Գերագույն համաժողով
Պատկանելության վարդապետությունը
2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


14:41

Պատկանելության վարդապետությունը

Պատկանելու վարդապետությունը մեզանից յուրաքանչյուրի համար հանգում է դրան. ես մեկ եմ Քրիստոսի հետ ավետարանի ուխտի մեջ:

Ես կցանկանայի խոսել այն մասին, ինչը ես անվանում եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն պատկանելու վարդապետություն: Այս վարդապետությունն ունի երեք մաս՝ (1) պատկանելու դերը Տիրոջ ուխտի ժողովրդին հավաքելու գործում, (2) ծառայության և զոհաբերության կարևորությունը պատկանելու մեջ և (3) Հիսուս Քրիստոսի կենտրոնական դերը պատկանելու մեջ:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին իր սկզբնական շրջանում հիմնականում կազմված էր հյուսիսամերիկյան և հյուսիսային Եվրոպայի սպիտակամորթ սրբերից, նաև փոքր թվով բնիկ ամերիկացիներից, աֆրոամերիկացիներից ու Խաղաղօվկիանոսյան կղզիաբնակներից: Այժմ, երբ ութ տարի է մնացել, որ լրանա Եկեղեցու հիմնադրման 200-ամյակը, Եկեղեցին մեծապես աճել է թվով և բազմազանությամբ՝ Հյուսիսային Ամերիկայում և նույնիսկ աշխարհի մյուս մասերում:

Երբ Տիրոջ ուխտի ժողովրդի վաղուց մարգարեացված վերջին օրերի հավաքը թափ է ստանում, Եկեղեցին իսկապես բաղկացած կլինի յուրաքանչյուր ազգին, ցեղին, լեզվին և ժողովրդին պատկանող անդամներից:1 Սա հաշվարկված կամ պարտադրված բազմազանություն չէ, այլ բնականորեն տեղի ունեցող երևույթ, որը մենք ակնկալում էինք՝ գիտակցելով, որ ավետարանի ցանցը հավաքվում է յուրաքանչյուր ազգից և յուրաքանչյուր ժողովրդից:

Որքա՜ն օրհնված ենք մենք տեսնելով այն օրը, երբ Սիոնը ստեղծվում է միաժամանակ բոլոր մայրցամաքներում և մեր սեփական թաղամասերում: Ինչպես մարգարե Ջոզեֆ Սմիթն է ասել, Աստծո ժողովուրդը յուրաքանչյուր տնտեսությունում ուրախ ակնկալիքով է սպասել այս օրվան, և «մենք այն արտոնյալ ժողովուրդն ենք, որին Աստված ընտրել է վերջին օրերի փառքը կերտելու համար»:2

Ստանալով այս արտոնությունը՝ մենք չենք կարող թույլ տալ, որ ռասիզմը, ցեղային նախապաշարմունքները կամ այլ բաժանումները գոյություն ունենան վերջին օրերի Քրիստոսի Եկեղեցում: Փրկիչը պատվիրել է մեզ. «Եղեք մեկ. և եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք»:3 Մենք պետք է ջանասիրաբար արմատախիլ անենք նախապաշարմունքներն ու խտրականությունը Եկեղեցուց, մեր տներից և ամենից շատ՝ մեր սրտերից: Քանի որ մեր Եկեղեցու բնակչությունը գնալով ավելի բազմազան է դառնում, մեր ընդունելությունը պետք է ավելի ինքնաբուխ և ջերմ լինի: Մենք ունենք միմյանց կարիքը:4

Կորնթացիներին ուղղված իր առաջին նամակում Պողոսը հայտարարում է, որ բոլոր նրանք, ովքեր մկրտվում են Եկեղեցում, մեկ են Քրիստոսի մարմնում.

«Ինչպես որ մարմինը մեկ է ու շատ անդամներ ունի, և մարմնի բոլոր անդամները, շատ լինելով, մեկ մարմին են, այնպես էլ Քրիստոսը։

Որովհետև մենք ամենքս էլ մեկ Հոգով մկրտվեցինք՝ մեկ մարմին լինելու համար. թե՛ հրեաներ, թե՛ հույներ, թե՛ ծառաներ, թե՛ ազատներ. ամենքս էլ մեկ Հոգուց խմեցինք։

Որպեսզի մարմնի մեջ բաժանում չլինի, այլ որպեսզի անդամները միմյանց նկատմամբ նույն հոգածությունն ունենան:

Եվ եթե մի անդամը ցավում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ցավում են, ու եթե մի անդամը փառավորվում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ուրախանում են»:5

Պատկանելության զգացումը կարևոր է մեր ֆիզիկական, մտավոր և հոգևոր բարեկեցության համար: Այնուամենայնիվ, միանգամայն հնարավոր է, որ երբեմն մեզանից յուրաքանչյուրը կարող է համարել, որ չենք համապատասխանում: Վհատեցնող պահերին մենք կարող ենք զգալ, որ երբեք չենք համապատասխանի Տիրոջ բարձր չափանիշներին կամ ուրիշների ակնկալիքներին։6 Ուրիշներին կամ նույնիսկ ինքներս մեզ մենք կարող ենք ակամա պարտադրել ակնկալիքներ, որոնք Տիրոջ ակնկալիքները չեն: Մենք կարող ենք նուրբ ձևերով հաղորդել, որ հոգու արժեքը հիմնված է որոշակի ձեռքբերումների կամ կոչումների վրա, բայց դրանք չեն չափում մեր դիրքը Տիրոջ աչքում: «Տերը սրտին է նայում»:7 Նա հոգ է տանում մեր ցանկությունների և ձգտումների և այն մասին, թե ինչ ենք մենք դառնում։8

Քույր Ջոդի Քինգը գրել է անցյալ տարիների իր սեփական փորձառության մասին.

«Ես երբևէ չէի զգացել, որ եկեղեցուն չեմ պատկանում, մինչև ես և ամուսինս՝ Քեմերոնը, սկսեցինք պայքարել անպտղության դեմ: Երեխաներն ու ընտանիքները, որոնք ինձ սովորաբար ուրախացնում էին եկեղեցում տեսնելիս, այժմ սկսեցին ինձ վիշտ ու ցավ պատճառել:

Ես ինձ ամուլ էի համարում՝ առանց գրկումս երեխայի կամ բարուրը ձեռքիս։ …

Ամենադժվար կիրակին մեր առաջին կիրակին էր նոր ծխում: Քանի որ մենք երեխաներ չունեինք, մեզ հարցրին, թե արդյոք նորապսակներ ենք, և երբ ենք ծրագրել ընտանիք կազմել: Ես բավականին լավ էի կարողանում պատասխանել այդ հարցերին` թույլ չտալով, որ դրանք ազդեն ինձ վրա, քանի որ գիտեի, որ դրանք նախատեսված չէին վիրավորելու համար:

Սակայն այդ կիրակի օրը հատկապես դժվար էր այդ հարցերին պատասխանելը։ Հույսերը կրկին հօդս էին ցնդել. hենց նոր հասկացել էի, որ կրկին հղի չեմ:

Ես մտա հաղորդության ժողովի սենյակ՝ լիովին հուսախաբ, և ինձ համար դժվար էր պատասխանել նրանց հարցերին, ովքեր ցանկանում էին ծանոթանալ: …

Բայց կիրակնօրյա դպրոցի դասը իսկապես կոտրեց իմ սիրտը: Դասը, որը նախատեսված էր լինելու մայրերի աստվածային դերի մասին, արագ փոխեց թեման և վերածվեց մայրությունից հիասթափվածների բաց նիստի: Սիրտս վշտացավ և արցունքները լուռ հոսեցին այտերիս վրայով, երբ լսեցի, որ կանայք բողոքում էին մի օրհնությունից, որի համար ես ամեն ինչ կտայի:

Ես արագ հեռացա եկեղեցուց: Սկզբում ես չէի ուզում վերադառնալ: Ես չէի ցանկանում կրկին զգալ մեկուսացման այդ զգացումը։ Բայց այդ երեկո՝ ամուսնուս հետ զրույցից հետո, մենք գիտեինք, որ կշարունակենք հաճախել եկեղեցի ոչ միայն այն պատճառով, որ Տերը մեզ այդպես է խնդրել, այլև որովհետև երկուսս էլ գիտեինք, որ ուրախությունը, որը գալիս է ուխտերը նորոգելուց և Եկեղեցում Հոգին զգալուց, գերազանցում է իմ տխրությանը, որ զգացել էի այդ օրը: …

Եկեղեցում կան այրի, ամուսնալուծված և միայնակ անդամներ. նրանք, ովքեր ունեն ընտանիքի անդամներ, որոնք հեռացել են ավետարանից. քրոնիկ հիվանդություններ կամ ֆինանսական դժվարություններ ունեցող մարդիկ, անդամներ, որոնք զգում են նույնասեռական գրավչություն, անդամներ, որոնք աշխատում են հաղթահարել հակումները կամ կասկածները, վերջերս դարձի եկածներ, նոր տեղափոխվածներ, ծնողներ, որոնց զավակներն արդեն հեռացել են հայրական տնից, և ցուցակը դեռ շարունակվում է: …

«Փրկիչը հրավիրում է մեզ գալ Իր մոտ՝ անկախ մեր հանգամանքներից: Մենք գալիս ենք եկեղեցի՝ նորոգելու մեր ուխտերը, մեծացնելու մեր հավատքը, խաղաղություն գտնելու և վարվելու այնպես, ինչպես Նա կատարելապես վարվեց Իր կյանքում՝ սպասավորելով ուրիշներին, որոնք համարում են, որ չեն պատկանում»։9

Պողոսը բացատրել է, որ Եկեղեցին և նրա ղեկավարները տրված են Աստծո կողմից «կատարելագործելու սրբերին ծառայության գործում՝ Քրիստոսի մարմնի շինության համար,

Մինչև ամենքս հասնենք հավատի միության և Աստծու Որդու ճանաչողության՝ որպես հասուն և կատարյալ մարդ Քրիստոսին չափանիշ ունենալով»:10

Հետևաբար, տխուր հեգնանք է, երբ ինչ-որ մեկը, համարելով, որ չի համապատասխանում իդեալին կյանքի բոլոր ոլորտներում, եզրակացնում է, որ ինքը չի պատկանում հենց այն կազմակերպությանը, որը նախագծվել է Աստծո կողմից, որպեսզի օգնի մեզ առաջ ընթանալ դեպի իդեալը:

Եկեք դատաստանը թողնենք Տիրոջը և նրանց, ում Նա հանձնարարել է, և գոհ լինենք միմյանց սիրելով և որքան հնարավոր է լավ վերաբերվելով: Եկեք խնդրենք Նրան, որ մեզ օրեցօր ցույց տա ճանապարհը, որ «աղքատներին, խեղճերին, կաղերին ու կույրերին [այսինքն բոլորին] այստե՛ղ բեր[ենք]», որ մասնակցեն Տիրոջ մեծ ընթրիքին:10

Պատկանելության վարդապետության երկրորդ կողմը կապված է մեր սեփական ներդրումների հետ: Թեև մենք հազվադեպ ենք մտածում այդ մասին, մեր պատկանելության մեծ մասը գալիս է մեր ծառայությունից և այն զոհաբերություններից, որոնք մենք կատարում ենք ուրիշների և Տիրոջ համար: Մեր անձնական կարիքների կամ մեր հարմարավետության վրա չափազանց մեծ ուշադրությունը կարող է խաթարել պատկանելու այդ զգացումը:

Մեք ձգտում ենք հետևել Փրկչի վարդապետությանը.

«Ձեզանից ով ուզում է մեծ լինել, պետք է ձեր սպասավորը լինի»: …

«Որովհետև Մարդու Որդին նույնպես չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի ու շատերի համար իր կյանքը որպես փրկագին տա»:12

Պատկանելությունը գալիս է ոչ թե այն ժամանակ, երբ մենք սպասում ենք դրան, այլ երբ մենք ձեռք ենք մեկնում օգնելու միմյանց:

Ցավոք, այսօր որևէ գործին նվիրվելը կամ մեկի համար ինչ-որ բան զոհաբերելը դառնում է հակամշակութային: Այս տարվա սկզբին Deseret ամսագրի համար գրված հոդվածում հեղինակ Ռոդ Դրեհերը պատմել է Բուդապեշտում մի երիտասարդ մոր հետ ունեցած զրույցի մասին.

«Ես Բուդապեշտի տրամվայում եմ… 30-ն անց ընկերուհուս հետ (եկեք նրան Քրիստինա անվանենք), և ճանապարհվում ենք հարցազրույց վերցնելու մի տարեց [քրիստոնյա] կնոջից, որն իր հանգուցյալ ամուսնու հետ դիմակայել է կոմունիստական պետության հալածանքներին: Երբ մենք շարժվում ենք քաղաքի փողոցներով, Քրիստինան պատմում է, թե որքան դժվար է ազնիվ լինել իր տարիքի ընկերների հետ և խոսել այն դժվարությունների մասին, որոնց նա բախվում է որպես կին և փոքր երեխաների մայր:

«Քրիստինայի դժվարությունները միանգամայն սովորական են երիտասարդ կնոջ համար, որը սովորում է մայր և կին լինել, սակայն նրա սերնդի մոտ գերակշռող վերաբերմունքն այն է, որ կյանքի դժվարությունները սպառնալիք են մարդու բարեկեցության համար և պետք է մերժվեն: Արդյո՞ք նա և իր ամուսինը երբեմն վիճում են: Այդ դեպքում թող հեռանա նրանից, ասում են մարդիկ։ Արդյո՞ք նրա երեխաները նյարդայնացնում են նրան: Այդ դեպքում նա պետք է նրանց ուղարկի ցերեկային խնամքի կենտրոն:

Քրիստինան անհանգստանում է, որ իր ընկերները չեն հասկանում, որ փորձությունները և նույնիսկ տառապանքը կյանքի սովորական մասն են, և գուցե նույնիսկ լավ կյանքի մի մասը, եթե այդ տառապանքը մեզ սովորեցնում է լինել համբերատար, բարի և սիրող: …

«… Նոտր Դամի համալսարանի կրոնի սոցիոլոգ Քրիստիան Սմիթը 18-23 [տարեկան] մեծահասակների վերաբերյալ իր ուսումնասիրության ընթացքում պարզել է, որ նրանցից շատերը կարծում են, որ հասարակությունը ոչ այլ ինչ է, քան «ինքնավար անհատների հավաքածու, որի միակ նպատակը կյանքը վայելելն է»:13

Ըստ այդ փիլիսոփայության՝ այն ամենը, ինչը դժվարացնում է մարդու կյանքը, «ճնշման ձև է»։14

Ի հակադրություն այս ամենի՝ մեր ռահվիրա նախնիները Քրիստոսի հանդեպ պատկանելության, միասնության և հույսի խոր զգացում ձեռք բերեցին այն զոհողությունների շնորհիվ, որ նրանք կատարել էին միսիայում ծառայելու, տաճարներ կառուցելու, հարկադրանքի տակ հարմարավետ տները լքելու և նորից սկսելու համար, ինչպես նաև բազմաթիվ այլ ձևերով նվիրաբերելով իրենց և իրենց միջոցները Սիոնի գործին: Անհրաժեշտության դեպքում նրանք պատրաստ էին զոհաբերել նույնիսկ իրենց կյանքը: Մենք բոլորս նրանց տոկունության շահառուներն ենք։ Նույնը այսօր վերաբերում է շատ մարդկանց, որոնք կարող են կորցնել ընտանիքի և ընկերների ընկերակցությունը, զրկվել աշխատանքի հնարավորություններից կամ այլ կերպ ենթարկվել խտրականության ու բռնության՝ մկրտվելու հետևանքով։ Նրանց վարձատրությունը, սակայն, ուխտի ժողովրդի մեջ պատկանելության հզոր զգացումն է: Ցանկացած զոհողություն, որը մենք կատարում ենք Տիրոջ գործի համար, օգնում է հաստատել մեր տեղը Նրա մոտ, որն Իր կյանքը որպես փրկագին է տվել շատերի համար:

Պատկանելության վարդապետության վերջին և ամենակարևոր տարրը Հիսուս Քրիստոսի կենտրոնական դերն է: Մենք Եկեղեցուն չենք միանում միայն ընկերակցության համար, որքան էլ դա կարևոր է: Մենք միանում ենք, որպեսզի փրկագնվենք Հիսուս Քրիստոսի սիրո և շնորհի միջոցով: Մենք միանում ենք, որպեսզի վարագույրի երկու կողմերում ապահովենք փրկության և վեհացման արարողությունները մեր և նրանց համար, ում սիրում ենք: Մենք միանում ենք, որպեսզի մասնակցենք Սիոնը հաստատելու մեծ ծրագրին՝ նախապատրաստվելով Տիրոջ վերադարձին:

Եկեղեցին փրկության և վեհացման ուխտերի պահապանն է, որոնք Աստված առաջարկում է մեզ սուրբ քահանայության արարողությունների միջոցով:15 Պահելով այդ ուխտերը՝ մենք ձեռք ենք բերում պատկանելության ամենաբարձր և խոր զգացումը: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարել է.

«Երբ ես և դուք ուխտ ենք կապում Աստծո հետ, Նրա հետ մեր հարաբերությունները շատ ավելի սերտ են դառնում, քան մինչ մեր ուխտն էին: Այժմ մենք կապված ենք միմյանց հետ: Աստծո հետ ունեցած մեր ուխտի շնորհիվ Նա չի դադարի օգնել մեզ, և մենք երբեք չենք սպառի Նրա ողորմած համբերատարությունը մեր հանդեպ։ Յուրաքանչյուրս հատուկ տեղ ունենք Աստծո սրտում։ …

Հիսուս Քրիստոսն այդ ուխտերի երաշխավորն է (տես Եբրայեցիներին 7․22, 8․6)»։16

Եթե մենք հիշենք սա, մեզ հետ կապված Տիրոջ մեծ հույսերը կոգեշնչեն, այլ ոչ թե կհուսահատեցնեն մեզ:

Մենք կարող ենք ուրախություն զգալ, երբ անհատապես և համայնքով, «որպես հասուն և կատարյալ մարդ Քրիստոսին չափանիշ ունենա[նք]»։17 Չնայած ճանապարհին հանդիպող հիասթափություններին և անհաջողություններին, դա հրաշալի որոնում է: Մենք բարձրացնում և խրախուսում ենք միմյանց՝ վերընթաց ուղուն հետամուտ լինելու հարցում՝ իմանալով, որ անկախ նեղությունից և խոստացված օրհնությունների ուշացումներից՝ մենք կարող ենք «քաջալերվ[ել], որովհետև [Քրիստոսը] հաղթել [է] աշխարհին»,18 և մենք Նրա հետ ենք: Հոր, Որդու և Սուրբ Հոգու հետ մեկ լինելը, անկասկած, պատկանելության մեջ ամենակարևորն է:19

Այսպիսով, պատկանելության վարդապետությունը հանգում է դրան, մեզանից յուրաքանչյուրը կարող է հաստատել. Հիսուս Քրիստոսը մահացավ ինձ համար, Նա ինձ արժանի էր համարում Իր արյանը: Նա սիրում է ինձ և կարող է փոխել իմ կյանքը, Նրա շնորհը կփոխի իմ կյանքը: Երբ ես ապաշխարեմ, Նրա շնորհը կփոխի ինձ: Ես մեկ եմ Նրա հետ ավետարանի ուխտի մեջ, ես պատկանում եմ Նրա Եկեղեցուն և արքայությանը, և ես պատկանում եմ Նրա գործին, որն է՝ փրկագնում բերել Աստծո բոլոր զավակներին:

Ես վկայում եմ, որ դուք իրոք պատկանում եք, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Հայտնություն 5.9, տես նաև 1 Նեփի 19.17, Մոսիա 15.28, Վարդապետություն և Ուխտեր 10.51, 77.8, 11:

  2. Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 186:

  3. Վարդապետություն և Ուխտեր 38.27:

  4. Ըմբռնող դիտորդներից մեկը նշել է.

    «Այն կրոնը, որը զուտ մասնավոր գործ է, մինչև մեր ժամանակները անհայտ է եղել մարդկության տարեգրության մեջ և լավ պատճառներով: Նման կրոնը արագորեն վերածվում է ներքին հաճույքի՝ մեկ կամ մի քանի անհատների հոբբիի, ինչպես օրինակ՝ գիրք կարդալը կամ հեռուստացույց դիտելը։ Ուստի զարմանալի չէ, որ ոգեղենության որոնումն այսքան մոդայիկ է դարձել։ Դա այն է, ինչ անհատները, ազատագրված կրոնից, հուսահատորեն փնտրում են որպես փոխարինող:

    Հոգևորությունն իսկապես բոլոր կրոնների անբաժանելի մասն է, բայց չնչին մաս, և այն չի կարող փոխարինել ամբողջին: Կրոնը հոգեկան վարժություն չէ, որը երբեմն առաջարկում է իմացությանն անմատչելի փորձառություն: Այն կա՛մ ձևավորում է մարդու կյանքը՝ ամբողջ կյանքը, կա՛մ անհետանում է՝ թողնելով անհանգիստ, դատարկ հոգիներ, որոնց ոչ մի հոգեթերապիա չի կարող հասնել: Եվ որպեսզի կրոնը ձևավորի մարդու կյանքը, այն պետք է լինի հանրային և համայնքային. այն պետք է կապված լինի մահացածների և չծնվածների հետ» (Irving Kristol, “The Welfare State’s Spiritual Crisis,” The Wall Street Journal, Feb. 3, 1997):

  5. Ա Կորնթացիներին 12.12–13, 25–26:

  6. Տես Russell M. Nelson, “Perfection Pending,” Ensign, Nov. 1995, 86–88, և Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Արդ դուք կատարեալ եղիք, ի վերջո», Լիահոնա, նոյեմբեր 2017, 40–42:

  7. Ա Թագավորաց 16.7:

  8. Ինչպես արտահայտել է երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը. «Եկեք այնպիսին, ինչպիսին կաք», - սիրող Հայրն ասում է մեզանից յուրաքանչյուրին, բայց ավելացնում է. «Մի պատրաստվեք մնալ այնպիսին, ինչպիսին կաք»: Մենք ժպտում ենք և հիշում, որ Աստված որոշել է մեզ ստեղծել ավելին, քան մենք կարծում էինք, որ կարող ենք լինել» («Երգված ու չերգված երգեր», Լիահոնա, մայիս 2017, 51):

  9. Jodi King, “Belonging in the Church through the Lens of Infertility,” Liahona, Mar. 2020, 46, 48–49.

  10. Եփեսացիներին 4.12–13:

  11. Ղուկաս 14.21:

  12. Մարկոս 10.43, 45, շեշտադրումն ավելացված է:

  13. Rod Dreher, “A Christian Survival Guide for a Secular Age,” Deseret Magazine, Apr. 2021, 68.

  14. Dreher, “A Christian Survival Guide for a Secular Age,” 68.

  15. Տես Վարդապետություն և Ուխտեր 84․19-22:

  16. Ռասսել Մ. Նելսոն, «Հավիտենական ուխտը», Լիահոնա, հոկտեմբեր 2022, 6, 10:

  17. Եփեսացիս 4․13:

  18. Հովհաննես 16.33:

  19. Տես Հովհաննես 17.20-23։ «Եվ այժմ ես կկամենայի հանձնարարել ձեզ՝ փնտրել այս Հիսուսին, որի մասին գրել են մարգարեներն ու առաքյալները, որպեսզի շնորհը Հայր Աստծո և նաև Տեր Հիսուս Քրիստոսի, և Սուրբ Հոգու, որը վկայում է նրանց մասին, լինի և մնա ձեր մեջ հավիտյան» (Եթեր 12.41):