Կանայք և ավետարանի տնային ուսումնասիրությունը
Փրկիչը ձեր կատարյալ օրինակն է, թե ինչպես կատարեք ձեր կարևոր դերը՝ շեշտը դնելով ավետարանի տնային ուսումնասիրության վրա:
Իմ սիրելի՛ քույրեր, հաճելի է հանդիպել ձեզ հետ: Այժմ հրաշալի ժամանակաշրջան է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Տերը գիտելիք է թափում Իր Եկեղեցու վրա, ինչպես խոստացել էր:
Հիշո՞ւմ եք Նա ինչ էր ասել. «Որքա՞ն կարող են հոսող ջրերն անմաքուր մնալ: Ի՞նչ զորություն պիտի ետ պահի երկինքները: Ինչպես մարդը կարող է պարզել իր չնչին ձեռքը և կանգնեցնել Միսսուրի գետի որոշված ընթացքը կամ շրջել այն դեպի վեր, այնպես էլ կարող է խանգարել Ամենազորին՝ երկնքից Վերջին Օրերի Սրբերի գլխին գիտելիք թափելիս»:
Տիրոջ կողմից գիտելիքների փոխանցման ներկայիս ընթացքը դրսևորվում է Նրա ժողովրդի մտքերի ու սրտերի մեջ հավերժական ճշմարտությունը հեղելու գործընթացի արագացմամբ: Նա հայտնի է դարձրել, որ Երկնային Հոր դուստրերը առաջնային դեր են խաղալու այդ հրաշալի արագացման մեջ: Այդ հրաշքի ապացույցներից մեկն այն է, որ Նա առաջնորդում է Իր ապրող մարգարեին ավելի մեծ շեշտ դնել ավետարանի ուսուցման վրա՝ տանը և ընտանիքի սահմաններում:
Ձեզ մոտ կարող է հարց առաջանալ. «Ինչպե՞ս են հավատարիմ քույրերն առաջնային ուժ դառնում, օգնելով Տիրոջը գիտելիքներ հեղել Իր Սրբերի վրա»: Տերը տալիս է պատասխանը «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագրում: Դուք հիշում եք բառերը, սակայն կարող եք նոր իմաստ տեսնել և հասկանալ, որ Տերը կանխատեսել էր այս հրաշալի փոփոխությունները, որոնք այժմ տեղի են ունենում: Հռչակագրում Նա քույրերին հանձնարարություն է տվել՝ ընտանիքում լինել ավետարանի հիմնական ուսուցիչները, այսպիսի խոսքերով. «Մայրերը հատկապես պատասխանատու են իրենց երեխաների դաստիարակման համար»: Սա ներառում է ավետարանի ճշմարտություններով և գիտելիքներով դաստիարակություն:
Հռչակագիրը շարունակում է. «Հայրերն ու մայրերը պարտավոր են օգնել միմյանց որպես հավասար գործընկերներ»: Նրանք հավասար գործընկերներ են, հավասար են հոգևոր աճի և գիտելիքների ձեռքբերման իրենց ներուժով, և այդպիսով միավորվում են՝ օգնելով միմյանց: Նրանք հավասար են միասին վեհանալու իրենց սուրբ ճակատագրով: Տղամարդիկ և կանայք չեն կարող մենակ վեհանալ:
Ուրեմն ինչո՞ւ Աստծո դուստրը միասնական և հավասար հարաբերություններում ստանում է առաջնային պատասխանատվությունը՝ սնուցել ամենակարևոր բաղադրիչով, որը բոլորը պետք է ստանան՝ երկնքից եկող ճշմարտության գիտելիքով: Իմ տեսադաշտից ես կարող եմ տեսնել, որ դա Տիրոջ եղանակն է սկսած այն պահից, երբ ընտանիքները ստեղծվել են այս աշխարհում:
Օրինակ, Եվան ստացավ այն գիտելիքը, որ Ադամը պետք է ճաշակեր գիտելիքի ծառի պտղից, որպեսզի նրանք պահեին Աստծո բոլոր պատվիրանները և կազմեին ընտանիք: Ես չգիտեմ, թե ինչու առաջինը Եվան տեղեկացավ, քանի որ Ադամն ու Եվան կատարելապես միասնական էին, երբ գիտելիքը տրվեց Ադամին:
Մեկ այլ օրինակ՝ ինչպես Տերն ամրապնդեց Հելամանի որդիներին, կանանց դաստիարակելու պարգևի օգնությամբ: Կոկորդս սեղմվում է, երբ ես կարդում եմ այս պատմությունը և վերհիշում իմ մոր քաջալերանքի հանդարտ խոսքերը, երբ ես զորակոչվեցի բանակ:
Հելամանը գրել է.
«Նրանք սովորեցվել էին իրենց մայրերի կողմից, որ եթե նրանք չկասկածեին, Աստված կազատեր նրանց:
Եվ նրանք կրկնեցին ինձ իրենց մայրերի խոսքերն՝ ասելով. Մենք չենք կասկածում, մեր մայրերը գիտեին դա»:
Չնայած ես չգիտեմ պատճառները, թե ինչու է Տերը հավատարիմ քույրերին տվել ընտանիքում դաստիարակության առաջնային պատասխանատվությունը, կարծում եմ դա կապ ունի ձեր սիրելու ունակության հետ: Մեծ սեր է պահանջվում քեզանից բացի մեկ ուրիշի կարիքները զգալու համար: Դա է Քրիստոսի մաքուր սերը այն անձի հանդեպ, ում դաստիարակում եք: Գթասրտության այդ զգացումը գալիս է այն մարդուց, ով ընտրված է դաստիարակելու, ստանալով Հիսուս Քրիստոսի Քավության ազդեցիկ որակումները: Սփոփող Միության նշանաբանը, որը մարմնավորել է իմ մայրը, ոգեշնչված է իմ կարծիքով. «Գթությունը երբեք չի խափանվում»:
Որպես Աստծո դուստրեր, դուք բնատուր մեծ ունակություն ունեք զգալու ուրիշների կարիքները և սիրելու նրանց: Դա, իր հերթին, ձեզ ավելի զգայուն է դարձնում Հոգու շշունջների նկատմամբ: Հոգին կարող է առաջնորդել ձեզ նրանում, ինչ դուք մտածում եք, ասում և անում եք, որպեսզի դաստիարակեք մարդկանց և որպեսզի Տերը կարողանա գիտելիքներ, ճշմարտություն և քաջություն հաղորդել նրանց:
Դո՛ւք, քույրեր, որ լսում եք իմ ձայնը, յուրահատուկ տեղ ունեք կյանքի ձեր ճանապարհում: Որոշ երիտասարդ աղջիկներ առաջին անգամ են այստեղ՝ կանանց գերագույն նիստին: Կան այնպիսի երիտասարդ կանայք, ովքեր պատրաստվում են լինել դաստիարակներ, ինչպես Աստված է ակնկալում, որ լինեն: Ոմանք նոր են ամուսնացել, դեռ չունեն երեխաներ, մյուսները՝ երիտասարդ մայրեր են՝ մեկ կամ մի քանի երեխաներով: Ոմանք դեռահասների մայրեր են, իսկ մյուսները՝ միսիոներական դաշտ մտած երեխաների մայրեր: Ոմանք ունեն այնպիսի երեխաներ, ում հավատքը թուլացել է, և նրանք տնից հեռու են: Ոմանք միայնակ են ապրում առանց հավատարիմ զուգընկերոջ: Ոմանք էլ տատիկներ են:
Այդուհանդերձ, անկախ ձեր անձնական հանգամանքներից, դուք Աստծո ընտանիքի և ձեր ընտանիքի առանցքային մասն եք, թե՛ ապագայում, թե՛ այս աշխարհում, և թե՛ հոգևոր աշխարհում: Աստված Ձեզ վստահել է դաստիարակել Իր զավակներից և ձեր ընտանիքի անդամներից այնքանին, որքանին կկարողանաք, ձեր սիրով և ձեր հավատքով Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ:
Ձեր գործնական աշխատանքն է իմանալ, թե ում դաստիարակել, ինչպես և երբ: Դուք Տիրոջ օգնության կարիքն ունեք: Նա գիտի մյուսների սրտերը, Նա գիտի, թե նրանք երբ են պատրաստ ընդունելու ձեր դաստիարակությունը: Ձեր հավատքի աղոթքը կլինի ձեր հաջողության բանալին: Դուք կարող եք Նրանից առաջնորդություն ստանալու ակնկալիք ունենալ:
Նա տվել է այս քաջալերանքը. «Խնդրեք Հորը՝ իմ անունով, հավատքով հավատալով, որ պիտի ստանաք, և դուք կունենաք Սուրբ Հոգին, որը ցույց է տալիս բոլոր բաները, որոնք նպատակահարմար են»:
Աղոթքից բացի, սուրբ գրությունների լուրջ ուսումնասիրությունը կլինի ձեր մեջ դաստիարակելու աճող զորության մի մասը: Ահա խոստումը. «Ոչ էլ նախօրոք հոգ արեք, թե ինչ եք ասելու. բայց շարունակ ձեր մտքում գանձեք կյանքի խոսքերը, և հենց նույն պահին ձեզ կտրվի ամեն մարդու համար չափված բաժինը»:
Այսպես, դուք ավելի շատ ժամանակ կտրամադրեք, որ աղոթեք, խորհեք և մտորեք հոգևոր բաների շուրջ: Ճշմարտության գիտելիքը կթափվի ձեր վրա և դուք կաճեք ընտանիքում մյուսներին դաստիարակելու ձեր զորությամբ:
Կլինեն պահեր, երբ դուք այնպիսի զգացում կունենաք, թե որքան լավ եք առաջադիմում ձեր ուսումով, այնքան դանդաղ է ընթանում դաստիարակությունը: Հավատք կպահանջվի դա հաղթահարելու համար: Փրկիչն ուղարկել է ձեզ այս քաջալերանքը.
«Ուստի, մի ձանձրացեք բարին գործելուց, քանզի դուք դնում եք հիմքը մի մեծ գործի: Եվ փոքր բաներից է առաջանում այն, ինչը մեծ է:
Ահա, Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը. և պատրաստակամն ու հնազանդը կճաշակեն Սիոնի հողի բարիքն այս վերջին օրերին»:
Ձեր ներկայությունն այսօր ապացույց է, որ դուք կամենում եք ընդունել մյուսներին դաստիարակելու Տիրոջ հրավերը: Սա վերաբերում է նույնիսկ ամենակրտսերներին, ովքեր այսօր այստեղ են: Դուք կարող եք իմանալ, թե ում դաստիարակել ձեր ընտանիքում: Եթե աղոթեք անկեղծ միտումով, անունը կամ դեմքը կգա ձեր մտքին: Եթե աղոթեք իմանալու համար, թե ինչ անել կամ ինչ ասել, դուք կզգաք պատասխանը: Ամեն անգամ, երբ հնազանդվեք, դաստիարակելու զորությունը կաճի: Դուք կպատրաստվեք այն օրվան, երբ դաստիարակելու եք ձեր սեփական երեխաներին:
Դեռահասների մայրերը կարող են աղոթել, իմանալու համար, թե ինչպես դաստիարակեն դստերը կամ որդուն, ով կարծես թե չի արձագանքում դաստիարակությանը: Դուք կարող եք աղոթել այն մասին, թե ով կարող էր հոգևոր ազդեցություն ունենալ ձեր երեխայի վրա, որի կարիքը նա ունի և կընդունի դա: Աստված լսում և պատասխանում է անհանգստացող մայրերի սրտաբուխ աղոթքներին և Նա ուղարկում է օգնություն:
Նմանապես, այստեղ գտնվող տատիկներից մեկը կարող է սրտի ցավ զգալ իր երեխաների և թոռների դժվարությունների կամ լարվածությունների համար: Դուք կարող եք քաջություն և առաջնորդություն ստանալ սուրբ գրություններում տեղ գտած ընտանիքների փորձառություններից:
Ադամի ու Եվայի ժամանակներից մինչև Իսրայել Հոր ժամանակը և նաև Մորմոնի Գրքի յուրաքանչյուր ընտանիքի դեպքում, կա մի հաստատ դաս, թե ինչ անել չլսող երեխաների դժվար պարագաներում՝ երբեք մի դադարեք սիրել:
Մենք ունենք Փրկիչի քաջալերող օրինակը, երբ Նա դաստիարակում է Իր Երկնային Հոր ապստամբ հոգևոր զավակներին: Նույնիսկ, երբ նրանք կամ մենք ցավ ենք պատճառում, Փրկիչի ձեռքը դեռ մեկնված է: 3 Նեփի գրքում Նա խոսել է Իր հոգևոր քույրերի և եղբայրների մասին, ում դաստիարակելու փորձը Նրա կողմից ձախողվել է. «Ո՜վ դուք, ժողովուրդ… ովքեր Իսրայելի տնից եք, որքան հաճախ եմ ես հավաքել ձեզ, ինչպես հավն է իր թևերի տակ հավաքում իր ճտերին, և կերակրել ձեզ»:
Կյանքի ճանապարհի ցանկացած փուլում գտնվող քույրերի համար, ընտանեկան ցանկացած իրավիճակում և աշխարհի ցանկացած մշակույթում Փրկիչը ձեր կատարյալ օրինակն է, թե ինչպես կատարեք ձեր կարևոր դերը՝ շեշտը դնելով ավետարանի տնային ուսումնասիրության վրա:
Գթության ձեր բնածին զգացումը դուք կծառայեցնեք ձեր ընտանիքի սովորույթներում և միջոցառումներում փոփոխություններ կատարելուն: Դա կնպաստի զգալի հոգևոր աճին: Երբ դուք աղոթում եք ձեր ընտանիքի անդամների հետ կամ նրանց համար, դուք կզգաք ձեր սեփական և Փրկիչի սերը նրանց նկատմամբ: Դա հետզհետե կդառնա ձեր հոգևոր պարգևը, եթե ձգտեք դրան: Ձեր ընտանիքի անդամները կզգան դա, երբ աղոթեք մեծ հավատքով:
Երբ ընտանիքը հավաքվում է միասին բարձրաձայն կարդալու սուրբ գրությունները, դուք պետք է արդեն կարդացած կլինեք դրանք և աղոթեք, որպեսզի պատրաստ լինեք: Դուք կգտնեք պահեր, աղոթելու համար, որ Հոգին լուսավորի ձեր միտքը: Այնուհետև, երբ կարդալու ձեր հերթը գա, ընտանիքի անդամները կզգան ձեր սերը Աստծո նկատմամբ և Նրա խոսքի նկատմամբ: Նրանք կդաստիարակվեն Նրա կողմից և Նրա Հոգով:
Նույն լուսավորումը տեղի կունենա ընտանեկան ցանկացած ժողովի ժամանակ, եթե դուք աղոթեք և պլանավորեք այն: Կարող է ժամանակ և ջանքեր պահանջվեն դրա համար, բայց դա հրաշքներ կծնի: Ես հիշում եմ մի դաս, որ մայրս ուսուցանեց, երբ փոքր էի: Ես դեռ հիշում եմ Պողոս Առաքյալի ճամփորդությունը պատկերող այն գունավոր քարտեզը, որ նա պատրաստել էր: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս էր նա ժամանակ և եռանդ գտել դա անելու համար: Եվ մինչ օրս ես օրհնված եմ նրա սիրով այդ հավատարիմ Առաքյալի հանդեպ:
Ձեզանից յուրաքանչյուրը եղանակ կգտնի, թե ինչպես ներդրում անել ճշմարտության դրսևորմանը ձեր ընտանիքներում, Տիրոջ վերականգնված Եկեղեցում: Յուրաքանչյուրդ կաղոթեք, կուսումնասիրեք և կխորհեք՝ իմանալու համար, թե որն է լինելու ձեր յուրահատուկ լուման: Ես գիտեմ՝ ձեզանից յուրաքանչյուրը, հավասար լծակից լինելով Աստծո որդիների հետ, կլինի ավետարանի ուսումնասիրման և դրանով ապրելու մեծ հրաշքի մասը, որը կարագացնի Իսրայելի հավաքումը և կպատրաստի Աստծո ընտանիքը Տեր Հիսուս Քրիստոսի փառավոր վերադարձին: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: