2010–2019 թթ․
Եղեք պատվասեր Քրիստոսի համար
Հոկտեմբեր 2016


11:14

Եղեք պատվասեր Քրիստոսի համար

Մենք պատվասեր ենք Քրիստոսի համար, եթե ծառայում ենք հավատարմորեն, ընդունում ենք խոնարհաբար, համբերում ենք ազնվորեն, աղոթում ենք ջերմեռանդորեն և ճաշակում ենք արժանիորեն։

Իմ սիրելի եղբայրներ ու քույրեր, այսօր ես կցանկանայի խոսել Եկեղեցու երիտասարդների, այդ թվում՝ մեր հրաշալի միսիոներների հետ։ Եվ անշուշտ, այն եղբայրներն ու քույրերը, ովքեր հոգով երիտասարդ են, նույնպես հրավիրված են լսելու այս ելույթը։

Անցած տարվա օգոստոսի 21-ին Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նվիրագործեց Սապորո Տաճարը՝ թվով երրորդ տաճարը ճապոնիայում։ Սապորո տաճարը կառուցված է հյուսիսային Ճապոնիայում, մի վայրում, որը կոչվում է Հոկաիդո։ Յուտայի նման Հոկաիդոն նույնպես բնակեցվել էջանասեր , աշխատասեր ռահվիրաներով։

1876թ-ին Դոկտոր Վիլյամ Քլարկ անունով մի հայտնի մանկավարժի հրավիրում են դասավանդել Հոկաիդոյում։ Նա Ճապոնիայում ապրեց միայն ութ ամիս, բայց նրա քրիստոնյա հոգին տևական ներգործություն թողեց իր երիտասարդ ոչ քրիստոնյա ուսանողների վրա։ Նախքան մեկնելը նա իր ուսանողներին հրաժեշտի խոսք հղեց, որը հավերժացավ այս բրոնզե արձանիկի տեսքով։ Նա ասաց. «Տղանե՛ր, եղեք պատվասեր։ Եղեք պատվասեր Քրիստոսի համար»։ «Եղեք պատվասեր Քրիստոսի համար» նրա կարգադրությունը կարող է օգնել այսօրվա Վերջին Օրերի Սրբերին` ամենօրյա որոշումներում։

Դր. Վիլյամ Քլարկ

Ի՞նչ է նշանակում «Եղեք պատվասեր Քրիստոսի համար» արտահայտությունը։ Լինել պատվասեր Քրիստոսի համար նշանակում է` լինել մոտիվացված, կենտրոնացած և նվիրված Նրա գործին։ Լինել պատվասեր Քրիստոսի համար չի նշանակում, որ հանրային հարգանքի համար պետք է առանձնանանք ուրիշներից։ Լինել պատվասեր Քրիստոսի համար, նշանակում է ծառայել հավատարմորեն և ջանասիրաբար մեր ծխերում ու ճյուղերում՝ առանց բողոքի ու ուրախ սրտերով։

Աշխարհով մեկ ծառայող մեր միսիոներները Քրիստոսի համար իսկապես պատվասեր լինելու հրաշալի օրինակ են։ Մի քանի տարի առաջ ես և Քույր Յամաշիտան ծառայում էինք Ճապոնիայի Նագոյա միսիայում։ Մեր միսիոներներն անչափ պատվասեր էին Քրիստոսի համար։ Այդ միսիոներներից մեկը մի երիտասարդ տղա էր՝ Երեց Քովան անունով։

Երեց Քովանը Նախագահ և Քույր Յամաշիտաների հետ

Պատանի հասակում պատահած հեծանիվի վթարի պատճառով Երեց Քովանը զրկված էր աջ ոտքից։ Միսիա գալուց մի քանի շաբաթ անց նրա զուգընկերը զանգահարեց ինձ։ Երեց Քովանի պրոթեզը կոտրվել էր հեծանիվ քշելիս։ Մենք նրան տարանք լավ վերանորոգման կենտրոն և այնտեղ առանձնասենյակում ես առաջին անգամ տեսա նրա ոտքը։ Ես հասկացա, թե ինչպիսի ցավեր էր նա տարել։ Նրա պրոթեզը վերականգնվեց և նա վերադարձավ իր տարածք։

Սակայն շաբաթների ընթացքում նրա պրոթեզը մի քանի անգամ կոտրվեց։ Տարածքի բժշկական խորհրդատուն խորհուրդ տվեց, որ Երեց Քովանը վերադառնար տուն և փոխեր միսիայի հանձնարարությունը։ Ես մերժեցի այդ խորհուրդը, քանի որ Երեց Քովանը հրաշալի միսիոներ էր և շատ էր ցանկանում մնալ Ճապոնիայում։ Սակայն Երեց Քովանի առողջությունն աստիճանաբար տեղի էր տալիս։ Չնայած դրան նա չէր տրտնջում ու բողոքում։

Կրկին անգամ ինձ խորհուրդ տվեցին, որ Երեց Քովանը ծառայեր այն տարածքում, որը նրանից չէր պահանջի հեծանիվ վարել։ Ես մտածեցի Երեց Քովանի ու նրա ապագայի համար ու աղոթեցի այս խնդրի շուրջ։ Ես զգացի, որ Երեց Քովանը պետք է տուն վերադառնար և սպասեր հանձնարարության փոփոխության։ Ես զանգահարեցի նրան, իմ սերն ու մտահոգությունն արտահայտեցի ու հայտնեցի իմ որոշումը։ Ես ասացի. « Երեց Քովան, դու կարող ես ինձ հետո պատասխանել։ Ես կզանգահարեմ առավոտյան։ Խնդրում եմ, անկեղծ աղոթքով մտածիր իմ առաջարկի մասին»։

Երբ զանգահարեցի նրան հաջորդ առավոտ, նա խոնարհաբար ասաց, որ կհետևի իմ խորհրդին։

Նրա հետ ունեցած վերջին հարցազրույցի ժամանակ ես հարցրի նրան. «Երեց Քովան, քո միսիայի հարցաթերթիկի մեջ նշել ես, որ ցանկանում ես ծառայել այնպիսի միսիայում, որտեղ հեծանիվ վարելն անհրաժեշտություն չէ»։

Նա պատասխանեց. «Այո նախագահ, ես նշել եմ դա»։

Ես ասացի. «Երեց Քովան, դու կանչվել ես ծառայելու Ճապոնիայի Նագոյա միսիան, որտեղ դու պետք է վարես հեծանիվ։ Այդ մասին դու տեղեկացրե՞լ ես քո ցցի նախագահին»։

Նրա պատասխանն ինձ զարմացրեց։ Նա ասաց. «Ոչ, ես չեմ ասել նրան։ Ես մտածեցի, որ եթե Տերն ինձ այդտեղ է կանչել, ապա ես կգնամ մարզասրահ ու կմարզեմ իմ մարմինը, որպեսզի կարողանամ հեծանիվ վարել»։

Մեր հարցազրույցի վերջում նա արցունքն աչքերին ինձ հետևյալ հարցը տվեց. «Նախագահ Յամաշիտա, ինչո՞ւ ես եկա Ճապոնիա։ Ինչո՞ւ եմ այստեղ»։

Առանց տատանվելու ես պատասխանեցի. «Ես մի պատճառ գիտեմ, թե ինչու ես դու այստեղ։ Դու եկար այստեղ իմ օգտի համար։ Ես հասկացա, թե որքան հրաշալի երիտասարդի հետ եմ ես ծառայում։ Ես օրհնված եմ, որ ճանաչում եմ քեզ»։

Ուրախ եմ ասելու, որ Երեց Քովանը վերադարձավ իր սիրելի տունը և վերանշանակվեց ծառայելու մի միսիայում, որտեղ նա մեքենա էր վարում տեղաշարժվելու համար։ Ես հպարտ եմ ոչ միայն Երեց Քովանի համար, այլ նաև աշխարհի բոլոր միսիոներների համար, ովքեր ինքնակամ ծառայում են առանց տրտնջալու ու բողոքելու։ Շնորհակալություն, քույրեր և եղբայրներ, ձեր հավատքի, ձեր ուշադրության և Քրիստոսի համար ձեր պատվասիրության համար։

Մորմոնի Գրքում կան շատ պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր պատվասեր են եղել Քրիստոսի համար։ Երիտասարդ տարիքում Ալմա կրտսերը հալածում էր Եկեղեցին ու անդամներին։ Ավելի ուշ նրա սիրտը կտրուկ փոխվեց և նա դարձավ զորեղ միսիոներ։ Նա փնտրեց Տիրոջ առաջնորդությունը և օրհնեց իր հետ ծառայող զուգընկերներին։ Տերը զորացրեց նրան և նա հաղթահարեց իր փորձությունները։

Ալման իր որդի Հելամանին հետևյալ խորհուրդը տվեց.

«Ովքեր որ դնեն իրենց վստահությունն Աստծո վրա, պիտի սատարվեն իրենց փորձանքների, և իրենց տագնապների, և իրենց չարչարանքների մեջ։ …

… Սովորիր պահել Աստծո պատվիրանները …

Խորհուրդ արա Տիրոջ հետ քո բոլոր գործերում, և նա ուղղություն ցույց կտա քեզ բարու համար»։

Մեր երկրորդ որդին իր պատանեկության տարիների մեծ մասն ապրեց Եկեղեցուց դուրս։ Երբ նա դարձավ 20 տարեկան, նրա հետ մի բան տեղի ունեցավ, որի շնորհիվ ցանկացավ փոխել իր կյանքը։ Սիրով, աղոթքներով, ընտանիքի ու Եկեղեցու անդամների օգնությամբ և, ի վերջո, Տիրոջ ողորմածությամբ ու շնորհով նա վերադարձավ Եկեղեցի։

Ավելի ուշ նա կանչվեց ծառայելու Վաշինգտոն Սիեթլ միսիայում։ Սկզբում նա մեծ հիասթափություն ապրեց։ Առաջին երեք ամիսների ընթացքում նա ամեն գիշեր գնում էր լողասենյակ ու լաց լինում։ Երեց Քովանի նման նա փորձում էր հասկանալ, «Ինչո՞ւ եմ այստեղ»։

Մեկ տարի ծառայելուց հետո մենք մի նամակ ստացանք, որը մեր աղոթքների պատասխանն էր։ Նա գրել էր. «Այժմ ես զգում եմ Աստծո և Հիսուսի սերն իմ հանդեպ։ Ես ջանասիրությամբ կաշխատեմ, որպեսզի դառնամ հնադարյան մարգարեների նման։ Չնայած ես հանդիպում եմ բազմաթիվ դժվարությունների, ես իսկապես երջանիկ եմ։ Հիսուսին ծառայելն իսկապես ամենալավ բանն է։ Ավելի հրաշալի բան չկա դրանից։ Ես անչափ երջանիկ եմ»։

Նա Ալմայի նման զգաց. «Եվ, Օ՜հ, ինչպիսի ուրախություն, և ինչ սքանչելի լույս ես տեսա. այո, իմ հոգին լցվեց ուրախությամբ՝ նույնքան սաստիկ, ինչպիսին իմ ցավն էր»։

Մեր կյանքում հանդիպում ենք փորձությունների, բայց եթե մենք պատվասեր ենք Քրիստոսի համար, կարող ենք կենտրոնանալ Նրա վրա և ուրախություն ունենալ նույնիսկ դրանց ժամանակ։ Մեր Քավիչը դրա կատարյալ օրինակն է։ Նա հասկացավ Իր սրբազան առաքելությունը և հնազանդ էր Հայր Աստծո կամքին։ Մեծ օրհնություն է, որ Նրա հրաշալի օրինակը կարող ենք հիշել ամեն կիրակի, երբ ճաշակում ենք հաղորդությունը։

Իմ սիրելի եղբայրներ ու քույրեր, մենք պատվասեր ենք Քրիստոսի համար, եթե ծառայում ենք հավատարմորեն, ընդունում ենք խոնարհաբար, համբերում ենք ազնվորեն, աղոթում ենք ջերմեռանդորեն և ճաշակում ենք արժանիորեն։

Թող որ մենք պատվասեր լինենք Քրիստոսի համար, երբ ընդունենք մեր դժվարություններն ու փորձությունները համբերությամբ, հավատքով և ուրախություն գտնենք մեր ուխտյալ ճանապարհին։

Ես վկայում եմ, որ Աստված ճանաչում է ձեզ։ Նա գիտի ձեր մաքառումներն ու մտահոգությունները։ Նա տեղյակ է Իրեն հավատարմորեն ծառայելու ձեր ցանկության մասին և այո՝ նույնիսկ պատվասիրության մասին։ Թող ձեր ջանքերում Նա առաջնորդի ու օրհնի ձեզ։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Վիլյամ Սմիթ Քլարկը (1826–86) եղել է քիմիայի, բուսաբանության և կենդանաբանության պրոֆեսոր և Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ ծառայել է որպես գնդապետ։ Նա եղել է գյուղատնտեսական կրթության ղեկավար և Մասաչուսեթսի գյուղատնտեսական համալսարանի նախագահը։ (Տես «William S. Clark», wikipedia.com։)

  2. Արձանը գտնվում է Սապորո Հիթսուջիգաոկայի դիտորդական բլրի վրա։

  3. Վիլյամ Ս. Քլարկը Էնն Բ. Այրիշի՝ Hokkaido: A History of Ethnic Transition and Development on Japan’s Northern Island գրքում (2009), 156։

  4. Ալմա 36.3, 37.35, 37

  5. Ալմա 36.20