Հաշտության սպասավորությունը
Ես վկայում եմ, որ Աստծո և միմյանց հետ հաշտությունը կբերի հոգու խաղաղություն, եթե մենք հեզ ենք ու բավականաչափ խիզախ դրան հետամուտ լինելու համար:
Անցած ապրիլին Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ներկայացրեց սպասավորության գաղափարը որպես մի եղանակ, որով պահում ենք մեծ պատվիրանները՝ սիրել Աստծուն և սիրել միմյանց: Մենք, որպես Եկեղեցու պաշտոնյաներ, անկեղծորեն ծափահարում ու շնորհավորում ենք ձեզ այն հսկայական արձագանքի համար, որով դուք սկսեցիք այդ գործը: Մենք շնորհակալ ենք ձեզ, որ հետևում եք մեր մարգարեին այս հրաշալի նախաձեռնության մեջ և առաջարկում ենք, որ դուք չսպասեք ավելի շատ հրահանգների: Պարզապես ցատկեք լողավազանի մեջ և լողացեք: Եվ գնացեք դեպի կարիքավորները: Մի կաշկանդվեք, մտածելով՝ արդյոք պիտի մեջքի՞ վրա լողաք, թե՞ շնալող տաք: Եթե մենք հետևենք ուսուցանված հիմնական սկզբունքներին, գործադրենք քահանայության բանալիները և փնտրենք Սուրբ Հոգու առաջնորդությունը, մենք չենք ձախողվի:
Այս առավոտ ես ցանկանում եմ խոսել սպասավորության մի անհատական տեսակի մասին, որը չի կատարվում ըստ հանձնարարության, չի ընդգրկում նախատեսված հարցազրույց, և չունի հաշվետվության պարտադրանք ինչ-որ մեկին՝ բացառությամբ երկնքից: Թույլ տվեք կիսվել մի պարզ օրինակով այդպիսի բարի ծառայության վերաբերյալ։
Գրանտ Մորել Բոուենը, ով աշխատասեր, նվիրված ամուսին ու հայր էր, շատերի նման իր օրավուր հացը վաստակում էր հողի հետ աշխատելով, սակայն նա ֆինանսական մաքառումների մեջ էր, երբ տեղական կարտոֆիլի բերքն աղքատ էր լինում: Նա և իր կինը՝ Նորման, սկսեցին զբաղվել այլ աշխատանքներով և, ի վերջո, տեղափոխվեցին մեկ այլ քաղաք ու սկսեցին կայունացնել իրենց ֆինանսական դրությունը: Սակայն մի ցավալի միջադեպի պատճառով Եղբայր Բոուենը խորապես վիրավորվեց, երբ տաճարային երաշխավորագրի հարցազրույցի ժամանակ եպիսկոպոսը թերահավատությամբ վերաբերվեց Մորելի հայտարարագրի այն կետին, որ նա լիարժեք տասանորդ վճարող էր:
Ես չգիտեմ, թե այս երկու տղամարդկանցից ո՞ր մեկն էր ավելի ճիշտ այդ օրը, բայց ես իրոք գիտեմ, որ Քույր Բոուենը այդ հարցազրույցից դուրս եկավ թարմացված տաճարային երաշխավորագրով, մինչդեռ Եղբայր Բոուենը դուրս եկավ բարկացած, և դա նրան հեռացրեց Եկեղեցուց 15 տարի:
Անկախ այն բանից, թե ով էր ճիշտ տասանորդի հարցում, ակնհայտ է, որ թե՛ Մորելը, թե՛ եպիսկոպոսը մոռացել էին Տիրոջ նախազգուշացումը, որ «քո ոսոխի հետ շուտով միաբանուիր» և Պողոսի խորհուրդը՝ «թող արեգակը ձեր բարկութեան վերայ չ’մտնէ»: Փաստն այն է, որ նրանք համաձայնության չեկան և Եղբայր Բոուենի բարկությունը դեռ երկար օրեր, շաբաթներ, ապա տարիներ շարունակվեց, ինչն էլ հաստատեց հին իմաստուն հռոմեացիներից մեկի տեսակետը. «Բարկությունը, եթե չի զսպվում, հաճախ ավելի կործանարար է, քան վիրավորանքը, որն առաջացրել է այդ բարկությունը»: Բայց հաշտության հրաշքը միշտ էլ հասանելի է մեզ, և շնորհիվ սիրո, որը նա տածում էր իր ընտանիքի ու Եկեղեցու հանդեպ, որը գիտեր որ ճշմարիտ է, Մորել Բոուենը վերադարձավ Եկեղեցի: Թույլ տվեք համառոտ պատմել, թե դա ինչպես պատահեց:
Եղբայր Բոուենի որդի Բերդը մեր լավ ընկերն է և նվիրված Տարածքային Յոթանասունական հարավային Այդահոյում: Այդ միջադեպի ժամանակ Բրեդը 11 տարեկան էր և 15 տարի շարունակ նա հետևում էր իր հոր կրոնական նվիրվածության անկմանը, վկա լինելով, թե ինչպես էին քաղվում բարկության բերքահավաքի պտուղներն այնտեղ, ուր ցանվել էր թյուրիմացությունը: Ինչ-որ բան պետք է արվեր: Այսպիսով, երբ մոտենում էր 1977թ.-ի Գոհաբանության տոնը, 26-ամյա Բրեդը, ով Բրիգամ Յանգ Համալսարանի ուսանող էր, նրա կինը և մանուկ որդի Միկը իրերը բեռնեցին իրենց հին մեքենայի մեջ և, չնայած վատթարացող եղանակին, ճամփա ընկան դեպի Մոնտանայի Բիլինգս քաղաքը: Վեստ Յելոուստոունի մոտ մեքենան մխրճվեց ձնաբլրի մեջ, սական նույնիսկ դա չխանգարեց, որ այս ընտանիքը սպասավորության այցելություն կատարեր եղբայր Բոուեն Ավագին:
Տեղ հասնելուն պես, Բրեդը և նրա քույր Պեմը իրենց հորը առանձնազրույցի հրավիրեցին մի քանի րոպեով: «Դու հրաշալի հայր ես եղել,- սկսեց Բրեդը հուզմունքով,- և մենք միշտ իմացել ենք, թե դու որքան ես սիրում մեզ: Բայց ինչ-որ բան սխալ է և արդեն երկար ժամանակ: Քանի որ դու մի անգամ վիրավորվել էիր, այս ընտանիքը ևս վիրավորված է երկար տարիներ: Մենք ընկճված ենք, և դու միակ մարդն ես, ով կարող է վերականգնել մեզ: Խնդրում ենք, այսքան ժամանակ անց, կարո՞ղ ես պատրաստակամ մի կողմ դնել այդ ցավալի միջադեպը եպիսկոպոսի հետ և առաջնորդել այս ընտանիքը ավետարանով՝ ինչպես մի ժամանակ անում էիր»:
Քար լռություն տիրեց: Ապա Եղբայր Բոուենը նայեց այս երկուսին, ովքեր իր ոսկորից ու մարմնից էին, և շատ հանգիստ ասաց. «Այո, Այո, ես կգնամ»:
Հիացած, բայց զարմացած անսպասելի պատասխանից, Բրեդ Բոուենը և նրա ընտանիքը հետևում էին, թե ինչպես է իրենց ամուսինն ու հայրը գնում ներկայիս եպիսկոպոսի մոտ հաշտության ոգով, որպեսզի ամեն բան ճիշտ կարգով դասավորի իր կյանքում: Անկեղծորեն արձագանքելով այս խիզախ, բայց լիովին անսպասելի այցին, եպիսկոպոսը, ով բազմիցս հրավիրել էր Եղբայր Բոուենին վերադառնալ Եկեղեցի, իր բազուկներով գրկեց Մորելին ու նրանք երկար գրկախառնված մնացին:
Ընդամենը մի քանի շաբաթում Եղբայր Բոուենը կրկին լիովին ներգրավվեց Եկեղեցու միջոցառումներում և արժանավոր դարձավ տաճար վերադառնալուն: Շուտով նա կանչվեց նախագահելու դժվարությունների մեջ գտնվող 25 անդամից բաղկացած մի փոքր ճյուղ, որը հետո աճեց ու դարձավ 100 անդամից բաղկացած բարգավաճող համայնք: Այս ամենը տեղի է ունեցել մոտ կես դար առաջ, սակայն որդու և դստեր կողմից իրենց հորը մատուցած սպասավորության միջնորդությունը, ինչպես նաև այդ հոր ներելու և առաջ ընթանալու պատրաստակամությունը, չնայած ուրիշների թերություններին, բազմաթիվ օրհնություններ է բերել Բոուեն ընտանիքին:
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Հիսուսը խնդրել է, որ մենք «ապրե[ն]ք միասին սիրով», «[մ]եր մեջ չպիտի լինեն վիճաբանություններ»: «Նա, որ ունի հակառակության ոգին, ինձանից չի»,- Նա նախազգուշացրեց նեփիացիներին։ Անշուշտ, մեր կապը Քրիստոսի հետ մեծապես կորոշվի կամ առնվազն դրա վրա կազդեն մեր ունեցած հարաբերությունները միմյանց հետ:
«Եթե դու … փափագես գալ ինձ մոտ»,- ասել է նա,- և հիշես, որ քո եղբայրը որևէ բան ունի քո դեմ,
գնա քո ճանապարհով քո եղբոր մոտ, և առաջին հերթին հաշտվիր [նրա] հետ, և հետո եկ ինձ մոտ սրտի ողջ նվիրվածությամբ, և ես կընդունեմ քեզ»:
Անկասկած, մեզանից յուրաքանչյուրը կարող է նշել բազմաթիվ և տարբեր հին վերքեր, վշտեր ու ցավոտ հիշողություններ, որոնք հենց այս պահին դեռևս խախտում են մեր սրտի, մեր ընտանիքի ու շրջապատի անդորրը: Անկախ նրանից՝ մենք ենք պատճառել այդ ցավը, թե մենք ենք ընդունել այն, այդ վերքերը պետք է բժշկվեն, որպեսզի կյանքը լինի նույնքան լիարժեք, որքան Աստված է նախատեսել, որ այն լինի: Ինչպես որ ձեր թոռնիկներն են ուշադիր զննում սառնարանի պարունակությունը՝ ստուգելով ուտելիքի ժամկետը ձեր փոխարեն, այնպես էլ այդ հին վիրավորանքների ժամկետն է արդեն անցել: Խնդրում եմ, ձեր հոգու թանկագին եռանդը այլևս մի ծախսեք դրանց վրա: Ինչպես Պրոսպերոն է ասել զղջացող Ալոնսոյին Փոթորիկը պիեսում՝ «Եկ չծանրաբեռնենք մեր հիշողությունն անցյալով, քանի որ այլևս պատճառ չկա տխրելու դրանցով»:
«Մի՛ դատեք, որպեսզի Աստված էլ ձեզ չդատի»,- Քրիստոսն ուսուցանեց Լեռան քարոզում: Իսկ մեր օրերում. «Ես՝ Տերս, կներեմ, ում որ կներեմ, բայց ձեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց»։ Սակայն ձեզանից յուրաքանչյուրի համար, ովքեր իրական չարչարանքների մեջ են, կարևոր է հիշել, թե Նա ինչ չի ասել: Նա չի ասել. «Ձեզ չի թույլատրվում իրական ցավ կամ իրական վիշտ զգալ կործանարար փորձություններից, որոնց մեջ դուք հայտնվել եք մեկ ուրիշի պատճառով»: Նա նաև չի ասել. «Որպեսզի լիովին ներեք, դուք պետք է շարունակեք վնասակար հարաբերությունները կամ վերադառնաք ստորացուցիչ և կործանարար վիճակին»: Բայց չնայած ամենասարսափելի անպատվություններին, որոնք կարող են պատահել մեզ հետ, մենք կարող ենք հաղթահարել ցավը, երբ ոտք դնենք ճշմարիտ բժշկման արահետի վրա: Դա ներման արահետն է, որով քայլում էր Նազովրեցի Հիսուսը, ով կոչ է անում մեզանից յուրաքանչյուրին. «Ե՛կ, հետևիր ինձ»:
Իր աշակերտը դառնալու այդ հրավերով և փորձելով վարվել, ինչպես Ինքն էր վարվում, Հիսուսը խնդրում է մեզ լինել Իր շնորհի գործիքները, լինել «Քրիստոսի դեսպանները» «հաշտութեան պաշտոնի» մեջ, ինչպես Պողոսն էր նկարագրում կորնթացիներին: Բոլոր վերքերի ամոքիչը, Նա, ով ուղղում է բոլոր սխալները, խնդրում է մեզ աշխատել Իր հետ խաղաղության պահպանման դժվարին աշխատանքում այն աշխարհում, որը չի գտնի խաղաղություն մեկ այլ ճանապարհով:
Ուստի, ինչպես Ֆիլիպս Բրուքսն է գրել. «Դուք, որ թույլ եք տալիս, որ չնչին թյուրիմացությունները շարունակվեն տարեց տարի, մտադրվելով հստակեցնել դրանք մի օր, դուք, որ դեռևս վիճում եք, քանի որ չեք կարող որոշել, որ այսօր է այդ օրը՝ զոհաբերելու ձեր հպարտությունը, և կարգավորելու դրանք, դուք, որ փողոցում խոժոռ դեմքով անցնում եք ուրիշների կողքով՝ նրանց վիրավորելու հիմար ցանկությամբ, … դուք, որ թույլ եք տալիս, որ … ինչ-որ մեկի սիրտը ցավի գնահատանքի կամ խղճահարության խոսքերի պակասից, որը դուք նախատեսում եք ասել … մի օր, … գնացեք և անմիջապես ասեք, քանի որ, գուցե, այլևս մեկ այլ հնարավորություն չուենաք այդ անելու»:
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես վկայում եմ, որ հին ու նոր վիրավորանքները ներելն ու դրանք մոռանալը Հիսուս Քրիստոսի Քավության կարևոր մասն են: Ես վկայում եմ, որ, ի վերջո, այսպիսի հոգևոր նորոգումը կարող է գալ միայն մեր աստվածային Քավիչից, Նրանից, ով շտապում է մեզ օգնության, «բժշկութիւն պիտի լինի նորա թևերի վերայ»: Մենք շնորհակալ ենք Նրան և մեր Երկնային Հորը, ով ուղարկեց Նրան, շնորհակալ ենք, որ նորոգումն ու վերածնունդը, հին վշտերից ու անցյալի սխալներից զերծ ապագան ոչ միայն հնարավոր է, այլև ձեռք է բերվել և դրա համար վճարվել է շատ թանկ գին, որը խորհրդանշվում է Գառան արյունով, ով հեղեց այն:
Առաքելական լիազորությամբ, որը շնորհվել է ինձ աշխարհի Փրկիչի կողմից, ես վկայում եմ, որ Աստծո և միմյանց հետ հաշտությունը կբերի հոգու խաղաղություն, եթե մենք հեզ ենք ու բավականաչափ խիզախ՝ դրան հետամուտ լինելու համար: «Դադարեք հակառակվել մեկմեկու»,- ասել է Փրկիչը: Եթե դուք գիտեք հին վիրավորանքի մասին, մոռացեք այն: Սիրով հոգ տարեք միմյանց մասին:
Իմ սիրելի՛ ընկերներ, ես խնդրում եմ ձեզ խաղարար լինել մեր հաշտության սպասավորության մեջ, որը բոլորս ենք կատարում: Ես խնդրում եմ սա Խաղաղության Իշխանի անունով, ով գիտե ամեն բան անմեղության ու անարդարություն մասին, «հարուածքը [իր] բարեկամների տանը» և կեղծ մեղադրանքների մասին, բայց ով դեռևս ուժ գտավ ներել ու մոռանալ և բժշկել, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: Ես աղոթում եմ ձեզ համար և ինձ համար, Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: