2010–2019 թթ․
Խաղաղության օրինաչափությունը
Ապրիլ 2016


12:56

Խաղաղության օրինաչափությունը

Խաղաղությունը, որը բոլորս էլ փնտրում ենք, պահանջում է մեզանից գործել՝ սովորելով Հիսուս Քրիստոսի մասին, լսելով Նրա խոսքերը և քայլելով Նրա հետ։

Մի քանի տարի առաջ մեր դստերը և փեսային խնդրեցին ուսուցանել Երեխաների Միության հինգ աշխույժ չորսամյա տղաների դասարանում։ Մեր դուստրը պետք է դաս ուսուցաներ, իսկ փեսան՝ հետևեր երեխաների վարքին. իրենց ուժերի սահմաններում նրանք պիտի խաղաղություն պահպանեին հաճախակի առաջացող քաոսային իրավիճակներում, որպեսզի երեխաներին ուսուցանեն ավետարանի սկզբունքները։

Մի անգամ դասի ժամանակ չորսամյա եռանդուն տղային բազմիցս նկատողություններ անելուց հետո մեր փեսան դասարանից դուրս ուղեկցեց նրան։ Երբ դասարանից դուրս եկան և պատրաստվում էին խոսել նրա վարքի և նրա ծնողներին գտնելու անհրաժեշտության մասին, փոքրիկ տղան կանգնեցրեց մեր փեսային` նախքան նա կկարողանար որևէ բան ասեր և, ձեռքերը վեր բարձրացնելով, ու շատ զգացմունքայնորեն ակամայից ասաց․ «Երբեմն ինձ համար պարզապես դժվար է մտածել Հիսուսի մասին»։

Մահկանացու կյանքի մեր ճամփորդության ընթացքում, որքան էլ փառահեղ լինի մեզ համար նախատեսված վայրը, և որքան էլ ոգևորող լինի ճամփորդությունը, մենք բոլորս էլ ճանապարհին կունենանք փորձություններ ու վիշտ։ Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինն ուսուցանել է․ «Ի վերջո, վիշտը թակում է բոլորի դուռը։ Լինի մեկ, թե ավելի անգամ, ամեն ոք տառապում է։ Ոչ ոք բացառություն չէ»։ «Տերն Իր իմաստությամբ ոչ ոքի չի ազատում վշտից կամ տխրությունից»։ Այնուամենայնիվ, այս ճանապարհը խաղաղությամբ անցնելը մեծամասամբ կախված է այն բանից, թե արդյոք մեզ համար նույնպես դժվար է մտածել Հիսուսի մասին, թե ոչ։

Մտքի խաղաղությունը, խղճի խաղաղությունը և սրտում խաղաղություն ունենալը կախված չեն դժվարություններից ու վշտից խուսափելու մեր ունակությունից։ Չնայած մեր անկեղծ աղերսինց՝ ոչ բոլոր քամիները կփոխեն իրենց ուղղությունը, ոչ բոլոր հիվանդությունները կբուժվեն, և մենք միգուցե լիովին չհասկանանք յուրաքանչյուր վարդապետություն, սկզբունք կամ գործելակերպ, որ ուսուցանվել են մարգարեների, տեսանողների և հայտնողների կողմից։ Այնուամենայնիվ, մեզ խաղաղություն է խոստացված՝ համապատասխան պայմաններում։

Հովհաննեսի ավետարանում Փրկիչն ուսուցանել է, որ անկախ կյանքի դժվարություններից՝ մենք կարող ենք ուրախ լինել, մենք կարող ենք հուսալ, և մենք չպիտի վախենանք, քանի որ Նա հայտարարել է․ «Ինձանում խաղաղություն կունենաք»։ Հավատքն առ Հիսուս Քրիստոսը և Նրա քավիչ զոհաբերությունը միշտ կլինի ավետարանի առաջին սկզբունքը և հիմքը, որի շնորհիվ հույս ունենք ձեռք բերել «խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք` գալիք աշխարհում»։

Կյանքի ամենօրյա դժվարությունների մեջ խաղաղություն փնտրելու համար մեզ տրվել է մի պարզ օրինաչափություն՝ կենտրոնացած պահել մեր մտքերը Փրկիչի վրա, ով ասել է․ «Սովորիր ինձանից և լսիր իմ խոսքերը․ քայլիր իմ Հոգու հեզությամբ, և դու խաղաղություն կունենաս ինձանում։ Ես Հիսուս Քրիստոսն եմ»։

Սովորիր, լսիր և քայլիր՝ երեք քայլեր, որ ուղեկցվում են խոստումով։

Առաջին քայլը՝ «Սովորիր ինձանից»

Եսայիայում մենք կարդում ենք․ «Եւ շատ ժողովուրդներ կգնան եւ կասեն․ Եկէք վեր գնանք Եհովայի սարը, Հակոբի Աստուծոյ տունը, եւ նա կսովորեցնէ մեզ իր ճանապարհներիցը»։

Մինչ աշխարհում կառուցվող տաճարների թիվը գնալով մեծանում է, մենք սովորում ենք Հիսուս Քրիստոսի և Հոր ծրագրում որպես այս աշխարհի Արարիչ, որպես մեր Փրկիչ և Քավիչ և որպես մեր խաղաղության աղբյուր Նրա ունեցած դերի մասին։

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է․ «Աշխարհը կարող է լինել բարդ ու դժվարին տեղ, որտեղ մենք ապրում ենք։ … Երբ դուք և ես գնում ենք Աստծո սուրբ տուն, հիշում ենք այնտեղ կապած մեր ուխտերը, մենք ավելի տոկուն ենք դառնում՝ կրելու ամեն փորձություն և հաղթահարելու ամեն գայթակղություն։ Այս սրբավայրում մենք խաղաղություն ենք գտնում»։

Մի քանի տարի առաջ Հարավային Ամերիկայում ծառայելու ընթացքում ցցի համաժողովի ժամանակ ես հանդիպեցի մի զույգի, որը սգում էր իրենց նորածին որդու մահը։

Առաջին անգամ Եղբայր Թամիրին հանդիպեցի համաժողովի հարցազրույցի ժամանակ և իմացա նրա կորստի մասին։ Մինչ զրուցում էինք, նա կիսվեց, որ ոչ միայն խորապես վշտացած էր իր որդու մահվան պատճառով, այլ նաև թևաթափ էր եղել այն մտքից, որ այլևս երբեք չէր տեսնելու նրան։ Նա բացատրեց, որ մկրտությունից հետո նրանք բավականաչափ գումար էին խնայել լոկ մեկ անգամ տաճար գնալու համար մինչև իրենց փոքրիկ տղայի ծնվելը, որտեղ կնքվել էին որպես զույգ, իսկ իրենց երկու դուստրերն էլ կնքվել էին իրենց հետ։ Ապա նա նկարագրեց, թե ինչպես էին գումար խնայում կրկին տաճար մեկնելու համար, սակայն չէին կարողացել դեռևս կնքվել նաև իրենց տղայի հետ։

Նկատելով հնարավոր թյուրիմացությունը՝ ես բացատրեցի, որ նա իսկապես կրկին կտեսներ իր որդուն, եթե հավատարիմ մնար, քանի որ կնքման արարողությունը, որը կապել էր նրան իր կնոջ ու դուստրերի հետ, նաև կարող էր կապել իրեն իր որդու հետ, ով ծնվել էր ուխտի մեջ։

Խիստ զարմացած՝ նա հարցրեց, թե արդյոք դա իսկապես ճիշտ էր, և երբ ես հաստատեցի այն, նա հարցրեց, թե արդյոք կկամենայի խոսել իր կնոջ հետ, ով իր որդու մահից հետո մխիթարություն չէր գտնում այդ երկու շաբաթների ընթացքում։

Կիրակի առավոտյան համաժողովից հետո ես հանդիպեցի Քույր Թամիրին և բացատրեցի այս փառավոր վարդապետությունը նաև նրան։ Չնայած նրա կորստի ցավը դեռ թարմ էր, սակայն հույսի մի շող աչքերում նա լացակումած հարցրեց․ «Ես իսկապե՞ս կկարողանամ կրկին գրկել իմ փոքրիկ տղային։ Նա իսկապե՞ս իմը կլինի հավիտյան»։ Ես վստահեցրի նրան, որ եթե նա պահեր իր ուխտերը, տաճարում գտնվող կնքման զորությունը, որը գործում էր Հիսուս Քրիստոսի իշխանության շնորհիվ, նրան իսկապես թույլ կտար կրկին լինել իր որդու հետ և գրկել նրան։

Քույր Թամիրին, չնայած վշտաբեկ` իր որդու մահվան պատճառով, հեռացավ երախտագիտության արցունքներն աչքերին և խաղաղությամբ լցված՝ տաճարի սրբազան արարողությունների շնորհիվ, որոնք հնարավոր են դարձվել մեր Փրկիչի ու Քավիչի միջոցով։

Ամեն անգամ, երբ այցելում ենք տաճար, ամեն բան լսելիս, անելիս և ասելիս, ամեն արարողությանը մասնակցելիս և յուրաքանչյուր ուխտ կապելիս, մենք դառնում ենք դեպի Հիսուս Քրիստոսը։ Մենք խաղաղություն ենք զգում, երբ լսում ենք Նրա խոսքերը և սովորում Նրա օրինակից։ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է․ «Գնացեք Տիրոջ տուն և այնտեղ զգացեք Նրա Հոգին ու հաղորդակցվեք Նրա հետ և դուք կզգաք խաղաղություն, որն ուրիշ ոչ մի տեղ չեք գտնի»։

Երկրորդ քայլը՝ «Լսիր իմ խոսքերը»

Վարդապետություն և Ուխտերում մենք կարդում ենք․ «Լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով՝ միևնույն է»։ Սկսած Ադամի օրերից մինչև մեր ներկայիս մարգարեն՝ Թոմաս Սպենսեր Մոնսոնը, Տերը խոսել է Իր լիազորված ներկայացուցիչների միջոցով։ Նրանք, ովքեր ընտրում են լսել և ականջ դնել Տիրոջ խոսքերին, ինչպես տրվում են Նրա մարգարեների միջոցով, ապահովություն և խաղաղություն կգտնեն։

Մորմոնի Գրքում մենք գտնում ենք բազմաթիվ օրինակներ, թե որքան կարևոր է հետևել մարգարեի խորհրդին և կանգնել մարգարեի հետ, ներառյալ մի դաս, որը սովորում ենք Լեքիի կենաց ծառի տեսիլքից, որը գտնվում է 1 Նեփի գլուխ 8-ում։ Մեծ և ընդարձակ շենքը երբեք ավելի մարդաշատ չի եղել կամ դրա բաց պատուհաններից եկող աղմուկը՝ ավելի մոլորեցնող, ծաղրող և շփոթեցնող, քան մեր օրերում։ Այս հատվածներում մենք կարդում ենք մարդկանց երկու խմբերի և շենքից եկող աղաղակներին տրված նրանց արձագանքների մասին։

Լեքիի երազը

Սկսած հատված 26-ից, մենք կարդում ենք․

«Եվ ես նույնպես աչք ածեցի շուրջ բոլորս և տեսա, ջրի գետի մյուս կողմում, մեծ ու ընդարձակ մի շենք. …

Եվ այն լի էր մարդկանցով՝ … և նրանք զբաղված էին ծաղրելով և մատով ցույց տալով դեպի նրանց, ովքեր հասել և ճաշակում էին պտղից։

Եվ պտղից համտես անելուց հետո նրանք ամաչեցին, նրանց պատճառով, ովքեր ծաղրի էին ենթարկում իրենց․ և նրանք հեռացան դեպի արգելված ուղիներ և կորան»։

Հատված 33-ում մենք կարդում ենք նրանց մասին, ովքեր այլ կերպ արձագանքեցին շենքից եկող հեգնանքին ու ծաղրին։ Լեքի մարգարեն բացատրում է, որ շենքում եղողները «ուղղեցին արհամարհանքի մատը դեպի ինձ և նրանց, ովքեր նույնպես ճաշակում էին պտղից․ բայց մենք ուշադրություն չդարձրեցինք նրանց վրա»։

Հիմնական տարբերությունը, որն առկա է նրանց միջև, ովքեր ամաչեցին, հեռացան և կորան, և նրանց միջև, ովքեր ուշադրություն չդարձրեցին նրանց վրա, ովքեր ծաղրում էին իրենց և կանգնեցին մարգարեի կողքին, գտնվում է երկու արտահայտություններում․առաջինը՝ «համտես անելուցհետո» և երկրորդը՝ «նրանց, ովքեր ճաշակում էին»։

Առաջին խումբը հասավ ծառի մոտ, որոշ ժամանակ կանգնեց մարգարեի կողքին, սակայն միայն համտեսեց պտղից։ Նրանք չշարունակեցին ուտել և թույլ տվեցին, որ շենքից եկող ծաղրը ազդի իրենց վրա, հեռացնելով նրանց մարգարեից և տանելով դեպի արգելված ուղիներ, որտեղ նրանք կորան։

Ի հակադրություն նրանց, ովքեր համտես արեցին և հեռացան, կային նրանք, ովքեր շարունակ ճաշակում էին պտղից։ Այս անհատներն ուշադրություն չդարձրին շենքի իրարանցմանը, կանգնեցին մարգարեի կողքին և վայելեցին դրանից բխող անվտանգությունն ու խաղաղությունը։ Տիրոջ և Նրա ծառաների հանդեպ ունեցած մեր պարտավորությունը չի կարող լինել թերի։ Այլապես մենք խոցելի կլինենք նրանց կողմից, ովքեր փորձում են զրկել մեզ մեր խաղաղությունից։ Երբ մենք լսում ենք Տիրոջը Իր լիազորված ծառաների միջոցով, մենք կանգնում ենք սուրբ տեղերում և չենք շարժվում։

Հակառակորդն առաջարկում է կեղծ լուծումներ, որոնք, թվում է, թե տալիս են պատասխաններ, սակայն մեզ ավելի են հեռացնում խաղաղությունից, որը փնտրում ենք։ Նա առաջարկում է խաբկանք, որն ունի իրական տեսք և ապահովություն է ներշնչում, սակայն, ի վերջո, ինչպես մեծ ու ընդարձակ շենքը, կքանդվի՝ կործանելով բոլորին, ովքեր խաղաղություն են փնտրում դրա պատերի ներսում։

Մանկական երգի պարզության մեջ կա ճշմարտություն․ «Մարգարեի խոսքերն են՝ Պահեք պատվիրանները։ Սրանում կա ապահովություն և խաղաղություն»։

Երրորդ քայլը՝ «Քայլիր իմ Հոգու հեզությամբ»:

Որքան էլ հեռացած լինենք ճանապարհից, Փրկիչը հրավիրում է մեզ վերադառնալ և քայլել Իր հետ։ Հիսուս Քրիստոսի հետ քայլելու այս հրավերը Նրա հետ Գեթսեմանի, ապա Գողգոթա և այդտեղից էլ Պարտեզի Գերեզման գնալն է։ Դա հրավեր է՝ ականատես լինելու և զգալու Նրա մեծ, քավիչ զոհաբերությունը, որի հասանելիությունն այնքան անհատական է, որքան անսահման է։ Դա ապաշխարելու, Նրա մաքրագործող զորությանն ապավինելու և Նրա սիրառատ, պարզված ձեռքը բռնելու հրավեր է։ Դա խաղաղություն ունենալու հրավեր է։

Նա հրավիրում է մեզ քայլել Իր հետ։

Մենք բոլորս էլ մեր կյանքում ինչ-որ մի պահ զգացել ենք ցավ ու կսկիծ, որոնք կապված են մեղքի ու օրինազանցության հետ, քանի որ «եթէ ասենք թէ մեղք չունինք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտութիւնը չկայ մեզանում»։ Այնուամենայնիվ, «եթէ [մեր] մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին», եթե մենք գործադրենք Հիսուս Քրիստոսի Քավությունը և քայլենք Նրա հետ անկեղծ ապաշխարության միջոցով, «ձիւնի պէս պիտի սպիտականան»։ Չնայած մենք ծանրաբեռնված ենք եղել մեղքի զգացումով, մենք ձեռք կբերենք խաղաղություն։

Նա հրավիրում է մեզ ապաշխարել։

Ալմա Կրտսերը ստիպված եղավ խոստովանել իր մեղքերը, երբ նրան այցելեց Տիրոջ հրեշտակը։ Նա նկարագրել է իր փորձառությունը հետևյալ բառերով․

«Իմ հոգին ծայրաստիճան տակնուվրա էր եղել և պրկվել բոլոր իմ մեղքերից։

… Այո, ես տեսա, որ ես ապստամբել էի Աստծո դեմ, և որ ես չէի պահել նրա սուրբ պատվիրանները»։

Նրա մեղքերը լուրջ էին, և այս ծանր փորձության մեջ նա շարունակում է․

«Ես հիշեցի նաև լսած լինելս՝ իմ հոր մարգարեանալը ժողովրդին, մի Հիսուս Քրիստոսի, մի Աստծո Որդու գալստյան վերաբերյալ՝ քավելու համար աշխարհի մեղքերը։

… Ես գոչեցի իմ սրտում․ Ո՜վ Հիսուս, դու, Աստծո Որդի, ողորմություն ունեցիր իմ հանդեպ»։

«Եվ ոչ մի դեպքում ես չստացա մեղքերի թողություն, մինչև ես չաղաղակեցի առ Տերը՝ Հիսուս Քրիստոսը, ողորմության համար։ Բայց ահա, ես աղաղակեցի առ նա, և ես գտա խաղաղություն իմ հոգուն»։

Ալմայի նման մենք էլ խաղաղություն կգտնենք մեր հոգիներում, եթե քայլենք Հիսուս Քրիստոսի հետ, ապաշխարենք մեր մեղքերը և կիրառենք Նրա ապաքինող զորությունը մեր կյանքում։

Խաղաղությունը, որը բոլորս էլ փնտրում ենք, պահանջում է ավելին, քան ցանկություն։ Այն պահանջում է մեզանից գործել՝ սովորելով Նրա մասին, լսելով Նրա խոսքերը և քայլելով Նրա հետ։ Միգուցե մենք չունենանք մեր շրջապատում կատարվող ամեն բան վերահսկելու կարողություն, սակայն մենք կարող ենք վերահսկել, թե ինչպես ենք կիրառում խաղաղության օրինաչափությունը, որը տվել է Տերը, օրինաչափություն, որը հեշտացնում է Հիսուսի մասին հաճախ մտածելը։

Մենք կարող ենք կիրառել Փրկիչի սահմանած օրինաչափությունը։

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսն է «ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը», և որ միայն Նրա միջոցով մենք կարող ենք ձեռք բերել իրական խաղաղություն այս կյանքում և հավերժական կյանք` գալիք աշխարհում։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։