2010–2019 թթ․
«Մի ընտրյալ տեսանող կբարձրացնեմ ես»
Հոկտեմբեր 2016


12:0

«Մի ընտրյալ տեսանող կբարձրացնեմ ես»

Քանի որ Ջոզեֆը մարգարե էր, ոչ միայն երկնքի պատուհանը, այլ նաև հավերժության դուռն է բաց մեզ համար:

Երբ Մորոնին առաջին անգամ եկավ Ջոզեֆ Սմիթի մոտ, նա զգուշացրեց, որ Ջոզեֆի «անունը` որպես բարի և չար, կիմացվի բոլոր ազգերի մեջ»: Մենք տեսել ենք այդ մարգարեության իրականացումը: Բարու և չարի միջև կռվում Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով ավետարանի վերականգնումը ոգեշնչել է հավատացյալներին, ովքեր հետևում են նրան, ինչպես նաև զայրույթ առաջացրել հակառակորդների մոտ, ովքեր մոլեգնորեն պայքարում են Սիոնի և Ջոզեֆի դեմ: Այս պայքարը նոր չէ: Այն սկսվեց, երբ երիտասարդ Ջոզեֆը ոտք դրեց Սրբազան Պուրակ և այսօր ակնհայտորեն շարունակվում է համացանցում:

Տերն անձամբ է ասել Ջոզեֆ Սմիթին.

«Աշխարհի ծայրերը գիտելիք կփնտրեն քո անվան մասին, և հիմարները կծաղրեն քեզ, և դժոխքը կմոլեգնի քո դեմ.

Մինչդեռ սրտով մաքուրները և իմաստունները և ազնվահոգիները և առաքինիները, շարունակ խորհուրդ և իշխանություն և օրհնություններ պիտի փնտեն քո ձեռքի տակ»:

Այսօր ես իմ վկայությունն եմ առաջարկում բոլոր նրանց, ովքեր ձգտում են ավելի լավ հասկանալ Ջոզեֆ Սմիթ Կրտսերի` Վերականգնման Մարգարեի սրբազան առաքելությունը:

Մենք չպետք է երկնչենք վկայել Ջոզեֆի` որպես մարգարե, տեսանող և հայտնող լինելու առաքելության մասին, քանի որ Տերը միշտ գործել է մարգարեների միջոցով: Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնված ճշմարտությունների շնորհիվ մենք շատ ավելին գիտենք մեր Երկնային Հոր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին: Մենք գիտենք Նրանց աստվածային հատկանիշների, իրար և մեր հետ ունեցած Նրանց հարաբերությունների և փրկագնման մեծ ծրագրի մասին, որը մեզ թույլ է տալիս վերադառնալ Նրանց ներկայություն:

Նախագահ Բրիգամ Յանգը Ջոզեֆի մասին ասել է. «Դեռ այս երկրի հիմնադրումից առաջ հավերժության խորհուրդներում սահմանվել էր, որ աշխարհի վերջին տնտեսությունում նա լինելու է այն անձնավորությունը, ով մարդկանց հասցնելու է Աստծո խոսքը և ստանալու է Աստծո Որդու Քահանայության բանալիների ու զորության լրիվությունը: Տիրոջ աչքը նրա վրա էր, … [քանի որ] հավերժության մեջ նրա համար նախասահմանվել էր վերահսկել այս վերջին տնտեսությունը»:

Որպեսզի կատարեր այս հրաշալի աշխատանքը, Ջոզեֆ Սմիթը լույս աշխարհ եկավ սիրով լի մի ընտանիքում, որի անդամները կրում էին կյանքի ամենօրյա բեռներն ու փորձությունները: Մինչ Ջոզեֆը հասունանում էր, Աստծո հանդեպ նրա զգացումները «խորն էին ու հաճախ շատ սուր», սակայն նա շփոթված էր կրոնական հակասական գաղափարների պատճառով, որոնք ուսուցանվում էին իր ժամանակի քարոզիչների կողմից: Բարեբախտաբար, երիտասարդ Ջոզեֆը թույլ չտվեց, որ իր ունեցած հարցերն իրեն հետ պահեին իր հավատքին համաձայն գործելուց: Նա պատասխաններ էր փնտրում Աստվածաշնչում և գտավ այս խորհուրդը. «Բայց եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ և չէ նախատում, և կտրուի նորան»:

Ջոզեֆը մտաբերում է. «Սուրբ գրքի ոչ մի հատված երբևէ այդպիսի ուժով չի ազդել մարդու սրտի վրա, ինչպես այդ ժամանակ եղավ ինձ հետ: Այն ասես մեծ ուժով ներթափանցեց սրտիս զգացմունքների խորքերը: Ես նորից ու նորից վերընթերցեցի այն»:

Ջոզեֆը պարզ հավատքով գործեց համաձայն այս հոգևոր զգացումների: Նա մի մեկուսի վայր գտավ, ծնկի իջավ «և սկսեց [իր] սրտի ցանկությունները հայտնել Աստծուն»: Մեծ զորություն կա Ջոզեֆի նկարագրության մեջ այն մասին, ինչ տեղի ունեցավ.

«Ես տեսա արևի պայծառությունը գերազանցող լույսի մի սյուն, որն աստիճանաբար իջնում էր ցած, մինչև որ ընկավ ինձ վրա:

… Երբ լույսը հանգչեց ինձ վրա, ես տեսա երկու Անձնավորություն, ինձանից վեր` օդի մեջ կանգնած, որոնց պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր: Նրանցից մեկը խոսեց ինձ հետ, դիմելով ինձ անունով, և ասաց` մատնացույց անելով մյուսին. Սա է Իմ Սիրելի Որդին:Լսի՛ր Նրան»:

Ջոզեֆ Սմիթը տեսավ Աստծուն` Հավերժական Հորը, և Հիսուս Քրիստոսին` աշխարհի Փրկիչին ու Քավիչին: Սա Ջոզեֆի Առաջին տեսլիքն էր: Հաջորդ տարիների ընթացքում Ջոզեֆն Աստծո պարգևով ու զորությամբ թարգմանեց Մորմոնի Գիրքը: Բազմաթիվ այլ երկնային էակներ այցելեցին նրան` վերականգնելով դարեր առաջ կորած ճշմարտությունն ու իշխանությունը: Այս աստվածային հաղորդակցությունները, որոնք տեղի ունեցան Ջոզեֆ Սմիթի հետ, մեզ համար մատչելի դարձրեցին երկնքի օրհնություններն ու հավերժական փառքը: Ջոզեֆի կյանքը հանդիսանում է վկայություն այն մասին, որ եթե մեզանից մեկն իմաստության պակաս ունի, կարող է հավատքով խնդրել Աստծուց, և կստանա պատասխան` երբեմն երկնային էակների միջոցով, սակայն ավելի հաճախ` Սուրբ Հոգու զորությամբ, որը կասի մեզ այդ բաները մեր մտքում ու մեր սրտում: Սուրբ Հոգու միջոցով է, որ մենք կարող ենք «իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:

Մեզանից շատերի համար Ջոզեֆ Սմիթի մասին վկայությունը սկսվում է, երբ կարդում ենք Մորմոնի Գիրքը: Առաջին անգամ ես սկզբից մինչև վերջ կարդացի Մորմոնի Գիրքը որպես առավոտյան սեմինարիայի երիտասարդ ուսանող: Իմ ճկուն երևակայությամբ ես որոշեցի կարդալ այն` ենթադրելով, որ ես Ջոզեֆ Սմիթն եմ, ով առաջին անգամ բացահայտում է Մորմոնի Գրքի ճշմարտությունները: Այն այնքան մեծ ազդեցություն ունեցավ իմ կյանքում, որ ես շարունակում եմ Մորմոնի Գիրքն այդ ձևով կարդալ: Հաճախ մտածում եմ, որ դա խորացնում է իմ երախտագիտության զգացումը Մարգարե Ջոզեֆի և այս թանկագին գրքում վերականգնված ճշմարտությունների համար:

Օրինակ, պատկերացրեք Ջոզեֆի զգացումները, երբ նա թարգմանում էր մկրտություն` մեղքերի թողության համար հատվածները: Ջոզեֆը, ում պատվիրել էին չմիանալ գոյություն ունեցող որևէ եկեղեցու, ի սկզբանե հարցեր ուներ այս փրկող արարողության մասին: Նրա հարցերը մեկ անգամ ևս առաջնորդեցին նրան դեպի աղոթքը, և այդ աղոթքի շնորհիվ նա տեսավ Հովհաննես Մկրտիչին, ով վերականգնեց Ահարոնյան Քահանայությունն ու մկրտելու լիազորությունը:

Կամ պատկերացրեք, թե Ջոզեֆն ինչ կարող էր զգալ, երբ առաջին անգամ իմացավ, որ Հիսուս Քրիստոսն այցելել է Արևմտյան կիսագնդի ժողովրդին, որ Նա ուսուցանել է նրանց, աղոթել է նրանց հետ, բժշկել է նրանց մեջ եղած հիվանդներին, օրհնել է նրանց երեխաներին, շնորհել է քահանայության զորությունը և հաղորդություն է սպասավորել նրանց: Ջոզեֆն այդ ժամանակ գուցե չէր գիտակցում, սակայն այն ամենը, ինչ նա սովորեց Քրիստոսի հնադարյան Եկեղեցու արարողությունների ու կազմակերպության մասին, նախապատրաստեց նրան ավելի ուշ աջակցել Տիրոջը այդ նույն Եկեղեցին հիմնադրել երկրի վրա:

Մորմոնի Գրքի թարգմանության ընթացքում Ջոզեֆն ու իր կինը` Էմման, սգում էին իրենց նորածին որդու մահը: Այդ ժամանակ քարոզիչները սովորաբար ուսուցանում էին, որ այն երեխաները, ովքեր մահանում են նախքան իրենց մկրտվելը, հավերժ նզովված են: Հաշվի առնելով սա` պատկերացրեք, թե Ջոզեֆն ինչ էր զգում մարգարե Մորմոնի հետևյալ խոսքերը թարգմանելիս. «Փոքր երեխաները կարիք չունեն ապաշխարության, ոչ էլ մկրտության: … [Քանզի] փոքր երեխաները կենդանի են Քրիստոսով, նույնիսկ աշխարհի հիմնադրումից ի վեր»:

Հավանաբար երիտասարդ Ջոզեֆի համար Մորմոնի Գրքի ամենացնցող հատվածը եղել է 2 Նեփի երրորդ գլուխը: Այս գլուխը պարունակում է մի հնադարյան մարգարեություն «ընտրյալ տեսանողի» մասին, ում Տերը բարձրացնելու է վերջին օրերին. մի տեսանող, ում անունը Ջոզեֆ կլինի` իր հոր անվամբ: Այս ապագա մարգարեն «բարձր կգնահատվի» և «մեծ արժեքի գործ» կանի իր եղբայրների համար: Նա «կլինի մեծ, ինչպես Մովսեսը» և նրան կտրվի «զորություն` առաջ բերելու [Աստծո] խոսքը»: Մտածեք Ջոզեֆ Սմիթի զգացումների մասին, երբ նա հասկացավ, որ այս մարգարեությունն իր մասին է: Նա պարզապես պատմություն չէր թարգմանում. նա թարգմանում էր վերջին օրերի մասին մի տեսիլք` Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման հրաշալի տեսիլքը, և դա իրականանալու էր հենց Ջոզեֆի օգնությամբ:

Այսօր` 200 տարի անց, հեշտ է տեսնել, թե ինչպես է այս մարգարեությունն իրականացել: Մենք գիտենք այն մեծ գործերի մասին, որ Ջոզեֆը կատարեց որպես Տիրոջ մարգարե: Բայց հիշեք, որ երբ Ջոզեֆը թարգմանում էր այս մարգարեությունը, նա մարգարեների կանխագուշակած գործերից մի քանիսն էր իրականացրել: Նա դեռ 20 տարեկան մի երիտասարդ էր: Եկեղեցին դեռ չէր կազմավորվել: Չկային ծխեր, ճյուղեր, միսիոներներ ու տաճարներ: Քչերն էին իմացել Ջոզեֆ Սմիթի մասին, իսկ նրանք, ովքեր իմացել էին, ակտիվորեն հակառակվում էին նրան: Իսկ այժմ տեսեք այն մեծ աշխատանքը, որ Տերն առաջ է բերել Իր ծառա Ջոզեֆի ձեռքով` չնայած նրա դեմ ուղղված հակառակությանը: Մի՞թէ այս մարգարեության իրականացումը չի հանդիսանում Ջոզեֆ Սմիթի մարգարեական կանչի համոզիչ ապացույցը:

Բոլոր նրանց, ովքեր Ջոզեֆ Սմիթի մասին իրենց վկայությունը ենթարկում են կասկածի, տագնապում են նրա կյանքի ու ծառայության մասին սխալական, մոլորեցնող կամ կեղծ տեղեկությունների պատճառով, ես հրավիրում եմ ուշադրություն դարձնել պտուղներին` այն բազմաթիվ օրհնություններին, որոնք մենք ստացել ենք Ջոզեֆ Սմիթի` Վերականգնման Մարգարեի հրաշալի առաքելության շնորհիվ:

Քանի որ Ջոզեֆը մարգարե էր, հայտնություններն ու մարգարեներն արդեն անցյալին բնորոշ բաներ չեն: «Հրաշքների օրը»` տեսիլքների, բժշկումների և հրեշտակների սպասավորման օրը, չի դադարել:

Քանի որ Ջոզեֆը մարգարե էր, մեզ բոլորիս հասանելի է սուրբ քահանայության զորությունն ու մկրտության, Սուրբ Հոգու պարգևի և հաղորդության օրհնությունները:

Քանի որ Ջոզեֆը մարգարե էր, մենք ունենք տաճարի օրհնություններն ու արարողությունները, որոնք մեզ կապում են Աստծուն, դարձնում են Իր ժողովուրդը և բացահայտում են «աստվածայնության զորությունը»` հնարավոր դարձնելով մի օր «տեսնել Աստծո, այսինքն` Հոր երեսը, և ապրել»:

Քանի որ Ջոզեֆը մարգարե էր, մենք գիտենք, որ ամուսնությունն ու ընտանիքը հանդիսանում են Աստծո երջանկության ծրագրի անհրաժեշտ մասը: Մենք գիտենք, որ տաճարային արարողությունների և ուխտերի շնորհիվ մեր ընտանեկան նվիրական հարաբերությունները կարող են հավերժական լինել:

Քանի որ Ջոզեֆը մարգարե էր, ոչ միայն երկնքի պատուհանը, այլ նաև հավերժության դուռն է բաց մեզ համար: Մենք կարող ենք ճանաչել «միայն ճշմարիտ [Աստծուն]. և նորան, որ [Նա ուղարկել է]` Յիսուսին Քրիստոսին»: Հավերժական կյանքը կարող է մերը լինել:

Եվ ամենակարևորը, քանի որ Ջոզեֆը մարգարե էր, մենք ունենք բազմաթիվ վկայություններ, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է և աշխարհի Փրկիչը: Մենք ունենք Հիսուս Քրիստոսի հատուկ վկաների չընդհատվող մի շղթա` ներառյալ մեր այսօրվա մարգարե Թոմաս Ս. Մոնսոնը, Առաջին Նախագահության խորհրդականներն ու Տասներկու Առաքյալների Քվորումը: Նրանց վկայությանն եմ ավելացնում իմ խոնարհ, սակայն հավաստի վկայությունը. Հիսուս Քրիստոսն ապրում և առաջնորդում է Իր Եկեղեցին: Ջոզեֆ Սմիթը Վերականգնման Մարգարեն է: Աստծո քահանայությունն ու զորությունը կրկին երկրի վրա են: Ես աղոթում եմ, որ մենք քաջությամբ հայտարարենք մեր վկայությունն ու երախտագիտությունը Տիրոջ այս հրաշալի մարգարեի, տեսանողի ու հայտնողի մասին: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: