Գերագույն համաժողով
Հիսուս Քրիստոսը երիտասարդների ուժն է
2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


14:11

Հիսուս Քրիստոսը երիտասարդների ուժն է

Ձեր վստահությունը դրեք Հիսուս Քրիստոսի վրա: Նա կառաջնորդի ձեզ ճիշտ ճանապարհով: Նա ձեր ուժն է։

Այսօր պատրաստվելով այս ուղերձին՝ ես հստակ հուշում եմ ստացել դիմելու երիտասարդ կանանց և երիտասարդ տղամարդկանց:

Նաև դիմում եմ նրանց, ովքեր նախկինում երիտասարդ են եղել, նույնիսկ նրանց, ովքեր այլևս չեն կարողանում հիշել դա:

Եվ ես դիմում եմ բոլոր նրանց, ովքեր սիրում են մեր երիտասարդներին և ցանկանում են, որ նրանք կյանքում հաջողակ լինեն:

Աճող սերնդի համար ես հատուկ ուղերձ ունեմ՝ ձեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից:

Փրկչի ուղերձը ձեզ

Իմ սիրելի երիտասարդ ընկերնե՛ր, եթե Փրկիչը հենց հիմա այստեղ լիներ, ի՞նչ կասեր Նա ձեզ:

Վստահ եմ, որ Նա կսկսեր արտահայտել Իր մեծ սերը ձեր հանդեպ: Նա կարող էր դա ասել խոսքերով, բայց դա առատ կհորդեր հենց Նրա ներկայությունից և անվրեպ կհասներ ձեր սրտի խորքը՝ լցնելով ձեր ողջ հոգին:

Եվ քանի որ մենք բոլորս թույլ ենք և անկատար, որոշ մտահոգություններ կարող են սողոսկել ձեր միտքը: Գուցե դուք հիշեք ձեր թույլ տված սխալները, գայթակղության պահերը, բաներ, որոնք կցանկանայիք, որ արած չլինեիք, կամ կցանկանայիք, որ ավելի լավ անեիք:

Փրկիչը կզգար դա, և ես գիտեմ, որ Նա կհավաստիացներ ձեզ այն խոսքերով, որոնք Նա ասել է սուրբ գրություններում.

«Մի՛ վախեցեք»։1

«Մի՛ կասկածեք»։2

«Ուրախ եղե՛ք»։3

«Թո՛ղ ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա»։4

Չեմ կարծում, որ Նա արդարացումներ կփնտրեր ձեր սխալների համար: Նա չէր նվազեցնի դրանք: Ոչ, Նա կխնդրեր ձեզ ապաշխարել՝ թողնել ձեր մեղքերը, փոխվել, որպեսզի Ինքը կարողանա ներել ձեզ: Նա կհիշեցներ ձեզ, որ 2000 տարի առաջ Ինքը այդ մեղքերը վերցրեց Իր վրա, որպեսզի դուք կարողանաք ապաշխարել: Դա մեր սիրառատ Երկնային Հոր կողմից մեզ տրված երջանկության ծրագրի մի մասն է:

Հիսուսը կարող էր նշել, որ Իր հետ կապած ձեր ուխտերը՝ մկրտվելիս և ամեն անգամ հաղորդությունը ճաշակելիս, հատուկ կապ են ստեղծում ձեր և Նրա միջև։ Այնպիսի մի կապ, որը սուրբ գրությունները նկարագրում են որպես «լծված» միասին, որպեսզի Նրա օգնությամբ դուք կարողանաք կրել ցանկացած բեռ:5

Ես հավատում եմ, որ Փրկիչ Հիսուս Քրիստոսը կցանկանար, որ դուք տեսնեիք, զգայիք և իմանայիք, որ Նա ձեր ուժն է: Որ Նրա օգնությամբ չկան սահմաններ, թե ինչեր կարող եք իրականացնել: Որ ձեր ներուժն անսահման է: Նա կցանկանար, որ դուք տեսնեիք ձեզ այնպիսին, ինչպիսին Նա է տեսնում ձեզ: Եվ դա շատ է տարբերվում նրանից, թե ինչպես է աշխարհը տեսնում ձեզ:

Անշուշտ, Փրկիչը կհայտարարեր, որ դուք Ամենակարող Աստծո դուստրը կամ որդին եք: Ձեր Երկնային Հայրը տիեզերքի ամենափառահեղ էակն է՝ լի սիրով, ուրախությամբ, մաքրությամբ, սրբությամբ, լույսով, շնորհով և ճշմարտությամբ: Նա ցանկանում է, որ մի օր դուք ժառանգեք այն ամենը, ինչ Ինքն ունի:6

Դա է պատճառը, որ դուք երկրի վրա եք, որպեսզի սովորեք, աճեք, առաջադիմեք և իրագործեք այն ամենը, ինչի համար ձեր Երկնային Հայրը ստեղծել է ձեզ:

Դա հնարավոր դարձնելու համար Նա ուղարկեց Հիսուս Քրիստոսին, որպեսզի Նա լինի ձեր Փրկիչը: Այդ ամենը Նրա երջանկության մեծ ծրագրի, Նրա Եկեղեցու, Նրա քահանայության, սուրբ գրությունների նպատակն է։

Դա ձեր ճակատագիրն է։ Դա ձեր ապագան է։ Դա ձեր ընտրությունն է։

Ճշմարտություն և ընտրություններ

Ձեր երջանկության համար Աստծո ծրագրի հիմքում ընկած է ընտրելու ձեր ուժը:7 Իհարկե, ձեր Երկնային Հայրը ցանկանում է, որ դուք ընտրեք հավերժական ուրախությունն Իր հետ, և Նա կօգնի ձեզ հասնել դրան, բայց Նա երբեք ձեզ չի պարտադրի դա:

Այսպիսով, Նա թույլ է տալիս ձեզ ընտրել լույսը կամ խավարը: Ճիշտը կամ սխալը։ Ուրախությունը կամ թշվառությունը։ Հավերժական կյանքը կամ հոգևոր մահը։8

Թվում է, թե հեշտ ընտրություն է, այնպես չէ՞: Բայց ինչ-որ պատճառով, այստեղ՝ երկրի վրա, այն ավելի բարդ է թվում, քան պետք է լիներ:

Պատճառն այն է, որ միշտ չէ, որ մենք ամեն ինչ այնքան պարզ ենք տեսնում, որքան կցանկանայինք: Պողոս առաքյալը դա համեմատել է «նայում ենք հայելու մեջ, հստակ չենք տեսնում» վիճակի հետ։9 Աշխարհում խառնաշփոթը շատ է այն բանի վերաբերյալ, թե որն է ճիշտը և որը՝ սխալ: Ճշմարտությունը խեղաթյուրվում է, որպեսզի չարը բարի թվա, իսկ բարին` չար:10

Բայց երբ դուք ջանասիրաբար փնտրում եք ճշմարտությունը՝ հավերժական, անփոփոխ ճշմարտությունը, ձեր ընտրությունները շատ ավելի պարզ են դառնում: Այո, դուք դեռևս կունենաք գայթակղություններ և փորձություններ: Դեռևս տեղի են ունենում վատ բաներ, շփոթեցնող բաներ, ողբերգական բաներ: Բայց դուք կարող եք կառավարել դրանք, երբ գիտեք, թե ով եք դուք, ինչու եք այստեղ, և երբ վստահում եք Աստծուն:

Այսպիսով, որտե՞ղ եք գտնում ճշմարտությունը:

Այն գտնվում է Հիսուս Քրիստոսի ավետարանում: Իսկ այդ ավետարանի լրիվությունն ուսուցանվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում:

Հիսուս Քրիստոսն ասել է․ «Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով»։11

Երբ դուք կարևոր ընտրություններ ունեք կատարելու, Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը լավագույն ընտրությունն են: Երբ հարցեր ունեք, Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը լավագույն պատասխանն են: Երբ դուք ձեզ թույլ եք զգում, Հիսուս Քրիստոսը ձեր ուժն է:

Նա ուժ է տալիս հոգնածին և կարողություն չունեցողի զորությունն է շատացնում։

Տիրոջն ապավինողները կնորոգվեն Նրա ուժով։12

Երիտասարդներին զորացնելու համար

Որպեսզի օգնի ձեզ գտնել Ճանապարհը և օգնի ձեզ Քրիստոսի վարդապետությունը դարձնել առաջնորդող ազդեցություն ձեր կյանքում, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին պատրաստել է նոր նյութ՝ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի վերանայված տարբերակը:

«Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկի 2011 թ-ի տարբերակը։

Ավելի քան 50 տարի Երիտասարդներին զորացնելու համար գրքույկն ուղեցույց է եղել Վերջին Օրերի Սրբերի երիտասարդների շատ սերունդների համար: Դրա մի օրինակը ես պահում եմ իմ գրպանում և կիսվում եմ այն մարդկանց հետ, որոնք հետաքրքրված են մեր չափանիշներով: Այն վերանայվել և թարմացվել է՝ մեր օրերի մարտահրավերներին և գայթակղություններին ավելի լավ դիմակայելու համար: Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի նոր տարբերակը հասանելի է առցանց 50 տարբեր լեզուներով և հասանելի կլինի նաև տպագիր տարբերակով: Դա նշանակալի օգնություն կլինի ձեր կյանքում ընտրություն կատարելու համար: Խնդրում ենք ձեռք բերել ձեր օրինակը և դրանով կիսվել ձեր ընկերների հետ:

«Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկի 2022 թ-ի տարբերակը։

Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի այս նոր տարբերակը կոչվում է Ընտրություն կատարելու ուղեցույց:

Որպեսզի հստակ լինի, լավագույն ուղեցույցը, որը դուք կարող եք ունենալ ընտրություն կատարելու համար, Հիսուս Քրիստոսն է: Հիսուս Քրիստոսը երիտասարդների ուժն է:

Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի նպատակը ձեզ Նրա մոտ ուղղորդելն է: Այն ձեզ ուսուցանում է Նրա վերականգնված ավետարանի հավերժական ճշմարտությունները՝ ճշմարտություններ այն մասին, թե ով եք դուք, ով է Նա, և ինչ կարող եք իրականացնել Նրա ուժով: Այն ձեզ ուսուցանում է, թե ինչպես կատարեք արդար ընտրություններ՝ հիմնվելով այդ հավերժական ճշմարտությունների վրա:13

Նաև կարևոր է իմանալ, թե ինչ չի անում Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը: Այն ձեր փոխարեն որոշումներ չի կայացնում: Այն ձեզ «այո» կամ «ոչ» չի պատասխանում բոլոր ընտրությունների վերաբերյալ, որոնց կարող եք հանդիպել: Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը կենտրոնանում է ձեր ընտրությունների հիմքի վրա: Այն կենտրոնանում է արժեքների, սկզբունքների և վարդապետության վրա՝ յուրաքանչյուր հատուկ վարքագծի փոխարեն:

Տերն Իր մարգարեների միջոցով միշտ առաջնորդել է մեզ այդ ուղղությամբ: Նա աղերսում է մեզ՝ «մեծացնել հայտնություն ստանալու [մեր] հոգևոր կարողությունը»։14 Նա մեզ հրավիրում է հետևել «Լսիր Նրան» կոչին։15 Նա կոչ է անում մեզ հետևել Իրեն ավելի բարձր և ավելի սուրբ ուղիներով։16 Եվ մենք ամեն շաբաթ նման կերպ ենք սովորում «Եկ, հետևիր ինձ» ձեռնարկը։

Ենթադրում եմ, որ ուղեցույցը կարող էր ձեզ թվարկել հագուստի երկար ցուցակներ, որոնք դուք չպետք է կրեք, բառեր, որոնք չպետք է ասեք, և ֆիլմեր, որոնք չպետք է դիտեք: Բայց արդյոք դա իսկապես օգտակար կլինի համաշխարհային եկեղեցում։ Արդյո՞ք նման մոտեցումն իսկապես կպատրաստի ձեզ ամբողջ կյանքում ապրել քրիստոսանման կյանքով:

Ջոզեֆ Սմիթն ասել է. «Ես նրանց ճիշտ սկզբունքներ եմ սովորեցնում, և նրանք իրենք են իրենց ղեկավարում»։17

Եվ Բենիամին թագավորը Մորմոնի Գրքի մարդկանց ասել է․ «Ես չեմ կարող ասել ձեզ բոլոր բաները, որոնցով դուք կարող եք մեղք գործել, քանզի կան զանազան ուղիներ և միջոցներ, նույնիսկ այնքան շատ, որ ես չեմ կարող թվել դրանք»:18

Հետո Բենիամին թագավորն ավելացրել է․ «Բայց այսքանը ես կարող եմ ասել ձեզ, ․․․ հետևեք ինքներդ ձեզ, և ձեր մտքերին, և ձեր խոսքերին, և ձեր արարքներին, և եթե չկատարեք Աստծո պատվիրանները, և չշարունակեք հավատքով առ ․․․ մեր Տերը ․․․ նույնիսկ մինչև ձեր կյանքի վերջը, դուք պիտի կորչեք»:19

Փրկիչ Հիսուս Քրիստոսը

Արդյո՞ք սխալ է կանոններ ունենալը: Իհարկե ո՛չ: Մենք բոլորս դրանց կարիքն ունենք ամեն օր: Բայց սխալ է Փրկչի վրա կենտրոնանալու փոխարեն կենտրոնանալ միայն կանոնների վրա: Դուք պետք է իմանաք «ինչու և ինչպես» հարցերի պատասխանները, և հետո մտածեք ձեր ընտրության հետևանքների մասին: Դուք պետք է վստահեք Հիսուս Քրիստոսին: Նա կառաջնորդի ձեզ ճիշտ ճանապարհով: Նա ձեր ուժն է։20

Ճշմարիտ վարդապետության զորությունը

Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը համարձակորեն հռչակում է Հիսուս Քրիստոսի վարդապետությունը: Այն համարձակորեն հրավիրում է ձեզ ընտրություն կատարել՝ հիմնվելով Քրիստոսի վարդապետության վրա: Եվ այն համարձակորեն նկարագրում է այն օրհնությունները, որոնք Հիսուս Քրիստոսը խոստանում է նրանց, ովքեր հետևում են Իր ուղուն:21

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Երբ ձեր մեծագույն ցանկությունն է՝ թույլ տալ, որ Աստված տնօրինի [ձեր կյանքում], այնքա՜ն շատ որոշումներ դյուրին կդառնան: Շա՛տ հարցեր կդառնան անկարևոր: Դուք կիմանաք,թե ինչպես հաճելիորեն ներկայացնել ձեզ: Դուք կիմանաք, թե ինչ դիտել և կարդալ, որտեղ անցկացնել ձեր ժամանակը և ում հետ շփվել: Դուք կիմանաք, թե ինչ եք ուզում իրականացնել: Դուք կիմանաք, թե ինչպիսի մարդ եք ցանկանում դառնալ»։22

Ավելի բարձր չափանիշ

Հիսուս Քրիստոսն Իր հետևորդների համար շատ բարձր չափանիշներ ունի: Եվ Նրա կամքը լրջորեն փնտրելու ու Նրա ճշմարտություններով ապրելու հրավերը հնարավոր ամենաբարձր չափանիշն է:

Կարևոր աշխարհիկ և հոգևոր ընտրությունները պետք է հիմնված լինեն ոչ միայն անձնական նախապատվության կամ նրա վրա, ինչը հարմար է կամ հանրաճանաչ է:23 Տերը չի ասում. «Արա ինչ ուզում ես»։

Նա ասում է․ «Թող Աստված տնօրինի»։

Նա ասում է․ «Եկ հետևիր ինձ»:24

Նա ասում է. «Ապրիր ավելի սուրբ, ավելի բարձր, ավելի հասուն ձևով»:

Նա ասում է. «Պահեք իմ պատվիրանները»:

Հիսուս Քրիստոսը մեր կատարյալ օրինակն է, և մենք մեր ամբողջ հոգով ձգտում ենք հետևել Նրան:

Իմ սիրելի ընկերնե՛ր, թույլ տվեք կրկնել․ եթե Փրկիչն այսօր կանգնած լիներ այստեղ, Նա կարտահայտեր իր անսահման սերը և Իր լիակատար վստահությունը ձեր հանդեպ: Նա ձեզ կասեր, որ դուք կարող եք դա անել: Դուք կարող եք կառուցել ուրախ, երջանիկ կյանք, քանի որ Հիսուս Քրիստոսը ձեր ուժն է: Դուք կարող եք վստահություն, խաղաղություն, ապահովություն, երջանկություն և պատկանելություն գտնել այժմ և հավիտյան, քանի որ այդ ամենը կգտնեք Հիսուս Քրիստոսում, Նրա ավետարանում և Նրա Եկեղեցում:

Դրա մասին ես բերում եմ իմ հանդիսավոր վկայությունը՝ որպես Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալ և թողնում եմ ձեզ իմ սրտառուչ օրհնությունը՝ խորին երախտագիտությամբ և սիրով ձեր հանդեպ․ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Ղուկաս 5․10, 8․50, 12․7, Վարդապետություն եվ Ուխտեր 38․15, 50․41, 98․1։

  2. Վարդապետություն և Ուխտեր 6.36։

  3. Մատթեոս 14․27, Հովհաննես 16․33, Վարդապետություն եվ Ուխտեր 61․36, 68․6, 78․18։

  4. Հովհաննես 14․1, 27։

  5. Տես Մատթեոս 11.28–30:

  6. Տես Վարդապետություն և Ուխտեր 84․38:

  7. Դուք կարող եք ասել, որ Հոր ծրագիրը նախատեսված էր, որպեսզի թույլ տա արտահայտել ձեր ցանկությունները ձեր ընտրությունների միջոցով, որպեսզի կարողանաք ստանալ ձեր ուզած բաների ամբողջական արդյունքները: Ինչպես երեց Դեյլ Գ. Ռենլանդն է ուսուցանել․ «Դաստիարակելիս մեր Երկնային Հոր նպատակն այն չէ, որ Իր զավակներն անեն այն, ինչը ճիշտ է, այլ որ Իր զավակներն ընտրեն անել այն, ինչը ճիշտ է և, ի վերջո, դառնան Իր նման» («Ընտրեք այս օրը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 104)։

  8. Տես 2 Նեփի 2.26-27։

  9. Ա Կորնթացիս 13.12։

  10. Տես Եսայիա 5.20:

  11. Հովհաննես 14.6։

  12. Տես Եսայիա 40․29-31։

  13. Որպես Վերջին Օրերի Սրբեր, մենք հաճախ առանձնանում ենք նրանով, թե ինչ ենք անում և ինչ չենք անում. տարբերվում ենք մեր վարքագծով: Դա լավ է, բայց նույնիսկ ավելի լավ է առանձնանալ նրանով, թե ինչ մենք գիտենք (ճշմարտությունները, որոնք առաջնորդում են մեր վարքագիծը) և նրանով, թե ում ենք մենք ճանաչում (Փրկչին, և ինչպես է մեր սերը Նրա հանդեպ ոգեշնչում մեր վարքագիծը):

  14. Ռասսել Մ. Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար», հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 96։

  15. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Լսիր Նրան», Լիահոնա,մայիս 2020, 88:

  16. Երիտասարդներին զորացնելու համար նոր ուղեցույցի սկզբունքների վրա հիմնված մոտեցումը համահունչ է Փրկչի Եկեղեցու կողմից ներկայացված մյուս վերջին նախաձեռնություններին, այդ թվում՝ Քարոզիր Իմ Ավետարանը, սպասավորությունը, տնակենտրոն «Եկ, հետևիր ինձ» ուսումնական ծրագիրը, Երեխաների և երիտասարդներ ծրագիրը, Ուսուցանել Փրկչի ձևով և նոր Ընդհանուր ձեռնարկը։ Ակնհայտ է, որ Տերը ամրապնդում է մեր հոգևոր կարողությունները: Նա ավելի մեծ վստահություն է ցույց տալիս Իր ուխտի ժողովրդի հանդեպ։

  17. Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 284։

  18. Մոսիա 4.29: Ինչ-որ կերպ սա այն է, ինչ փորձում էին փարիսեցիներն անել Հիսուսի օրերում։ Որպեսզի թույլ չտան մարդկանց խախտել օրենքը, նրանք եռանդով հարյուրավոր կանոններ կազմեցին՝ հիմնվելով սուրբ գրությունների իրենց հասկացողության վրա: Փարիսեցիների սխալն այն էր, որ կարծում էին, որ իրենց կանոնները կփրկեն իրենց: Հետո, երբ Փրկիչը հայտնվեց, նրանք չճանաչեցին Նրան:

  19. Մոսիա 4.30, շեշտադրումն ավելացված է:

  20. Մեկ այլ պատճառ, թե ինչու է մեր օրերում անհրաժեշտ սկզբունքների վրա հիմնված մոտեցումը, Տիրոջ Եկեղեցու աճող մշակութային բազմազանությունն է: Սկզբունքները հավերժական են և համընդհանուր։ Այդ սկզբունքների հատուկ կանոնները կամ կիրառությունները որոշ տեղերում լավ են աշխատում, իսկ որոշ տեղերում՝ ոչ: Մեզ միավորողը Հիսուս Քրիստոսն է և Նրա ուսուցանած հավերժական ճշմարտությունները, նույնիսկ, եթե որոշակի կիրառություններ տարբեր են ժամանակի ընթացքում և տարբեր մշակույթներում: Այսպիսով, ամեն հնարավոր «անելու և չանելու» գործողությունները թվարկելու խնդիրը միայն այն չէ, որ դա անիրագործելի է և փոփոխական: Խնդիրն այն է, որ այն շեղում է մեր ուշադրությունը մեր ուժի իրական Աղբյուրից՝ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսից:

  21. Շատ տարիներ առաջ նախագահ Բոյդ Կ. Փաքերն ասել է այս զորեղ խոսքերը․ «Ճշմարիտ վարդապետությունը, եթե հասկացվում է, փոխում է վերաբերմունքը և վարքագիծը։ Ավետարանի վարդապետությունների ուսումնասիրությունն ավելի արագ կբարելավի վարքագիծը, քան վարքագծի ուսումնասիրությունը կբարելավի վարքագիծը» (“Do Not Fear,” Liahona, May 2004, 79)։

    Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնն ուսուցանել է նմանատիպ ճշմարտություն. «Տերն աշխատում է ներսից դուրս: Աշխարհն աշխատում է դրսից ներս: Աշխարհը ձևավորում է մարդկային վարքը, իսկ Քրիստոսը կարող է փոխել մարդկային էությունը» (“Born of God,” Ensign, Nov. 1985, 6)։

    Երբ Մորմոնի Գրքի մարգարե Ալման չարիք տեսավ իր շրջապատող աշխարհում, նա դիմեց Աստծո խոսքին, քանի որ գիտեր, որ այն «ունենում էր ավելի զորավոր ազդեցություն մարդկանց մտքերի վրա, քան սուրը, կամ որևէ այլ բան, որ պատահել էր նրանց. հետևաբար, Ալման մտածեց, որ հարկ էր, որ նրանք փորձեին Աստծո խոսքի ուժը» (Ալմա 31․5

  22. Ռասսել Մ․ Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյեմբեր 2020, 94։ Նախագահ Նելսոնը ցույց տվեց այս մոտեցումը, երբ ուսուցանեց մեզ Հանգստության օրը պատվելու մասին. «Իմ երիտասարդության վաղ տարիներին ես ուսումնասիրել եմ այն մարդկանց աշխատանքը, ովքեր կազմել են գործերի ցուցակը, թե որոնք կարելի է անել և չանել Հանգստության օրը։ Ավելի ուշ ես սուրբ գրություններից իմացա, որ իմ վարքն ու վերաբերմունքը Հանգստության օրվա հանդեպ կազմավորում են մի նշան իմ և Երկնային Հոր միջև։ Դա իմանալով՝ ես այլևս այդ ցուցակի կարիքը չունեի։ Երբ պետք է որոշում կայացնեի՝ արդյոք միջոցառումը համապատասխանում էր Հանգստության օրվան, թե ոչ, ես պարզապես ինքս ինձ հարց էի տալիս․ «Ի՞նչ նշան եմ ցանկանում փոխանցել Աստծուն»։ Այդ հարցը Հանգստության օրվա վերաբերյալ իմ որոշումները պարզից էլ պարզ էր դարձնում» («Կիրակին բերկրանք է», Լիահոնա, մայիս 2015, 130)։

  23. Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է, որ «Արդարության սկզբունքները օգնում են մեզ վեր լինել մեր անձնական նախասիրություններից և եսակենտրոն ցանկություններից` տալով մեզ հավերժական ճշմարտության թանկագին հեռանկարը, երբ մենք անցնում ենք մահկանացության տարբեր իրավիճակների, մարտահրավերների, որոշումների կայացման և փորձառությունների միջով («Իմ ավետարանի սկզբունքները», Լիահոնա, մայիս 2021, 123–24)։

  24. Ղուկաս 18.22: