Օգնել աղքատներին և ֆինանսական կարիք ունեցողներին
Հիսուս Քրիստոսի Եկեղեցին պարտավորվել է ծառայել կարիքավորներին, և նա նաև պարտավորվել է համագործակցել ուրիշների հետ այդ ջանքերում:
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեր սիրելի նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մեզ կդիմի ավելի ուշ այս նիստի ընթացքում: Նա խնդրել է, որ ես լինեմ առաջին խոսնակը։
Այսօրվա իմ թեման վերաբերում է նրան, թե Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին և նրա անդամները ինչ են անում և ինչ են տալիս աղքատներին և ֆինանսական կարիք ունեցողներին։ Ես նաև կխոսեմ, թե ուրիշ բարի մարդիկ ինչպես են նման նվիրատվություն կատարում։ Կարիքավորների հետ կիսվելը մի սկզբունք է, որը գոյություն ունի Աբրահամից սկիզբ առած բոլոր կրոններում, ինչպես նաև մյուս կրոններում:
Մի քանի ամիս առաջ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին առաջին անգամ զեկուցեց ամբողջ աշխարհում մեր մարդասիրական աշխատանքի ծավալի մասին:1 2021 թվականի մեր ծախսերը աշխարհի 188 երկրների կարիքավորների համար կազմել են ընդհանուր 906 միլիոն դոլար՝ գրեթե մեկ միլիարդ դոլար: Բացի դրանից, մեր անդամները այդ նույն նպատակով կատարել են ավելի քան 6 միլիոն ժամ կամավորական աշխատանք։
Այդ թվերն, իհարկե, ոչ լիարժեք են արտացոլում մեր նվիրատվությունները և օգնությունները։ Այդ թվերի մեջ չեն մտնում այն անձնական ծառայությունները, որոնք մեր անդամները կատարում են անհատապես, երբ նրանք միմյանց սպասավորում են իրենց կոչումներում և ծառայում անդամներին: Եվ 2021 թվականի մեր զեկույցում չի նշվում, թե անձամբ ինչ են անում մեր անդամները՝ մեր Եկեղեցու հետ պաշտոնապես կապ չունեցող անթիվ բարեգործական կազմակերպությունների միջոցով: Սկսեմ հետևյալից։
1831 թվականին, երբ երկու տարի նույնիսկ չէր անցել վերականգնված Եկեղեցու կազմավորումից հետո, Տերն այս հայտնությունը տվեց, որպեսզի առաջնորդի Եկեղեցու անդամներին, և կարծում եմ, Իր բոլոր զավակներին՝ ամբողջ աշխարհում։
«Ահա, լավ չէ, որ ես պատվիրեմ բոլոր բաներում. քանզի ով հարկադրվում է բոլոր բաների մեջ, նա ծույլ է և իմաստուն ծառա չէ ․․․
Ճշմարիտ ասում եմ. Մարդիկ պետք է ջերմեռանդ ներգրավված լինեն բարի գործի մեջ, և շատ բաներ անեն իրենց իսկ ազատ կամքով, և շատ արդարություն գործեն.
Քանզի զորություն կա նրանց մեջ, որով նրանք գործակալն են իրենց կամքի: Եվ որքան որ մարդիկ բարիք գործեն, նրանք ոչ մի դեպքում չեն կորցնի իրենց վարձքը»:2
Ավելի քան 38 տարի լինելով առաքյալ և ավելի քան 30 տարվա մասնագիտական աշխատանքի ընթացքում ես տարբեր կազմակերպությունների և մարդկանց կողմից բազմաթիվ առատաձեռն ջանքերի եմ ականատես եղել, որոնք այս հայտնության մեջ նկարագրված են որպես «բարի գործ» և շատ արդարություն են [գործել]»: Նման մարդասիրական ծառայության անթիվ օրինակներ կան ամբողջ աշխարհում՝ մեր սահմաններից դուրս և մեր միացյալ գիտելիքից դուրս: Այս մասին խորհելով՝ ես մտածում եմ Մորմոնի Գրքի մարգարե Բենիամին թագավորի մասին, որի քարոզը ներառում էր այս հավերժական ճշմարտությունը. «Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:3
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին և մենք՝ որպես նրա անդամներ, շատ ենք ուսուցանում բարօրության և մարդասիրական ծառայության մասին և կիրառում այդ ուսմունքները։ Օրինակ՝ ամեն ամսվա սկզբում մենք ծոմ ենք պահում և առնվազն մեր չկերած ուտելիքի չափով նվիրաբերում ենք՝ օգնելով մեր հավաքատան կարիքավորներին։ Եկեղեցին նաև ամբողջ աշխարհում հսկայական ներդրումներ է կատարում մարդասիրական և այլ ծառայությունների մեջ:
Չնայած այն ամենին, ինչ անմիջականորեն անում է մեր Եկեղեցին, աշխարհով մեկ սփռված Աստծո զավակներին մատուցված մարդասիրական ծառայության մեծ մասն իրականացվում է մեր Եկեղեցու հետ պաշտոնական կապ չունեցող անձանց և կազմակերպությունների միջոցով: Ինչպես մեր առաքյալներից մեկն ասել է. «Աստված օգտագործում է մեկից ավելի մարդկանց՝ իր մեծ և զարմանալի աշխատանքն իրականացնելու համար: … Այն չափազանց մեծ և չափազանց դժվար է որևէ մեկ ժողովրդի համար»:4 Որպես վերականգնված Եկեղեցու անդամներ, մենք պետք է ավելի իրազեկ լինենք և ավելի երախտապարտ լինենք ուրիշների ծառայության համար:
Հիսուս Քրիստոսի Եկեղեցին պարտավորվել է ծառայել կարիքավորներին, և նա նաև պարտավորվել է համագործակցել ուրիշների հետ այդ ջանքերում: Վերջերս մենք մի մեծ ընծա մատուցեցինք ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին: Մեր մարդասիրական աշխատանքի բազմաթիվ տասնամյակների ընթացքում երկու կազմակերպություններ առանձնանում են որպես հիմնական համագործակցողներ. տասնյակ երկրներում Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի գործակալությունների հետ իրականացված ծրագրերն Աստծո զավակներին կարևոր օգնություն են տրամադրել բնական աղետների և հակամարտությունների ժամանակ: Նմանապես, մենք օգնության երկար պատմություն ենք կերտել «Catholic Relief Services (Կաթոլիկ եկեղեցու օգնության ծառայություններ)» հետ: Այս կազմակերպությունները մեզ շատ բան են սովորեցրել ամբողջ աշխարհում մարդկանց օգնելու մասին։
Մենք նաև արդյունավետ համագործակցել ենք այլ կազմակերպությունների հետ, որոնցից մի քանիսն են՝ «Muslim Aid», «Water for People» և «IsraAID» կազմակերպությունները։ Թեպետ յուրաքանչյուր մարդասիրական կազմակերպություն ունի իր մասնագիտացման ոլորտները, սակայն մենք կիսում ենք Աստծո զավակների տառապանքը թեթևացնելու ընդհանուր նպատակը: Այս ամենը Աստծո աշխատանքի մի մասն է՝ Իր զավակների համար։
Ժամանակակից հայտնությունն ուսուցանում է, որ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը «ճշմարիտ լույսն է, որը լուսավորում է ամեն մարդու, ով գալիս է աշխարհ»։5 Հետևաբար, Աստծո բոլոր զավակներն իրենց գիտելիքների և կարողությունների առավելագույն չափով լուսավորված են, որպեսզի ծառայեն Աստծուն և միմյանց:
Մորմոնի Գիրքն ուսուցանում է, որ «ամեն բան, որ հրավիրում և հրապուրում է անել բարիք, և սիրել Աստծուն, և ծառայել նրան, ոգեշնչված է Աստծուց»։6
Եվ շարունակում է․
«Քանզի ահա, Քրիստոսի Հոգին տրվում է ամեն մարդու, որպեսզի նա կարողանա բարին տարբերել չարից. ուստի, ես ցույց եմ տալիս ձեզ դատելու ուղին. քանզի ամեն բան, որ հրավիրում է անել բարիք, և համոզում է հավատալ Քրիստոսին, առաջանում է Քրիստոսի զորությամբ ու պարգևով․․․
Եվ այժմ, իմ եղբայրնե՛ր, ․․․ դուք գիտեք լույսը, որով դուք կարող եք դատել, լույս, որը Քրիստոսի լույսն է»։7
Բերում եմ Աստծո զավակների մի քանի օրինակ, որոնք օգնում են Աստծո մյուս զավակներին՝ սննդի, բժշկական օգնության և ուսուցման իրենց կենսական կարիքներում։
Տասը տարի առաջ Կանդհարիները՝ սիկհեր ամուսիններ Արաբական Միացյալ Էմիրություններից, իրենց ուժերով նշանակալից ջանքեր գործադրեցին քաղցածներին կերակրելու համար: «Guru Nanak Darbar» սիկհերի տաճարի միջոցով նրանք մինչ օրս ամեն շաբաթվա վերջում մատուցում են ավելի քան 30,000 բուսակերների ուտելիք բոլոր նրանց, ովքեր մտնում են տաճարի դռնից ներս՝ անկախ կրոնից և ռասայից: Դոկտոր Կանդհարին բացատրում է. «Մենք հավատում ենք, որ բոլորը մեկ են. մենք մեկ Աստծո զավակներն ենք, և մենք այստեղ ենք մարդկությանը ծառայելու համար»։8
Մեկ այլ օրինակ է կարիքավորներին բժշկական և ատամնաբուժական օգնության տրամադրումը: Չիկագոյում ես հանդիպեցի ծնունդով Սիրիայից մի ամերիկացի բժշկի՝ Զահեր Սահլուլին անունով։ Նա հիմնադիրներից մեկն է «MedGlobal» կազմակերպության, որը բժիշկներին հնարավորություն է տալիս ճգնաժամերի ժամանակ կամավոր ներդնել իրենց ժամանակը, հմտությունները, գիտելիքները և առաջնորդությունը։ Դրա օրինակ է սիրիական պատերազմը, որտեղ դոկտոր Սահլուլը վտանգի ենթարկեց իր կյանքը՝ բժշկական օգնություն ցուցաբերելով խաղաղ բնակիչներին: «MedGlobal»-ը և նմանատիպ կազմակերպությունները (ներառյալ Վերջին Օրերի Սրբերի շատ մասնագետներ) ցույց են տալիս, որ Աստված խթանում է, որ հավատավոր մասնագետներ օգնեն կարիք ունեցող աղքատներին ամբողջ աշխարհում:9
Աստծո շատ զավակներ անշահախնդիր ներգրավված են ուսուցման ջանքերում, որը նույնպես իրականացվում է ամբողջ աշխարհում: Դրա լավ օրինակ է հանդիսանում պրն․ Գաբրիել անունով մի մարդու գործունեությունը, որին մենք ճանաչեցինք մարդասիրական ջանքերի շնորհիվ և որը տարբեր հակամարտությունների պատճառով մի քանի անգամ դարձել է փախստական։ Նա վերջերս նկատեց, որ Արևելյան Աֆրիկայում հարյուր հազարավոր փախստական երեխաներ օգնության կարիք ունեն, որ չկորցնեն իրենց հույսը և աշխույժ պահեն իրենց միտքը: Նա փախստական մյուս ուսուցիչների հետ միասին կազմակերպեց «Ծառի դպրոցներ», որտեղ դասերի համար երեխաներին հավաքում էին ծառի ստվերի տակ: Նա չսպասեց, որ ուրիշները կազմակերպեն կամ ուղղորդեն իրեն, այլ անձամբ ղեկավարեց ջանքերը, որոնք տեղահանման սթրեսային տարիներին սովորելու հնարավորություններ ընձեռեցին տարրական դասարանների հազարավոր երեխաների:
Իհարկե, այս երեք օրինակները չեն նշանակում, որ այն ամենը, ինչ ասվում կամ արվում է կազմակերպությունների կամ անհատների կողմից, իրականում լավն են կամ Աստծուց են։ Այս օրինակները ցույց են տալիս, որ Աստված բազմաթիվ կազմակերպությունների և անհատների ոգեշնչում է շատ բարիք գործել: Այն նաև ցույց է տալիս, որ մենք պետք է ճանաչենք ուրիշների կատարած բարիքը և աջակցենք դրան, քանի որ մենք դրա համար ունենք ժամանակ և միջոցներ:
Ահա ծառայության մի քանի օրինակներ, որոնց Եկեղեցին աջակցում է, և որոնց մեր անդամները և ուրիշ բարի մարդիկ ու կազմակերպություններ նույնպես աջակցում են ժամանակի և գումարների անհատական նվիրատվություններով:
Ես կսկսեմ կրոնական ազատությունից: Աջակցելով կրոնական ազատությանը, մենք ծառայում ենք մեր սեփական շահերին, բայց նաև ծառայում ենք այլ կրոնների շահերին: Ինչպես մեր առաջին նախագահ Ջոզեֆ Սմիթն է ուսուցանել․ «Մենք պահանջում ենք մեր իսկ խղճի թելադրանքով Ամենազոր Աստծուն երկրպագելու արտոնությունը, և նույն արտոնությունը վերապահում ենք բոլոր մարդկանց. թող նրանք երկրպագեն ինչպես, որտեղ կամ ինչ-որ կամենում են»:10
Մեր հայտնի դպրոցները, քոլեջներն ու համալսարանները վերականգնված Եկեղեցու մարդասիրական և այլ օգնությունների լրացուցիչ օրինակներ են, որոնք նույնպես կամավոր կերպով աջակցվում են մեր անդամների կողմից, ինչպես նաև մեր քիչ հայտնի, բայց այժմ հայտարարված զգալի նվիրատվությունները՝ ավերածությունների, տեղահանումների և բնական աղետների հետևանքով տուժածների օգնության համար, ինչպիսիք են՝ տորնադոները և երկրաշարժերը:
Չափազանց շատ են մյուս բարեգործական նախաձեռնությունները, որոնց մեր անդամներն աջակցում են իրենց կամավոր նվիրատվություններով և ջանքերով, բայց այս մի քանի ոլորտները ցույց են տալիս դրանց բազմազանությունը և կարևորությունը․ ռասիզմի և այլ նախապաշարմունքների դեմ պայքարը, հիվանդությունների կանխարգելման և բուժման եղանակների հետազոտությունները, աջակցություն հաշմանդամներին, երաժշտական կազմակերպություններին և մարդկանց համար բարոյական ու ֆիզիկական միջավայրի բարելավումը:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մարդասիրական բոլոր ջանքերը ձգտում են ընդօրինակել Մորմոնի Գրքում նկարագրված արդար ժողովրդի օրինակը․ «Եվ այսպիսով, իրենց բարեկեցիկ պայմաններում նրանք դուրս չէին քշում որևէ մեկին, ով մերկ էր, կամ, որ քաղցած էր, կամ, որ պապակ էր, կամ, որ հիվանդ էր, … նրանք բոլորի հանդեպ առատաձեռն էին` ինչպես ծերի, այնպես էլ երիտասարդի, ինչպես ճորտի, այնպես էլ ազատի, ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ, ինչպես եկեղեցուց դուրս, այնպես էլ եկեղեցում»:11
Ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի մասին, որի լույսն ու Հոգին առաջնորդում են Աստծո բոլոր զավակներին՝ օգնելով աղքատներին և ֆինանսական կարիք ունեցողներին ամբողջ աշխարհում: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։