Ավետարանի լույսը իմ տուն կբերեմ
Մենք կարող ենք ավետարանի լույսը բերել մեր տուն, մեր դպրոց կամ աշխատավայր վայր, եթե ուրիշների մեջ լավը փնտրենք և նրանց մասին դրական մտքերով կիսվենք:
Ի պատասխան ապրիլի գերագույն համաժողովի ժամանակ Քույր Լինդա Ք. Բըրթընի հղած հրավերի, ձեզանից շատերը ներգրավվեցին գթության բարի ու մեծահոգի ծառայության մեջ` կենտրոնանալով ձեր տեղական տարածքներում փախստականների կարիքները հոգալու վրա: Մարդկանց անհատապես օգնելու ձեր ջանքերից մինչև համայնքներում ավելի մեծ ծրագրերին մասնակցելը հանդիսանում է ուրիշների նկատմամբ ձեր ունեցած սիրո արդյունքը: Երբ դուք կիսվեցիք ձեր ժամանակով, տաղանդներով ու միջոցներով, ձեր և փախստականների սրտերը թեթևացան: Տվողի և ստացողի միջև հույսի ու հավատքի, նույնիսկ ավելի մեծ սիրո ձևավորումը հանդիսանում է իսկական գթության անխուսափելի արդյունքը:
Մարգարե Մորոնին մեզ ասում է, որ գթությունն անհրաժեշտ հատկանիշ է նրանց համար, ովքեր ապրելու են Երկնային Հոր հետ սելեստիալ արքայությունում: Նա գրում է. «Եթե դուք չունենաք գթություն, դուք ոչ մի կերպ չեք կարող փրկվել Աստծո արքայությունում»:
Իհարկե, Հիսուս Քրիստոսը հանդիսանում է գթության կատարյալ մարմնավորում: Նախաերկրային կյանքում մեր Փրկիչը լինելու Նրա առաջարկը, մահկանացու կյանքի ընթացքում Նրա գործողությունները, Քավության Նրա աստվածային պարգևը և մեզ մեր Երկնային Հոր մոտ վերադարձնելու Նրա շարունակական ջանքերը հանդիսանում են գթության մեծագույն դրսևորումներ: Նրա գործողության կիզակետում կա մի բան` սերը Իր Հոր հանդեպ, որը դրսևորվում է մեզանից յուրաքանչյուրի հանդեպ տածած Իր սիրով: Երբ Նրան հարցրեցին, թե որն է ամենամեծ պատվիրանը, Հիսուսը պատասխանեց.
«Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը և քո բոլոր մտքովը:
Սա է առաջին և մեծ պատուիրանքը:
Երկրորդն էլ սորան նման. սիրիր քո ընկերին քո անձի պէս»:
Մեր մերձավորի հանդեպ սեր զարգացնելու և ցուցաբերելու ամենաիմաստալից եղանակներից մեկը մեր մտքում և խոսքում մեծահոգի լինելն է: Մի քանի տարի առաջ սիրելի ընկերներիցս մեկը նշեց. «Դատապարտելուց խուսափելը կարող է լինել գթության ամենահրաշալի ձևը»: Սա ճիշտ է նաև այսօր:
Վերջերս երեք տարեկան Ալիսան, իր քույրերի ու եղբայրների հետ ֆիլմ դիտելիս, զարմացած հայացքով ասաց. «Մայրի՛կ, այդ հավը տարօրինակ է թվում»:
Նրա մայրը նայեց էկրանին ու ժպիտով պատասխանեց. «Սիրելիս, դա սիրամարգ է»:
Այդ անգիտակ երեք տարեկան փոքրիկի նման, մենք երբեմն նայում ենք ուրիշներին` չունենալով լիարժեք կամ ճշգրիտ ըմբռնում նրանց մասին: Մենք կարող ենք կենտրոնանալ մեր շրջապատում գտնվող մարդկանց տարբարությունների ու նրանց թերությունների վրա, մինչդեռ մեր Երկնային Հայրն Իր հավերժական պատկերով ստեղծված զավակներին տեսնում է հրաշալի ու փառահեղ ներուժով օժտված:
Ինչ-որ մեկը հիշում է, որ Նախագահ Ջեյմս Է. Ֆաուստն ասել է. «Որքան մեծանում եմ, այնքան ավելի քիչ եմ դատում»: Դա ինձ հիշեցնում է Պողոս Առաքյալի ուսմունքների մասին.
«Երբոր երեխայ էի` երեխայի պէս էի խօսում, երեխայի պէս էի մտածում, երեխայի պէս էի համարում. բայց երբոր [մեծացա], այն երեխայութեան բաները խափանեցի:
Որովհետև հիմա հայելու մէջ օրինակով ենք տեսնում, բայց այն ժամանակ դէմառդէմ. հիմա փոքր ի շատէ եմ տեղյակ, բայց այն ժամանակն այնպէս կգիտենամ` ինչպէս գիտուեցած եմ»:
Երբ մենք ավելի հստակ տեսնենք մեր թերությունները, ավելի քիչ հակված կլինենք ուրիշներին «հայելու մէջ օրինակով» տեսնել: Մենք կկամենանք օգտագործել ավետարանի լույսը, որպեսզի ուրիշներին տեսնենք այնպես, ինչպես Փրկիչն է տեսնում` կարեկցանքով, հույսով ու գթությամբ: Կգա օրը, երբ մենք կատարելապես կըմբռնենք այն, թե նրանք ինչ են զգացել ու մտածել, և երախտապարտ կլինենք, երբ ողորմածություն ցուցաբերեն մեր նկատմամբ, հենց այնպես, ինչպես մենք ենք այս կյանքի ընթացքում գթառատ մտքեր ու խոսքեր հղել ուրիշներին:
Մի քանի տարի առաջ մի խումբ երիտասարդ կանանց հետ ես նավարկության գնացի: Մուգ կապույտ լճերը, շրջապատված ծառաշատ բլուրներով ու քարքարոտ լեռներով, աննկարագրելիորեն գեղեցիկ էին: Ջուրն իր մեջ արտացոլում էր արևի շողերը, երբ մենք թիավարում էինք, իսկ արևը ջերմությամբ փայլում էր, մինչ մենք հանգիստ առաջ էինք ընթանում լճի երկայնքով:
Այնուամենայնիվ, շուտով ամպերը ծածկեցին երկինքը, և ուժեղ քամի բարձրացավ: Առաջ ընթանալու համար մենք պետք է թիակներն ավելի խորը ընկղմեինք ջրի մեջ և առաջանայինք առանց կանգ առնելու: Ֆիզիկապես ծանր ջանքեր գործադրելուց մի քանի հոգնեցուցիչ ժամ անց մենք վերջապես հասանք մեծ լճի մի հատվածի և, ի զարմանս և ուրախություն մեզ, պարզեցինք, որ քամին փչում էր այն ուղղությամբ, ուր մենք ուզում էինք գնալ:
Մենք շատ արագ օգտվեցինք այս հնարավորությունից: Մենք մի փոքր անջրանցիկ բրեզենտ հանեցինք ու դրա երկու ծայրերը կապեցինք թիակների կոթերից, իսկ մյուս ծայրերը` իմ ամուսնու ոտքերից, որոնք նա տարածեց նավի եզրերով: Քամին առաջնորդում էր ինքնաշեն առագաստը, և մենք արագ առաջ գնացինք:
Երբ մյուս նավերում գտնվող երիտասարդ կանայք տեսան, թե մենք ինչպես էինք հեշտությամբ առաջ ընթանում, շուտով իրենք ևս հնարեցին իրենց առագաստները: Մեր սրտերը թեթևացան, լցվելով ուրախաությամբ, հանգստությամբ և երախտագիտությամբ, որ հաղթահարեցինք օրվա դժվարությունը:
Ընկերոջ հաճոյախոսությունը, ծնողի ուրախ ողջույնը, քրոջ կամ եղբոր հավանություն տվող շարժումը, աշխատակցի կամ դասընկերոջ աջակցող ժպիտը կարող են լինել այդ հրաշալի քամին, որոնք այդ քամու նման «առաջ են մղում մեր առագաստները», երբ մենք պայքարում ենք մեր կյանքի դժվարությունների դեմ: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Մենք չենք կարող հրամայել քամուն, բայց կարող ենք հարմարեցնել առագաստները: Առավելագույն երջանկության, խաղաղության ու բավարարվածության համար թող որ մենք ընտրենք դրական վերաբերմունքը»:
Բառերը մարդկանց և՛ բարձրացնելու, և՛ նվաստացնելու զարմանալի զորություն ունեն: Հավանաբար մեզանից բոլորը կարող են հիշել վատ բառեր, որոնք մեզ հուսահատության են մատնել, և սիրով ասված այլ բառեր, որոնց շնորհիվ մեր հոգին սավառնել է երկնքում: Ընտրել միայն դրական բաները, որ ասում ենք ուրիշներին, բարձրացնում ու ամրացնում է մեր շրջապատում գտնվողներին և օգնում է նրանց քայլել Քրիստոսի հետքերով:
Երբ հաճախում էի երեխաների խումբ, ջանասիրաբար ասեղնագործում էի մի հասարակ խոսք, որն ասում էր. «Ավետարանի լույսը իմ տուն կբերեմ»: Մի օր կեսօրին մենք՝ երեխաների խմբի աղջիկներս, ասեղնագործում էինք կտորի վրա, երբ մեր ուսուցիչը մեզ մի պատմություն պատմեց մի աղջկա մասին, ով ապրում էր բլուրի մյուս կողմում` հովիտում: Ամեն օր կեսօրից հետո հովիտի հակառակ կողմում` բլուրի վրա, նա տեսնում էր մի տուն, որն ուներ փայլող, ոսկե պատուհաններ: Նրա տունը փոքր էր ու մի քիչ հին, իսկ աղջիկը երազում էր ապրել այդ գեղեցիկ տան մեջ, որն ուներ ոսկե պատուհաններ:
Մի օր այդ աղջկան թույլ տվեցին հովիտում իր հեծանիվը քշել: Նա անհամբերությամբ քշեց այն, մինչև հասավ ոսկե պատուհաններով տանը, որով նա այդքան ժամանակ հիացել էր: Բայց երբ նա իջավ հեծանիվից, տեսավ, որ տունը լքված ու խարխլված վիճակում էր, բակում մոլախոտ էր աճել, իսկ պատուհանները սովորական էին ու կեղտոտ: Վշտահար սրտով, աղջիկն իր դեմքը դարձրեց դեպի տուն: Ի զարմանս իրեն՝ նա տեսավ փայլող, ոսկե պատուհաններով մի տուն, որը գտնվում էր բլուրի հակառակ կողմում` հովիտում, և շուտով հասկացավ, որ դա հենց իր տունն է:
Երբեմն, այս երիտասարդ աղջկա նման, մենք նայում ենք, թե ուրիշներն ինչ ունեն կամ ինչպիսին են, և մեզ թվում է, թե մենք ավելի ցածր ենք նրանց համեմատ: Մենք կենտրոնանում ենք Pinterest-ում կամ Instagram-ում ցուցադրված մարդկանց կյանքի վրա կամ ընկնում ենք մեր դպրոցում, աշխատանքային վայրում տիրող մրցակցության մեջ: Այնուամենայնիվ, երբ մի պահ կանգ ենք առնում «[մեր] օրհնությունները հաշվելու [համար]», տեսնում ենք լիարժեք պատկերը և հասկանում ենք Աստծո բարությունն Իր բոլոր զավակների հանդեպ:
Անկախ նրանից մենք 8, թե 108 տարեկան ենք, մենք կարող ենք ավետարանի լույսը մեզ շրջապատող միջավայր բերել, լինի այն Մանհեթենի բարձրահարկ շենքում գտնվող բնակարանում, Փոքր Ասիայի փայտե գերաններով կառուցված տանը, թե Մոնղոլիայի վրաններից մեկում: Մենք կարող ենք ընտրել տեսնել լավը ուրիշների մեջ, ինչպես նաև մեզ շրջապատող միջավայրում: Երիտասարդ և տարիքով մեծ կանայք ամենուրեք կարող են գթություն ցուցաբերել, երբ ընտրում են օգտագործել այնպիսի բառեր, որոնք վստահություն և հավատք են ներշնչում ուրիշների մեջ:
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը պատմել է մի երիտասարդ տղայի մասին, ում դպրոցական տարիներին դասընկերները ծաղրում էին: Մի քանի տարի անց նա տեղափոխվեց, անցավ զինվորական ծառայության, ստացավ կրթություն և դարձավ Եկեղեցու ակտիվ անդամ: Նրա կյանքի այս ժամանակահատվածն ընդգծվեց հրաշալի ու հաջողություններով լի փորձառություններով:
Մի քանի տարի անց նա վերադարձավ իր հայրենի քաղաքը: Այնուամենայնիվ, մարդիկ չցանկացան ընդունել նրա աճն ու հաջողությունը: Նրանց համար նա դեռ մնացել էր նույն անձնավորությունը, և նրանք նույն կերպ էին վարվում նրա հետ: Վերջապես այս լավ մարդու բոլոր նվաճումները խամրեցին, և նա չկարողացավ օգտագործել իր զարգացրած հրաշալի տաղանդները, որպեսզի օրհներ նրանց, ովքեր կրկին ծաղրեցին ու մերժեցին իրեն: Ինչպիսի՜ կորուստ և՛ իր, և՛ համայնքի համար:
Պետրոս Առաքյալն ուսուցանել է. «Ամենից առաջ սէրը սերտ ունեցէք իրար հետ, որ սէրը ծածկում է մեղքերի շատութիւնը»: Սերը սերտ ունենալ նշանակում է «ի սրտե սիրել», որը հնարավոր է ցուցաբերել ուրիշի սխալներն ու թերությունները մոռանալու, այլ ոչ թե զայրույթով լցվելու կամ ուրիշներին ու մեզ անցյալի անկատարությունների մասին հիշեցնելու միջոցով:
Երբ մենք փորձում ենք ավելի շատ նմանվել մեր Փրկիչին` Հիսուս Քրիստոսին, ապա մեզ համար պարտականություն ու պատիվ է ի սրտե ընդունել յուրաքանչյուր մարդու մեջ տեղի ունեցող կատարելագործումները: Որքան ուրախալի է տեսնել ինչ-որ մեկի երջանկությունը, ով հասկացել է Հիսուս Քրիստոսի Քավությունն ու իրական փոփոխություններ է կատարում իր կյանքում: Միսիոներները, ովքեր զգացել են այն ուրախությունը, որը գալիս է, երբ նորադարձները մտնում են մկրտության ջրերը և այնուհետև տաճարի դռներից ներս, հանդիսանում են այն օրհնության վկաները, որը գալիս է ուրիշներին փոխվելու հնարավորություն և խրախուսանք տալու շնորհիվ: Անդամները, ովքեր ողջունում են այն նորադարձներին, ովքեր կարծես քիչ հավանականություն ունեն գնալու Աստծո արքայություն, մեծ բավականություն են ստանում, երբ օգնում են այդ նորադարձներին զգալ այն սերը, որ Տերն ունի իրենց հանդեպ: Հիսուս Քրիստոսի ավետարանի գեղեցկությունը կայանում է հավերժական առաջընթացի մեջ. մեզ ոչ միայն թույլ են տալիս դառնալ ավելի լավը, այլ խրախուսում և նույնիսկ պատվիրվում են շարունակել բարեփոխվել և ի վերջո կատարելագործվել:
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը խորհուրդ է տվել. «Դուք գթություն եք դրսևորում հարյուրավոր եղանակներով: … [Միմյանց] դատելու [կամ] քննադատելու փոխարեն եկեք ունենանք Քրիստոսի մաքուր սերը կյանքի այս ճանապարհով ճամփորդող մեր ընկերների հանդեպ: Եկեք գիտակցենք, որ յուրաքանչյուրն անում է լավագույնը` իր կարողությունների սահմաններում, ճանապարհին հանդիպող դժվարությունները հաղթահարելու համար, իսկմիմյանց օգնելու համար եկեք անենք այն ամենը, ինչը մեր ուժերի սահմանում է»:
Այն անձնավորությունը, ով գթություն ունի, համբերատար է, բարի ու գոհունակ: Գթությունն ուրիշներին առաջին տեղում է դնում, խոնարհ է, կառավարում է ինքն իրեն, ուրիշների մեջ փնտրում է լավը և ուրախանում է նրանց հաջողություններով:
Որպես Սիոնի քույրեր (և եղբայրներ), արդյո՞ք պարտավորվում ենք «բոլորս միասին ձգտել … անել այն, ինչն ազնիվ է ու մարդկային, որպեսզի ուրախացնենք ու օրհնենք [Փրկիչի] անունով»: Կարո՞ղ ենք արդյոք սիրով ու մեծ հույսերով փնտրել ու ընդունել այլ մարդկանց մեջ եղած գեղեցկությունը` թույլ տալով ու խրախուսելով նրանց առաջընթացը: Կարո՞ղ ենք ուրախանալ ուրիշների նվաճումներով` միաժամանակ աշխատելով մեր սեփական կատարելագործման համար:
Այո՛, մենք կարող ենք ավետարանի լույսը բերել մեր տուն, մեր դպրոց կամ աշխատավայր, եթե ուրիշների մեջ լավը փնտրենք և նրանց մասին դրական մտքերով կիսվենք ու չկենտրոնանանք անկատարությունների վրա: Ինչպիսի երախտագիտությամբ է լցվում սիրտս, երբ մտածում եմ ապաշխարության մասին, որը Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով հասանելի դարձավ բոլորի համար, ովքեր անխուսափելիորեն մեղք են գործել այս անկատար ու երբեմն դժվար աշխարհում:
Ես վկայում եմ, որ եթե հետևենք Նրա կատարյալ օրինակին, մենք կստանանք գթության պարգևը, որն այս կյանքի ընթացքում մեզ մեծ ուրախություն կպարգևի և մեր Երկնային Հոր հետ հավերժական կյանքի խոստացված օրհնությունը կբերի: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: