2010–2019 թթ․
Ապավինիր այն Հոգուն, որն առաջնորդում է բարիք գործել
Ապրիլ 2016


13:31

Ապավինիր այն Հոգուն, որն առաջնորդում է բարիք գործել

Մենք ավելի ենք մոտենում Փրկիչին, երբ մաքուր սիրով լցված, հանուն նրա ծառայում ենք ուրիշներին։

Երախտապարտ եմ լինել ձեզ հետ պաշտամունքի, մտորումների և նվիրումի այս երեկոյին։ Մենք աղոթել ենք միասին։ Մեր սիրելի Երկնային Հայրը լսել է մեզ։ Փրկիչին գովերգող օրհներգերի ներքո հիշել ենք Նրան՝ Տեր Հիսուս Քրիստոսին։ Ոգեշնչվել ենք, որպեսզի ավելի շատ աջակցենք Նրա աշխատանքին, բարձրացնենք ու սատարենք մեր Երկնային Հոր զավակներին։

Ուրիշներին ծառայելու մեր ցանկությունը մեծանում է մեզ համար Փրկիչի կատարած գործերի հանդեպ երախտագիտության զգացումից։ Դրա շնորհիվ մեր սրտերն ուրախանում են, երբ լսում ենք երգի խոսքերը. «Որովհետև ինձ շատ է տրվել, ես նույնպես պետք է տամ»։ Մորմոնի գրքում գրված իր քարոզում Բենիամին թագավորը խոստացել է, որ կգա երախտագիտության այդ զգացումը (տես Մոսիա 2.17–19

Երբ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատը հանգեցնում է Նրա ներումից բխող ուրախությանը, մենք ցանկություն ենք զգում հանուն Նրա ծառայել ուրիշներին։ Բենիամին թագավորն ուսուցանել է, որ ներումը չեն վաստակում մի ակնթարթում։

Նա հետևյալ կերպ է դա մեկնաբանել. «Եվ այժմ, հանուն այս բաների, որոնք ես խոսեցի ձեզ համար,– այսինքն՝ հանուն ձեր մեղքերի թողության օրեցօր պահպանման, որպեսզի դուք կարողանաք անմեղ քայլել Աստծո առաջ,– ես կկամենայի, որ դուք բաժին հանեք ձեր ստացվածքից աղքատներին, ամեն մարդ ըստ նրա, ինչ ինքն ունի, ինչպես օրինակ՝ կերակրելով քաղցածին, հագցնելով մերկին, այցելելով հիվանդին և ծառայելով ի սփոփանք նրանց և՛ հոգևորով, և՛ աշխարհիկով՝ նրանց պահանջների համեմատ» (Մոսիա 4.26

Ալմայի հրաշալի զուգընկերը` Ամուղեկը, նույնպես ուսուցանել է այն ճշմարտությունը, որ ներում ստանալու համար մենք պետք է հանուն Նրա շարունակենք մեր ծառայությունը.«Եվ այժմ, ահա, իմ սիրելի՛ եղբայրներ, ես ասում եմ ձեզ, մի կարծեք, որ սա բոլորն է. քանզի, այս բոլոր բաներն անելուց հետո, եթե դուք երես դարձնեք կարիքավորից ու մերկից, և չայցելեք հիվանդին ու չարչարվածին, և բաժին չհանեք ձեր ստացվածքից, եթե դուք ունեք, նրանց համար, ովքեր կարիքի մեջ են,– ես ասում եմ ձեզ, եթե դուք այս բաներից որևէ մեկը չեք անում, ահա, ձեր աղոթքը զուր է, և ձեզ ոչնչով օգտակար չէ, և դուք նման եք կեղծավորների, ովքեր ուրանում են հավատքը» (Ալմա 34.28

Այս երեկո ես մտածեցի իմ ընտանիքի կանանց մասին։ Մեր ընտանիքում կան կանանց սեռի 31 ներկայացուցիչներ՝ սկսած իմ կնոջից և վերջացրած մեր վերջին երեք ծոռներով ։ Այս երեկո նրանցից մի քանիսն այստեղ են։ Նրանցից հինգը 12 տարեկանից փոքր են։ Փրկիչի Եկեղեցու քույրերի հետ միասին սա նրանց առաջին ժողովն է Համաժողովների կենտրոնում։ Ամեն մեկն իր անձնական հիշողություններով ու ստանձնած պարտավորություններով կհեռանա այսօր։

Կան երեք հիշողություններ և երեք պարտավորություններ, որոնք կուզենայի, որ նրանք հիշեն և ստանձնեն կատարել իրենց կյանքի ընթացքում և դրանից հետո։ Հիշողությունները զգացմունքների մասին են, իսկ պարտավորությունները՝ անելիքների մասին։

Ամենակարևոր զգացմունքը սերն է։ Դուք զգացել եք հրաշալի քույր ղեկավարների սերը, ովքեր ելույթ ունեցան այսօր։ Եվ դուք Հոգու կողմից զգացել եք, որ նրանք սիրում են ձեզ, առանց նույնիսկ ճանաչելու, քանի որ նրանք զգացել են Երկնային Հոր և Փրկիչի սերը ձեր հանդեպ։ Դրա համար էլ նրանք ձեզ ծառայելու մեծ ցանկություն ունեն և ցանկանում են, որ դուք ստանաք այն օրհնությունները, որոնք Աստված ցանկանում է ձեզ համար։

Այս երեկո դուք սիրով եք լցված ուրիշների հանդեպ՝ ձեր ընկերների, դասընկերների, հարևանների և նույնիսկ ձեր կյանքում վերջերս տեղ գտած մի օտարականի հանդեպ։ Սիրո այդ զգացումը պարգև է Աստծուց։ Սուրբ գրություններն այն կոչում են «գթություն» և «Քրիստոսի մաքուր սեր» (Մորոնի 7.47)։ Այս երեկո դուք զգացել եք այդ սերը և կարող եք հաճախ այն զգալ, եթե ձգտեք դրան։

Երկրորդ զգացումը, որ դուք ունեցել եք այս երեկո, Սուրբ Հոգու ազդեցությունն էր։ Այսօր քույրերը խոստացան, որ Սուրբ Հոգին կառաջնորդի ձեզ իմանալ, թե Տերն ինչպես է ցանկանում, որ դուք հանուն Նրա ծառայեք ուրիշներին։ Դուք Հոգու կողմից զգացել եք, որ այդ խոստումը Տիրոջից է, և այն ճշմարիտ է։

Տերն ասել է. «Եվ արդ, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. Ապավինիր այն Հոգուն, որն առաջնորդում է բարիք գործել. այո՛, արդար գործել, խոնարհ քայլել, արդարությամբ դատել. և դա է իմ Հոգին» (ՎևՈւ 11.12

Դուք միգուցե ստացել եք այդ օրհնությունն այս երեկո։ Օրինակ, միգուցե այս ժողովի ժամանակ դուք հիշեցիք կարիքի մեջ գտնվող որևէ մեկի անունը կամ դեմքը։ Դա կարող էր պարզապես լինել թռուցիկ մի միտք, բայց ելնելով այսօրվա լսածից, դուք կաղոթեք այդ մասին, վստահելով, որ Աստված կառաջնորդի ձեզ բարիք գործել նրանց համար։ Երբ այդպիսի աղոթքները դառնան օրինաչափություն ձեր կյանքում, դուք և այդ մարդիկ կփոխվեք դեպի լավը։

Այս երեկո ձեր ունեցած երրորդ զգացումն այն է, որ ցանկանում եք ավելի մոտ լինել Փրկիչին։ Նույնիսկ այստեղ գտնվող ամենափոքր աղջիկը զգացել է երգի մեջ գրված հրավերի իրականությունը: Փրկիչն ասել է. «Եկ, հետևիր ինձ։ Ապա, եկեք նրա հետքերով քայլենք»։

Ունենալով այդ զգացումները, առաջին բանը, որ դուք պետք է պարտավորվեք անել՝ գնալ և ծառայելն է, իմանալով, որ դուք միայնակ չեք քայլում։ Երբ առաջ եք գնում ու սփոփում և ծառայում որևէ մեկին հանուն Փրկիչի, Նա պատրաստում է ուղին ձեր առաջ։ Այժմ, ինչպես կհաստատեն այստեղ նստած վերադարձած միսիոներները, դա չի նշանակում, որ յուրաքանչյուր դռան ետևում գտնվող ցանկացած անձնավորություն պատրաստակամ է ձեզ ողջունելու կամ բոլոր մարդիկ, ում ծառայում եք, շնորհակալություն կհայտնեն ձեզ։ Բայց Տերը կգնա ձեր առջևից ու կպատրաստի ուղին։

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հաճախ էր ասում, որ գիտի Տիրոջ խոստման իսկությունը. «Եվ որտեղ որ ձեզ ընդունեն, այնտեղ կլինեմ նաև ես, քանզի ես կգնամ ձեր առջևից։ Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ» (ՎևՈւ 84.88

Ուղիներից մեկը, թե ինչպես է նա գնում ձեր առջևից, այն է, որ պատրաստում է այն մարդու սիրտը, ում Նրա խնդրանքով կծառայեք։ Նա նաև կպատրաստի ձեր սիրտը։

Կնկատեք նաև, որ Տերն օգնականներ է կարգում ձեր շուրջը ՝ աջ և ձախ կողմերում։ Դուք մենակ չեք առաջ գնում՝ ծառայելու ուրիշներին հանուն Նրա։

Այս երեկո Նա կատարել է այդ խոստումն ինձ համար։ Տերը «բազմաթիվ վկաներ է» (Եբրայեցիս 12.1) պատրաստել, թե՛ խոսքով թե՛ երաժշտությամբ, որպեսզի միավորի և բազմապատկի այն ամենի զորությունը, որը Նա ցանկանում էր իմ միջոցով ասել։ Ես պարզապես պետք է հավաստիանայի, որ կարող եմ արտահայտել այն ուղերձը, որով Նա ցանկանում էր իմ միջոցով կիսվել։ Ես հավատում եմ և հույս ունեմ, որ դուք երախտագիտություն և ուրախություն կզգաք, մինչ Տերը միավորում է ձեզ այլոց հետ՝ հանուն Նրա ծառայելու։

Երբ հաճախ ապրեք այդ զգացումը, որը դուք անշուշտ կունենաք, ինձ նման դուք նույնպես հավանությամբ կժպտաք, երբ երգենք «Հաճելի է» օրհներգը։

Նաև կժպտաք, երբ հիշեք այս հատվածը. «Թագաւորն էլ կ’պատասխանէ եւ կ’ասէ նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք» (Մատթեոս 25.40

Երկրորդ բանը, որ դուք պետք է անեք՝ Նրան ծառայելիս Տիրոջը հիշելն է։ Տերը ոչ միայն գնում է մեր առջևից և հրեշտակներ ուղարկում մեզ ծառայելու համար, այլ նաև զգում է ուրիշներին պարգևած սփոփանքն այնպես, կարծես Իրեն պարգևած լինեինք։

Աստծո բոլոր դուստրերը, ովքեր լսում և վստահում են այս ժողովի ուղերձները, կհարցնեն. «Տերն ի՞նչ կցանկանար, որ ես անեմ, որպեսզի օգնեմ Նրան սատարելու կարիքի մեջ գտնվող մարդուն»։ Յուրաքանչյուր քրոջ հանգամանքները տարբեր են։ Դա նաև ճշմարիտ է իմ աղջիկների, հարսների, թոռնուհիների և ծոռնուհիների այս փոքր խմբի դեպքում։ Նրանց և Երկնային Հոր բոլոր դուստրերի համար ես կրկնում եմ Քույր Լինդա Կ. Բարթոնի իմաստուն խորհուրդը։

Նա խնդրել է ձեզ հավատով աղոթել, որպեսզի իմանաք, թե Տերը ինչ կցանկանար, որ դուք անեիք ձեր պարագայում։ Իսկ հետո նա խոսեց քաղցր սփոփանքի այն խոստման մասին, որը Տերը տվել էր այն կնոջը, ով թանկարժեք յուղով Իր գլուխն օծելու պատճառով արժանացել էր քննադատութան, քանի որ այն կարելի էր վաճառել աղքատներին օգնելու համար։

«Յիսուսն էլ ասեց. Թոյլ տվէք դորան. Ի՞նչու էք նեղութիւն տալիս դորան. Դա մի բարի բան գործեց ինձ վերայ։

Որովհետեւ ամեն ժամանակ աղքատներին ձեզ հետ ունիք, եւ երբոր կամենաք՝ կարող էք նորանց բարի անել. Բայց ինձ ամեն ժամանակ ձեզ հետ չունիք։

Դա ինչ որ ունէր, արաւ. Առաջուց իմ մարմինն օծեց՝ թաղման համար։

Ճշմարիտ ասում եմ ձեզ, ուր որ այս աւետարանը քարոզուի, բոլոր աշխարհքի մէջ դորա յիշատակի համար նա էլ կ’խօսուի՝ որ դա արաւ» (Մարկոս 14.6–9

Այդ համառոտ հատվածները կյանքի խառը պահերին քաղցր և իմաստուն խորհուրդ են հանդիսանում Տիրոջ արքայության հավատարիմ քույրերի համար։ Դուք կաղոթեք, որպեսզի իմանաք, թե Հայրը ում է ցանկանում, որ սիրով ծառայեք՝ հանուն Նրա և հանուն մեր Փրկիչի։ Եվ դուք չեք ակնկալի հրապարակավ ճանաչում և կհետևեք Մարկոսի այդ պատմության կնոջ օրինակին, որի` աշխարհի Փրկիչին պատվելու սուրբ գործը, հիշվել է, իսկ անունը՝ ոչ։

Ես հուսով եմ, որ մեր ընտանիքի քույրերը կներդնեն իրենց լավագույն ջանքերը, որպեսզի կարողանան Աստծո սիրով լցված` ծառայել կարիքի մեջ գտնվող մարդկանց։ Իսկ երրորդ հույսս այն է, որ իրենց բարի գործերը հիշելիս, նրանք համեստ կգտնվեն։ Դեռ ավելին, ես կաղոթեմ, որ նրանք ընդունեն Տիրոջ հետևյալ խորհուրդը, որը Նա տվել է և որը վստահ եմ` մենք բոլորս պետք է լսենք.

«Զգոյշ կացէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առաջին չ’անէք, նորանցից տեսնուելու համար, եթէ ոչ՝ վարձք չ’ունիք ձեր Հօրիցն որ երկնքում է»:

Իսկ հետո Նա ասաց.

Բայց դու երբոր ողորմութիւն անես, թող չ’իմանայ քո ձախ ձեռքը, թէ ինչ է գործում քո աջը։

Որպէս զի քո ողորմութիւնը ծածուկ լինի, եւ քո Հայրն՝ որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կ’հատուցանէ քեզ» (Մատթեոս 6.1, 3–4

Արքայության քույրերի համար իմ աղոթքն այն է, որ որտեղ էլ լինեն և ինչպիսին էլ լինեն նրանց հանգամանքները, որ Փրկիչի հանդեպ իրենց հավատի և Նրա քավության հանդեպ երախտագիտության շնորհիվ լավագույնս օգնեն այն մարդկանց, որոնց Աստված խնդրել է ծառայել։ Եթե նրանք անեն դա, ես խոստանում եմ, որ նրանք ավելի կսրբագործվեն և կդառնան այն կանայք, որոնց Փրկիչն ու մեր Երկնային Հայրը ջերմորեն կողջունեն ու հայտնապես կվարձատրեն։

Ես վկայում եմ, որ սա հարություն առած Հիսուս Քրիստոսի Եկեղեցին է։ Նա հարություն է առել։ Նա վճարել է մեր բոլոր մեղքերի համար ։ Ես գիտեմ, որ Նրա շնորհիվ մենք հարություն կառնենք ու կունենանք հավերժական կյանք։ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը Նրա կենդանի մարգարեն է։ Երկնային Հայրը լսում ու պատասխանում է մեր աղոթքներին։ Ես վկայում եմ, որ մենք ավելի ենք մոտենում Փրկիչին, երբ մաքուր սիրով լցված, հանուն Նրա ծառայում ենք ուրիշներին։ Ես այդ հաստատուն վկայությամբ կիսվում եմ ձեզ հետ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. “Because I Have Been Given Much,” Hymns, no. 219.

  2. “Come, Follow Me,” Hymns, no. 116.

  3. «Հաճելի է», Օրհներգ, հմր. 13։