Կատարելագործվեք Նրանում
Մեր կատարելությունը հնարավոր է միայն Աստծո շնորհով:
Մեր Երկնային Հայրը և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը զորություն ունեն փրկելու և փոխակերպելու մեզ: Նրանք կարող են օգնել մեզ դառնալ այնպիսին, ինչպիսին Իրենք են:
Մի քանի տարի առաջ մեր փոքր թոռներից մեկի՝ Ահարոնի մոտ առողջական խնդիրներ սկսվեցին։ Նա ուժասպառ էր, մարմնի վրա բավականին կապտուկներ կային և անառողջ տեսք ուներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց ծանր ապլաստիկ անեմիա. հիվանդություն, որի դեպքում ոսկրածուծը դադարում է արտադրել արյան կարմիր բջիջներ, արյան սպիտակ բջիջներ և թրոմբոցիտներ։ Առանց բուժման և վերջնական առողջացման, նրա արյունը չէր կարող պատշաճ կերպով մակարդվել կամ պայքարել վարակների դեմ, նույնիսկ աննշան անկումները, վնասվածքները կամ հիվանդությունները կարող էին արագորեն վտանգ սպառնալ նրա կյանքին:
Որոշ ժամանակ Ահարոնը թրոմբոցիտների և արյան փոխներարկում էր ստանում՝ իրեն վտանգից զերծ պահելու համար։ Բժիշկները բացատրեցին, որ հիվանդության միակ բուժումը կլինի ոսկրածուծի փոխպատվաստումը, իսկ հաջողության լավագույն հնարավորությունը կլինի դոնոր քույր կամ եղբայր ունենալ: Եթե նրա եղբայրներից ու քույրերից մեկը կատարյալ համընկներ, փոխպատվաստման արդյունքը կարող էր փրկել նրա կյանքը: Նրա չորս կրտսեր եղբայրները փորձարկվեցին, և նրանցից մեկի՝ Մաքսվելի տվյալները կատարելապես համընկան:
Նույնիսկ դոնորների կատարյալ համընկնումով, ոսկրածուծի փոխպատվաստումը դեռևս բարդությունների լուրջ վտանգ է ներկայացնում: Գործընթացը պահանջում էր, որ Ահարոնի սեփական բջիջները նրա հիվանդ ոսկրածուծում ոչնչացվեին քիմիաթերապիայի և ճառագայթման համակցությամբ՝ նախքան նրա եղբոր՝ Մաքսվելի ոսկրածուծի ցողունային բջիջները ստանալը: Այնուհետև Ահարոնը, իր թուլացած իմունային համակարգի պատճառով, պետք է մեկուսացած մնար հիվանդանոցում մի քանի շաբաթ, իսկ հետո մի քանի ամիս տանը՝ հատուկ կանոններով, սահմանափակումներով և դեղամիջոցներով:
Փոխպատվաստման ակնկալվող արդյունքն այն էր, որ Ահարոնի մարմինը չէր մերժի դոնոր բջիջները, և որ Մաքսվելի բջիջները աստիճանաբար կարտադրեին արյան անհրաժեշտ կարմիր և սպիտակ բջիջները և թրոմբոցիտները Ահարոնի մարմնում: Դոնորի հաջող փոխպատվաստումը շատ իրական ֆիզիոլոգիական փոփոխություն է առաջացնում: Զարմանալիորեն, մի բժիշկ բացատրեց, որ եթե Ահարոնը հանցանք գործի և արյունը թողնի հանցագործության վայրում, ոստիկանությունը կարող է ձերբակալել նրա եղբորը՝ Մաքսվելին։ Դա պայմանավորված է նրանով, որ Ահարոնի արյունը կգա Մաքսվելի փոխպատվաստված բջիջներից և կունենա Մաքսվելի ԴՆԹ-ն, և դա այդպես կլինի նրա ողջ կյանքի ընթացքում:
Ահարոնը, որը փրկվել է իր եղբոր արյունով, շատ մտքեր է առաջացրել Հիսուս Քրիստոսի քավիչ արյան և մեզ վրա Նրա Քավության ազդեցության մասին: Այսօր ես կցանկանայի կենտրոնանալ մշտական, կենսատու փոփոխության վրա, որը տեղի է ունենում, երբ մենք թույլ ենք տալիս Տիրոջը հրաշքներ գործել մեր մեջ:1
Ահարոնն իր մեջ ուժ չուներ հաղթահարելու հիվանդությունը։ Նրա մարմինը չէր կարողանում ստեղծել արյան բջիջները, որոնք անհրաժեշտ էին նրա կյանքը պահպանելու համար։ Անկախ նրանից, թե նա անձամբ ինչ է արել, նա չի կարողացել բուժել իր ոսկրածուծը։ Ինչպես Ահարոնը չկարողացավ բուժել իրեն, այնպես էլ մենք չենք կարող փրկել մեզ: Անկախ նրանից, թե որքան ընդունակ, կրթված, խելացի կամ ուժեղ ենք, մենք չենք կարող մաքրվել մեր մեղքերից, մեր մարմինները փոխել անմահ մի վիճակի կամ ինքներս մեզ վեհացնել: Դա հնարավոր է միայն Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Նրա անսահման Քավության միջոցով: Սա է ճանապարհը, և չկա ոչ մի այլ ճանապարհ, ոչ էլ անուն երկնքի տակ տրված, որով մարդ կարողանա փրկվել Աստծո արքայությունում:2 Նրա քավիչ արյունն է, որ մաքրում և սրբացնում է մեզ:3
Թեև Ահարոնը չէր կարող ինքնուրույն բժշկվել, բայց որպեսզի փոխպատվաստումն օգներ, նա պետք է պատրաստ լիներ անելու այն, ինչ խնդրում էին բժիշկները, նույնիսկ՝ շատ դժվար բաներ: Թեև մենք չենք կարող մեզ փրկել, երբ ենթարկվում ենք Տիրոջ կամքին և պահում մեր ուխտերը, ճանապարհը բաց է մեր փրկագնման համար:4 Ահարոնի արյան բջիջների ԴՆԹ-ի փոփոխության ուշագրավ գործընթացի նման մենք կարող ենք փոխել մեր սրտերը,5 ունենալ Նրա պատկերը մեր դեմքին,6 և նոր արարածներ դառնալ Քրիստոսում։7
Ալման հիշեցրեց Զարահեմլայի նախորդ սերնդի ժողովրդին, որը դարձի էր եկել: Խոսելով իր հոր մասին՝ Ալման բացատրեց դա. «Եվ համաձայն իր հավատքի՝ մի հզոր փոփոխություն գործվեց նրա սրտում»:8 Հետո նա հարցրեց. «Զգացե՞լ եք դուք այս հզոր փոփոխությունը ձեր սրտերում»:9 Մարդիկ չէին, որ փոխեցին իրենց սրտերը: Տերը կատարեց իրական փոփոխությունը: Ալման այս հարցում շատ հստակ է արտահայտվել. Նա ասել է. «Նա փոխեց նրանց սրտերը»:10 Նրանք «խոնարհեցրին իրենց և դրեցին իրենց վստահությունը ճշմարիտ ու կենդանի Աստծո վրա … [և] հավատարիմ էին մինչև վերջ. … [և] նրանք փրկվեցին»:11 Մարդիկ պատրաստ էին բացել իրենց սրտերը և հավատք գործադրել, իսկ հետո Տերը փոխեց նրանց սրտերը: Եվ ի՜նչ հզոր փոփոխություն էր դա։ Մտածեք Ալմա անունով այս երկու տղամարդկանց կյանքի տարբերության մասին՝ նրանց սրտերի փոփոխությունից առաջ և հետո:12
Մենք Աստծո զավակներ ենք՝ վեհ ճակատագրով: Մենք կարող ենք փոխվել, որպեսզի դառնանք Նրա նման և ունենանք «ուրախության լիությունը»:13 Սատանան, մյուս կողմից, կցանկանար, որ մենք էլ իր նման թշվառ լինենք:14 Մենք հնարավորություն ունենք ընտրելու, թե ում հետևենք:15 Երբ մենք հետևում ենք սատանային, մենք նրան իշխանություն ենք տալիս:16 Երբ մենք հետևում ենք Աստծուն, Նա մեզ զորություն է տալիս:
Փրկիչն ուսուցանել է, որ մենք պետք է «կատարյալ դարձվ[ենք]»:17 Սա կարող է այնքան վախեցնող թվալ: Ես հստակ տեսնում եմ իմ թերությունները և ցավալիորեն գիտակցում եմ իմ և կատարելության միջև եղած հեռավորությունը: Մենք, գուցե, հակված ենք մտածելու, որ պետք է կատարելագործենք ինքներս մեզ, բայց դա հնարավոր չէ: Աշխարհի յուրաքանչյուր ինքնօգնության գրքի յուրաքանչյուր առաջարկին հետևելն անգամ չի հանգեցնի դրան: Կա միայն մեկ ճանապարհ և մեկ անուն, որով գալիս է կատարելությունը: Մենք «Հիսուսի՝ նոր ուխտի միջնորդի միջոցով կատարյալ [ենք] դարձված, որն իր արյունը հեղելով իրագործեց այս կատարյալ քավությունը»:18 Մեր կատարելությունը հնարավոր է միայն Աստծո շնորհով:
Պատկերացնո՞ւմ եք, թե որքան ճնշող կլիներ, եթե մեր երիտասարդ թոռանիկ Ահարոնը ենթադրեր, որ ինքը պետք է հասկանար և կատարեր իր փոխպատվաստման հետ կապված բոլոր բժշկական ընթացակարգերը: Մենք չպետք է ենթադրենք, որ մենք պետք է անենք այն, ինչը միայն Փրկիչը կարող է անել մեր կատարելության հրաշագործ գործընթացում:
Երբ Մորոնին ավարտեց իր գրառումը, նա ուսուցանեց. «Այո, եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում, … և եթե դուք հրաժարվեք ամեն անաստվածությունից և սիրեք Աստծուն, ձեր ողջ զորությամբ, մտքով ու ուժով, ապա նրա շնորհը բավական է ձեզ, որպեսզի նրա շնորհով դուք կատարյալ լինեք Քրիստոսում»:19 Ինչպիսի՜ մխիթարիչ և զորեղ ճշմարտություն։ Նրա շնորհը բավական է ինձ: Նրա շնորհը բավական է ձեզ: Նրա շնորհը բավական է բոլոր մարդկանց, որոնք «հոգնածներ ու բեռնավորվածներ» են:20
Ահարոնի ընդունած բուժումների դեպքում միշտ կա որոշակի անորոշություն՝ արդյունքի վերաբերյալ: Փաստորեն, Ահարոնին անհրաժեշտ էր երկրորդ փոխպատվաստում, եթե առաջինը բարդություններ ունենար։ Բարեբախտաբար, սրտի հոգևոր փոփոխությամբ մենք չպիտի մտածենք՝ արդյոք դա տեղի կունենա: Երբ մենք ապրում ենք Նրա կամքի համաձայն՝ «ամբողջովին ապավինելով նրա արժանիքներին, որը հզոր է փրկելիս»,21 կա 100 տոկոսանոց երաշխիք, որ կմաքրվենք Փրկչի արյունով և, ի վերջո, կկատարելագործվենք Նրանում: Նա «ճշմարտության Աստված [է] և [չի կարող] ստել»:22
Կասկած չկա, որ փոփոխության այս գործընթացը ժամանակ է պահանջում և չի ավարտվի մինչև այս կյանքի վերջը, բայց խոստումը հաստատ է։ Երբ Աստծո խոստումների կատարումը հեռու է թվում, մենք, այնուամենայնիվ, ընդունում ենք այդ խոստումները՝ իմանալով, որ դրանք կկատարվեն։23
Ահարոնի առողջական հրաշք փոփոխությունը մեծ ուրախություն է պատճառել մեր ընտանիքին։ Պատկերացրեք, թե ինչպիսի մեծ ուրախություն է երկնքում, երբ հզոր փոփոխություններ են տեղի ունենում մեր հոգիներում:
Մեր Երկնային Հայրը և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը սիրում են մեզ և ողորմածաբար առաջարկել են մեզ փոխվել ու կատարելագործվել: Նրանք ցանկանում են դա անել։ Դա առանցքային է Նրանց գործի և փառքի համար:24 Ես վկայում եմ, որ Նրանք զորություն ունեն անելու դա, երբ մենք հավատքով գալիս ենք Նրանց մոտ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։