տանելու Տիրոջ ուղին», Լիահոնա, նոյ. 2011, 55:

  13. 3 Նեփի 17.7, 9

  14. Henry B. Eyring, To Draw Closer to God (1997), 88.