Հավերժական ընտանիքներ
Քահանայության մեր պարտականությունն է պահել մեր ընտանիքները և մեզ շրջապատող ընտանիքները մեր ուշադրության կենտրոնում։
Ես ուրախ եմ, որ այս երեկո ձեզ հետ ներկա եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու քահանայության ընդհանուր նիստին։ Եկեղեցու պատմության մեջ սա հիշարժան պահ է։ Հարյուր ութսուներկու տարի առաջ 1834թ-ին Օհայո նահանգի Կիրթլենդ քաղաքում քահանայության բոլոր կրողները միասին հավաքվեցին 14x14 ֆուտ (4.2x4.2 քառակուսի մետր) մակերեսով տարածքում, որտեղ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասաց. «Այս Եկեղեցու և արքայության ճակատագրի մասին դուք գիտեք այնքան, որքան իր մոր գրկում գտնվող նորածինը: Դուք դեռ չեք ըմբռնում այն … Միայն մի բուռ քահանայություն եք տեսնում այստեղ, բայց այս Եկեղեցին կլցնի Հյուսիսային և Հարավային Ամերիկան՝ այն կլցնի ողջ աշխարհը»։
110-ից ավել երկրներում միլիոնավոր քահանայություն կրողներ են հավաքվել այս նիստին։ Թերևս, Նախագահ Ջոզեֆ Սմիթը կանխատեսել էր այս ժամանակը և այն փառահեղ ապագան, որը դեռևս մեր առջևում է։
Այսօրվա իմ ուղերձով կփորձեմ նկարագրել այդ ապագան և այն, թե ինչ պետք է անենք, որպեսզի լինենք այն ծրագրի մասը, որը Երկնային Հայրը պատրաստել է մեզ համար։ Նա մի ծրագիր է կարգել, որը թույլ է տալիս մեզ կատարելագործվել, զարգանալ ու նմանվել Նրան։ Նա արել է դա մեր հանդեպ սիրուց մղված։ Ծրագրի նպատակն էր` հնարավորություն տալ մեզ հավերժ ապրել, ինչպես մեր Երկնային Հայրն է ապրում։ Ըստ Ավետարանի այս ծրագրի` մենք պետք է ապրեինք մահկանացու կյանքում, որտեղ մենք կփորձվեինք։ Խոստում է տրվել, որ եթե հնազանդվենք ավետարանի օրենքներին և քահանայության արարողություններին, ապա Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կունենանք հավերժական կյանքը, որն ամենամեծն է Նրա պարգևներից։
Հավերժական կյանքն այն կյանքն է, որով ապրում է Աստված՝ մեր Հավերժական Հայրը։ Աստված ասել է, որ իր նպատակն է «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39)։ Յուրաքանչյուր քահանայություն կրողի հիմնական նպատակն է աջակցել այդ գործին, այսպիսով, օգնելով մարդկանց հասնելու հավերժական կյանքին։
Քահանայության յուրաքանչյուր ջանք և քահանայության յուրաքանչյուր արարողություն նպատակ ունի օգնելու Երկնային Հոր զավակներին՝ փոխվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով և դառնալ կատարյալ ընտանիքի անդամներ։ Դրանից հետևում է, որ «յուրաքանչյուր տղամարդու հիմնական գործն է հավատալ ավետարանին, պահել պատվիրանները և ստեղծել ու կատարելագործել հավերժական ընտանիք» և օգնել մյուսներին անելու նույնը։
Քանի որ դա ճշմարիտ է, այն ամենն ինչ անում ենք, պետք է կենտրոնանա հավերժական ամուսնության վրա։ Դա նշանակում է, որ մենք պետք է ձգտենք կնքվել մեր հավերժական զուգընկերոջ հետ Աստծո տաճարում։ Մենք նաև պետք է խրախուսենք մյուսներին, որպեսզի կապեն և պահեն այն ուխտերը, որոնք ամուսնուն ու կնոջը կապում են միասին իրենց ընտանիքի հետ՝ այս կյանքում և գալիք աշխարհում։
Ինչո՞ւ է դա այդքան կարևոր բոլորիս համար, լինի ծեր թե երիտասարդ, սարկավագ թե քահանայապետ, որդի թե հայր։ Քանի որ քահանայության մեր պարտականությունն է պահել մեր ընտանիքները և մեզ շրջապատող ընտանիքները մեր ուշադրության կենտրոնում։ Ցանկացած մեծ որոշում պետք է դիտարկվի այն տեսանկյունից, թե ինչ հետևանքներ այն կթողնի ընտանիքի վրա, որպեսզի այն որակավորվի Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ապրելու համար։ Քահանայության մեր ծառայության մեջ դրանից կարևոր բան չկա։
Թույլ տվեք ինձ պատմել, թե դա ինչ է նշանակում սարկավագի համար, ով այսօր լսում է ընտանիքով կամ իր քվորումի անդամներով։
Հնարավոր է, իր ընտանիքում պարբերաբար չեն անցկացվում կամ անցկացվում են ընտանեկան աղոթքներ կամ հաճախակի ընտանեկան երեկոներ։ Եթե նրա հայրը հասկանում է այս պարտականությունը, հավաքում է ընտանիքի անդամներին աղոթքի կամ սուրբ գրությունների ուսումնասիրության համար, սարկավագը կշտապի ժպիտով մասնակցել դրան։ Նա կարող է խրախուսել իր եղբայրներին ու քույրերին իրենց մասնակցությունը բերել և կգովի նրանց դա անելիս։ Դպրոցական տարին սկսելուց կամ մեկ այլ պատեհ առիթով նա կարող է օրհնություն խնդրել հորից։
Հնարավոր է, նրա հայրն այդքան էլ հավատարիմ չլինի։ Սակայն դա տեսնելու նրա ցանկության և իր հավատքի շնորհիվ երկնքի զորությունները ցած կբերվեն իր շրջապատողների վրա։ Նրանք կձգտեն այն ընտանեկան կյանքին, որին ձգտում է այդ սարկավագն իր ողջ սրտով։
Ահարոնյան Քահանայության ուսուցիչն իր տնային ուսուցման հանձնարարությունը կարող է դիտարկել որպես Տիրոջն օգնելու մի հնարավորություն, որի միջոցով կարող է փոխել ընտանիքի անդամների կյանքը։ Տերն այդ մասին ակնարկել է Վարդապետություն և Ուխտերում.
«Ուսուցչի պարտականությունն է՝ միշտ հսկել եկեղեցու վրա, լինել նրա հետ և ամրապնդել այն.
Եվ հետևել, որ եկեղեցում չլինի անօրինություն, ոչ կոպտություն միմյանց հանդեպ, ոչ էլ ստախոսություն, ոչ բամբասանք, ոչ էլ չարախոսություն» (ՎևՈւ 20.53–54)։
Նմանապես Ահարոնյան Քահանայության քահանային տրված է այս պարտականությունը.
Քահանայի պարտականությունն է՝ քարոզել, ուսուցանել, մեկնաբանել, հորդորել, մկրտել և հաղորդությունը սպասավորել,
Եվ այցելել յուրաքանչյուր անդամի տուն և հորդորել նրանց, որ աղոթեն բարձրաձայն և գաղտնի, և կատարեն ընտանեկան բոլոր պարտականությունները» (ՎևՈւ 20.46–47)։
Միգուցե, դուք ևս ինձ նման մտածեք, երբ ես երիտասարդ ուսուցիչ ու քահանա էի, թե ինչպես կարող էի կյանքում իրագործել այդ պարտականությունները։ Երբեք վստահ չէի, թե ինչպես կկարողանամ հորդորել ընտանիքիս շարժվել հավերժական կյանք տանող ուղղությամբ՝ առանց վիրավորելու կամ քննադատելու տպավորություն թողնելու։ Ես սովորեցի, որ միակ հորդորը, որի միջոցով փոխվում են սրտեր, գալիս է Սուրբ Հոգու միջոցով։ Դա ավելի հաճախ է տեղի ունենում, երբ վկայում ենք Փրկիչի մասին, ով եղել է և կա կատարյալ ընտանիքի անդամ։ Երբ կենտրոնանանք Նրա հանդեպ մեր սիրո վրա, ներդաշնակությունն ու խաղաղությունը կաճեն մեր այցելած տներում։ Սուրբ Հոգին կլինի մեզ հետ, երբ ծառայենք ընտանիքներին։
Երիտասարդ քահանայության կրողը կարող է իր աղոթքի օրինակով, խոսելաոճի օրինակով և ընտանիքի անդամներին խրախուսելու օրինակով հիշեցնել նրանց Փրկիչի օրինակն ու ազդեցությունը։
Մի իմաստուն քահանայության ղեկավար ցույց է տվել, թե ինչպես է նա հասկացել այդ սկզբունքը։ Նա խնդրեց իմ կրտսեր որդուն կատարել մի տնային ուսուցման այցելություն։ Նա ասաց, որ միգուցե ընտանիքը մերժի նրա հորդորը, սակայն ուսուցանեց, որ տղայի պարզ ուսուցումն ու վկայությունը, հավանաբար, կթափանցեն նրանց կարծրացած սրտերը։
Ի՞նչ կարող է երիտասարդ երեցն անել, որպեսզի օգնի հավերժական ընտանիքների կազմավորմանը։ Նա կարող է պատրաստվել գնալ միսիա։ Նա կարող է ամբողջ սրտով աղոթել, որպեսզի գտնի, ուսուցանի և մկրտի ընտանիքներին։ Ես դեռևս հիշում եմ մի վայելչակազմ երիտասարդ տղայի, ով իր գեղեցկուհի կնոջ և երկու փոքր աղջիկների հետ նստած էր իմ և իմ զուգընկերոջ հետ։ Սուրբ Հոգին վկայեց նրանց, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը վերականգնվել է։ Նրանք այնքան հավատացին, որ խնդրեցին մեզ օրհնություն տալ իրենց երկու փոքր աղջիկներին, որը նրանք տեսել էին հաղորդության ժողովներից մեկի ժամանակ։ Նրանք ցանկություն ունեին, որ իրենց աղջիկներն օրհնություն ստանային, սակայն նրանք դեռևս չէին հասկանում, որ ավելի մեծ օրհնությունները ստանում են միայն Աստծո տաճարներում՝ ուխտեր կապելուց հետո։
Ես դեռևս ցավ եմ ապրում, երբ մտածում եմ այդ զույգի և այդ երկու փոքրիկ աղջիկների մասին, ովքեր, հավանաբար, արդեն մեծացել են և ովքեր չունեն հավերժական ընտանիքի խոստումը։ Համենայն դեպս, նրանց ծնողները մի փոքր հասկանում էին այն օրհնությունների մասին, որոնք նրանք կարող էին ստանալ։ Հույս ունեմ, որ ինչ-որ կերպ, ինչ-որ տեղ նրանք դեռևս կարող են իրավունք ստանալ կազմել հավերժական ընտանիք։
Մյուս երեցները, ովքեր գնում են միսիա, և ես այցելեցինք այդ փոքր քաղաքը տարիներ անց նրանից հետո, երբ այն այցելեց իմ որդին։ Նա և նրա զուգընկերը գտան համեստ պայմաններում ապրող մի այրի կնոջ, ով ուներ 11 երեխա։ Նա ցանկանում էր իր զավակների համար նույն բանը, ինչ դուք եք ցանկանում՝ հավերժական ընտանիք։ Այդ ժամանակ, դա որդուս համար անհնարին կամ առնվազն անհավանական էր թվում։
Այդ այրի կնոջը մկրտությունից տարիներ անց, ես այցելեցի այդ փոքրիկ քաղաքը, և կինը խնդրեց ինձ հանդիպել իր ընտանիքին Եկեղեցում։ Ես ստիպված էի երկար սպասել, քանի որ նրա երեխաներից շատերն այդ կնոջ բազմաթիվ թոռների հետ գալիս էին տարբեր հավաքատներից։ Որդիներից մեկը հավատարմորեն ծառայում էր եպիսկոպոսությունում և նրա երեխաներից շատերը կապել էին իրենց ուխտերը տաճարում ու նրա հետ կնքվել որպես հավերժական ընտանիք։ Երբ հաջողություն մաղթեցի այդ սիրելի քրոջը, նա գրկեց իմ վիզը (նա շատ կարճահասակ էր և հազիվ կարողացավ գրկել իմ վիզը) և ասաց. «Խնդրում եմ, ասա Մատթեոին վերադառնալ Չիլի մինչև իմ մեռնելը»։ Նրան տրվել էր այդ ամենը՝ շնորհիվ հավատարիմ երեցների և Աստծո ամենամեծ պարգևի երջանիկ սպասման։
Իր միսիայից տուն վերադառնալուց հետո կան բաներ, որոնք պետք է երեցն անի, որպեսզի հավատարիմ մնա՝ իր և իր սիրելի մարդկանց համար հավերժական կյանք փնտրելու իր պարտավորվածությանը։ Ժամանակի և հավերժության մեջ չկա ավելի կարևոր պարտավորվածություն, քան ամուսնությունը։ Դուք լսել եք, որ միսիայից անմիջապես հետո խորհուրդ են տալիս ամուսնանալ։ Հավատարիմ քահանայության կրողը դա իմաստուն կերպ կանի։
Մտածելով ամուսնության մասին, նա պետք է հասկանա, որ ընտրում է իր երեխաների մորը և այն ժառանգությունը, որը նրանք կունենան։ Նա պետք է կատարի իր ընտրությունը ջանասիրաբար փնտրելով և աղոթելով։ Նա պետք է համոզվի, որ այն մարդը, ում հետ ամուսնանում է, կիսում է ընտանիքի մասին իր գաղափարները, ամուսնության մասին Տիրոջ նպատակների իր համոզմունքները, և որ նա այն մարդն է, ում նա կվստահի իր երեխաների երջանկությունը։
Նախագահ Ն. Էլդոն Թաները մի իմաստուն խորհուրդ է տվել. «Այն ծնողները, ում ամենից շատ պետք է պատվեք, դա ձեր ապագա երեխաների ծնողներն են։ Այդ երեխաներն իրավունք ունեն ունենալ լավագույն ծնողներ, ում դուք կարող եք նրանց տալ՝ մաքուր ծնողներ»։ Մաքրությունը կլինի ձեր և ձեր երեխաների պաշտպանությունը։ Դուք նրանց պարտք եք այդ օրհնությունը։
Այստեղ ներկա են ամուսիններ ու հայրեր, ովքեր ինձ լսում են այս երեկո: Ի՞նչ կարող եք անել։ Հույս ունեմ, որ ձեր և ձեր ընտանիքի համար մի օր սելեստիալ արքայությունում ապրելու անհրաժեշտ փոփոխություններ անելու ձեր ցանկությունը կմեծանա։ Քահանայության հայր լինելով և ձեր կողքին ունենալով ձեր կնոջը, դուք կարող եք փոխել ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի սիրտը և խրախուսել նրանց` սպասել այդ օրվան։ Ընտանիքի հետ միասին դուք պետք է հաճախեք ձեր հաղորդության ժողովներին, դուք պետք է անցկացնեք ընտանեկան ժողովներ, որտեղ Սուրբ Հոգին ներկա կլինի, դուք պետք է աղոթեք ձեր կնոջ և ընտանիքի հետ և պետք է պատրաստվեք ընտանիքի հետ տաճար գնալուն։ Դուք նրանց հետ միասին պետք է քայլեք այն ուղով, որը տանում է դեպի հավերժական ընտանիքի տուն։
Դուք պետք է ձեր կնոջն ու երեխաներին վերաբերվեք այնպես, ինչպես Երկնային Հայրն է վերաբերվել ձեզ։ Դուք պետք է հետևեք Փրկիչի օրինակին ու առաջնորդությանը, որպեսզի առաջնորդեք ձեր ընտանիքն Իր ձևով։
«Ոչ մի զորություն կամ ազդեցություն չի կարող և չպետք է պահպանվի քահանայության շնորհիվ. միայն համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ և հեզությամբ և անկեղծ սիրով։
Բարությամբ և մաքուր գիտելիքով, որոնք անչափ մեծացնում են հոգին՝ առանց կեղծավորության ու առանց նենգության,–
Ժամանակին խստությամբ հանդիմանելով, երբ ներշնչվում ես Սուրբ Հոգով. և ապա, դրանից հետո, ավելի մեծ սեր ցույց տալով նրա հանդեպ, ում հանդիմանել ես, չլինի թե նա քեզ իր թշնամին համարի» (ՎևՈւ 121․41–43)։
Տերը քահանայություն կրող հայրերին ասել է, թե ինչպիսի ամուսիններ նրանք պետք է լինեն։ Նա ասում է. «Սիրիր կնոջդ քո ողջ սրտով ու հարիր նրան և ուրիշ ոչ մեկի» (ՎևՈւ 42.22)։ Երբ Տերը դիմում է և ամուսնուն և կնոջը, Նա պատվիրում է․ «Շնություն մի՛ արա, … ոչ էլ նման որևէ բան գործիր» (ՎևՈւ 59.6)։
Երիտասարդների համար Տերը չափանիշ է սահմանել։ «Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին ամեն բանի մէջ. Վասն զի այդ հաճոյ է Տիրոջը» (Կողոսացիս 3.20), և «պատուիր քո հօրը եւ քո մօրը» (Ելից 20.12)։
Երբ Տերը դիմում է ողջ ընտանիքին, Նա խորհուրդ է տալիս սիրել և աջակցել իրար։
Նա ասում է մեզ, որպեսզի «ձգտենք կատարելագործել [ընտանիքի] յուրաքանչյուր անդամի կյանքը», որպեսզի «ուժեղացնենք թույլին, փրկենք սիրելի մոլորված մարդուն և ուրախանանք նրանց նորոգված հոգևոր ուժով»։
Տերը նաև պատվիրում է, որ հնարավորության սահմաններում օգնենք մեր մահացած նախնիներին՝ լինելու մեզ հետ հավերժական տանը։
Քահանայապետերի խմբի ղեկավարը, ով ջանասիրաբար օգնել է մարդկանց գտնելու իրենց նախնիներին ու անուններ տանել տաճար, փրկարար ջանքեր է կատարում մահացածների համար։ Գալիք աշխարհում քահանայապետերին և արարողություններն անողներին շնորհակալություն կասեն, քանի որ նրանք չեն մոռացել հոգևոր աշխարհում սպասող իրենց նախնիներին։
Մարգարեն ասել է. «Տիրոջ գործերից ամենակարևոր աշխատանքը, որը դուք երբևէ կանեք, կլինի ձեր տան պատերի ներսում կատարած աշխատանքը։ Տնային ուսուցումները, եպիսկոպոսության գործերը և Եկեղեցու այլ գործերը կարևոր են, սակայն ամենակարևոր աշխատանքը ձեր տան պատերի ներսում է»։
Մեր տանը և քահանայության մեր ծառայության մեջ, իրենցից մեծագույն արժեք կներկայացնեն այն փոքր գործողությունները, որոնք կօգնեն մեզ և այն մարդկանց, ում սիրում ենք, քայլել դեպի հավերժական կյանք։ Այդ արարքները կարող են փոքր թվալ այս կյանքում, բայց դրանք կբերեն հավիտենական օրհնություններ հավերժության մեջ։
Եթե հավատարիմ գտնվենք և օգնենք Երկնային Հոր զավակներին գնալ տուն՝ դեպի Նա, մենք արժանի կլինենք այն ողջույններին, որոնք այդքան շատ ցանկանում ենք լսել մեր երկրային ծառայությունն ավարտելուց հետո։ Սրանք են խոսքերը. «Լա՜ւ, բարի եւ հաւատարիմ ծառայ, քիչ բաների վերայ հաւատարիմ էիր, ես քեզ շատ բաների վերայ կ’դնեմ. մտիր քո տիրոջ ուրախութիւնը» (Մատթեոս 25.21)։
Այդ «շատ բաների» խոստումների թվում են նաև անվերջ սերունդները։ Աղոթում եմ, որ մենք արժանի գտնվենք և օգնենք մյուսներին արժանի գտնվելու այդ երկնային օրհնությանը՝ մեր Հոր և Նրա Սիրելի Որդի՝ Հիսուս Քրիստոսի տանը։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։