Բժշկող Տերը
Դուք չպիտի միայնակ տանեք մեղքի պատճառած վիշտը, ուրիշների արարքների պատճառով առաջացած ցավը կամ մահկանացու կյանքի ցավալի իրողությունները:
Ինձ ամենապարգևատրող հնարավորություններից մեկը ճանապարհորդելն է ամբողջ աշխարհում, որպեսզի սովորեմ իմ քույրերից: Չկա ավելի լավ բան, քան ձեզ հետ ձեռք ձեռքի, դեմ առ դեմ և սիրտ սրտի լինելուց:
Այդպիսի փորձառություններից մեկի ժամանակ Սփոփող Միության ղեկավարը հարցրեց. «Կա՞ արդյոք մի առանձնահատուկ բան, որի վրա կանայք պիտի կենտրոնանան»:
Ես պատասխանեցի «Այո», քանի որ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Մի կարևոր խնդրանք իմ քույրերին» ելույթը մնացել էր իմ մտքում: Նախագահ Նելսոնն ուսուցանել է. «Մենք կարիք ունենք կանանց, ովքեր հիմնավոր հասկացողություն ունեն Քրիստոսի վարդապետության վերաբերյալ»:
Նեփին նկարագրել է Քրիստոսի վարդապետությունը հետևյալ կերպ:«Քանզի դուռը, որով դուք պիտի մտնեք ապաշխարությունը և ջրով մկրտությունն է, և ապա գալիս է ձեր մեղքերի թողությունը կրակով և Սուրբ Հոգով : …
«Եվ այժմ … ես կհարցնեի, թե արդյո՞ք ամեն ինչ արված է: Ահա, ես ասում եմ ձեզ՝ ոչ, քանզի դուք չէիք գա այսքան հեռու, եթե դա չլիներ Քրիստոսի խոսքով և անխախտ հավատքով նրա հանդեպ, ամբողջովին ապավինելով նրա արժանիքներին, որը հզոր է փրկելիս:
Ուստի, դուք պետք է առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ: Ոստի, եթե դուք առաջ մղվեք, սնվելով Քրիստոսի խոսքով և համբերեք մինչև վերջ, ահա, այսպես է ասում Հայրը, դուք կունենաք հավերժական կյանք:
… Սա է ճանապարհը, և չկա ոչ մի այլ ճանապարհ, ոչ էլ անուն երկնքի տակ տրված, որով մարդ կարողանա փրկվել Աստծո արքայությունում: Եվ այժմ, ահա, սա է Քրիստոսի վարդապետությունը»:
Մենք ինչո՞ւ պիտի հիմնավոր հասկացողություն ունենանք այս սկզբունքների մասին:
Ես հաճախ հանդիպում եմ Վերջին Օրերի Սուրբ կանանց, ովքեր հուսահատ օգնություն են փնտրում, սակայն նրանք չեն դիմում Նրան, ով կարող է տալ հավիտենական օգնություն: Շատ հաճախ նրանք ձգտում են հասկացողության՝ հետազոտելով «մեծ ու ընդարձակ շենքում»:
Երբ մեծացնենք Քրիստոսի վարդապետության մեր ըմբռնումը, մենք շուտով կհայտնաբերենք, որ զարգացնում ենք ավելի խորը հասկացողություն«երջանկության մեծ ծրագրի» վերաբերյալ: Մենք նաև կճանաչենք, որ ծրագրի հենց սրտում մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսն է:
Երբ մենք սովորում ենք, թե ինչպես կիրառել Քրիստոսի վարդապետությունը մեր անձնական հանգամանքներում, մեր սերը մեր Փրկիչի հանդեպ աճում է: Եվ մենք ընդունում ենք, որ «անկախ մեր միջև զգալի տարբերություններից, մենք բոլորս նույն անսահման Քավության կարիքն ունենք»: Մենք գիտակցում ենք, որ Նա է մեր հիմքը. «մեր Քավիչի վեմը, …որը հաստատուն հիմք է, … որի վրա, եթե [մենք] կառուցենք, [մենք] չենք ընկնի»:
Ինչպե՞ս կարող է այս վարդապետությունը օրհնել մեզ, երբ մենք ձգտենք խաղաղության և հասկացողության ու ջանանք համբերել ուրախությամբ մեր մահկանացու կյանքի առանձնահատուկ ճամփորդություններում:
Կարո՞ղ եմ առաջարկել, որ մենք սկսենք, ինչպես Նեփին է ասում` «անխախտ հավատքով նրա հանդեպ, ամբողջովին ապավինելով նրան, որը հզոր է փրկելիս»: Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը հնարավորություն է տալիս մեզ դիմակայել ցանկացած մարտահրավերի:
Մենք հաճախ, փաստորեն, գտնում ենք, որ մեր հավատքը խորացել է և մեր փոխհարաբերությունը Երկնային Հոր ու Նրա Որդու հետ մաքրվել է ձախորդության ընթացքում: Թույլ տվեք կիսվել երեք օրինակով:
Առաջինը` Բժշկող Տերը զորություն ունի փոխելու մեր սրտերը և տալու մեզ մշտական սփոփանք մեր իսկ մեղքի պատճառած վշտից: Երբ Փրկիչը ջրհորի մոտ ուսուցանեց սամարացի կնոջը, Նա գիտեր նրա լուրջ մեղքերի մասին: Սակայն «Տերը նայում է սրտին», և Նա գիտեր, որ կինն ուներ հոժարակամ սիրտ:
Երբ կինը եկավ ջրհորի մոտ, Հիսուսը՝ կենդանի ջրի մարմնավորումը, պարզապես ասաց. «Ինձ ջուր տուր խմեմ»: Մեր Փրկիչը նույն ձևով կխոսի մեզ հետ մի ձայնով, որը մենք ճանաչում ենք, երբ գալիս ենք նրա մոտ, քանի որ Նա գիտի մեզ: Նա հանդիպում է մեզ այնտեղ, որտեղ մենք ենք: Եվ այն պատճառով, թե ով է Նա, և ինչ է Նա արել մեզ համար, Նա հասկանում է մեզ: Որովհետև Նա զգացել է մեր ցավը, Նա կարող է մեզ տալ կենդանի ջուր, երբ մենք որոնում ենք այն: Նա սովորեցրեց այդ սամարացի կնոջը, երբ Նա ասաց. «Եթէ Աստուծոյ պարգևը գիտենայիր, եւ թէ ով է նա, որ քեզ ասում է, թե Տուր ինձ խմել, ապա դու նորանից կխնդրէիր, եւ նա կենդանի ջուր կտար քեզ»: Ի վերջո հասկանալով, կինը պատասխանեց հավատքով և խնդրեց. «Տէր, տուր ինձ այն ջուրը, որ չծարաւիմ:»
Փրկիչի հետ այս փորձառությունն ունենալուց հետո սամարացի կինը «իր կուժը թողեց, եւ գնաց քաղաք, եւ մարդկանց ասեց.
«Եկէք տեսէք մի մարդ, որ ինձ ասեց բոլորը ինչ որ գործել եմ, արդեօք նա՞ է Քրիստոսը»:
Նա ստացել էր վկայություն, նա սկսել էր ճաշակել կենդանի ջրից և կամեցավ վկայել ուրիշներին Նրա աստվածայնության մասին:
Երբ մենք գալիս ենք Նրա մոտ խոնարհ և հոժարակամ սրտով, նույնիսկ, եթե մեր սրտերը ծանրացել են սխալներից, մեղքերից և օրինազանցություններից, Նա կարող է փոխել մեզ, «քանզի նա հզոր է փրկելիս»: Եվ փոխված սրտերով, մենք կարող ենք սամարացի կնոջ նման գնալ մեր քաղաքները, տները, դպրոցները և աշխատավայրները՝ վկայելու Նրա մասին:
Երկրորդը՝ Բժշկող Տերը կարող է սփոփել և զորացնել մեզ, երբ մենք ցավ ենք զգում ուրիշների անարդար արարքների պատճառով: Ես շատ զրույցներ եմ ունեցել կանանց հետ, ովքեր ծանր բեռների տակ կքված են եղել: Նրանք տառապում են խախտված ուխտերի, կոտրված սրտերի և կորած վստահության պատճառով: Շատերը շնության և խոսքի, սեռական և զգացմունքային բռնության զոհեր են, հաճախ՝ ուրիշ մարդկանց կախվածությունների արդյունքում:
Այս փորձառությունները, չնայած ոչ իրենց սեփական մեղքով, թողել են հանցանքի և ամոթի շատ զգացումներ: Չհասկանալով, թե ինչպես կառավարել ուժեղ հույզերը, որոնք իրենք զգում են, շատերը փորձում են թաղել դրանք ավելի խորը՝ ճնշելով դրանք իրենց ներսում:
Հույսը և բժշկությունը չեն գտնվում գաղտնիության խավար անդունդում, այլ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի լույսի և սիրո մեջ: Երեց Ռիչարդ Գ. Սքոթը խորհուրդ է տվել. «Եթե դուք ինքներդ զերծ եք լուրջ մեղքից, զուր մի տառապեք ուրիշի մեղքերի հետևանքի համար … Դուք գուցե կարեկցանք զգաք … սակայն դուք չպետք է ձեզ վրա վերցնեք պատասխանատվության զգացում: Երբ դուք անեք այն ամենը, ինչ խելամիտ է՝ օգնելու նրան, ում դուք սիրում եք, դրեք բեռը Փրկիչի ոտքերի մոտ … Երբ այդպես վարվեք, դուք ոչ միայն խաղաղություն կգտնեք, այլև ցույց կտաք ձեր հավատքը Փրկիչի զորության հանդեպ, ձեր սիրելի մարդուց մեղքի բեռը վերցնելով` նրա ապաշխարության և հնազանդության միջոցով»:
Նա շարունակում է.«Լիակատար բժշկությունը կգա առ Հիսուս Քրիստոս ձեր հավատքի և Նրա զորությամբ և կարողությամբ՝ Իր Քավության միջոցով, բժշկելով այն սպիները, որոնք անարդար են և անարժան:»
Քույրեր, եթե դուք հայտնվեք այս իրավիճակում, բժշկումը կարող է լինել երկարատև գործընթաց: Կպահանջվի, որ դուք աղոթքով առաջնորդություն և համապատասխան օգնություն որոնեք, ներառյալ՝ խորհրդատվություն պատշաճ ձեռնադրված քահանայություն կրողներից: Երբ սովորեք անկեղծ հաղորդակցվել, դրեք համապատասխան սահմաններ և գուցե փնտրեք մասնագիտական խորհրդատվություն: Այդ գործընթացում հոգևոր առողջության պահպանումը էական է: Հիշեք ձեր աստվածային ինքնությունը՝ դուք Երկնային Ծնողների սիրելի դուստրն եք: Վստահեք ձեզ համար ունեցած ձեր Հոր հավերժական ծրագրին: Ամեն օր շարունակեք մեծացնել ձեր հասկացողությունը Հիսուս Քրիստոսի վարդապետության վերաբերյալ: Ամեն օր գործադրեք հավատք, որպեսզի խորությամբ խմեք Փրկիչի ջրհորի կենդանի ջրից: Ապավինեք օժտման զորությանը, որը հնարավոր է դառնում մեզանից յուրաքանչյուրի համար՝ արարողությունների և ուխտերի միջոցով: Եվ թույլ տվեք Փրկիչի բժշկող զորությունը և Նրա Քավությունը մտնի ձեր կյանք:
Երրորդը՝ Բժշկող Տերը կարող է սփոփել և հաստատել մեզ, երբ մենք տանում ենք «մահկանացու կյանքի ցավալի իրողություններ, ինչպես օրինակ` աղետ, մտավոր տկարություն, հիվանդություն, խրոնիկ ցավ և մահ: Ես վերջերս ծանոթացա Ջոզի անունով մի հիանալի երիտասարդ կնոջ հետ, ով տառապում է երկբևեռ խանգարումից: Ահա մի փոքրիկ պատմություն դեպի ապաքինում նրա ուղևորությունից, որով նա կիսվեց ինձ հետ:
«Խավարի վատթարագույն օրերը ես և իմ ընտանիքը համարում էինք «հատակի օրեր»: Այն սկսվում է զգայական գերբեռնվածությամբ, սուր զգայունակությամբ և ամեն տեսակի ձայնի կամ լույսի հակազդեցությամբ: Դա մտավոր տանջանքի գագաթնակետն է: Հատկապես մի օրը ես երբեք չեմ մոռանա:
Դա հիվանդության սկզբնական շրջանում էր և դեպքը դարձավ հատկապես երկյուղալի: Երբ շնչահեղձ էի լինում, ես հիշում եմ հեկեկոց, դեմքիս վրայով հոսող արցունքներ: Բայց նույնիսկ այդպիսի ուժեղ տառապանքը խամրում էր այն ցավի համեմատությամբ, որը հետևում էր, երբ ես նկատում էի, որ խուճապը համակում էր մայրիկիս, ով այնպես հուսահատորեն փորձում էր ինձ օգնել:
Իմ խախտված մտքի հետ եկավ նրա կոտրված սիրտը: Բայց մենք քիչ բան գիտեինք, որ չնայած խորացող խավարին, մի հզոր հրաշք զգալուց մեզ ուղղակի մի քանի պահ էր բաժանում:
Մինչ դա շարունակվում էր մի երկար ժամ՝ մայրս կրկին ու կրկին շշնջում էր. «Ես կանեի ամեն բան՝ քեզանից սա վերցնելու համար»:
Այդ ընթացքում խավարը խտանում էր, և երբ ես համոզվեցի, որ այլևս չեմ դիմանում, հենց այդ ժամանակ ինչ-որ սքանչելի բան տեղի ունեցավ:
Մշտագո և հրաշալի մի ուժ հանկարծակի պարուրեց իմ մարմինը: Ապա «իմ սեփական ուժից վեր մի ուժով», ես հայտարարեցի մայրիկիս մեծ համոզվածությամբ կյանքը փոխող յոթ խոսքեր՝ ի պատասխան իմ ցավը վերցնելու նրա կրկնվող ցանկությանը: Ես ասացի. «Պետք չէ որ դու անես դա, ինչ-որ Մեկն արդեն արել է:»
Թուլացնող մտավոր հիվանդության խավար անդունդից Ջոզին ուժ հավաքեց՝ վկայելու Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին:
Այդ օրը նա լիովին չբժշկվեց, բայց ստացավ հույսի լույսը ուժգնացած խավարի պահին: Եվ այսօր, հենվելով Քրիստոսի վարդապետության հիմնավոր ըմբռնման վրա և ամեն օր թարմանալով Փրկիչի կենդանի ջրով, Ջոզին շարունակում է իր ուղևորությունը դեպի ապաքինում և գործադրում է անսասան հավատք Բժշկող Տիրոջ հանդեպ: Նա իր ճանապարհին օգնում է ուրիշներին: Եվ նա ասում է. «Երբ խավարը թվում էմշտական , ես ապավինում եմ Նրա գորովագութ ողորմություններին: Դրանք ծառայում են որպես առաջնորդող լույսեր, երբ ես նավարկում եմ դժվար ժամանակների միջով:»
Քույրեր, ես վկայում եմ, որ—
Դուք չպետք է շարունակեք կրել մեղքից առաջացած վշտի բեռը —միայնակ:
Դուք չպետք է կրեք ուրիշների անարդար գործերից առաջացրած ցավը —միայնակ:
Դուք չպետք է տանեք մահկանացու կյանքի ցավալի իրողությունները— միայնակ:
Փրկիչն աղերսում է.
«Այժմ չե՞ք վերադառնա ինձ մոտ և ապաշխարեք ձեր մեղքերից և դարձի չե՞ք գա, որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ:
… Եթե դուք գաք ինձ մոտ, դուք կունենաք հավերժական կյանք: Ահա, իմ ողորմության բազուկը մեկնված է դեպի ձեզ, և ով որ գա, … ես կընդունեմ»:
« [Նա] կանի ամեն բան՝ ձեզանից սա վերցնելու համար:» Փաստորեն [Նա] «արդեն արել է»: Հիսուս Քրիստոսի՝ Բժշկող Տիրոջ անունով, ամեն: