Որ նա նույնպես կարողանա ամրանալ
Ես աղոթում եմ, որ մենք կատարենք մեր կոչումը` բարձրացնելով մյուսներին, որպեսզի պատրաստենք նրանց իրենց փառահեղ ծառայությանը:
Ես ինձ օրհնված եմ զգում, որ Աստծո քահանայություն կրողների հետ մասնակցում եմ այս ժողովին: Տղամարդկանց և տղաների այս կազմակերպության նվիրվածությունը, հավատքը և անձնուրաց ծառայությունը մեր օրերի հրաշք է: Այսօր խոսքս ուղղում եմ քահանայություն կրողներին, մեծ թե փոքր, որ միավորված են Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ անձնազոհ ծառայության մեջ:
Տերն Իր զորությունը շնորհում է բոլոր քահանայության պաշտոններում գտնվողներից նրանց, ովքեր արժանավայել ծառայում են իրենց քահանայության պաշտոններում:
Վիլֆորդ Վուդրուֆը, որպես Եկեղեցու Նախագահ, քահանայության պաշտոններում իր փորձառությունն այսպես է նկարագրել.
«Ես լսեցի առաջին քարոզը, որ երբևէ լսել էի այս Եկեղեցում: Հաջորդ օրը ես մկրտվեցի: … Ես կարգվեցի Ուսուցիչ: Անմիջապես դրանից հետո սկսվեց իմ միսիան: … Ամբողջ միսիան ես անցկացրեցի որպես Ուսուցիչ: … Համաժողովին ես կարգվեցի Քահանայի պաշտոնում: … Որպես քահանա կարգվելուց հետո ինձ միսիա ուղարկեցին … երկրի հարավ: Դա 1834 թվականի աշունն էր: Ինձ հետ մի զուգընկեր ունեի, և մենք մեկնեցինք առանց «քսակի և պարկի»: Ես միայնակ ճամփորդել եմ շատ մղոններ և քարոզել եմ ավետարանը: Ես մկրտել եմ բազմաթիվ մարդկանց, որոնց չեմ կարողացել հաստատել Եկեղեցում, քանի որ ես միայն Քահանա էի: … Մինչև Երեց կարգվելը, ես որոշ ժամանակ ճամփորդեցի, քարոզելով ավետարանը: …
[Այժմ] ես արդեն հիսունչորս տարի է Տասներկու Առաքյալների անդամ եմ: Ես արդեն վաթսուն տարի է ճամփորդում եմ այդ և մյուս քվորումների հետ, և ուզում եմ ձեզ ասել, որ Աստծո զորությամբ նույնքան աջակցվել եմ Ուսուցչի պաշտոնը կրելիս, և հատկապես որպես Քահանա եկեղեցում պաշտոնավարելիս, որքան Առաքյալ լինելու տարիներին: Տարբերություն չկա, քանի դեռ մենք կատարում ենք մեր պարտականությունը»:
Տարբերություն չդնելու այդ հրաշալի հոգևոր հնարավորությունը տրված է Տիրոջ բացատրության մեջ, որտեղ Ահարոնյան Քահանայությունը ներկայացվում է որպես Մելքիսեդեկյան Քահանայության հավելում:Հավելում բառը նշանակում է, որ այդ երկուսը կապակցված են: Այդ կապը կարևոր է, որ քահանայությունը դառնա այն ուժն ու օրհնությունը, որ կարող է լինել այս աշխարհում և ընդմիշտ, քանզի այն «չունի օրերի սկիզբ կամ տարիների վերջ»:
Այդ կապը պարզ է: Ահարոնյան Քահանայությունը երիտասարդ տղաներին նախապատրաստում է շատ ավելի սուրբ պարտականությանը:
«Բարձրագույն կամ Մելքիսեդեկյան Քահանայության զորությունն ու իշխանությունն է՝ կրել եկեղեցու բոլոր հոգևոր օրհնությունների բանալիները,–
Ունենալ երկնքի արքայության խորհուրդները ստանալու առանձնաշնորհը, տեսնել երկինքներն իրենց համար բացված, հաղորդակցվել Անդրանիկի եկեղեցու և ընդհանուր ժողովի հետ ու վայելել հաղորդակցությունն ու ներկայությունը Հայր Աստծո և Հիսուսի՝ նոր ուխտի միջնորդի»:
Քահանայության այդ բանալիները տվյալ ժամանակահատվածում լիովին գործադրվում են միայն մեկ մարդու՝ Տիրոջ Եկեղեցու և նախագահող քահանայապետի կողմից: Այնուհետև Նախագահի լիազորությամբ Մելքիսեդեկյան Քահանայություն կրող յուրաքանչյուր տղամարդ կարող է օժտվել Ամենազորի անունով խոսելու և գործելու իշխանությամբ և արտոնությամբ: Այդ զորությունն անսահման է: Այն կապված է կյանքի և մահու, ընտանիքի և Եկեղեցու, Աստծո և Նրա հավերժական աշխատանքի սքանչելի բնույթի հետ:
Տերը նախապատրաստում է Ահարոնյան Քահանայություն կրողին դառնալ երեց՝ այդ փառահեղ Մելքիսեդեկյան Քահանայությունում ծառայելու հավատքով, զորությամբ և երախտագիտությամբ:
Երեցներ, խորը երախտագիտությունը կարևոր դեր ունի քահանայության ողջ ծառայության մեջ ձեր մասը կատարելիս: Դուք կհիշեք այն օրերը, երբ սարկավագ, ուսուցիչ կամ քահանա էիք, երբ նրանք, ովքեր բարձրագույն քահանայություն էին կրում, բարձրացնում և խրախուսում էին ձեզ՝ ձեր քահանայության ճանապարհին:
Մելքիսեդեկյան Քահանայության յուրաքանչյուր կրող ունի նման հիշողություններ, բայց գուցե տարիների հետ նվազել է երախտագիտության զգացումը: Հուսով եմ, կնորացնեմ այդ զգացումը և դրա հետ միասին հաստատակամությունը՝ նույնատիպ աջակցություն տրամադրել նրանց, ում կարող եք, ինչպիսին դուք եք ժամանակին ստացել:
Ես հիշում եմ մի եպիսկոպոսի, ով ինձ վերաբերվում էր այնպես, ասես ես արդեն այն մարդն էի, որը դառնալու ներուժն ունեի քահանայության զորությամբ: Երբ ես քահանա էի, մի կիրակի նա կանչեց ինձ: Նա ցանկացավ, որ մենք միասին այցելեինք մեր ծխի որոշ անդամների: Նա այնպես ասաց, կարծես ես իր հաջողության միակ հույսն էի: Նա իմ կարիքը չուներ: Նա հրաշալի խորհրդականներ ուներ իր եպիսկոպոսությունում:
Մենք այցելեցինք մի կարիքավոր և քաղցած այրի կնոջ: Նա ցանկացավ, որ իրեն օգնեի ճիշտ մոտեցում ցուցաբերել այդ կնոջը, խորհուրդ տալ, որ նա բյուջե կազմեր ու օգտագործեր և խոստանալ նրան, որ դա կարող էր բարելավել իր վիճակն այնքան, որ հոգ տաներ ոչ միայն իր , այլև ուրիշների մասին:
Այնուհետև մենք գնացինք սփոփելու ծանր իրավիճակում հայտնված երկու աղջնակների: Երբ դուրս եկանք նրանց տնից, եպիսկոպոսը հանգիստ ասաց ինձ. «Այդ երեխաները երբեք չեն մոռանա, որ մենք այցելեցինք իրենց»:
Հաջորդ տանը ես տեսա, թե ինչպես պետք է հրավիրել ոչ ակտիվ տղամարդուն վերադառնալ Տիրոջ մոտ, համոզելով նրան, որ ծխի անդամներն իր կարիքն ունեին:
Այդ եպիսկոպոսը Մելքիսեդեկյան Քահանայության կրող էր, ով օգնեց ինձ տեսնել իմ ներուժը և ոգևորեց ինձ իր օրինակով: Նա ինձ սովորեցրեց Տիրոջ ծառայության մեջ ցանկացած վայր գնալու ուժ և քաջություն ունենալ: Նա վաղուց արդեն հեռացել է այս կյանքից` ստանալով իր վարձքը, բայց ես դեռ հիշում եմ նրան, որովհետև նա կարողացավ բարձրացնել ինձ, երբ ես Ահարոնյան Քահանայություն կրող մի անփորձ պատանի էի: Ավելի ուշ ես հասկացա, որ նա ինձ տեսնում էր քահանայության ճանապարհին` որպես ավելի մեծ պարտականություններ կրողի, որն այդ ժամանակ ինձ համար անտեսանելի էր:
Հայրս նույն կերպ է վարվել ինձ հետ: Նա Մելքիսեդեկյան Քահանայության փորձառու և իմաստուն կրող էր: Մի անգամ նա Առաքյալներից մեկի կողմից առաջադրանք էր ստացել գիտական փաստերով մի կարճ ակնարկ գրել երկրագնդի տարիքի մասին: Նա մանրակրկիտ գրեց այդ նյութը, իմանալով, որ այդ ակնարկն ընթերցողները համոզված էին, որ երկրագունդը շատ ավելի երիտասարդ էր, քան գիտական փաստերն էին հուշում:
Դեռևս հիշում եմ՝ ինչպես հայրս ինձ տալով իր գրածը, ասաց. «Հալ, դու հոգևոր իմաստություն ունես և կիմանաս, թե արդյոք արժե սա ուղարկել առաքյալներին և մարգարեներին»: Ես գրեթե չեմ հիշում, թե ինչ էր գրված այդ ակնարկում, բայց ինձ հետ ընդմիշտ կմնա երախտագիտությունը, որ տածեցի Մելքիսեդեկյան Քահանյության այդ հրաշալի կրողի հանդեպ, ով իմ մեջ տեսավ հոգևոր իմաստություն, որը ես չէի կարող տեսնել:
Տարիներ անց, մի երեկո, երբ ես արդեն կարգվել էի որպես Առաքյալ, Աստծո մարգարեն կանչեց ինձ և խնդրեց կարդալ Եկեղեցու վարդապետության մասին գրված մի գիրք: Նա ողջ գիշեր անցկացրել էր` կարդալով գրքի գլուխները: Ծիծաղելով նա ասաց. «Ես չեմ կարողանում հասկանալ այս ամենը: Դու չպիտի հանգստանաս, երբ ես աշխատում եմ»: Եվ այնուհետև նա ասաց նույն խոսքերը, որոնք հայրս էր ասել տարիներ առաջ. «Հալ, դու պիտի կարդաս սա: Դու կիմանաս, արդյոք արժե սա հրատարակել»:
Մելքիսեդեկյան Քահանյություն կրողից նմանատիպ աջակցություն և վստահություն ստացա մի երեկո Եկեղեցու կողմից հովանավորվող ելույթների փառատոնում: Երբ 17 տարեկան էի, ինձ խնդրեցին խոսել մեծ լսարանի առաջ: Ես գաղափար չունեի, թե ինչ էր ակնկալվում ինձանից: Ինձ թեմա չէր հանձնարարվել, և ես պատրաստել էի մի ելույթ, որն ավետարանի իմ հասկացողությունից շատ ավելի վեր էր: Ելույթի ժամանակ հասկացա, որ խոսքիս մեջ սխալ էի թույլ տվել: Դեռևս հիշում եմ, որ իմ ելույթի ավարտից հետո ես ձախողման խորտակող զգացողություն ունեի:
Հաջորդ և վերջին խոսնակը Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մեթյու Քոուլին էր: Նա ամբողջ Եկեղեցում սիրված հրաշալի հռետոր էր: Դեռևս հիշում եմ, թե ինչպես էի նայում նրան իմ նստատեղից, որը ամբիոնի մոտ էր:
Նա սկսեց հզոր ձայնով: Նա ասաց, որ իմ ելույթը նրա վրա մեծ համաժողովում գտնվելու տպավորություն էր թողել: Դա ասելիս նա ժպտաց: Ձախողման զգացողությունը լքեց ինձ, և ես լցվեցի վստահությամբ, որ մի օր գուցե կդառնամ այն, ինչ նա արդեն մտածում էր իմ մասին:
Այդ երեկոյի մասին հիշողությունը մինչ այժմ ինձ հուշում է ուշադիր լսել, երբ Ահարոնյան Քահանայության կրող է խոսում: Երեց Քոուլիի շնորհիվ ես միշտ ակնկալում եմ, որ կլսեմ Աստծո խոսքը: Ես հազվադեպ եմ հիասթափվում և հաճախ եմ հիանում և այդ պահերին Երեց Քոուլիի պես ժպտում եմ:
Շատ բաներ կարող են օգնել մեր երիտասարդ եղբայրներին առաջադիմել քահանայության մեջ, բայց առավել կարևոր է այն օգնությունը, որի արդյունքում զարգանում է նրանց հավատքը և վստահությունը, որ կարող են Աստծո զորությանն ապավինել քահանայության իրենց ծառայության մեջ:
Այդ հավատքն ու վստահությունը չի արմատավորվի նրանց մեջ լոկ մեկ անգամ բարձրացվելով նույնիսկ ամենաշնորհալի Մելքիսեդեկյան Քահանայության կրողի կողմից: Այդ զորություններին ապավինելը պետք է զարգացվի քահանայության մեջ ավելի փորձառու անդամների կողմից վստահության դրսևորման բազմաթիվ արտահայտումներով:
Ահարոնյան Քահանայության կրողները նաև Տիրոջ կողմից Սուրբ Հոգու միջոցով ամենօրյա և անգամ ամենժամյա խրախուսման և շտկման կարիքն ունեն: Դա նրանց համար հասանելի կլինի, երբ նրանք նախընտրեն արժանի մնալ: Դա կախված կլինի նրանց կատարած ընտրություններից:
Այդ իսկ պատճառով, մենք պետք է ուսուցանենք օրինակով և վկայությամբ, որ Մելքիսեդեկյան Քահանայության մեծ առաջնորդ Բենիամին թագավորի խոսքերը ճշմարիտ են: Դրանք սիրո խոսքեր են, ասված Տիրոջ անունով, ում քահանայությունն է սա: Բենիամին թագավորն ուսուցանում է, թե ինչ է պահանջվում մեզանից, որպեսզի այնքան մաքուր մնանք, որ Տիրոջ քաջալերումն ու շտկումը ստանանք.
«Եվ, ի վերջո, ես չեմ կարող ասել ձեզ բոլոր բաները, որոնցով դուք կարող եք մեղք գործել. քանզի կան զանազան ուղիներ և միջոցներ, նույնիսկ այնքան շատ, որ ես չեմ կարող թվել դրանք:
Բայց այսքանը ես կարող եմ ասել ձեզ, եթե դուք չհետևեք ինքներդ ձեզ, և ձեր մտքերին, և ձեր խոսքերին, և ձեր արարքներին, և չպահեք Աստծո պատվիրանները, և չշարունակեք հավատքով առ այն, ինչ լսեցիք մեր Տիրոջ գալուստի վերաբերյալ, նույնիսկ մինչև ձեր կյանքի վերջը, դուք պիտի կորչեք: Եվ այժմ, ո՛վ մարդ, հիշիր և մի կորչիր»:
Մենք բոլորս էլ տեղյակ ենք, որ արդարության թշնամու կրակոտ նետերը սոսկալի քամու պես ուղղվում են քահանայություն կրող երիտասարդների դեմ, ում մենք շատ ենք սիրում: Մեզ համար նրանք պատանի զինվորների նման են, ովքեր իրենց կոչում էին Հելամանի որդիներ: Այդ պատանի զինվորների պես նրանք կարող են փրկվել, եթե աչալուրջ մնան, ինչպես Բենիամին թագավորն է իրենց կոչ արել:
Հելամանի որդիները չկասկածեցին: Նրանք քաջաբար կռվեցին և հաղթեցին իրենց նվաճողներին, որովհետև նրանք հավատում էին իրենց մայրերի խոսքերին: Մենք հասկանում ենք սիրող մոր հավատքի ուժը: Մայրերն այսօր մեծապես աջակցում են իրենց որդիներին: Մենք էլ` որպես քահանայության կրողներ, կարող ենք և պետք է մեր վճռականությամբ ավելացնենք մեր աջակցությունը, կատարելով պարտականությունը, որ դարձի գալով ինքներս պետք է ձեռք մեկնենք և զորացնենք մեր եղբայրներին:
Ես աղոթում եմ, որ Մելքիսեդեկյան Քահանայության յուրաքանչյուր կրող ընդունի Տիրոջ կողմից առաջարկված հնարավորությունը.
«Եվ եթե ձեզանից ինչ-որ մեկն ամուր է Հոգով, թող նա վերցնի մեկին, որ տկար է, որպեսզի շենացնի նրան ողջ հեզությամբ, որ նա նույնպես կարողանա ամրանալ:
Հետևաբար, վերցրեք ձեզ հետ նրանց, ովքեր կարգված են փոքրագույն քահանայությանը, և ուղարկեք նրանց ձեզանից առաջ, որ պայմանավորվածություններ ձեռք բերեն և ճանապարհ պատրաստեն ու ներկա գտնվեն այդ պայմանավորվածություններին, որոնց ինքներդ չեք կարող ներկա գտնվել:
Ահա, այս ձևով է, որ իմ առաքյալները, հին օրերում, կառուցեցին իմ եկեղեցին ինձ համար»:
Քահանայության ղեկավարները և Ահարոնյան Քահանյություն կրողների հայրերը կարող են հրաշքներ գործել: Դուք կարող եք Տիրոջն օգնել երիտասարդ տղաների հետ լրացնելով հավատարիմ երեցների շարքերը, ովքեր ընդունում են ավետարանը քարոզելու կանչը և վստահորեն կատարում են դա: Դուք կտեսնեք, որ շատերը, ում դուք բարձրացրել և խրախուսել եք, հավատարիմ են մնում, արժանավայել ձևով ամուսնանում են տաճարում, և իրենց հերթին բարձրացնում ու պատրաստում են մյուսներին:
Դրա համար նոր միջոցառումների ծրագրերի, բարելավված ուսումնական նյութերի կամ ավելի լավ սոցկայքերի կարիքը չկա: Դրա համար ձեր այժմյան կոչումից առավել այլ կոչման կարիքը չունեք: Քահանայության երդումն ու ուխտը ձեզ ուժ, իշխանություն և ուղղություն կտա: Ես աղոթում եմ, որ գնաք տուն և ուշադիր ուսումնասիրեք քահանայության երդումն ու ուխտը, որը տրված է Վարդապետություն և Ուխտեր, բաժին 84-ում:
Մենք բոլորս հույս ունենք, որ ավելի շատ երիտասարդներ կունենան Վիլֆորդ Վուդրուֆի փորձը, ով, որպես Ահարոնյան Քահանայության կրող, դարձի բերող զորությամբ էր ուսուցանում Հիսուս Քրիստոսի ավետարանը:
Ես աղոթում եմ, որ մենք կատարենք մեր կոչումը` բարձրացնելով մյուսներին, որպեսզի պատրաստենք նրանց իրենց փառահեղ ծառայությանը: Իմ ողջ սրտով ես շնորհակալ եմ այն հրաշալի մարդկանց, ովքեր բարձրացրել են ինձ և ցույց տվել՝ ինչպես պետք է սիրել և բարձրացնել մյուսներին:
Ես վկայում եմ, որ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը այսօր կրում է քահանայության բոլոր բանալիները երկրի վրա: Ես վկայում եմ, որ նա իր ողջ կյանքում ծառայելով բոլորիս համար, օրինակ է եղել, թե որպես Մելքիսեդեկյան Քահանայության կրողներ ինչպես պետք է օգնենք մյուսներին: Ես անձնապես երախտապարտ եմ, թե ինչպես է նա բարձրացրել ինձ և ցույց տվել, ինչպես պետք է բարձրացնել մյուսներին:
Հայր Աստվածն ապրում է: Հիսուսը Քրիստոսն է: Սա Նրա Եկեղեցին և արքայությունն է: Սա Նրա քահանայությունն է: Ես սա ինքս գիտեմ Սուրբ Հոգու զորությամբ: Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: