Երեխային առաջնորդելու պարգևը
Ինչպե՞ս ենք մենք ուսուցանում մեր երեխաներին խուսափել աշխարհի ազդեցություններից և վստահել Հոգուն։
Մի երիտասարդ հայր խեղդվում էր։ Նա, նրա երկու երեխաները և աները գնացել էին լճակի շուրջը զբոսնելու։ Նրանք շրջապատված էին սոճիներով ծածկված սարերով, իսկ երկինքը կապույտ էր, լի փափուկ, սպիտակ ամպերով, որտեղից բխում էր գեղեցկություն և պարզություն։ Շոգ էր, երեխաներն էլ հոգնել էին, ուստի տղամարդիկ որոշեցին դնել երեխաներին իրենց ուսերին և լողալով անցնել լճի մյուս ափը։
Դա հեշտ էր թվում մինչ այն պահը, երբ հայրն այնպիսի զգացողություն ունեցավ, կարծես, իրեն ներքև էին քաշում, ամեն ինչ ծանրանում էր։ Ջուրը մղում էր նրան դեպի լճի հատակը, և մի խելահեղ զգացում պատեց նրան։ Ինչպե՞ս կարող էր մնալ ջրի երեսին և անել դա՝ ուսերին տանելով իր թանկագին փոքրիկ դստերը։
Նրա ձայնն անհետացավ տարածության մեջ, երբ նա աղաղակեց․նրա աները չափազանց հեռու էր գտնվում՝ օգնության հուսահատ աղերսին արձագանքելու համար։ Նա իրեն միայնակ և անօգնական զգաց։
Կարո՞ղ եք պատկերացնել միայնակության այդ զգացումը, որը նա ունեցավ՝ անկարող հասնելու ու բռնելու ինչ-որ բանից և անելանելի վիճակում պայքարելով իր և իր երեխայի կյանքի համար։ Դժբախտաբար, մեզանից յուրաքանչյուրն էլ որոշ չափով ունեցել է նման զգացողություն, հայտնվելով անհուսալի իրավիճակներում, երբ պետք է օգնություն գտնել գոյատևելու և մեր սիրելիներին ծառայելու համար։
Խուճապի պահին նա հանկարծ հասկացավ, որ ջրով լցված իր կոշիկներն էին իրեն ներքև քաշում։ Աշխատելով մնալ ջրի երեսին՝ նա փորձեց ոտքերից հանել ծանր կոշիկները։ Սակայն դրանք, կարծես, ներծծված լինեին։ Քուղերը ջրից ուռել էին՝ ավելի ամուր սեղմելով կապերը։
Հուսահատության վերջին պահին նա կարողացավ ոտքերից հանել կոշիկները, որոնք արագ ընկղմվեցին լճի խորքերում։ Ազատվելով ծանր քաշից, որի պատճառով նա սուզվում էր, նա անմիջապես դեպի վեր մղվեց իր դստեր հետ միասին։ Նա այժմ կարող էր առաջ լողալ՝ շարժվելով դեպի լճի անվտանգ ափը։
Երբեմն բոլորս էլ կարող ենք այնպիսի զգացողություն ունենալ, ասես խեղդվում ենք։ Կյանքը կարող է ծանր լինել։ «Մենք ապրում ենք աղմկոտ ու զբաղված աշխարհում։ … Եթե զգույշ չլինենք, աշխարհի հոգսերը կարող են խեղդել Հոգու բաները»։
Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել այս հոր օրինակին և ազատվել աշխարհի որոշ բեռներից, որոնք կրում ենք, որպեսզի կարողանանք մեր երեխաների գլուխները և մեր իսկ մտահոգ միտքը վեր պահել ջրից։ Ինչպե՞ս կարող ենք Պողոսի խորհրդին հետևելով «դէն գցել ամեն ծանրութիւն»։ Ինչպե՞ս կարող ենք նախապատրաստել մեր զավակներին այն օրվան, երբ այլևս չեն կարողանա կառչել մեզանից ու մեր վկայությունից, երբ գա լողալու իրենց հերթը։
Պատասխանը գալիս է, երբ մենք ընդունում ենք ուժի այս աստվածային աղբյուրը։ Դա հաճախ թերագնահատված աղբյուր է, սակայն կարող է օգտագործվել ամեն օր՝ թեթևացնելով մեր բեռը և առաջնորդելով մեր թանկագին զավակներին։ Այդ աղբյուրը Սուրբ Հոգու առաջնորդող պարգևն է։
Ութ տարեկանում երեխաները կարող են մկրտվել։ Նրանք սովորում և ուխտ են կապում Աստծո հետ։ Շրջապատված իրենց սիրելիներով՝ նրանք ընկղմվում և դուրս են գալիս ջրից մեծ ուրախության զգացումով։ Ապա նրանք ստանում են Սուրբ Հոգու աննկարագրելի պարգևը՝ պարգև, որը մշտապես կարող է ուղեկցել նրանց, եթե ապրեն այդ օրհնության համար։
Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ասել է․ «[Հաստատման] արարողության պարզությունը կարող է աննկատելի դարձնել դրա նշանակությունը։ Այս երեք բառերը՝ «Ստացիր Սուրբ Հոգին», պասիվ հայտարարություն չեն․ ավելի ճիշտ, դրանք իրենցից ներկայացնում են քահանայության հրաման՝ գործելու և ոչ թե ներգործվելու լուրջ զգուշացում»։
Երեխաներն ունեն բարիք գործելու և բարի լինելու բնական ցանկություն։ Մենք կարող ենք զգալ նրանց անկեղծությունը, նրանց մաքրությունը։ Նրանք նաև շատ զգայուն են մեղմ, հանդարտ ձայնի հանդեպ։
3 Նեփի 26-ում Փրկիչը մեզ ցույց տվեց երեխաների հոգևոր կարողությունները․
«Նա արձակեց նրանց լեզուները, և նրանք ասացին իրենց հայրերին մեծ ու զարմանալի բաներ, նույնիսկ ավելի մեծ, քան նա բացահայտել էր ժողովրդին։ …
… Նրանք թե տեսան, թե լսեցին այդ երեխաներին․ այո, նույնիսկ մանկիկները բացեցին իրենց բերաններն ու արտաբերեցին զարմանալի բաներ»։
Որպես ծնողներ, մենք ինչպե՞ս ենք զարգացնում մեր փոքրիկների հոգևոր կարողությունները։ Ինչպե՞ս ենք մենք սովորեցնում նրանց խուսափել աշխարհի ազդեցություններից և վստահել Հոգուն, երբ մենք նրանց հետ չենք, և նրանք միայնակ են իրենց կյանքի խորը ջրերում։
Թույլ տվեք կիսվել ձեզ հետ որոշ մտքերով։
Առաջինը, մենք կարող ենք հրավիրել մեր երեխաներին ավելի ուշադիր լինել, երբ լսում կամ զգում են Հոգին։ Եկեք հիշենք, թե Հին Կտակարանի ժամանակներում ինչպես Հեղին արեց դա Սամուելի համար։
Պատանի Սամուելը երկու անգամ ձայն լսեց ու վազեց Հեղիի մոտ, ասելով․ «Ահա ես»։
«Ես չկանչեցի»,- պատասխանեց Հեղին։
Սակայն. «Սամուէլը Տիրոջը դեռ չէր ճանաչում, եւ Տիրոջ խօսքը դեռ նորան յայտնուած չէր»։
Երրորդ անգամ Հեղին հասկացավ, որ Տերն էր կանչում Սամուելին և պատվիրեց Սամուելին ասել․ «Խոսիր, Տէր, որովհետեւ քո ծառան լսում է»։
Սամուելը սկսում էր զգալ, ճանաչել և ականջ դնել Տիրոջ ձայնին։ Սակայն այս պատանին չէր հասկանա, եթե Հեղին չաջակցեր այդ ճանաչողությանը։ Ուսուցանվելուց հետո Սամուելը կարող էր ավելի լավ ծանոթանալ մեղմ, հանդարտ ձայնի հետ։
Երկրորդը, մենք կարող ենք նախապատրաստել մեր տները և մեր երեխաներին՝ զգալու մեղմ, հանդարտ ձայնը։ «Օտար լեզուների շատ ուսուցիչներ կարծում են, որ երեխաները լավագույն արդյունքների են հասնում «ընկղման ծրագրերի» շնորհիվ, երբ շրջապատված են լինում այդ լեզվով խոսողներով, ովքեր քաջալերում են նրանց խոսել այդ լեզվով։ Նրանք ոչ միայն սովորում են ասել բառեր, այլ ազատ խոսել և նույնիսկ մտածել նոր լեզվով։ Հոգևոր կրթության համար «ընկղման» լավագույն պայմանները ստեղծվում են տանը, որտեղ հոգևոր սկզբունքները կարող են կազմել ամենօրյա կյանքի հիմքը»։
«Եւ կրկնիր [Տիրոջ խոսքերը] քո որդկանցը, խօսիր նորանց վերայ քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս»։ Մեր ընտանիքները Հոգու մեջ ընկղմելը մեր զավակների սրտերը բաց կպահեն Նրա ազդեցության համար։
Երրորդը, մենք կարող ենք օգնել մեր երեխաներին հասկանալ, թե ինչպես է Հոգին խոսում նրանց հետ։ Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է․ «Երբ Նա այցելում է փոքր երեխայի, Նա խոսում է նրա լեզվով և հաշվի է առնում նրա կարողությունները»։ Մի մայր բացահայտել էր, որ քանի որ երեխաները տարբեր ձևերով են սովորում՝ տեսողական, լսողական, շոշափելու զգայարանների կամ զգացողությունների միջոցով, որքան շատ էր նա ուշադրություն դարձրել իր երեխաներին, ավելի էր հասկացել, որ Սուրբ Հոգին սովորեցնում էր նրանց այն եղանակով, որն ամենահարմարն էր նրանցից յուրաքանչյուրի համար։
Մեկ ուրիշ մայր կիսվել է փորձառությամբ, թե ինչպես է օգնել իր երեխաներին ճանաչել Հոգին։ «Երբեմն,- ասել է նա,- [երեխաները] չեն գիտակցում, որ կրկնվող միտքը, արտասվելուց հետո հանգստություն զգալը կամ ճիշտ ժամանակին ինչ-որ բան հիշելը՝ բոլորը ուղիներ են, որոնցով Սուրբ Հոգին շփվում է [նրանց] հետ»։ Նա շարունակում է․ «Ես իմ երեխաներին սովորեցնում եմ կենտրոնանալ իրենց զգացողությունների վրա և [գործել դրանց համաձայն]»։
Հոգին զգալը և ճանաչելը հոգևոր ունակություններ կբերի մեր երեխաների կյանք, և ձայնը, որը նրանք կսկսեն ճանաչել, կդառնա ավելի ու ավելի պարզ նրանց համար։ Կլինի Երեց Ռիչարդ Գ. Սքոթի ասածի պես․ «Երբ դուք փորձառություն և հաջողություն եք ձեռք բերում Հոգու կողմից առաջնորդվելու մեջ, ձեր վստահությունը ձեր զգացած տպավորությունների վերաբերյալ կարող է դառնալ ավելի որոշակի, քան ձեր կախվածությունը ձեր տեսածից ու լսածից»։
Մենք չպիտի վախենանք, երբ տեսնում ենք, որ մեր երեխաները մտնում են կյանքի ջրերի մեջ, քանի որ մենք սովորեցրել ենք նրանց ազատվել աշխարհիկ ծանրություններից։ Մենք սովորեցրել ենք նրանց ապրել Հոգու առաջնորդող պարգևով։ Այս պարգևը կշարունակի թեթևացնել բեռը, որը նրանք կրում են և կառաջնորդի նրանց վերադառնալ իրենց երկնային տուն, եթե նրանք ապրեն համաձայն դրա և հետևեն հուշումներին։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։