Գերագույն համաժողով
Ճշմարտությունը հռչակելու քաջություն
2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


11:26

Ճշմարտությունը հռչակելու քաջություն

Երբ մենք սովորում ենք ճշմարտությունը, Տերը մեզ հնարավորություն է տալիս անելու այն, ինչ Նա կաներ, եթե այսօր երկրի վրա լիներ:

1982 թվականին ես ավարտում էի միջին մասնագիտական կրթության տեղագրության բաժինը։

Տարեվերջին մի դասընկեր ինձ հրավիրեց զրույցի։ Հիշում եմ, որ մենք հեռացանք դասարանի մյուս անդամներից և գնացինք մարզադաշտի մոտ գտնվող մի տարածք: Երբ հասանք այնտեղ, նա ինձ հետ խոսեց իր կրոնական համոզմունքների մասին և ոչ միայն գիրք ցույց տվեց, այլև նվիրեց ինձ գիրքը։ Անկեղծ ասած, ես չեմ հիշում նրա ասած բոլոր բառերը, բայց շատ լավ հիշում եմ այդ պահը և այն, ինչ զգացի, երբ նա ասաց. «Ես ուզում եմ իմ վկայությունը բերել քեզ, որ այս գիրքը ճշմարիտ է, և որ Հիսուսի Քրիստոսի ավետարանը վերականգնվել է»։

Մեր զրույցից հետո ես գնացի տուն, մի քանի էջ թերթեցի գիրքը և դրեցի գրադարակի վրա։ Քանի որ տարեվերջ էր, և դա իմ տեղագրության բաժնի վերջին տարին էր, ես մեծ ուշադրություն չդարձրի գրքին, ոչ էլ դասընկերոջս, որը դրանով կիսվեց ինձ հետ։ Գրքի անունը կարող եք արդեն գուշակել։ Այո, դա Մորմոնի Գիրքն էր։

Հինգ ամիս անց միսիոներներն այցելեցին իմ տուն. նրանք պատրաստվում էին հեռանալ հենց այն ժամանակ, երբ ես աշխատանքից տուն էի վերադառնում: Ես նրանց ներս հրավիրեցի։ Մենք նստեցինք իմ տան դիմացի փոքրիկ բակում, և նրանք ինձ ուսուցանեցին։

Ցանկանալով իմանալ ճշմարտությունը՝ ես նրանց հարցրի, թե որ եկեղեցին է ճշմարիտ և ինչպես կարող էի գտնել այն: Միսիոներներն ինձ ուսուցանեցին, որ ես կարող եմ ինքնուրույն ստանալ այդ հարցի պատասխանը: Մեծ ակնկալիքով և ցանկությամբ լի՝ ես ընդունեցի նրանց մարտահրավերը՝ Մորմոնի Գրքից կարդալ մի քանի գլուխ: Ես աղոթեցի մաքուր սրտով և անկեղծ միտումով (տես Մորոնի 10.4–5): Հարցիս պատասխանը հստակ էր, և մի քանի օր անց, ավելի ճիշտ՝ 1983 թ. մայիսի 1-ին, ես մկրտվեցի և հաստատվեցի որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ:

Այսօր, երբ մտածում եմ տեղի ունեցած իրադարձությունների հաջորդականության մասին, ես հստակ տեսնում եմ, թե որքան կարևոր էր դասընկերոջս քաջությունը, երբ նա բերեց վերականգնված ճշմարտության մասին իր վկայությունը, և ինձ ներկայացրեց Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման շոշափելի ապացույցը՝ Մորմոնի Գիրքը: Այդ պարզ, բայց ինձ համար շատ կարևոր արարքը կապ ստեղծեց իմ և միսիոներների միջև, երբ ես հանդիպեցի նրանց:

Ճշմարտությունը ներկայացվել էր ինձ, և իմ մկրտությունից հետո ես դարձա Հիսուս Քրիստոսի աշակերտը: Հետագա տարիների ընթացքում և յուրահատուկ մարդկանց օգնությամբ, ինչպիսիք են՝ ղեկավարները, ուսուցիչները, ընկերները, ինչպես նաև իմ անձնական ուսումնասիրության միջոցով ես սովորեցի, որ Հիսուս Քրիստոսի աշակերտ դառնալու իմ ընտրությամբ ես ընդունել էի ոչ միայն ճշմարտությունը պաշտպանելու, այլ նաև այն հռչակելու առաջադրանքը։

Երբ մենք համաձայնում ենք հավատալ ճշմարտությանը և հետևել դրան, և երբ մենք ջանքեր ենք գործադրում դառնալու Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտը, մենք չենք ստանում մի վկայական, որը երաշխավորում է, որ չենք ցանկանա հեռանալ ճշմարտությունից, որ մեզ չեն քննադատի, կամ նույնիսկ այն, որ մենք չենք տառապի: Բայց ճշմարտության մասին գիտելիքը մեզ ուսուցանում է, որ երբ մենք մտնենք Երկնային Հոր մոտ տանող նեղ և անձուկ արահետը, միշտ կգտնվի այդ խնդիրներից խուսափելու որևէ ելք (տես Ա Կորնթացիս 10.13)։ Միշտ հնարավորություն կգտնվի առաջին հերթին ձեր կասկածները կասկածի տակ դնել, հետո նոր՝ ձեր հավատքը (տես Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Եկե՛ք, միացեք մեզ», Լիահոնա, նոյ. 2013, 21)։ Եվ վերջում, մենք ունենք երաշխիք, որ երբեք մենակ չենք լինի մեր չարչարանքների ժամանակ, քանի որ Աստված այցելում է Իր ժողովրդին իրենց չարչարանքների մեջ (տես Մոսիա 24.14):

Երբ մենք սովորում ենք ճշմարտությունը, Տերը մեզ հնարավորություն է տալիս անելու այն, ինչ Նա կաներ, եթե այսօր երկրի վրա լիներ: Իսկապես, Նա Իր ուսմունքներով ցույց տվեց մեզ, թե ինչ պետք է անենք. «Եվ դուք առաջ պիտի գնաք իմ Հոգու զորությամբ, քարոզելով իմ ավետարանը, երկու-երկու, իմ անունով, բարձրացնելով ձեր ձայները, ինչպես փողի ձայնով, հայտարարելով իմ խոսքը, ինչպես Աստծո հրեշտակներ» (Վարդապետություն և Ուխտեր 42․6)։ Մեր երիտասարդների համար միսիոներական ծառայության հնարավորությունը եզակի է:

Խնդրո՛ւմ եմ, երիտասարդ տղամարդի՛կ, մի հետաձգեք Տիրոջը որպես միսիոներներ ծառայելու ձեր նախապատրաստությունը: Երբ ձեր հանգամանքները դժվարացնեն միսիայում ծառայելու որոշումը, օրինակ՝ որոշ ժամանակով ընդհատեք ձեր ուսումը, հրաժեշտ տաք ձեր ընկերուհուն՝ առանց որևէ երաշխիքի, որ երբևէ նորից կհանդիպեք իրար, կամ նույնիսկ թողնեք աշխատանքը, ապա հիշեք Փրկչի օրինակը։ Իր ծառայության ժամանակ Նա նույնպես հանդիպեց դժվարությունների, ներառյալ՝ քննադատության, հալածանքի և, ի վերջո, խմեց Իր քավող զոհաբերության դառը բաժակից: Այնուամենայնիվ, բոլոր հանգամանքներում Նա ձգտում էր կատարել Իր Հոր կամքը և փառք տալ Նրան։ (Տես Հովհաննես 5․30, 6․38–39, 3 Նեփի 11․11, Վարդապետություն և Ուխտեր 19․18–19

Երիտասարդ կանա՛յք, ողջունելի է, եթե ցանկանում եք աշխատել Տիրոջ այգում, և երբ որոշեք ծառայել որպես լիաժամկետ միսիոներներ, դուք ազատված չեք լինի նման մարտահրավերներից:

Ես խոստանում եմ բոլոր նրանց, ովքեր որոշում են կայացրել ծառայել Նրան, որ միսոիներական ծառայության 24 կամ 18 ամիսները կանցնեն ճիշտ այնպես, ինչպես կանցնեին, եթե դուք մնայիք տանը, բայց հնարավորությունները, որոնք միսիայում սպասում են այս Եկեղեցու արժանավոր երիտասարդ տղամարդկանց և երիտասարդ կանանց, եզակի են: Փրկիչ Հիսուս Քրիստոսին և Նրա Եկեղեցին ներկայացնելու արտոնությունը չի կարելի անտեսել: Անթիվ աղոթքները, օրվա ընթացքում ձեր վկայությունով կիսվելը, սուրբ գրությունների ուսումնասիրության բազմաթիվ ժամերը, մարդկանց հետ ծանոթությունները, որոնց հետ երբեք չէիք ծանոթանա, եթե տանը մնայինք․ այդ բոլորը աննկարագրելի փորձառություններ են: Նմանատիպ փորձառություն վերապահված է այն երիտասարդներին, որոնց Տերը կանչում է ծառայելու ծառայողական միսիաներում: Դուք շատ ընդունված և պահանջված եք: Խնդրում եմ, չթերագնահատեք ծառայողական միսիայի կարևորությունը, քանի որ ծառայողական միսիաները նույնպես աննկարագրելի փորձառություններ են տալիս: Հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում, (Վարդապետություն եվ Ուխտեր 18․10) այդ թվում՝ ձեր հոգու արժեքը։

Ծառայությունից վերադառնալուց հետո ձեր ընկերը կամ ընկերուհին գուցե ձեզ արդեն սպասելիս չլինեն, բայց դուք շատ լավ սովորած կլինեք, թե ինչպես արդյունավետ շփումներ հաստատեք։ Համալսարանում ձեր հետագա ուսումն ավելի իմաստալից կլինի, իսկ միսիայում ձեր փորձառություններն ավելի համարժեք կպատրաստեն ձեր մասնագիտական աշխատանքին, և, վերջապես, դուք կունենաք խաղաղության ավետարանը քաջությամբ հռչակելու լիարժեք վստահություն՝ վկայելով վերականգնված ճշմարտության մասին:

Ձեզանից նրանք, ովքեր ամուսնացած են և գտնվում են կյանքի տարբեր փուլերում, դուք նույնպես շատ կարևոր եք Տիրոջ աշխատանքում: Պատրաստվե՛ք։ Ապրեք առողջ կյանքով՝ ձգտելով նյութական և հոգևոր ինքնապահովման, քանի որ հնարավորությունները՝ անելու այն, ինչ Տերը կաներ Իր զավակների համար, չեն սահմանափակվում միայն մեկ տարիքային խմբով: Ամենահիասքանչ փորձառությունները, որոնք ես և կինս ունեցել ենք վերջին տարիներին՝ հատուկ վայրերում, հատուկ զույգերի և հատուկ մարդկանց կողքին ծառայելիս ենք ստացել:

Այն փորձառությունը, որը ես ունեցա տեղագրության բաժինն ավարտելիս, ինձ սովորեցրեց, որ ճշմարտությունը հռչակելիս մենք միշտ պաշտպանում ենք այն, և որ ճշմարտությունը պաշտպանելիս մենք պետք է գործենք։ Ճշմարտությունը պաշտպանելիս երբեք չպետք է ագրեսիվ լինենք, այլ ավելի շուտ պետք է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերենք՝ սիրելով, կիսվելով և հրավիրելով այն մարդկանց, որոնց մենք վկայում ենք ճշմարտության մասին․ պետք է միայն մտածենք սիրող Երկնային Հոր զավակների նյութական և հոգևոր բարօրության մասին (տես Մոսիա 2.41):

2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովում նախագահ Ռասսել Մ. Նելսոնը՝ մեր սիրելի մարգարեն, ուսուցանեց, որ հակառակ մարդկանց կարծիքների, իրականում կա այն, ինչ մենք անվանում ենք ճիշտ և սխալ: Իսկապես գոյություն ունի բացարձակ ճշմարտություն՝ հավերժական ճշմարտություն: (Տես «Մաքուր ճշմարտություն, մաքուր վարդապետություն և մաքուր հայտնություն», Լիահոնա, նոյեմբեր 2021, 6):

Սուրբ գրություններն ուսուցանում են մեզ, որ «ճշմարտությունը գիտություն է բաների մասին, ինչպես որ կան, և ինչպես որ կային, և ինչպես որ կլինեն» (Վարդապետություն եվ Ուխտեր 93․24

Ճշմարտության իմացությունը մեզ ուրիշներից լավը չի դարձնում, բայց այն սովորեցնում է, թե ինչ պետք է անենք՝ Աստծո մոտ վերադառնալու համար:

Երբ դուք հավատարմորեն հետևեք Քրիստոսին և ոչ միայն քաջությամբ հռչակեք ճշմարտությունը, այլև ապրեք դրանով, դուք մխիթարություն և խաղաղություն կգտնեք այն խառնաշփոթի ժամանակ, որին կհանդիպեք այս օրերին:

Կյանքի դժվարությունները կարող են մեզ կոտրել, բայց իմացեք, որ երբ մենք հավատք գործադրենք Հիսուս Քրիստոսի հանդեպ, «[մեր] չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ»՝ հավերժության լայն հորիզոնի համեմատ (տես Վարդապետություն և Ուխտեր 121.7): Խնդրում եմ, վերջնաժամկետ մի ստեղծեք ձեր դժվարությունների և մարտահրավերների համար։ Վստահեք Երկնային Հորը և մի՛ հանձնվեք, որովհետև եթե մենք հանձնվենք, մենք երբեք չենք իմանա, թե ինչպես կավարտվի մեր ճամփորդությունը Աստծո արքայությունում:

Կառչեք ճշմարտությունից՝ սովորելով ճշմարտության աղբյուրներից:

Ես բերում եմ իմ վկայությունը Հիսուս Քրիստոսի և այն մասին, որ սա Նրա Եկեղեցին է: Մենք ունենք ապրող մարգարե, և մեզ միշտ ազատ կզգանք, երբ քաջությամբ հռչակենք ճշմարտությունը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։