Արդյո՞ք ես բավականաչափ լավն եմ: Արդյոք ես կհասնե՞մ սելեստիալ արքայություն:
Եթե դուք իսկապես ջանք թափեք և ոչ թե ձեզ արդարացնեք կամ ապստամբեք, այլ հաճախ ապաշխարեք և աղերսեք Քրիստոսի շնորհը կամ օգնությունը, դուք միանշանակ «բավականաչափ լավը» կլինեք:
Սիրելի քույրեր և եղբայրներ, ինչպիսի օրհնություն է մեզ համար հավաքվել ուսուցանվելու Տիրոջ ծառաների կողմից: Մի՞թե սքանչելի չէ, թե որքան բազմաթիվ ուղիներով է մեր սիրառատ Երկնային Հայրն առաջնորդում և օրհնում մեզ: Նա իսկապես կամենում է, որ մենք տուն վերադառնանք:
Մի շարք գորովագութ ողորմությունների շնորհիվ, որպես երիտասարդ բժիշկ ավարտելով բժշկական համալսարանը, ես ընդգրկվեցի մանկաբուժական օրդինատուրայի բարձրագույն մրցունակ մի ծրագրում: Երբ ես հանդիպեցի մյուս վերապատրաստվողներին, ինձ թվաց ես բոլորից ամենաքիչ խելամիտն ուամենավատ պատրաստվածն էի: Ես մտածում էի, որ ոչ մի կերպ չէի կարող համեմատվել խմբի մնացած մասի հետ:
Մեր ուսման երրորդ ամսվա սկզբին ես նստած էի հիվանդանոցում՝ բուժքրոջ սենյակում, ուշ գիշերին, մերթ ընդ մերթ արտասվելով և ննջելով, մինչ փորձում էի գրել ընդունման փաստաթղթերը թոքերի բորբոքումով հիվանդ մի փոքրիկ տղայի համար: Ես երբեք այդքան հուսահատված չէի զգացել իմ կյանքում: Ես գաղափար չունեի, թե ինչպես պիտի բուժեի 10 տարեկան տղայի թոքաբորբը: Ես սկսեցի մտածել, թե արդյոք ճիշտ տեղում էի:
Հենց այդ պահին ավագ ղեկավարներից մեկը ձեռքը դրեց ուսիս և հարցրեց ինձ, թե ինչպե՞ս էին գործերս, և ես արտահայտեցի իմ սրտնեղությունն ու երկյուղը: Նրա պատասխանը փոխեց իմ կյանքը: Նա պատմեց, թե նա և մյուս ղեկավարները որքան հպարտ էին ինձանով և այն կարծիքին էին, որ ես պատրաստվում էի դառնալ գերազանց բժիշկ: Կարճ ասած, նա հավատում էր ինձ այն պահին, երբ անգամ ինքս ինձ չէի հավատում:
Իմ սեփական փորձառության նման, մեր անդամները հաճախ հարցնում են. «Արդյո՞ք ես բավականաչափ լավ մարդ եմ» կամ «Արդյոք ես կհասնե՞մ սելեստիալ արքայություն»: Իհարկե, չկա այնպիսի բան, ինչպես «բավականաչափ լավը լինել»: Մեզանից ոչ մեկը չի կարող երբևէ «վաստակել» կամ «արժանանալ» մեր փրկությանը, բայց բնական է մտածել Տիրոջ առջև ընդունելի լինելու մասին, որը նշված հարցերի իմաստն է, ինչպես ես եմ հասկանում:
Երբեմն, երբ հաճախում ենք եկեղեցի, մենք հուսալքվում ենք, անգամ երբ մեզ անկեղծորեն հրավիրում են կատարելագործվել: Մենք լուռ մտածում ենք. «Ես չեմ կարող անել բոլոր այս բաները» կամ «Ես երբեք չեմ կարող լինել այդքան լավը, ինչպես բոլոր այս մարդիկ են»: Հավանաբար, մենք զգում ենք ճիշտ այնպես, ինչպես ես էի զգում այն գիշեր հիվանդանոցում:
Խնդրո՛ւմ եմ, իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մենք պետք է դադարենք համեմատվել ուրիշների հետ: Մրցակցելով և համեմատվելով՝ մենք մեզ զուր տանջում ենք: Մենք սխալմամբ մեր ինքնարժեքը որոշում ենք մեր ունեցած և չունեցած բաներով , ինչպես նաև ուրիշների կարծիքներով: Եթե համեմատվելու կարիք ենք զգում, եկեք համեմատենք մեր անցյալը մեր ներկայի հետ և, նույնիսկ նրա հետ, թե ինչպիսին ենք ուզում լինել ապագայում: Միակ կարծիքը, որը կարևոր է, այն է, թե ինչ է Երկնային Հայրը մտածում մեր մասին: Խնդրում եմ անկեղծորեն հարցրեք Նրան, թե Նա ինչ է մտածում ձեր մասին: Նա կսիրի և կուղղի, բայց երբեք չի հուսահատեցնի մեզ. դա սատանայի հնարքն է:
Թույլ տվեք ինձ լինել շիտակ և հստակ: «Արդյո՞ք բավականաչափ լավն եմ» և «Արդյո՞ք ես կհասնեմ» հարցերի պատասխաններն են. «Այո՛: Դուք լավը կդառնաք» և «Այո՛, դուք կհասնեք սելեստիալ արքայություն, քանի դեռ շարունակում եք ապաշխարել և չեք արդարացնում ձեզ, ոչ էլ ապստամբում եք»: Երկնքի Աստվածը անգութ մրցավար չէ, որը մեզ խաղից դուրս գցելու պատճառ է որոնում: Նա մեզ կատարելապես սիրող Հայրն է, ով ամեն բանից վեր ցանկանում է, որ Իր բոլոր զավակները վերադառնան տուն և հավերժ ապրեն Իր հետ որպես ընտանիքներ: Նա իսկապես տվել է Իր Միածին Որդուն, որպեսզի մենք չկորչենք, այլ հավիտենական կյանք ունենանք: Խնդրում եմ հավատացեք և խնդրում եմ հույս և մխիթարություն քաղեք այս հավերժական ճշմարտությունից: Մեր Երկնային Հայրը նախատեսել է մեզ համար, որ մենք դա անենք: Դա Նրա գործն է և Նրա փառքը:
Ինձ դուր է գալիս, թե ինչպես էր Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանում այս սկզբունքը: Ես լսել եմ, թե ինչպես է նա մի քանի առիթներով ասել. «Եղբայրներ և քույրեր, այն ամենը, ինչ Տերն ակնկալում է մեզանից՝ ջանք թափելն է, բայց դուք պետք է իսկապես ջանք թափեք»:
«Իսկապես ջանք թափել» նշանակում է անել ամեն հնարավոր բան, հասկանալով, թե ինչում պետք է կատարելագործվենք, հետո կրկին ջանք թափելով: Կրկնողաբար անելով այդ, մենք ավելի ու ավելի շատ ենք մոտենում Տիրոջը, մենք ավելի ու ավելի շատ ենք զգում Նրա Հոգին, և մենք ավելի շատ ենք ստանում Նրա շնորհը կամ օգնությունը:
Երբեմն, կարծում եմ, մենք չենք հասկանում, թե որքան շատ է Տերն ուզում մեզ օգնել: Ես սիրում եմ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի խոսքերը.
«Մեզանից շատերը պարզորոշ կերպով հասկանում են, որ Քավությունը մեղավորների համար է: Ես այնքան էլ վստահ չեմ, այնուամենայնիվ, որ մենք գիտենք և հասկանում ենք, որ Քավությունը նաև սրբերի համար է …
… Քավությունը օգնություն է ապահովում մեզ՝ հաղթահարելու ու կանխելու վատը և անելու ու դառնալու լավը:
… Տիրոջ շնորհի միջոցով է, որ մարդիկ ստանում են ուժ և օգնություն՝ կատարելու լավ գործեր, որոնք նրանք այլապես չէին կարողանա կատարել: … Այդ շնորհը հնարավորություն պարգևող զորություն է … , [Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Շնորհ», շեշտադրումն ավելացված է] … կամ երկնային օգնություն է, որի կարիքը մեզանից յուրաքանչյուրը մեծապես ունի, որպեսզի որակավորվի սելեստիալ արքայության համար»:
Այն ամենը, ինչ մենք պետք է անենք այդ երկնային օգնությունը ստանալու համար, դրա համար խնդրելն է, իսկ հետո՝ ըստ ստացած արդար հուշումների գործելը:
Հիանալի լուրն այն է, որ եթե մենք անկեղծորեն ապաշխարել ենք, մեր նախկին մեղքերը մեզ ետ չեն պահի վեհացումից: Մորոնին պատմում է մեզ իր օրերի օրինազանցների մասին. «Բայց, որքան հաճախ որ նրանք ապաշխարում էին ու ներում փնտրում, անկեղծ միտումով, նրանք ներվում էին»:
Եվ Տերն Ինքն է ասել մեղսավորի մասին.
«Եթե նա խոստովանի իր մեղքերն իմ և քո առաջ, և ապաշխարի իր սրտի անկեղծությամբ, նրան պիտի դու ներես, և ես կներեմ նրան նույնպես:
Այո, և որքան հաճախ որ իմ ժողովուրդն ապաշխարի, ես կներեմ նրանց իրենց զանցանքները՝ իմ դեմ»:
Եթե մենք անկեղծորեն ապաշխարենք, Աստված իսկապես կների մեզ, եթե, նույնիսկ, մենք նույն մեղքը նորից գործենք: Ինչպես Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն է ասել. «Որքան էլ կարծում եք, որ բաց եք թողել հնարավորությունները, որքան էլ զգաք, որ շատ սխալներ եք գործել…{nb, ես վկայում եմ, որ դուք չեք հեռացել աստվածային սիրո հասանելիությունից: Ձեզ համար հնարավոր չէ սուզվել ավելի խորը, քան Քրիստոսի Քավության անսահման լույսն է շողում»:
Սա ոչ մի դեպքում չի նշանակում, որ մեղքը լավ է: Մեղքը միշտ ունի հետևանքներ: Մեղքը միշտ վնասում է և ցավ պատճառում ինչպես մեղսագործին, այնպես էլ նրանց, ովքեր կրում են նրա մեղքերի ազդեցությունը: Իսկ ճշմարիտ ապաշխարությունը երբեք հեշտ չէ: Դեռ ավելին, խնդրում եմ հասկացեք, որ չնայած Աստված վերացնում է մեր մեղքերի հանցանքը և բիծը, երբ մենք անկեղծորեն ապաշխարում ենք, Նա հավանաբար անմիջապես չի վերացնի մեր մեղքերի բոլոր հետևանքները: Երբեմն դրանք մնում են մեզ հետ մեր մնացած կյանքի ընթացքում: Եվ ամենավատ տեսակի մեղքը կանխամտածված մեղքն է, երբ մարդն ասում է. «Ես կարող եմ մեղանչել այժմ, իսկ հետո ապաշխարել»: Ես համոզված եմ, որ սա լուրջ ծաղր է Հիսուս Քրիստոսի զոհաբերության և տառապանքների հանդեպ:
Տերն Ինքն է հայտարարել.«Քանզի, ես Տերս, չեմ կարող մեղքը նվազագույն իսկ աստիճանով թույլատրելի համարել»:
Իսկ Ալման հայտարարել է. «Ահա ես ասում եմ քեզ, ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»:
Պատճառներից մեկը, որ Ալմայի միտքը առանձնապես ճշմարիտ է, այն է, որ կրկնելով մեղքը մենք հեռացնում ենք մեզ Հոգուց, դառնում ենք հուսալքված և հետո դադարում ապաշխարել: Բայց ես կրկնում եմ, Փրկիչի Քավության շնորհիվ մենք կարող ենք ապաշխարել և լիովին ներվել, եթե մեր ապաշխարությունն անկեղծ է լինում:
Մենք ավելի շուտ պետք է ապաշխարենք, քան հիմնավորենք: Ոչ մի բան չի ստացվի, երբ արդարացնենք մեր մեղքերը՝ ասելով. «Աստված գիտի, որ ինձ համար խիստ դժվար է, այսպիսով, Նա ընդունում է ինձ ինչպիսին որ կամ»: «Իսկապես ջանք թափելը» նշանակում է` մենք շարունակում ենք դա անել, մինչև լիովին մոտենում ենք Տիրոջ չափանիշին, որը հստակորեն սահմանված է այն հարցերում, որոնք մեզ ուղղվում են, որպեսզի ստանանք տաճարային երաշխավորագիր:
Մյուս բանը, որն անկասկած մեզ ետ կպահի երկնքից և կկտրի մեզ օգնությունից, որի կարիքը այժմ ունենք, ապստամբությունն է: Մովսեսի գրքից մենք իմանում ենք, որ սատանան դուրս քշվեց երկնքից ապստամբության համար: Մենք ապստամբության մեջ ենք ամեն ժամանակ, երբ ասում ենք մեր սրտում. «Ես Աստծո կարիքը չունեմ և ես ապաշխարելու կարիք չունեմ»:
Որպես ինտենսիվ թերապիայի մանկաբույժ, ես գիտեմ, որ եթե մարդն անտեղի մերժում է կյանք փրկող բուժումը, դա կարող է տանել նրան անխուսափելի ֆիզիկական մահվան: Նմանապես, երբ մենք ապստամբում ենք Աստծո դեմ, մենք մերժում ենք մեր միակ օգնությունն ու հույսը, ով Հիսուս Քրիստոսն է, ինչն էլ տանում է դեպի հոգևոր մահ: Նա է ուղին, և Նա է մեր միակ հույսը: Մեզանից ոչ մեկը չի կարող անել դա մեր սեփական ուժով: Ճշմարտությունն այն է, որ մեզանից ոչ մեկը երբևէ չի լինի «բավականաչափ լավը», բացառությամբ Հիսուս Քրիստոսի արժանիքների և ողորմածության միջոցով, բայց քանի որ Աստված հարգում է մեր ազատ կամքը, մենք չենք կարող նաև փրկվել առանց մեր կողմից ջանք թափելու: Ահա թե ինչպես է աշխատում հավասարակշռությունը շնորհի և գործերի միջև: Մենք կարող ենք հույս ունենալ առ Հիսուս Քրիստոս, որովհետև նա ուզում է օգնել և փոխել մեզ: Փաստորեն, Նա արդեն օգնում է ձեզ: Ուղղակի կանգ առեք և մտածեք և ընդունեք Նրա օգնությունը ձեր կյանքում:
Ես վկայում եմ ձեզ, որ եթե դուք իսկապես ջանք թափեք և ոչ թե ձեզ արդարացնեք կամ ապստամբեք, այլ հաճախ ապաշխարեք և աղերսեք Քրիստոսի շնորհը կամ օգնությունը, դուք միանշանակ «բավականաչափ լավը», այսինքն՝ Տիրոջ առջև ընդունելի կլինեք. դուք կհասնեք սելեստիալ արքայություն՝ կատարյալ լինելով Քրիստոսով, և դուք կստանաք օրհնությունները և փառքը և ուրախությունը, որ Աստված ցանկանում է Իր թանկագին զավակներից յուրաքանչյուրի, հատկապես ձեզ և ինձ համար: Ես վկայում եմ, որ Աստված ապրում է և կամենում է, որ մենք տուն վերադառնանք: Ես վկայում եմ, որ Հիսուսն ապրում է: Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: