Եկեղեցու ճիշտ անունը
Հիսուս Քրիստոսը ցուցում է տվել Եկեղեցին կոչել Իր անունով, որովհետև սա Իր Եկեղեցին է՝ լցված Իր զորությամբ:
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, այս գեղեցիկ Հանգստության օրը միասին հրճվում ենք Տիրոջ տված մեր բազում օրհնությունների համար։ Մենք անչափ երախտապարտ ենք Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին ձեր վկայությունների և այն զոհաբերությունների համար, որոնք դուք կատարել եք Նրա ուխտի ուղու վրա մնալու կամ այդ ուղին վերադառնալու համար, և Նրա Եկեղեցում ձեր նվիրված ծառայության համար։
Այսօր, ես հարկադրված եմ ձեզ հետ խոսել մեծ կարևորություն ունեցող հարցի մասին։ Մի քանի շաբաթ առաջ ես հայտարարություն արեցի Եկեղեցու անվան ուղղման վերաբերյալ։ Ես դա արեցի, քանի որ Տերը ինձ հուշում տվեց անվանման կարևորության մասին, որը Նա կարգել է Իր Եկեղեցու համար, այն է՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի:
Ինչպես և սպասվում էր, այս հայտարարության և վերանայված ուղեցույցի մասին արձագանքները տարբեր են եղել։ Անդամներից շատերն անմիջապես շտկեցին Եկեղեցու անունն իրենց բլոգներում և սոցիալական լրատվամիջոցներում: Ոմանք էլ հարցնում էին, թե ինչո՞ւ այն ամենի հետ մեկտեղ, ինչ կատարվում է աշխարհում, անհրաժե՞շտ էր ընդգծել այդպիսի «անկարևոր» մի բան։ Իսկ, ոմանք մտածում էին, որ դա չի կարող իրականացվել, ապա ինչո՞ւ փորձել։ Թույլ տվեք բացատրել, թե ինչո՞ւ է այդ հարցն այդքան կարևոր մեզ համար։ Բայց, նախ թույլ տվեք ասել, թե դա իրենից ինչ չի ենթադրում․
-
Դա անվանման փոփոխություն չէ։
-
Այն ավելի գրավիչ չենք դարձնում։
-
Դա արտաքին փոփոխություն չէ։
-
Դա քմահաճույք չէ։
-
Եվ դա անկարևոր չէ։
Հակառակը՝ այն ուղղում է։ Դա Տիրոջ հրամանն է։ Ջոզեֆ Սմիթը Եկեղեցին չի անվանակոչել, ոչ էլ Մորմոնն է դա արել։ Փրկիչն ինքն ասաց․ «Քանզի այսպես պիտի կոչվի իմ եկեղեցին վերջին օրերին, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի»:
Նույնիսկ, ավելի վաղ, 34-րդ տարում, մեր հարություն առած Տերը նման հրահանգ տվեց իր Եկեղեցու անդամներին, երբ նրանց այցելեց Ամերիկա մայրցամաք: Այդ ժամանակ նա ասաց.
«Դուք պիտի կոչեք եկեղեցին իմ անունով։ …
Եվ ի՞նչպես կլինի այն իմ եկեղեցին, եթե այն կոչված չլինի իմ անունով: Քանզի, եթե մի եկեղեցի կոչվի Մովսեսի անունով, ուրեմն դա կլինի Մովսեսի եկեղեցին. կամ եթե այն կոչված լինի մարդու անունով, ուրեմն դա կլինի մարդու եկեղեցի. բայց եթե այն կոչված լինի իմ անունով, ուրեմն դա իմ եկեղեցին է»։
Այսպիսով, Եկեղեցու անունը սակարկելի չէ: Երբ Փրկիչը հստակ ասում է, թե ինչ պետք է լինի Նրա Եկեղեցու անունը, և նույնիսկ նախորդում է Նրա հայտարարությունը, «Քանզի այսպես պիտի կոչվի իմ եկեղեցին», ապա Նա լուրջ է խոսում: Եվ եթե թույլ տանք, որ մականուն օգտագործվի, ընդունենք կամ նույնիսկ ինքներս տարածենք այդ մականունները, ապա կվիրավորենք Նրան:
Ի՞նչ արժեք ունի անունը կամ այս դեպքում՝ մականունը։ Երբ խոսքը գնում է Եկեղեցու մականունների մասին, ինչպես՝ «ՎՕՍ Եկեղեցի», «Մորմոնական Եկեղեցի» կամ «Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի», ամենակոպիտ բացթողումը Փրկիչի անվան բացակայությունն է։ Տիրոջ անունը Տիրոջ Եկեղեցու վրայից հանելով սատանան մեծ հաղթանակ է տանում։ Երբ հեռացնում ենք Փրկիչի անունը, մենք նրբորեն անտեսում ենք այն ամենը, ինչ Հիսուս Քրիստոսը արել է մեզ համար, անգամ՝ Նրա Քավությունը։
Դիտարկենք դա Նրա տեսանկյունից․ Նախաերկրային կյանքում Նա Եհովան էր, Հին Կտակարանի Աստվածը: Իր Հոր ղեկավարության ներքո Նա ստեղծեց այս և մյուս աշխարհները։ Նա Իր կամքը հնազանդեցրեց Հոր կամքին և ինչ-որ բան արեց Աստծո բոլոր զավակների համար, որը մեկ այլ մարդ չէր կարող անել: Թողնելով Իր փառքը Երկիր գալու համար՝ որպես մարմնով Հոր Միածին, Նրան դաժանորեն անարգեցին, ծաղրեցին, թքեցին Նրա վրա և ծեծեցին: Գեթսեմանի պարտեզում մեր Փրկիչն Իր վրա վերցրեց ամեն ցավ, ամեն մեղք և բոլոր տառապանքերն ու չարչարանքները, որոնք երբևէ ունեցել ենք ես և դուք և բոլոր նրանց, ովքեր երբևէ ապրել են կամ կապրեն։ Այդ տանջալից բեռի տակ Նա արյունահոսեց յուրաքանչյուր ծակոտիից։ Այդ տառապանքն ուժգնացավ, քանի որ Նա դաժանորեն խաչվեց Գողգոթայի խաչին։
Այս տանջալից փորձառությունների և Նրա հետագա Հարության շնորհիվ, Իր անսահման Քավության շնորհիվ, Նա անմահություն տվեց բոլորին և մեզանից յուրաքանչյուրին փրկագնեց մեղքի հետևանքներից՝ մեր ապաշխարելու պայմանով:
Փրկիչի Հարությունից և Նրա Առաքյալների մահվանից հետո աշխարհը հարյուրամյակներ շարունակ խավարի մեջ մնաց: Ապա, 1820 թ-ին Աստված Հայրը և Նրա Որդին, Հիսուս Քրիստոսը, հայտնվեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթին՝ Տիրոջ Եկեղեցու Վերականգնումը սկսելու համար:
Այն բոլորից հետո, ինչ Նա տարավ, այն բոլորից հետո, ինչ Նա արեց մարդկության համար, խորը ափսոսանքով ես գիտակցում եմ, որ մենք ակամայից համաձայնվել ենք, որ Տիրոջ վերականգնված Եկեղեցին կոչվի ուրիշ անուններով, որոնցից յուրաքանչյուրը հեռացնում է Հիսուս Քրիստոսի սուրբ անունը։
Ամեն կիրակի արժանիորեն ընդունելով հաղորդությունը, մենք կրկին Երկնային Հորը սրբազան խոստում ենք տալիս, որ պատրաստ ենք վերցնել մեզ վրա Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունը: Մենք խոստանում ենք հետևել Նրան, ապաշխարել, պահել Նրա պատվիրանները և միշտ հիշել Նրան։
Երբ անտեսում ենք Նրա անունը Իր Եկեղեցուց, մենք անզգուշաբար հեռացնում ենք Նրան մեր կյանքի կիզակետից։
Փրկիչի անունը մեր վրա վերցնելը ներառում է մեր գործողությունների և մեր խոսքերի միջոցով քարոզել ուրիշներին և վկայել, որ Հիսուսը Քրիստոսն է: Արդյո՞ք մենք այնքան ենք վախեցել վիրավորել մեկին, ով մեզ «Մորմոններ» է կոչել, որ չենք պաշտպանել Փրկիչին՝ պաշտպանելով Նրան այն անունով, որով Նրա Եկեղեցին կոչվում է։
Եթե որպես ժողովուրդ և որպես անհատներ, մենք պետք է ունենանք Հիսուս Քրիստոսի Քավության զորությունը, որ մաքրի և բժշկի մեզ, ամրացնի և զորացնի մեզ և ի վերջո՝ վեհացնի մեզ, ապա ակնհայտորեն մենք պետք է ընդունենք Նրան, որպես այդ զորության աղբյուր։ Մենք կարող ենք սկսել և կոչել Նրա Եկեղեցին այն անունով, որը Նա կարգել է։
Աշխարհի մեծ մասի համար Տիրոջ Եկեղեցին ներկայումս քողարկված է որպես «Մորմոնների եկեղեցի»։ Բայց մենք, որպես Տիրոջ Եկեղեցու անդամներ, գիտենք, թե ով է կանգնած նրա գլխին. Ինքը՝ Հիսուս Քրիստոսը։ Ցավոք, շատերը, ովքեր լսում են Մորմոն բառը, կարող են մտածել, որ մենք երկրպագում ենք Մորմոնին։ Այդպես չէ: Մենք մեծարում ու հարգում ենք Ամերիկա մայրցամաքում ապրած այդ հրաշալի մարգարեին։ Բայց մենք Մորմոնի աշակերտները չենք։ Մենք Տիրոջ աշակերտներն ենք:
Վերականգնված Եկեղեցու վաղ օրերին, Մորմոնների Եկեղեցի և Մորմոններ եզրույթները հաճախ օգտագործվում էին որպես մականուններ՝ որպես դաժան, վիրավորական եզրույթներ, որոնք ստեղծվել էին Հիսուս Քրիստոսի Եկեղեցուց Աստծո ազդեցությունը թաքցնելու նպատակով։
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, կան աշխարհիկ շատ փաստարկներ՝ Եկեղեցու ճիշտ անունը վերականգնելու դեմ: Քանի որ թվային աշխարհում, որտեղ մենք ապրում ենք և որոնիչի օպտիմալացումն օգնում է մեզ բոլորիս տվյալները գտնել գրեթե անմիջապես, ներառյալ Տիրոջ Եկեղեցու մասին տվյալներ, քննադատներն ասում են, որ այս դեպքում ուղղումներն անխոհեմ են: Մյուսները կարծում են, քանի որ մենք այնքան լայնորեն հայտնի ենք որպես «Մորմոններ» և որպես «Մորմոնների եկեղեցի», մենք պետք է օգտվենք դրանից և ընդունենք դա։
Եթե սա լիներ մարդու կողմից ստեղծված կազմակերպության ապրանքանիշի ներկայացման քննարկում, ապա այդ փաստարկները համոզիչ կլինեին: Բայց այս վճռական հարցում մենք նայում ենք Նրան, ում Եկեղեցին է սա, և հասկանում ենք, որ Տիրոջ ճանապարհները չեն նմանվել և չեն նմանվի մարդու ճանապարհներին։ Եթե մենք համբերատար լինենք և լավ կատարենք գործի մեր բաժինը, Տերը կառաջնորդի մեզ այս դժվարին խնդրի լուծման գործում։ Ի վերջո, մենք գիտենք, որ Տերն օգնում է նրանց, ովքեր ձգտում են կատարել Իր կամքը, ճիշտ այնպես, ինչպես Նա օգնեց Նեփիին իրագործել առաջադրանքը և նավ կառուցել ծովը հատելու համար։
Մենք կցանկանանք լինել քաղաքավարի և համբերատար այս սխալներն ուղղելու մեր ջանքերում: Պատասխանատու լրատվամիջոցները բարեհաճ կլինեն մեր խնդրանքին արձագանքելիս։
Նախորդ Գերագույն համաժողովում Երեց Բենջամին դե Հոյոսը խոսեց նման դեպքի մասին: Նա ասել է.
«Մի քանի տարի առաջ, երբ Մեքսիկայում ծառայում էի Եկեղեցու հանրային կապերի գրասենյակում, [ինձ ու զուգընկերոջս] հրավիրեցին մասնակցելու ռադիո թոք-շոուի: [Ծրագրի ռեժիսորներից մեկը] հարցրեց մեզ. «Ինչո՞ւ Եկեղեցին այդքան երկար անվանում ունի»: …
Ի պատասխան այդ հրաշալի հարցին ես և իմ ուղեկիցը ժպտացինք, ապա սկսեցինք բացատրել, որ եկեղեցու անվանումը մարդկանց կողմից չի ընտրվել: Այն տրվել էր Փրկիչի կողմից: … Հաղորդավարն անմիջապես և հարգանքով պատասխանեց. «Այդ դեպքում մենք կկրկնենք այն մեծ հաճույքով»:
Այդ հաշվետվության մեջ օրինաչափություն կա։ Որպես անհատներ մեր լավագույն ջանքերը կպահանջեն մեկ առ մեկ ուղղել այն սխալները, որոնք տարիների ընթացքում ընդունելի են դարձել։ Մնացած աշխարհը կարող է հետևել կամ չհետևել մեր օրինակին`մեզ կոչելով ճիշտ անվամբ։ Բայց մեր կողմից անազնիվ կլինի հուսահատվել, որ աշխարհի մեծ մասը Եկեղեցին և նրա անդամներին կոչում է սխալ անուններով, եթե մենք էլ նույնն ենք անում։
Մեր ոճի վերանայված ուղեցույցը օգտակար է։ Այնտեղ ասվում է․ «Առաջին վկայակոչման մեջ Եկեղեցու լրիվ անվանումը ներկայացված է որպես «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի»: Երբ անհրաժեշտ է կարճ [երկրորդ] վկայակոչում, խրախուսվում է օգտագործել «Եկեղեցի» կամ «Հիսուս Քրիստոսի Եկեղեցի» եզրույթները: «Հիսուս Քրիստոսի Վերականգնված Եկեղեցի» անվանումը ևս ճշգրիտ է և օգտագործումը խրախուսվում է:
Եթե մեկը հարցնի, «Դո՞ւք Մորմոն եք», կարող եք պատասխանել, «Եթե դուք հարցնում եք, թե արդյոք ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի անդամ եմ, ապա այո՛»։
Եթե մեկը հարցնի, «Դո՞ւք Վերջին Օրերի Սուրբ եք», դուք կարող եք պատասխանել․ «Այո, դա այդպես է։ Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին և Նրա վերականգնված Եկեղեցու անդամ եմ»։
Իմ սիրելի եղբայրներ ու քույրեր, ես խոստանում եմ ձեզ, որ եթե մենք անենք հնարավոր ամեն բան Տիրոջ Եկեղեցու ճիշտ անունը վերականգնելու համար, Նա, ում պատկանում է այս Եկեղեցին, Իր զորությունն ու բազմաթիվ օրհնությունները կհեղի Վերջին Օրերի Սրբերի վրա, ինչպիսիք երբևէ չենք տեսել նախկինում։ Մենք կունենանք Աստծո գիտելիքն ու զորությունը, որոնք կօգնեն մեզ տանել Հիսուս Քրիստոսի ավետարանի օրհնությունները բոլոր ազգերին, ցեղերին, լեզուներին ու մարդկանց և պատրաստել աշխարհը Տիրոջ Երկրորդ Գալուստին։
Այսպիսով, ի՞նչ արժեք ունի անունը։ Երբ խոսքը վերաբերում է Տիրոջ Եկեղեցու անվանը, պատասխանն է՝ «Ամենամեծ արժեքը»: Հիսուս Քրիստոսը ցուցում է տվել Եկեղեցին կոչել Իր անունով, որովհետև սա Իր Եկեղեցին է՝ լցված Իր զորությամբ:
Ես գիտեմ, որ Աստված ապրում է: Հիսուսը Քրիստոսն է: Նա առաջնորդում է Իր Եկեղեցին այսօր։ Ես դա վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: