Մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը
Թող որ մենք հավատարմորեն մեզ վրա վերցնենք Հիսուսի անունը՝ տեսնելով, ինչպես Նա է տեսնում, ծառայելով, ինչպես Նա է ծառայել և վստահելով, որ Նրա շնորհը բավարար է։
Իմ ընկեր եղբայրնե՛ր և քույրե՛ր, վերջերս, երբ ես խորհում էի Եկեղեցին իր հայտնի դարձված անունով կոչելու Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հանձնարարության շուրջ, ես բացեցի այն տեղը, որտեղ Փրկիչը հրահանգեց նեփիացիներին Եկեղեցու անվան վերաբերյալ: Երբ կարդացի Փրկիչի խոսքերը, ես ցնցվեցի, թե ինչպես Նա նաև ասաց ժողովրդին, որ «դուք պետք է ձեզ վրա վերցնեք Քրիստոսի անունը»: Սա ստիպեց ինձ նայել ինքս ինձ և հարցնել. «Արդյոք ես վերցնում եմ ինձ վրա Փրկիչի անունը, ինչպես Նա կկամենար, որ ես անեի»: Այսօր ես կկամենայի կիսվել այն տպավորություններից մի քանիսով, որոնք ես ստացել եմ՝ ի պատասխան իմ հարցին:
Առաջինը, մեզ վրա վերցնել Քրիստոսի անունը, նշանակում է մենք հավատարմորեն ձգտում ենք տեսնել, ինչպես Աստված է տեսնում: Ինչպե՞ս է տեսնում Աստված: Ջոզեֆ Սմիթն ասել է. «Մինչ մարդկային ցեղի մի մասը դատում է և դատապարտում մյուսին առանց ողորմածության, տիեզերքի Մեծ Ծնողը նայում է ողջ մարդկային ընտանիքին հայրական հոգատարությամբ և ծնողական ուշադրությամբ», քանի որ «Նրա սերն անսահման է»:
Մի քանի տարի առաջ իմ մեծ քույրը հեռացավ կյանքից: Նա դժվար կյանք էր ունեցել: Նա մաքառում էր ավետարանի հետ և երբեք իսկապես ակտիվ չէր եղել: Նրա ամուսինը լքեց նրան և թողեց նրան չորս մանկահասակ երեխաների հետ: Նրա մահանալու օրը երեկոյան, մի սենյակում, որտեղ ներկա էին նրա երեխաները, ես նրան օրհնություն տվեցի, որպեսզի խաղաղ վերադառնար տուն: Այդ պահին ես հասկացա, որ շատ հաճախ ես բնորոշել էի քրոջս կյանքը նրա փորձությունների և անգործության տեսանկյունից: Երբ այդ երեկո ես ձեռքերս դրեցի նրա գլխին,մի խիստ դիտողություն ստացա Հոգու կողմից: Հոգին ինձ փաստորեն տեղյակ պահեց նրա բարության մասին և ինձ թույլ տրվեց տեսնել նրան, ինչպես Աստված էր տեսնում նրան՝ ոչ թե մեկին, ով մաքառում էր ավետարանի և կյանքի հետ, այլ մեկը, ով գործ էր ունեցել դժվար խնդիրների հետ, որոնք ես չէի ունեցել: Ես տեսա նրան, որպես հոյակապ մոր, ով չնայած մեծ խոչընդոտներին, մեծացրել էր չորս գեղեցիկ, հրաշալի երեխաներ: Ես տեսա նրան, որպես ընկեր մեր մոր համար, ով ժամանակ էր հատկացնում հսկելու և ընկերակից լինելու նրա հետ մեր հոր՝ կյանքից հեռանալուց հետո:
Իմ քրոջ հետ այդ վերջին երեկոյի ընթացքում համոզված եմ, որ Աստված հարցնում էր ինձ. «Մի՞թե չես տեսնում, որ շուրջ բոլորդ ամեն մեկը սրբազան էակ է»:
Բրիգամ Յանգն ուսուցանել է.
«Ես կամենում եմ կոչ անել Սրբերին … հասկանալ տղամարդկանց և կանանց ինչպես որ նրանք կան, և ոչ թե հասկանալ նրանց, ինչպես որ դուք եք:
Որքան հաճախ է ասվել. «Այդ անձնավորությունը սխալ է գործել, և նա չի կարող Սուրբ լինել»: … Մենք լսում ենք, որ ոմանք հայհոյում են և ստում … [կամ] խախտում կիրակին: … Մի դատեք այդպիսի մարդկանց, որովհետև դուք չգիտեք Տիրոջ նախագիծը նրանց վերաբերյալ»:6 … [ավելի շուտ] դիմացեք նրանց»։
Միթե՞ որևէ մեկը ձեզանից կարող է պատկերացնել, որ մեր Փրկիչը թույլ կտա, որ դուք և ձեր բեռներն աննկատ անցնեն Նրա կողքով: Փրկիչը նույն աչքով նայեց Սամարացուն, շնացողին, հարկահավաքին, բորոտին, հոգեկան հիվանդին և մեղսագործին: Բոլորը Նրա Հոր զավակներն էին: Բոլորը ենթակա էին փրկագնման:
Արդյոք կարո՞ղ եք պատկերացնել, որ Նա շրջանցում է ինչ-որ մեկին, ով կասկածներ ունի Աստծո արքայությունում իրեն հատկացված տեղի մասին կամ որևէ կերպ տառապող մեկին։ Ես չեմ կարող: Քրիստոսի աչքում յուրաքանչյուր հոգի անսահման արժեք է: Ոչ ոքի համար նախասահմանված չէ ձախողում: Հավերժական կյանքը հնարավոր է բոլորի համար:
Քրոջս անկողնու մոտ Հոգու նախատինքից ես սովորեցի մի մեծ դաս, որ երբ տեսնում ենք, ինչպես Նա է տեսնում, մերը կլինի կրկնակի հաղթանակը՝ փրկագնումը նրանց, ում մենք ենք հպվում և մեր սեփական փրկագնումը:
Երկրորդը, մեզ վրա վերցնելով Քրիստոսի անունը, մենք ոչ միայն պետք է տեսնենք այնպես, ինչպես Աստված է տեսնում, այլև պետք է կատարենք Նրա աշխատանքը և ծառայենք, ինչպես Նա ծառայեց: Մենք կիրառում ենք երկու մեծ պատվիրանները՝ ենթարկվում Աստծո կամքին, հավաքում Իսրայելը և թողնում, որ մեր լույսը «շողա մարդկանց առաջին»: Մենք ընդունում ենք և ապրում Նրա վերականգնված Եկեղեցու ուխտերով և արարողություններով: Երբ մենք անում ենք այս, Աստված օժտում է մեզ զորությամբ՝ օրհնելով մեզ, մեր ընտանիքներին և ուրիշների կյանքը: Հարցրեք ինքներդ ձեզ. «Արդյո՞ք գիտեմ ինչ-որ մեկին, ով երկնքի զորությունների կարիքը չունի իր կյանքում»:
Աստված հրաշքներ կգործի մեր մեջ, երբ մենք սրբագործենք ինքներս մեզ: Մենք սրբագործում ենք ինքներս մեզ՝ մաքրագործելով մեր սրտերը: Մենք մաքրագործում ենք մեր սրտերը, երբ մենք լսում ենք Նրան, ապաշխարում մեր մեղքերի համար, դառնում դարձի եկած, և սիրում, ինչպես նա է սիրում: Փրկիչը հարցրեց մեզ. «Որովհետեւ, եթե ձեզ սիրողներին սիրէք, ինչ վարձք ունիք»:
Ես վերջերս իմացա մի փորձառության մասին, որն ունեցել էր Երեց Ջեյմս Ի. Թալմիջը, որն ինձ ստիպեց կանգ առնել և մտածել, թե ինչպես եմ ես սիրում ու ծառայում նրանց, ովքեր իմ շրջապատում են: Երբ նա երիտասարդ դասախոս էր, նախքան Առաքյալ դառնալը, 1892 թվականին դիֆթերիայի համաճարակը գագաթնակետին էր հասել, և Երեց Թալմիջը հայտնաբերեց անծանոթ մի ընտանիքի` Եկեղեցու ոչ անդամների, ովքեր ապրում էին իրեն մոտիկ և տառապում էին այդ հիվանդությամբ: Ոչ ոք չէր ուզում իրեն վտանգի ենթարկել՝ ներս մտնելով այդ տունը: Սակայն Երեց Թալմիջը անմիջապես տուն մտավ: Նա գտավ չորս երեխաների՝ մեկը՝ երկուս ու կես տարեկան, որը մահացել էր մահճակալի վրա, մեկը հինգ, մյուսը՝ տասը տարեկան, որոնք ուժեղ ցավերի մեջ էին, և մի տասներեք տարեկանի, որը թուլացել էր հիվանդությունից: Ծնողները տառապում էին վշտից և ուժասպառ էին եղել:
Երեց Թալմիջը հագցրեց մահացածին և ողջերին, ավլեց սենյակները, և դրսումայրեց հիվանդությունից կեղտոտված ցնցոտիները: Նա աշխատեց ամբողջ օրը և ապա վերադարձավ հաջորդ առավոտ: Գիշերը տասը տարեկանը մահացել էր: Նա բարձրացրեց և գրկեց հնգամյա աղջկան: Աղջիկը հազաց արյունախառն լորձով, որը թռավ նրա երեսին և հագուստներին: Նա գրել է.«Ես չէի կարողանում վար դնել նրան», և գրկում պահեց նրան, մինչև մահացավ իր ձեռքերի մեջ: Նա օգնեց թաղել բոլոր երեք երեխաներին և ուտելիք և մաքուր հագուստներ պատրաստեց սգացող ընտանիքի համար: Տուն վերադառնալով Եղբայր Թալմիջը հանեց իր հագուստները, լողացավ ցինկի լուծույթով, իրեն մեկուսացրեց իր ընտանիքից և տառապեց այդ հիվանդության մեղմ ախտահարումից:
Մեր շուրջն այնքան շատ կյանքեր են վտանգի տակ: Սրբերը վերցնում են Փրկիչի անունը իրենց վրա՝ դառնալով սուրբ և սպասավորելով բոլորին՝ անկախ նրանից, թե որտեղ են կամ ինչպես են կանգնած, կյանքեր են փրկվում, երբ մենք այդպես ենք վարվում:
Ի վերջո, ես հավատում եմ, որ վերցնելով մեզ վրա Նրա անունը, մենք պետք է վստահենք Նրան: Ժողովի ժամանակ, որին ես մասնակցում էի մի կիրակի, մի երիտասարդ կին հարցրեց նմանատիպ մի բան. «Ես և իմ ընկերը վերջերս բաժանվեցինք, և նա ընտրեց հեռանալ Եկեղեցուց: Նա ասում է, որ երբեք այդքան երջանիկ չէր եղել: Ինչպես կարող է սա լինել»:
Փրկիչը պատասխանել է այդ հարցին, երբ Նա ասել է Նեփիացիներին.«Բայց եթե [ձեր կյանքը] կառուցված չլինի իմ ավետարանի վրա, և կառուցված լինի մարդկանց գործերի վրա, կամ դևի գործերի վրա, ճշմարիտ եմ ասում ձեզ, [դուք] ուրախություն կունենաք [ձեր] գործերում միառժամանակ, և շուտով գալիս է վերջը, և նրանք կտրվում են, և գցվում կրակի մեջ, որտեղից չկա վերադարձ»: Պարզապես Հիսուս Քրիստոսի ավետարանից դուրս չկա հարատև ուրախություն:
Այդ ժողովի ժամանակ, այնուամենայնիվ, ես մտածեցի իմ իմացած բազմաթիվ լավ մարդկանց մասին, ովքեր պայքարում են մեծ բեռների և պատվիրանների հետ, որոնք ամենից առավել են վհատեցնում նրանց: Ես հարցրեցի ինքս ինձ. «Էլ ի՞նչ կասեր Փրկիչը նրանց»: Համոզված եմ, Նա կհարցներ. «Դուք վստահո՞ւմ եք ինձ»: Արյան խնդիր ունեցող կնոջը Նա ասաց. «Քո հաւատքն ազատեց քեզ, գնա խաղաղությամբ»:
Իմ սիրելի սուրբ գրություններից մեկը Հովհաննես 4.4-նէ, որն ասում է. «Եւ պէտք էր որ Սամարիայի միջովն անցնէր»:
Ինչո՞ւ եմ սիրում այդ հատվածը: Որովհետև Հիսուսը չպետք է գնար Սամարիա: Նրա օրերի հրեաները արհամարհում էին սամարացիներին և ճամփորդում էին՝ շրջանցելով Սամարիան: Բայց Հիսուսն ընտրեց գնալ այնտեղ՝ հայտարարելու ողջ աշխարհին առաջին անգամ, որ Ինքը խոստացված Մեսիան էր: Այդ ուղերձի համար Նա ընտրեց ոչ միայն մի վտարված խմբի, այլ նաև մի կնոջ, և ոչ թե ուղղակի որևէ կնոջ, այլ մի կնոջ, ով մեղքի մեջ էր ապրում, մեկին, ում այդ ժամանակ համարում էին ցածրագույնից ցածրագույնը: Համոզված եմ, որ Հիսուսն արեց այդպես, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը կարողանար միշտ հասկանալ, որ Նրա սերն ավելի մեծ է, քան մեր երկյուղները, մեր վերքերը, մեր կախվածությունները, մեր կասկածները, մեր գայթակղությունները, մեր մեղքերը, մեր խորտակված ընտանիքները, մեր ընկճախտն ու սրտնեղությունները, մեր խրոնիկական հիվանդությունը, մեր աղքատությունը, մեր հիասթափությունը և մեր մենակությունը: Նա կամենում է, որ բոլորն իմանան՝ չկա մի բան և չկա մեկը, որին Նա չկարողանա բժշկել և տալ հարատև ուրախություն:
Նրա շնորհը բավարար է: Նա միայնակ իջավ բոլոր բաներից ցած: Նրա Քավության զորությունը ամեն բեռ հաղթահարելու զորությունն է մեր կյանքում: Ջրհորի մոտ կանգնած կնոջ ուղերձն այն է, որ Նա գիտի մեր կյանքի իրավիճակները, և որ մենք կարող ենք միշտ քայլել Նրա հետ, անկախ նրանից, թե որտեղ ենք կանգնած: Նրան և մեզանից յուրաքանչյուրին Նա ասում է. «Ամեն այդ ջրիցը խմողը դարձեալ կծարաւի. բայց ով որ խմէ այն ջրիցը, որ ես կտամ նորան, նա յաւիտեան չի ծարաւիլ: Այլ այն ջուրը, որ ես կտամ նորան, աղբիւր կլինի նորանում, որ յաւիտենական կեանքի համար կբղխէ:
Կյանքի ամեն ճամփորդություններում ինչո՞ւ պիտի դուք երբևէ հեռանաք միակ Փրկիչից, ով ունի ողջ զորությունը բժշկելու և ազատելու ձեզ: Ինչ գին էլ որ վճարեք Նրան վստահելու համար, արժե: Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, եկեք ընտրենք մեծացնել մեր հավատքը Երկնային Հոր և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ:
Իմ հոգու խորքից ես բերում եմ վկայություն, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Փրկիչի Եկեղեցին է, որն ուղղորդվում է կենդանի Քրիստոսի կողմից ճշմարիտ մարգարեի միջոցով։ Ես աղոթում եմ, որ մենք հավատարմորեն մեզ վրա վերցնենք Հիսուսի անունը՝ տեսնելով, ինչպես Նա է տեսնում, ծառայելով, ինչպես Նա է ծառայել և վստահելով, որ Նրա շնորհը բավական է մեզ տուն և հարատև ուրախության հասցնելու համար: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: