Գերագույն համաժողով
Անկեղծ սրտով
2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


11:16

Անկեղծ սրտով

Մենք պետք է լինենք Հիսուսի այնպիսի հետևորդներ, որոնք ուրախ և անկեղծ սրտով առաջ են շարժվում աշակերտության իրենց ճամփորդության միջով:

Երբեմն լավ է իմանալ, թե ինչ է սպասվում:

Իր ծառայության մոտալուտ ավարտին Հիսուսն ասաց Իր առաքյալներին, որ դժվար ժամանակներ են գալու: Բայց Նա նաև ասաց․ «Տեսեք, որ չսարսափեք»։1 Այո, Նա հեռացավ, բայց նրանց մենակ չթողեց:2 Նա ուղարկեց Իր Հոգուն, որը օգնեց նրանց հիշել, ամուր կանգնել և խաղաղություն գտնել: Փրկիչը կատարում է Իր աշակերտների հետ լինելու Իր խոստումը, բայց մենք պետք է շարունակաբար նայենք Նրան, որպեսզի կարողանանք ճանաչել և վայելել Նրա ներկայությունը։

Քրիստոսի աշակերտները միշտ հանդիպել են դժվար ժամանակների։

Սիրելի մի ընկեր ինձ ուղարկեց մի հին հոդված Nebraska Advertiser-ից, որը Միացյալ Նահանգների միջին արևմտյան տարածքների համար թողարկվող թերթ է, և այն թվագրված էր 1857 թվականի հուլիսի 9-ով: Այնտեղ գրված էր. «Վաղ առավոտյան մորմոնների մի խումբ անցավ՝ ճամփորդելով Սոլթ Լեյք։ Կանայք (ճիշտն ասած, ոչ շատ նուրբ), գազանների պես քաշում էին ձեռնասայլակները, մի [կին] ընկավ սև ցեխի մեջ, ինչը մի պահ դանդաղեցրեց երթը: Փոքր երեխաներն իրենց [տարօրինակ] արտասահմանյան զգեստներով ոտքերը քարշ էին տալիս իրենց մայրերի պես վճռական տեսքով»։3

Ես շատ եմ մտածել այս ցեխով պատված կնոջ մասին: Ինչու՞ էր նա մենակ քաշում ձեռնասայլակը։ Արդյո՞ք նա միայնակ մայր էր։ Ի՞նչն էր նրան տալիս այդ ներքին ուժը, քաջությունը, համառությունը, որպեսզի ցեխի միջով այդպիսի դժվար ճամփորդություն կատարեր՝ իր ողջ ունեցվածքը ձեռնասայլակով տանելով անհայտ և ամայի մի տուն՝ երբեմն ծաղրի ենթարկվելով դիտորդների կողմից:4

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը այս ռահվիրա կանանց ներքին ուժի մասին հետևյալն է ասել․ «Կարո՞ղ էիք այդ կանանցից որևէ մեկին հեռացնել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում ունեցած իրենց համոզմունքներից»։ Կարո՞ղ էիք մթագնել նրանց մտքերը Մարգարե Ջոզեֆ Սմիթի առաքելության վերաբերյալ: Կարո՞ղ էիք կուրացնել նրանց՝ նկատի ունենալով Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու առաքելությունը: Ո՜չ, երբեք աշխարհում դուք չէիք կարող դա անել: Ինչո՞ւ: Որովհետև նրանք գիտեին դա։ Աստված հայտնել էր դա նրանց, և նրանք հասկացել էին դա և ոչ մի ուժ երկրի վրա չէր կարող շեղել նրանց այն բանից, ինչը նրանք գիտեին, որ ճշմարիտ է»։5

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեր օրերի հրամայականն է՝ լինել այնպիսի տղամարդիկ և կանայք, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի ուժ գտնեն և շարունակեն ճանապարհը, երբ կանչվում են «քայլելու անապատով», լինել այնպիսի աշակերտներ, որոնք իրենց համոզմունքները ստանում են Աստծուց, լինել Հիսուսի այնպիսի հետևորդներ, որոնք ուրախ և անկեղծ սրտով առաջ են շարժվում աշակերտության իրենց անձնական ճամփորդության մեջ: Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ՝ մենք հավատում ենք և կարող ենք աճել երեք կարևոր ճշմարտությունների մեջ:

Առաջին` մենք կարող ենք պահել մեր ուխտերը, նույնիսկ, երբ դա հեշտ չէ

Երբ ձեր հավատքը, ձեր ընտանիքը կամ ձեր ապագան դժվարության է հանդիպում, երբ մտածում եք, թե ինչու է կյանքն այդքան դժվար, երբ ձեր ուժերի ներածին չափով ամեն ինչ անում եք ավետարանով ապրելու համար, ապա հիշեք, որ Տերն ասել է, որ կլինեն խդիրներ: Խնդիրներն այդ ծրագրի մի մասն են և չեն ենթադրում, որ դուք մենակ եք մնացել. դրանք Նրա աշակերտ լինելու մասն են կազմում։6 Նա, ի վերջո, «վշտերի մարդ էր ու ցավերի ծանոթ»։7

Ես հասկացել եմ, որ Երկնային Հայրն ավելի շատ հետաքրքրված է Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելու իմ աճով, քան Նա հետաքրքրված է ինձ մխիթարելով: Միգուցե միշտ չէ, որ ցանկանում եմ այդպես լինի, բայց դա այդպես է։

Հարմարավետության մեջ ապրելով չենք զորանում։ Մեր օրերի դժվարություններին դիմակայելու համար մեզ զորություն է անհրաժեշտ, որը Տիրոջ զորությունն է, և Նրա զորությունը ստանում ենք Նրա հետ կապած մեր ուխտերի միջոցով:8 «Ուժեղ և հակառակ քամիների» բախվելիս, եթե ապավինենք մեր հավատքին, եթե ամեն օր անկեղծորեն ձգտենք անել այն, ինչ ուխտել ենք Փրկչի հետ, որ կանենք, նույնիսկ՝ և հատկապես, երբ հոգնած ենք, անհանգստացած և մտահոգող հարցեր ու խնդիրներ ունենք, ապա մենք աստիճանաբար կստանանք Նրա լույսը, Նրա ուժը, Նրա սերը, Նրա Հոգին և Նրա խաղաղությունը:

Ուխտի արահետով քայլելու նպատակը Փրկչին մոտենալն է: Նպատակը Նա է, այլ ոչ թե մեր կատարյալ առաջընթացը: Սա մրցավազք չէ, և չպետք է մեր ճամփորդությունը համեմատենք ուրիշների հետ: Նույնիսկ երբ սայթաքում ենք, Նա պատրաստ է օգնել։

Երկրորդ՝ մենք կարող ենք հավատքով գործել

Մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, հասկանում ենք, որ Նրա հանդեպ հավատքը պահանջում է գործողություն, հատկապես դժվարին ժամանակներում:9

Շատ տարիներ առաջ ծնողներս որոշեցին փոխել տան գորգը։ Նոր գորգը ստանալու նախորդ գիշերը մայրս խնդրեց եղբայրներիս հեռացնել կահույքը և հեռացնել ննջասենյակի գորգը, որպեսզի նորը տեղադրվի: Այդ ժամանակ իմ յոթ տարեկան քույրը՝ Էմիլին, արդեն քնել էր։ Այսպիսով, մինչ նա քնած էր, եղբայրներս նրա սենյակից անաղմուկ հանեցին ողջ կահույքը, բացի մահճակալից, իսկ հետո հեռացրին գորգը։ Դե, ինչպես երբեմն անում են մեծ եղբայրները, նրանք որոշեցին կատակ անել: Նրանք պահարանից և պատերից հեռացրին քույրիկիս մնացած իրերը՝ սենյակը թողնելով դատարկ։ Հետո նրանք նամակ գրեցին և փակցրին պատին. «Սիրելի Էմիլի, մենք տեղափոխվեցինք։ Մի քանի օրից կգրենք և կասենք, թե որտեղ ենք։ Սիրով՝ քո ընտանիք»։

Առավոտյան, երբ Էմիլին չեկավ նախաճաշելու, եղբայրներս գնացին նրան փնտրելու. նա տխուր և միայնակ նստած էր փակ դռան հետևում։ Ավելի ուշ Էմիլին ասել է այս փորձառության մասին. «Ես կոտրված էի: Բայց ի՞նչ կլիներ, եթե ես բացեի դուռը։ Ի՞նչ կլսեի։ Ի՞նչ հոտ կզգայի: Ես կիմանայի, որ մենակ չեմ: Ես կիմանայի, որ իսկապես սիրված եմ: Մտքովս երբեք չէր անցել, որ ինչ-որ բան անեմ ինձ օգնելու համար։ Ես ուղղակի հանձնվեցի և պահարանում լաց եղա։ Եթե ես միայն բացեի դուռը»։10

Քույրս մի ենթադրություն արեց, որը հիմնված էր իր տեսածի վրա, բայց չէր արտացոլում այն, ինչ իրականում կար: Հետաքրքիր է, որ Էմիլիի նման մենք կարող ենք տխրել, վիրավորվել, հուսալքվել, անհանգստանալ, միայնակ զգալ, զայրանալ կամ հիասթափվել՝ առանց նույնիսկ մտածելու ինչ-որ բան անել, բացել դուռը կամ գործել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով։

Սուրբ գրությունները լի են Քրիստոսի աշակերտների՝ տղամարդկանց և կանանց օրինակներով, որոնք անհնարին իրավիճակների հանդիպելիս պարզապես գործում էին՝ հավատքով կանգնում էին և քայլում:11

Բորոտներին, որոնք ապաքինում էին փնտրում, Քրիստոսն ասաց. «Գնացե՛ք, ձեզ քահանաների՛ն ցույց տվեք։ Եվ նրանք գնալիս մաքրվեցին»։12

Նրանք գնացին քահանաներին ցույց տալու, կարծես թե արդեն ապաքինվել էին, իսկ գործելու ընթացքում նրանք ապաքինվեցին։

Նաև ուզում եմ ասել, որ եթե ձեր ցավի ժամանակ գործելու միտքն անհնարին է թվում, ձեր միակ գործողությունը կարող է լինել այն, որ ընկերոջից, ընտանիքի անդամից, Եկեղեցու ղեկավարից կամ մասնագետից օգնություն խնդրեք: Դրանով առաջին քայլը կկատարեք դեպի հույսը։

Երրորդ՝ մենք կարող ենք անկեղծ և ուրախ լինել մեր նվիրվածության մեջ13

Երբ գալիս են դժվար ժամանակներ, ես փորձում եմ հիշել, որ որոշում եմ կայացրել հետևել Քրիստոսին նախքան երկիր գալը, և որ իմ հավատքի, առողջության և իմ համբերատարության հետ կապված բոլոր մարտահրավերները իմ այստեղ լինելու պատճառի մի մասն են: Եվ երբեք չպետք է մտածեմ, որ այսօրվա փորձությունը կասկածի տակ է դնում Աստծո սերն իմ հանդեպ, և չպետք է թույլ տամ, որ այն կասկածի տակ դնի իմ հավատքը Նրա հանդեպ: Փորձությունները չեն ենթադրում, որ ծրագիրը ձախողվում է. դրանք ծրագրի մի մասն են, որը նախատեսված է օգնելու ինձ փնտրել Աստծուն: Ես ավելի եմ նմանվում Նրան, երբ համբերատար դիմանում եմ և հուսով եմ, որ մեծ տառապանքի ժամանակ Նրա նման ավելի եռանդուն եմ աղոթում։14

Հիսուս Քրիստոսը մեր Հորն Իր ողջ սրտով սիրելու կատարյալ օրինակ էր և կատարում էր Նրա կամքը՝ անկախ վճարած գնից:15 Ես ուզում եմ հետևել Նրա օրինակին` անելով նույնը:

Ես ոգեշնչվում եմ այրի կնոջ անկեղծ և սրտագին աշակերտությամբ, որն իր երկու լուման գցեց տաճարի գանձանակը: Նա տվեց իր ողջ ունեցածը։16

Հիսուս Քրիստոսը տեսավ նրա ամբողջ ապրուստի առատությունը, մինչդեռ մյուսները տեսան միայն նրա պակասը: Նույնը ճիշտ է մեզանից յուրաքանչյուրի դեպքում: Նա մեր պակասը չի համարում ձախողում, այլ համարում է հավատք գործադրելու և աճելու հնարավորություն:

Եզրափակում

Հիսուս Քրիստոսի իմ ընկերակից աշակերտներ, իմ ամբողջ սրտով, ես ցանկանում եմ կանգնել Տիրոջ կողքին: Ես ցանկանում եմ կանգնել Նրա ընտրյալ ծառաների՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի և նրա ընկերակից առաքյալների կողքին, քանի որ նրանք խոսում են Նրա անունից և արարողությունների և ուխտերի տնտեսներն են, որոնք կապում են ինձ Փրկչի հետ:

Երբ ես սխալվեմ, ես նորից ոտքի կկանգնեմ՝ ապավինելով Հիսուս Քրիստոսի շնորհին և ուժ տվող զորությանը: Ես կպահեմ Նրա հետ կապած իմ ուխտերը և կաշխատեմ իմ հարցերի շուրջ՝ ուսումնասիրելով Աստծո խոսքը հավատքով և Սուրբ Հոգու օգնությամբ, որի առաջնորդությանը ես վստահում եմ: Ես ամեն օր կփնտրեմ Նրա Հոգին՝ անելով փոքր ու հասարակ բաներ:

Սա է աշակերտության իմ ուղին։

Եվ մինչև այն օրը, երբ կբժշկվեն մահկանացու կյանքի ամենօրյա վերքերը, ես կսպասեմ Տիրոջը և կվստահեմ Նրան՝ Նրա ժամանակին, Նրա իմաստությանը և Նրա ծրագրին:17

Ուս ուսի տված ձեզ հետ, ես ցանկանում եմ հավիտյան կանգնել Նրա կողքին՝ անկեղծ սրտով։ Իսկ երբ մենք Հիսուս Քրիստոսին սիրում ենք մեր ամբողջ սրտով, Նա, ի պատասխան, տալիս է մեզ իր ամբողջ ունեցածը:18 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։