Տեր Հիսուս Քրիստոսը մեզ սովորեցնում է աղոթել
Դուք իսկապես աղոթո՞ւմ եք աղոթելու ժամանակ, թե պարզապես աղոթք եք ասում։
1977 թվականին ես ծառայում էի լիաժամկետ միսիայում Կուսկոյում (Պերու)։ Ես և զուգընկերս հավանություն ստացանք Կուսկոյի գոտու բոլոր միսիոներներին տանելու փառահեղ Մաչու Փիքչու ավերակներ։
Ավերակներ կատարած մեր այցելության ավարտին միսիոներներից մի քանիսը ցանկացան գնալ Ինկաների կամուրջ, որը լեռնային արահետի մի մաս էր։ Ես անմիջապես սրտումս զգացի, որ Հոգին դրդում էր ինձ չգնալ այնտեղ։ Արահետը գտնվում էր մի սարի կողքի հատվածում, որտեղ զառիթափ տարածությունների խորությունը հասնում էր 610 մետրի։ Մի քանի տեղ արահետի լայնությունը միայն բավական էր մեկ առ մեկ անցնելու համար։ Ես և զուգընկերս ասացինք նրանց, որ մենք չպետք է գնանք Ինկաների կամուրջ։
Այնումենայնիվ, միսիոներները պնդեցին, որ գնանք։ Աղերսանքները դարձան ավելի ուժգին, և չնայած Հոգուց ստացած զգացողությանը,, ես զիջեցի իմ հասակակիցների ճնշմանը և ասացի, որ կայցելենք կամուրջը, միայն եթե շատ զգույշ լինենք։
Մենք ճամփա ընկանք Ինկաների կամուրջը տանող արահետով. ես գնում էի խմբի վերջից, իսկ սկզբում բոլորը քայլում էին դանդաղ, ինչպես պայմանավորվել էինք։ Հետո միսիոներները սկսեցին շատ արագ քայլել և նույնիսկ վազել։ Նրանք անտեսեցին ընթացքը դանդաղեցնելու իմ խնդրանքը։ Ես պարտավորված զգացի հասնել նրանց ու ասել, որ մենք պետք է ետ դառնանք։ Ես նրանցից շատ էի հետ մնացել և պիտի արագ վազեի, որ հասնեի։
Երբ ես հասա շրջադարձին` մի չափազանց նեղ անցումի, որը հնարավոր չէր անցնել երկուսով, ես գտա մի միսիոների, ով անշարժ կանգնած էր՝ մեջքով ժայռերին հենված։ Ես հարցրի նրան, թե ինչու էր կանգնած այնտեղ։ Նա ասաց, որ ներքուստ զգացել էր, որ պետք է մի պահ մնար այդ վայրում, իսկ ես պիտի շտապեի։
Ես զգացի, որ անհրաժեշտ է հասնել նրանց, ովքեր մեզանից առաջ էին, ուստի նա օգնեց ինձ շրջանցնել իրեն, և ես կարողացա արահետով մի փոքր առաջ ընթանալ։ Ես նկատեցի, որ հողաշերտը լի էր բուսականությամբ։ Ապա ոտքս դրեցի հողաշերտի վրա, և ընկնելիս հասկացա, որ բուսականության տակ հողաշերտը չկար։ Ես հուսահատ բռնվեցի արահետի տակ գտնվող մի քանի ճյուղերից։ Մի պահ ներքև նայեցի ու տեսա մոտ 600 մետր խորության վրա գտնվող Ուրուբամբա գետը, որը հատում է Ինկաների Սրբազան հովիտը։ Այնպես էի զգում, կարծես ուժերս լքել էին ինձ և ընդամենը ժամանակի հարց էր, մինչև ես այլևս չէի կարողանա պահել ինձ։ Այդ պահին ես մի կարճ, թախանձագին աղոթք ասացի. «Հայր, օգնի՜ր ինձ»։
Ճյուղերը բավականաչափ ամուր չէին իմ մարմնի քաշը պահելու համար։ Ես գիտեի, որ վերջը մոտ էր։ Հենց այդ պահին, երբ պիտի ընկնեի, ես զգացի մի ամուր ձեռք, որը բռնեց իմ ձեռքից և վերև քաշեց ինձ։ Այդ օգնությամբ ես կարողացա շարունակել պայքարը և վերադառնալ արահետ։ Այդ ետ մնացած միսիոները նա էր, ով փրկեց ինձ։
Բայց իրականում մեր Երկնային Հայրը փրկեց ինձ։ Նա լսեց իմ ձայնը։ Դրանից առաջ ես երեք անգամ լսել էի Հոգու ձայնը, որը պատվիրեց ինձ չգնալ Ինկաների կամուրջ, բայց ես չհնազանդվեցի։ Ես ցնցված էի, գունատ և չգիտեի ինչ ասել։ Ապա հիշեցի, որ մյուս միսիոներները մեզանից առաջ էին, ուստի փնտրեցինք, գտանք նրանց և պատմեցինք, թե ինչ էր պատահել ինձ հետ։
Մենք վերադարձանք Մաչու Փիքչու մեծ զգուշությամբ և լուռ։ Վերադարձինես լուռ էի, և գլխումս մի միտք ծագեց, որ Նա ուշադրություն էր դարձրել իմ ձայնին, իսկ ես անտարբեր էի մնացել Նրա ձայնի հանդեպ։ Սրտումս խորը ցավ կար Նրա ձայնին չհնազանդվելու պատճառով և միաժամանակ՝ խորը երախտագիտություն Նրա ողորմածության համար։ Նա չկիրառեց Իր արդարադատությունը իմ վրա, սակայն Իր մեծ ողորմածությամբ Նա փրկեց իմ կյանքը (տես Ալմա 26.20):
Օրվա վերջում, իմ անձնական աղոթքի պահին ես սրտանց աղոթեցի «գթութիւնների [Հորը] եւ ամեն մխիթարութեան Աստ[ծուն]» (Բ Կորնթացիս 1.3)։ Ես աղոթեցի «մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս» (Մորոնի 10.4)։
Նույն օրը առավոտյան ես աղոթել էի իմ շրթունքներով, իսկ երբ մոտ էի կործանման, ես սրտանց աղոթեցի Նրան։ Ես խորհեցի մինչև այդ պահը ապրած իմ կյանքի մասին։ Ես հասկացա, որ շատ դեպքերում մեր Երկնային Հայրը այնքան ողորմած էր եղել իմ հանդեպ։ Այդ օրը՝ Մաչու Փիքչուում և Կուսկոյում Նա ինձ շատ դասեր ուսուցանեց։ Ամենամեծ դասերից մեկն այն էր, որ ես պետք է միշտ, միշտ աղոթեմ «մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք [գործադրելով] առ Քրիստոս»։
Մի առիթով Տեր Հիսուս Քրիստոսը «մի տեղ աղօթք էր անում», և «երբ որ դադարեց, իր աշակերտներից մէկն ասեց նորան. Տէ՛ր, սովորեցրու մեզ աղօթք անելը» (Ղուկաս 11.1)։ Ապա Նա Իր աշակերտներին աղոթել սովորեցրեց։ Եվ այսօր Նա ինձ և ձեզ սովորեցնում է աղոթել, երբ մեր մտքում մենք տեսնում ենք Նրան Գեթսեմանում աղոթելիս և ասելիս. «Սակայն ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի» (Ղուկաս 22.42)։ Երբ դուք աղոթում եք, արդյո՞ք իսկապես ուզում եք, որ «ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի»։
Պողոսը նկարագրում է` ինչպես է աղոթել Հիսուսը «իր մարմնի օրերումը», հատկապես Գեթսեմանում. «[Երբ] աղօթք եւ աղաչանք սաստիկ աղաղակով եւ արտասուքով մատուցանում էր նորան որ կարող էր ազատել նորան մահից. եւ լսուեցաւ իր բարեպաշտութեան համար» (Եբրայեցիս 5.7)։ Երբ դուք աղոթում եք, իսկապես աղոթո՞ւմ եք աղոթելու ժամանակ, թե պարզապես աղոթք եք ասում։ Արդյո՞ք մակերեսային եք վերաբերվում ձեր աղոթքներին։
Հիսուսը թախանձագին աղոթեց և խոսեց Իր Հոր հետ։ «Երբոր Յիսուսն էլ մկրտուեցաւ՝ եւ աղօթք էր անում, երկինքը բացուեցաւ» (Ղուկաս 3.21)։ Երբ դուք աղոթում եք, զգո՞ւմ եք, որ կարծես երկինքը բացվում է։ Ե՞րբ եք վերջին անգամ զգացել այդ կապը երկնքի հետ։
Հիսուսը նախապատրաստվեց կարևոր որոշումներ կայացնելու` աղոթելով Իր Հորը։
«[Նա] ելաւ սարը աղօթք անելու, եւ բոլոր գիշերն անցրեց աղօթք անելով դէպի Աստուած։
«Եւ երբոր առաւօտ եղաւ, կանչեց իր աշակերտները, եւ ընտրեց նորանցից տասնեւերկուսին» (Ղուկաս 6.12–13()։
Դուք նախապատրաստվո՞ւմ եք կայացնելու կարևոր որոշումներ` աղոթելով ձեր Երկնային Հորը։ Դուք նախապատրաստվո՞ւմ եք աղոթքի համար։
Երբ Հիսուսը եկավ Ամերիկյան մայրցամաք, Նա մարդկանց սովորեցրեց աղոթել. «Եվ Հիսուսն ասաց նրանց. Շարունակե՛ք աղոթել, չնայած նրանք չէին դադարել աղոթելը» (3 Նեփի 19.26)։
Հիսուսը հրավիրում է մեզ «միշտ աղոթ[ել]» (ՎևՈւ 10.5)։ Հիսուսը գիտի, որ մեր Երկնային Հայրը լսում և տալիս է այն, ինչըլավագույնն է մեզ համար: Ինչո՞ւ է պատահում այնպես, որ մենք երբեմն չենք ուզում ստանալ։ Ինչո՞ւ։
Այդ նույն պահին մենք ասում ենք. «Հայր, որ երկնքում ես», Նա լսում է մեր աղոթքները և զգայուն է մեր և մեր կարիքների հանդեպ։ Եվ այսպիսով, այժմ Նրա աչքերն ու ականջները կապված են ձեր հետ։ Նա կարդում է մեր մտքերը, և Նա զգում է մեր սրտերը։ Դուք չեք կարող Նրանից որևէ բան թաքցնել։ Այժմ, հրաշալին այն է, որ Նա կտեսնի ձեզ սիրո ու ողորմության աչքերով, սեր ու ողորմություն, որոնք մենք չենք կարող լիովին հասկանալ։ Այնուամենայնիվ, սերն ու ողորմությունը գալիս է Նրանից հենց նույն պահին, երբ ասում եք. «Հայր, որ երկնքում ես»։
Այսպիսով, աղոթքի պահը շատ, շատ սրբազան է։ Նա չի ասում. «Ոչ, ես քեզ հիմա չեմ լսի, որովհետև դու գալիս ես ինձ մոտ, երբ դժբախտության մեջ ես»։ Միայն մարդիկ են այդպես վարվում ։ Նա չի ասում . «O, դու չես պատկերացնում, թե ինչքան զբաղված եմ հիմա»։ Միայն մարդիկ են ասում այդպես։
Իմ հույսն ու իմ աղոթքն է, որ մենք բոլորս աղոթենք, ինչպես Հիսուսն է սովորեցրել մեզ աղոթել։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, Ամեն։