Հիսուս Քրիստոսը երիտասարդների ուժն է
Ձեր վստահությունը դրեք Հիսուս Քրիստոսի վրա: Նա կառաջնորդի ձեզ ճիշտ ճանապարհով: Նա ձեր ուժն է։
Այսօր պատրաստվելով այս ուղերձին՝ ես հստակ հուշում եմ ստացել դիմելու երիտասարդ կանանց և երիտասարդ տղամարդկանց:
Նաև դիմում եմ նրանց, ովքեր նախկինում երիտասարդ են եղել, նույնիսկ նրանց, ովքեր այլևս չեն կարողանում հիշել դա:
Եվ ես դիմում եմ բոլոր նրանց, ովքեր սիրում են մեր երիտասարդներին և ցանկանում են, որ նրանք կյանքում հաջողակ լինեն:
Աճող սերնդի համար ես հատուկ ուղերձ ունեմ՝ ձեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից:
Փրկչի ուղերձը ձեզ
Իմ սիրելի երիտասարդ ընկերնե՛ր, եթե Փրկիչը հենց հիմա այստեղ լիներ, ի՞նչ կասեր Նա ձեզ:
Վստահ եմ, որ Նա կսկսեր արտահայտել Իր մեծ սերը ձեր հանդեպ: Նա կարող էր դա ասել խոսքերով, բայց դա առատ կհորդեր հենց Նրա ներկայությունից և անվրեպ կհասներ ձեր սրտի խորքը՝ լցնելով ձեր ողջ հոգին:
Եվ քանի որ մենք բոլորս թույլ ենք և անկատար, որոշ մտահոգություններ կարող են սողոսկել ձեր միտքը: Գուցե դուք հիշեք ձեր թույլ տված սխալները, գայթակղության պահերը, բաներ, որոնք կցանկանայիք, որ արած չլինեիք, կամ կցանկանայիք, որ ավելի լավ անեիք:
Փրկիչը կզգար դա, և ես գիտեմ, որ Նա կհավաստիացներ ձեզ այն խոսքերով, որոնք Նա ասել է սուրբ գրություններում.
«Մի՛ վախեցեք»։1
«Մի՛ կասկածեք»։2
«Ուրախ եղե՛ք»։3
«Թո՛ղ ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա»։4
Չեմ կարծում, որ Նա արդարացումներ կփնտրեր ձեր սխալների համար: Նա չէր նվազեցնի դրանք: Ոչ, Նա կխնդրեր ձեզ ապաշխարել՝ թողնել ձեր մեղքերը, փոխվել, որպեսզի Ինքը կարողանա ներել ձեզ: Նա կհիշեցներ ձեզ, որ 2000 տարի առաջ Ինքը այդ մեղքերը վերցրեց Իր վրա, որպեսզի դուք կարողանաք ապաշխարել: Դա մեր սիրառատ Երկնային Հոր կողմից մեզ տրված երջանկության ծրագրի մի մասն է:
Հիսուսը կարող էր նշել, որ Իր հետ կապած ձեր ուխտերը՝ մկրտվելիս և ամեն անգամ հաղորդությունը ճաշակելիս, հատուկ կապ են ստեղծում ձեր և Նրա միջև։ Այնպիսի մի կապ, որը սուրբ գրությունները նկարագրում են որպես «լծված» միասին, որպեսզի Նրա օգնությամբ դուք կարողանաք կրել ցանկացած բեռ:5
Ես հավատում եմ, որ Փրկիչ Հիսուս Քրիստոսը կցանկանար, որ դուք տեսնեիք, զգայիք և իմանայիք, որ Նա ձեր ուժն է: Որ Նրա օգնությամբ չկան սահմաններ, թե ինչեր կարող եք իրականացնել: Որ ձեր ներուժն անսահման է: Նա կցանկանար, որ դուք տեսնեիք ձեզ այնպիսին, ինչպիսին Նա է տեսնում ձեզ: Եվ դա շատ է տարբերվում նրանից, թե ինչպես է աշխարհը տեսնում ձեզ:
Անշուշտ, Փրկիչը կհայտարարեր, որ դուք Ամենակարող Աստծո դուստրը կամ որդին եք: Ձեր Երկնային Հայրը տիեզերքի ամենափառահեղ էակն է՝ լի սիրով, ուրախությամբ, մաքրությամբ, սրբությամբ, լույսով, շնորհով և ճշմարտությամբ: Նա ցանկանում է, որ մի օր դուք ժառանգեք այն ամենը, ինչ Ինքն ունի:6
Դա է պատճառը, որ դուք երկրի վրա եք, որպեսզի սովորեք, աճեք, առաջադիմեք և իրագործեք այն ամենը, ինչի համար ձեր Երկնային Հայրը ստեղծել է ձեզ:
Դա հնարավոր դարձնելու համար Նա ուղարկեց Հիսուս Քրիստոսին, որպեսզի Նա լինի ձեր Փրկիչը: Այդ ամենը Նրա երջանկության մեծ ծրագրի, Նրա Եկեղեցու, Նրա քահանայության, սուրբ գրությունների նպատակն է։
Դա ձեր ճակատագիրն է։ Դա ձեր ապագան է։ Դա ձեր ընտրությունն է։
Ճշմարտություն և ընտրություններ
Ձեր երջանկության համար Աստծո ծրագրի հիմքում ընկած է ընտրելու ձեր ուժը:7 Իհարկե, ձեր Երկնային Հայրը ցանկանում է, որ դուք ընտրեք հավերժական ուրախությունն Իր հետ, և Նա կօգնի ձեզ հասնել դրան, բայց Նա երբեք ձեզ չի պարտադրի դա:
Այսպիսով, Նա թույլ է տալիս ձեզ ընտրել լույսը կամ խավարը: Ճիշտը կամ սխալը։ Ուրախությունը կամ թշվառությունը։ Հավերժական կյանքը կամ հոգևոր մահը։8
Թվում է, թե հեշտ ընտրություն է, այնպես չէ՞: Բայց ինչ-որ պատճառով, այստեղ՝ երկրի վրա, այն ավելի բարդ է թվում, քան պետք է լիներ:
Պատճառն այն է, որ միշտ չէ, որ մենք ամեն ինչ այնքան պարզ ենք տեսնում, որքան կցանկանայինք: Պողոս առաքյալը դա համեմատել է «նայում ենք հայելու մեջ, հստակ չենք տեսնում» վիճակի հետ։9 Աշխարհում խառնաշփոթը շատ է այն բանի վերաբերյալ, թե որն է ճիշտը և որը՝ սխալ: Ճշմարտությունը խեղաթյուրվում է, որպեսզի չարը բարի թվա, իսկ բարին` չար:10
Բայց երբ դուք ջանասիրաբար փնտրում եք ճշմարտությունը՝ հավերժական, անփոփոխ ճշմարտությունը, ձեր ընտրությունները շատ ավելի պարզ են դառնում: Այո, դուք դեռևս կունենաք գայթակղություններ և փորձություններ: Դեռևս տեղի են ունենում վատ բաներ, շփոթեցնող բաներ, ողբերգական բաներ: Բայց դուք կարող եք կառավարել դրանք, երբ գիտեք, թե ով եք դուք, ինչու եք այստեղ, և երբ վստահում եք Աստծուն:
Այսպիսով, որտե՞ղ եք գտնում ճշմարտությունը:
Այն գտնվում է Հիսուս Քրիստոսի ավետարանում: Իսկ այդ ավետարանի լրիվությունն ուսուցանվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում:
Հիսուս Քրիստոսն ասել է․ «Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով»։11
Երբ դուք կարևոր ընտրություններ ունեք կատարելու, Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը լավագույն ընտրությունն են: Երբ հարցեր ունեք, Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը լավագույն պատասխանն են: Երբ դուք ձեզ թույլ եք զգում, Հիսուս Քրիստոսը ձեր ուժն է:
Նա ուժ է տալիս հոգնածին և կարողություն չունեցողի զորությունն է շատացնում։
Տիրոջն ապավինողները կնորոգվեն Նրա ուժով։12
Երիտասարդներին զորացնելու համար
Որպեսզի օգնի ձեզ գտնել Ճանապարհը և օգնի ձեզ Քրիստոսի վարդապետությունը դարձնել առաջնորդող ազդեցություն ձեր կյանքում, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին պատրաստել է նոր նյութ՝ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի վերանայված տարբերակը:
Ավելի քան 50 տարի Երիտասարդներին զորացնելու համար գրքույկն ուղեցույց է եղել Վերջին Օրերի Սրբերի երիտասարդների շատ սերունդների համար: Դրա մի օրինակը ես պահում եմ իմ գրպանում և կիսվում եմ այն մարդկանց հետ, որոնք հետաքրքրված են մեր չափանիշներով: Այն վերանայվել և թարմացվել է՝ մեր օրերի մարտահրավերներին և գայթակղություններին ավելի լավ դիմակայելու համար: Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի նոր տարբերակը հասանելի է առցանց 50 տարբեր լեզուներով և հասանելի կլինի նաև տպագիր տարբերակով: Դա նշանակալի օգնություն կլինի ձեր կյանքում ընտրություն կատարելու համար: Խնդրում ենք ձեռք բերել ձեր օրինակը և դրանով կիսվել ձեր ընկերների հետ:
Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի այս նոր տարբերակը կոչվում է Ընտրություն կատարելու ուղեցույց:
Որպեսզի հստակ լինի, լավագույն ուղեցույցը, որը դուք կարող եք ունենալ ընտրություն կատարելու համար, Հիսուս Քրիստոսն է: Հիսուս Քրիստոսը երիտասարդների ուժն է:
Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի նպատակը ձեզ Նրա մոտ ուղղորդելն է: Այն ձեզ ուսուցանում է Նրա վերականգնված ավետարանի հավերժական ճշմարտությունները՝ ճշմարտություններ այն մասին, թե ով եք դուք, ով է Նա, և ինչ կարող եք իրականացնել Նրա ուժով: Այն ձեզ ուսուցանում է, թե ինչպես կատարեք արդար ընտրություններ՝ հիմնվելով այդ հավերժական ճշմարտությունների վրա:13
Նաև կարևոր է իմանալ, թե ինչ չի անում Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը: Այն ձեր փոխարեն որոշումներ չի կայացնում: Այն ձեզ «այո» կամ «ոչ» չի պատասխանում բոլոր ընտրությունների վերաբերյալ, որոնց կարող եք հանդիպել: Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը կենտրոնանում է ձեր ընտրությունների հիմքի վրա: Այն կենտրոնանում է արժեքների, սկզբունքների և վարդապետության վրա՝ յուրաքանչյուր հատուկ վարքագծի փոխարեն:
Տերն Իր մարգարեների միջոցով միշտ առաջնորդել է մեզ այդ ուղղությամբ: Նա աղերսում է մեզ՝ «մեծացնել հայտնություն ստանալու [մեր] հոգևոր կարողությունը»։14 Նա մեզ հրավիրում է հետևել «Լսիր Նրան» կոչին։15 Նա կոչ է անում մեզ հետևել Իրեն ավելի բարձր և ավելի սուրբ ուղիներով։16 Եվ մենք ամեն շաբաթ նման կերպ ենք սովորում «Եկ, հետևիր ինձ» ձեռնարկը։
Ենթադրում եմ, որ ուղեցույցը կարող էր ձեզ թվարկել հագուստի երկար ցուցակներ, որոնք դուք չպետք է կրեք, բառեր, որոնք չպետք է ասեք, և ֆիլմեր, որոնք չպետք է դիտեք: Բայց արդյոք դա իսկապես օգտակար կլինի համաշխարհային եկեղեցում։ Արդյո՞ք նման մոտեցումն իսկապես կպատրաստի ձեզ ամբողջ կյանքում ապրել քրիստոսանման կյանքով:
Ջոզեֆ Սմիթն ասել է. «Ես նրանց ճիշտ սկզբունքներ եմ սովորեցնում, և նրանք իրենք են իրենց ղեկավարում»։17
Եվ Բենիամին թագավորը Մորմոնի Գրքի մարդկանց ասել է․ «Ես չեմ կարող ասել ձեզ բոլոր բաները, որոնցով դուք կարող եք մեղք գործել, քանզի կան զանազան ուղիներ և միջոցներ, նույնիսկ այնքան շատ, որ ես չեմ կարող թվել դրանք»:18
Հետո Բենիամին թագավորն ավելացրել է․ «Բայց այսքանը ես կարող եմ ասել ձեզ, ․․․ հետևեք ինքներդ ձեզ, և ձեր մտքերին, և ձեր խոսքերին, և ձեր արարքներին, և եթե չկատարեք Աստծո պատվիրանները, և չշարունակեք հավատքով առ ․․․ մեր Տերը ․․․ նույնիսկ մինչև ձեր կյանքի վերջը, դուք պիտի կորչեք»:19
Արդյո՞ք սխալ է կանոններ ունենալը: Իհարկե ո՛չ: Մենք բոլորս դրանց կարիքն ունենք ամեն օր: Բայց սխալ է Փրկչի վրա կենտրոնանալու փոխարեն կենտրոնանալ միայն կանոնների վրա: Դուք պետք է իմանաք «ինչու և ինչպես» հարցերի պատասխանները, և հետո մտածեք ձեր ընտրության հետևանքների մասին: Դուք պետք է վստահեք Հիսուս Քրիստոսին: Նա կառաջնորդի ձեզ ճիշտ ճանապարհով: Նա ձեր ուժն է։20
Ճշմարիտ վարդապետության զորությունը
Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը համարձակորեն հռչակում է Հիսուս Քրիստոսի վարդապետությունը: Այն համարձակորեն հրավիրում է ձեզ ընտրություն կատարել՝ հիմնվելով Քրիստոսի վարդապետության վրա: Եվ այն համարձակորեն նկարագրում է այն օրհնությունները, որոնք Հիսուս Քրիստոսը խոստանում է նրանց, ովքեր հետևում են Իր ուղուն:21
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Երբ ձեր մեծագույն ցանկությունն է՝ թույլ տալ, որ Աստված տնօրինի [ձեր կյանքում], այնքա՜ն շատ որոշումներ դյուրին կդառնան: Շա՛տ հարցեր կդառնան անկարևոր: Դուք կիմանաք,թե ինչպես հաճելիորեն ներկայացնել ձեզ: Դուք կիմանաք, թե ինչ դիտել և կարդալ, որտեղ անցկացնել ձեր ժամանակը և ում հետ շփվել: Դուք կիմանաք, թե ինչ եք ուզում իրականացնել: Դուք կիմանաք, թե ինչպիսի մարդ եք ցանկանում դառնալ»։22
Ավելի բարձր չափանիշ
Հիսուս Քրիստոսն Իր հետևորդների համար շատ բարձր չափանիշներ ունի: Եվ Նրա կամքը լրջորեն փնտրելու ու Նրա ճշմարտություններով ապրելու հրավերը հնարավոր ամենաբարձր չափանիշն է:
Կարևոր աշխարհիկ և հոգևոր ընտրությունները պետք է հիմնված լինեն ոչ միայն անձնական նախապատվության կամ նրա վրա, ինչը հարմար է կամ հանրաճանաչ է:23 Տերը չի ասում. «Արա ինչ ուզում ես»։
Նա ասում է․ «Թող Աստված տնօրինի»։
Նա ասում է․ «Եկ հետևիր ինձ»:24
Նա ասում է. «Ապրիր ավելի սուրբ, ավելի բարձր, ավելի հասուն ձևով»:
Նա ասում է. «Պահեք իմ պատվիրանները»:
Հիսուս Քրիստոսը մեր կատարյալ օրինակն է, և մենք մեր ամբողջ հոգով ձգտում ենք հետևել Նրան:
Իմ սիրելի ընկերնե՛ր, թույլ տվեք կրկնել․ եթե Փրկիչն այսօր կանգնած լիներ այստեղ, Նա կարտահայտեր իր անսահման սերը և Իր լիակատար վստահությունը ձեր հանդեպ: Նա ձեզ կասեր, որ դուք կարող եք դա անել: Դուք կարող եք կառուցել ուրախ, երջանիկ կյանք, քանի որ Հիսուս Քրիստոսը ձեր ուժն է: Դուք կարող եք վստահություն, խաղաղություն, ապահովություն, երջանկություն և պատկանելություն գտնել այժմ և հավիտյան, քանի որ այդ ամենը կգտնեք Հիսուս Քրիստոսում, Նրա ավետարանում և Նրա Եկեղեցում:
Դրա մասին ես բերում եմ իմ հանդիսավոր վկայությունը՝ որպես Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալ և թողնում եմ ձեզ իմ սրտառուչ օրհնությունը՝ խորին երախտագիտությամբ և սիրով ձեր հանդեպ․ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: