Աստված կսրբի ամեն արտասուքը
Երբ մենք Նրա հանդեպ հավատք գործադրենք, Նա մեզ կբարձրացնի և կանցկացնի մեզ մեր բոլոր փորձությունների միջով և, ի վերջո, կփրկի մեզ սելեստիալ արքայությունում:
Որպես Իր ծրագրի մաս մեր Երկնային Հայրը թույլ է տվել, որ վիշտը միահյուսվի մեր մահկանացու գոյությանը: Չնայած թվում է, որ ցավոտ փորձությունները անհավասար են ընկնում մեզ վրա, մենք կարող ենք համոզված լինել, որ ինչ-որ չափով բոլորս էլ տառապում ենք և մաքառում: Իմ աղոթքն է, որ Սուրբ Հոգին առաջնորդի մեզ ավելի մեծ հասկացողության, թե ինչո՞ւ է դա այդպես նախատեսված:
Երբ կյանքի դժվարին փորձություններին Քրիստոսի հավատքի ոսպնյակի միջով ենք նայում, մենք կարողանում ենք տեսնել, որ կարող է լինել աստվածային նպատակ մեր տառապանքի համար: Հավատարիմները կարող են զգալ ճշմարտությունը Պետրոսի հակասական թվացող խորհրդից: Նա գրել է. « Բայց թէեւ չարչարուիք էլ արդարութեան համար, երանելի էք»: Եթե մեր «սրտերը նվիրենք հասկանալուն», մենք կարող ենք մեծացնել մեր կարողությունը՝ ինչպես մեր փորձություններում մինչև վերջ համբերելիս, այնպես էլ դրանցից սովորելիս և դրանցով մաքրվելիս: Նման հասկացողությունը տալիս է պատասխան հավերժական հարցին. «Ինչո՞ւ է վատ բաներ պատահում լավ մարդկանց»:
Ամենքը, ովքեր այսօր լսում են, ինչ-որ չափով ծանոթ են մենակությանը, հուսահատությանը, վշտին, ցավին կամ տխրությանը: Առանց «հավատքի աչքի» հավերժական ճշմարտության հասկացության, մենք հաճախ գտնում ենք, որ թշվառությունը և տառապանքը, որը զգում ենք մահկանացու կյանքում, կարող է մշուշել կամ մթնեցնել այն ուրախությունը, որը գալիս է իմանալուց, որ մեր Երկնային Հոր մեծ ծրագիրը իսկապես երջանկության հավերժական ծրագիր է: Չկա ուրիշ ուղի ուրախության լիությունը ստանալու համար:
Աստված հրավիրում է մեզ արձագանքել հավատքով մեր իսկ առանձնահատուկ չարչարանքներին, որպեսզի մենք օրհնություններ հնձենք և գիտելիք ձեռք բերենք, որը ոչ մի այլ ուղով հնարավոր չէր լինի սովորել: Մեզ հրահանգված է պահել պատվիրաններն ամեն հանգամանքներում և պայմաններում, քանի որ «ով որ հավատարիմ է նեղության մեջ, նրա վարձքը ավելի մեծ է երկնքի արքայությունում»: Եվ ինչպես մենք կարդում ենք սուրբ գրություններում. «Եթե տխուր ես, աղաչանքով կանչիր առ Տերը՝ քո Աստվածը, որպեսզի հոգիդ ուրախանա»:
Պողոս Առաքյալը, ինքը ծանոթ լինելով չարչարանքներին, իր իսկ փորձառությունից ելնելով, խորությամբ և գեղեցկությամբ ուսուցանել է հավերժական հեռանկարը, որը գալիս է, երբ մենք լավ և համբերատար դիմանում ենք: Նա ասել է. «Որովհետեւ մեր այժմեան թեթեւ նեղութիւնը ամենագերազանց յաւիտենական փառքի մեծութիւն է գործում մեզ համար»: Այլ խոսքերով, մենք կարող ենք իմանալ, որ մեր չարչարանքների մեջ Աստված ապահովել է հավերժական փոխհատուցող վարձք:
Իր կյանքի փորձությունների, հալածանքների և վշտերի մասին Պողոսի խոսելու կարողությունը` որպես «թեթեւ նեղություն», հակասում էր նրա տառապանքի ուժգնությանը, որը նրա համար կուլ էր գնացել ավետարանի հավերժական հեռանկարում: Պողոսի հավատքն առ Հիսուս Քրիստոս բոլոր բաները տանելի էին դարձրել: Հինգ անգամ նա ճիպոտահարվել էր, երեք անգամ ձաղկահարել էին, մեկ անգամ քարկոծվել էր, երեք անգամ նավակոծ եղել, շատ անգամ նա մահվան վտանգի էր ենթարկվել խեղդվելով, ավազակների կողմից և նույնիսկ կեղծ եղբայրների կողմից, նա տարել էր հոգնածություն և ցավ, սով ու ծարավ և բանտարկվել էր ցրտի ու մերկության մեջ:
Մեզանից շատերը աղերսել են Աստծուն վերացնել մեր տառապանքի պատճառը, և երբ մեր որոնած սփոփանքը չի եկել, մենք գայթակղվել ենք մտածել՝ Նա չի լսում: Ես վկայում եմ, որ նույնիսկ այդ պահերին, Նա լսում է մեր աղոթքները և պատճառ ունի թույլ տալու, որ մեր չարչարանքները շարունակվեն, և կօգնի մեզ համբերությամբ տանել դրանք:
Մի անձնական և պատկերավոր հատվածում Պողոսը պատմում է մեզ մի անանուն «խայթի» մասին իր մարմնում, որը նրան մեծ ցավ էր պատճառում և երեք անգամ նրան ծնկի բերեց, ու նա աղերսեց Տիրոջը իրենից վերցնել այն: Ի պատասխան Պողոսի աղոթքների, Տերը չհեռացրեց խայթը, այլ խաղաղությամբ խոսեց և հասկացողություն տվեց նրա սրտին, ասելով. «Բաւական է քեզ իմ շնորհքը, որովհետեւ իմ զորութիւնը տկարութեան մեջ է կատարվում»: Նոր հասկացողությամբ Պողոսը կարողացավ ընդունել և երախտապարտ լինել խայթի համար, որը նրան տրվել էր: Նա ասաց. «Արդ, ավելի յօժարութեամբ … իմ տկարութիւններովը կպարծենամ, որ Քրիստոսի զօրութիւնը բնակուէ ինձանում»:
Երբ մենք ձեռք ենք բերում այս հավերժական հեռանկարը մեր կյանքում, համբերելու մեր կարողությունը մեծանում է, մենք սովորում ենք, թե ինչպես օգնենք նրանց, ովքեր մեր օգնության կարիքն ունեն,և մենք սկսում ենք գնահատել և նույնիսկ երախտագիտություն հայտնել այն փորձառությունների համար, որոնք Աստված թույլ է տալիս մեզ՝ որպես դաստիարակներ ունենալ հավերժական կյանքի ուղիում:
Երբ մենք ինքներս հայտնվում ենք նեղությունների մեջ, կարող է դժվար լինել մեզ համար տեսնել մեր փորձությունները որպես մեր հետևորդության արահետի անձնական փորձության նշաններ: Բայց լինի դա մեր հուսահատության խավար հովտի ժամանակներում, թե երջանկության մայրուղիներում, ուրիշների տառապանքներից սովորելն ու նրանց հանդեպ կարեկցանք զգալը կարող է օրհնություն լինել:
Վերջին ցցի համաժողովի հանձնարարության ընթացքում ես այցելել էի Ֆիլիպպիններ. սիրտս փշրվեց, երբ իմացա Եղբայր Դանիել Ապիլադոյի հետ պատահած ողբերգական դեպքի մասին: Եղբայր Ապիլադոն և նրա կինը մկրտվել էին 1974 թվականին: Նրանք ընդունել էին վերականգնված ավետարանը և կնքվել էին տաճարում: Այնուհետև օրհնվել էին հինգ գեղեցիկ երեխաներով: 1997 թվականի հուլիսի 7-ին, երբ Եղբայր Ապիլադոն ծառայում էր որպես ցցի նախագահ, հրդեհ էր բռնկվել նրանց փոքրիկ տանը: Եղբայր Ապիլադոյի մեծ որդի Միքայելը, փրկեց իր հորը, դուրս քաշեց նրան վառվող շենքից, իսկ ինքը ետ վազեց տուն՝ փրկելու մյուսներին: Դա վերջին անգամն էր, որ Եղբայր Ապիլադոն իր որդուն կենդանի տեսավ: Կրակին զոհ գնացին Եղբայր Ապիլադոյի կինը՝ Դոմինգան և նրա հինգ երեխաները:
Փաստը, որ Եղբայր Ապիլադոն ապրում էր Աստծուն հաճելի կյանքով, երբ ողբերգությունը վրա հասավ, չկանխեց ողբերգությունը, ոչ էլ նրան անընկալունակ դարձրեց վշտի հանդեպ, որը հաջորդեց դրան: Բայց նրա հավատարմությունը իր ուխտերը պահելիս և առ Քրիստոս հավատք գործադրելիս, տվեցին նրան համոզվածություն այն խոստումի հանդեպ, որ նա կվերամիավորվի իր կնոջ և ընտանիքի հետ: Այդ հույսը դարձավ խարիսխ նրա հոգու համար:
Իմ այցելության ընթացքում, Եղբայր Ապիլադոն՝ այժմ ցցի հայրապետը, ծանոթացրեց իր նոր կնոջ՝ Սիմոնետի և իրենց երկու որդիների՝ Ռաֆայելի և Դանիելի հետ: Իսկապես, Հիսուս Քրիստոսը կարող է «կոտրած սիրտ ունեցողներին բժշկել»:
Կիսվելով Եղբայր Ապիլադոյի պատմությամբ, ես մտահոգված եմ, որ նրա կորստի ահագնությունը կարող է շատերին ստիպել մտածել, որ իրենց սեփական վշտերն ու տառապանքները համեմատաբար քիչ կարևորություն ունեն: Խնդրում եմ մի համեմատեք, այլ ձգտեք սովորել և կիրառել հավերժական սկզբունքները, երբ դուք անցնում եք ձեր իսկ չարչարանքների հնոցով:
Եթե կարելի է, որ խոսեմ անհատապես ձեզ հետ՝ «ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ»,թույլ տվեք նշել, որ ձեր անձնական մաքառումները՝ ձեր անհատական վշտերը, ցավերը, չարչարանքները և ամեն տեսակի տկարությունները հայտնի են մեր Երկնային Հորը և Նրա Որդուն: Քաջացե՛ք, հավատացե՛ք: Եվ հավատք ունեցեք Աստծո խոստումների հանդեպ:
Հիսուս Քրիստոսի նպատակը և առաքելությունը ներառում էր, որ Նա «վեր կառնի իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները» «իր վրա վեր կառնի նրանց թուլությունները» և «կսատարի իր ժողովրդին ըստ նրանց թուլությունների»:
Այդպես անհատույց առաջարկած մեր Փրկիչի այդ պարգևները լիովին ստանալու համար, բոլորս պետք է սովորենք, որ տառապանքը ինքնին չի ուսուցանում կամ շնորհում մեզ որևէ բան, որը տևական արժեք ունի, մինչև որ մենք գիտակցաբար մեր չարչարանքներից հավատքի գործադրման միջոցով սովորելու գործընթացում չներգրավվենք:
Երեց Նիլ Ա. Մաքսվելը մի անգամ կիսվել է նրանով, ինչը նա սովորել էր նպատակային տառապանքի մասին հետևյալ խոսքերով.
«Տառապանքի որոշ ձևեր, մինչև վերջ համբերելու դեպքում, փաստորեն, կարող են ազնվացնող լինել. …
. … Լավ համբերելու մասն է կազմում բավականաչափ հեզ լինելը մեր տառապանքների մեջ, որպեսզի սովորենք մեր համապատասխան փորձություններից: Ոչ թե մենք պետք է անցնենք այդ բաների միջով, այլ դրանք պետք է անցնեն մեր միջով …. այնպիսի ուղիներով, որոնք սրբագործում են [մեզ]»:
Ուրիշների կյանքում և օրինակներում ես նկատել եմ, որ Հիսուս Քրիստոսի և Նրա խոստումների հանդեպ ուժեղ և հաստատուն հավատք գործադրելը գալիք ավելի լավ բաների հաստատուն հույս է ապահովում:Այդ հաստատուն հույսը մեզ կայուն է դարձնում, մեզ անհրաժեշտ ուժ ու զորություն հաղորդելով, որ համբերենք: Երբ մենք կարողանում ենք կապել մեր տառապանքը մեր մահկանացու կյանքի մի հաստատուն նպատակի հետ, իսկ ավելի ստույգ այն վարձքի հետ, որը սպասվում է մեզ երկնային հեռաստաններում, մեր հավատքն առ Քրիստոս մեծանում է և մենք ստանում ենք հանգստություն մեր հոգիներին:
Այդ ժամանակ մենք կարող ենք տեսնել լույս թունելի վերջում: Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է. «Իսկապես թունելի վերջում կալույս: Այդ լույսն Աշխարհի Լույսն է, Պայծառ և Առավոտյան Աստղը, «լույս, որն անվերջ է, որը երբեք չի կարող խավարեցվել» [Մոսիա 16.9]: Դա հենց Ինքը՝ Աստծո Որդին է»:
Մենք կարող ենք ուժ վերցնել, իմանալով, որ բոլոր դժվարին փորձությունները այս կյանքում ժամանակավոր են, նույնիսկ ամենախավար գիշերներից հետո լուսաբաց է բացվում հավատարիմների համար:
Երբ ամեն բան վերջանա և մենք համբերությամբ տանենք բոլոր բաները հավատքով առ Հիսուս Քրիստոս, մենք ունենք խոստում, որ «Աստուած կսրբէ ամեն արտասուքը [մեր] աչքերիցը»:
Ես վկայում եմ, որ Աստված մեր Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, ապրում են, և որ Նրանք խոստումներ պահող են: Ես վկայում եմ, որ Փրկիչը հրավիրում է մեզ բոլորիս գալ և ճաշակել Իր Քավությունից: Երբ մենք Նրա հանդեպ հավատք գործադրենք, Նա մեզ կբարձրացնի և կանցկացնի մեր բոլոր փորձությունների միջով և, ի վերջո, կփրկի մեզ սելեստիալ արքայությունում: Թույլ տվեք հրավիրել ձեզ գալ Քրիստոսի մոտ, մինչև վերջ համբերել հավատքով, կատարելագործվել Նրա միջոցով և ունենալ կատարյալ ուրախություն Նրանում: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով՝ ամեն: