Հագիր զորությունդ, ով Սիոն
Մեզանից յուրաքանչյուրը պետք է անկեղծորեն և աղոթքով գնահատի մեր աշխարհիկ և հոգևոր առաջնահերթությունները:
Առակները հանդիսանում են Տեր Հիսուս Քրիստոսի բնորոշ հատկանիշը՝ ուսուցմանը հմուտ մոտեցում ցուցաբերելու գործում: Պարզ ասած, Փրկչի առակները պատմություններ են, որոնք օգտագործվում են հոգևոր ճշմարտությունները նյութական իրերի և մահկանացու փորձառությունների հետ համեմատելու համար: Օրինակ՝ Նոր Կտակարանի ավետարանները լի են ուսմունքներով, որոնք երկնքի արքայությունը համեմատում են մանանեխի սերմնահատիկի,1 թանկագին մարգարիտի,2 տանուտերի և իր այգու մշակների,3 տասը կույսերի,4 և շատ ուրիշ բաների հետ: Գալիլեայում Տիրոջ ծառայության ընթացքում սուրբ գրությունները ցույց են տալիս, որ «առանց առակի չէր խոսում նրանց հետ»:5
Առակի ենթադրյալ իմաստը կամ ուղերձը սովորաբար հստակորեն չի արտահայտվում: Ավելի շուտ, պատմությունը միայն աստվածային ճշմարտությունն է փոխանցում ստացողին՝ համաձայն Աստծո հանդեպ նրա հավատքի, անձնական հոգևոր պատրաստվածությանը և սովորելու պատրաստակամությանը համաչափ: Այսպիսով, անհատը պետք է գործադրի բարոյական ազատ կամք և ակտիվորեն «խնդրի, փնտրի և թակի»՝6 առակի մեջ պարունակվող ճշմարտությունները բացահայտելու համար:
Ես ջերմեռանդորեն աղոթում եմ, որ Սուրբ Հոգին ուսուցանի յուրաքանչյուրիս, երբ մենք միասին այժմ քննարկենք թագավորական ամուսնության խնջույքի մասին առակի կարևորությունը:
Թագավորական ամուսնության խնջույքը
«Եվ Յիսուսը … դարձեալ խօսեց նրանց հետ առակներով, ասելով.
«Երկնքի արքայությունը նմանեցաւ մի թագաւոր մարդի, որ իր որդուն հարսանիք արաւ,
Եվ իր ծառաներն ուղարկեց, որ հարսանիքի կանչեն հրաւիրուածներին. և նորանք չկամեցան գալ:
Դարձեալ ուրիշ ծառաների ուղարկեց եւ ասեց, Ասեցեք հրավիրվածներին. Ահա իմ ճաշը պատրաստեցի, իմ արջառները եւ մսացուները մորթված են, եւ բոլորը պատրաստ է, եկեք հարսանիքը:
Իսկ նրանք անհոգ լինելով գնացին մեկն իր արտը, մյուսն իր առուտուրին»:7
Հին ժամանակներում հրեական կյանքի ամենաուրախալի առիթներից մեկը հարսանիքի տոնակատարությունն էր. մի իրադարձություն, որը տևում էր մեկ կամ երկու շաբաթ: Այդպիսի իրադարձությունը պահանջում էր լայնածավալ կազմակերպում, և հյուրերը տեղեկացվում էին շատ վաղուց, իսկ հիշեցումն ուղարկվում էր տոնակատարությունների բացման օրը: Թագավորի կողմից իր հպատակներին նման հարսանիքի հրավերը, ըստ էության, համարվում էր հրաման: Սակայն, այդ առակի հրավիրված հյուրերից շատերը չեկան:8
«Թագավորի խնջույքին մասնակցելուց հրաժարվելը ըմբոստության միտումնավոր [գործողություն] … էր թագավորական իշխանության դեմ և անձնական անարգանք՝ ինչպես միապետի, այնպես էլ նրա որդու հանդեպ: … Մի մարդ գնաց իր արտը, իսկ մյուսը՝ գերադասեց իր [գործարարական շահերը]».9 սա արտացոլում է նրանց սխալ առաջնահերթությունները և թագավորի կամքի լիակատար անտեսումը:10
Առակը շարունակվում է այսպես.
«Այն ժամանակ իր ծառաներին ասեց. Հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածներն արժանի չէին:
Արդ գնացեք դեպի ճանապարհների անցքերը, եւ ում որ էլ գտնեք, կանչեցեք հարսանիք:
Եվ այն ծառաները դուրս գնացին ճանապարհները, և ժողովեցին ամենին, ում որ գտան` չարը և բարին, և հարսանիքը բազմականներով լցվեցաւ»:11
Այդ օրերին սովորություն էր, որ հարսանեկան խնջույքի կազմակերպիչը (այս առակում՝ թագավորը) հարսանիքի հյուրերին հագուստներ էր տալիս։ Հարսանիքի այդ հագուստները պարզ, սովորական թիկնոցներ էին, որոնք բոլոր մասնակիցները կրում էին: Այդ կերպ կոչումն ու դիրքը վերանում էր, և ամենքը խնջույքի ժամանակ կարող էին շփվել որպես հավասարներ:12
Մարդիկ, որոնց հրավիրել էին ճանապարհներից` մասնակցելու հարսանիքին, չէին ունենա ժամանակ կամ միջոցներ ձեռք բերելու պատշաճ հագուստ`այդ իրադարձությանը պատրաստվելու համար: Հետևաբար, թագավորը հավանաբար տվել էր հյուրերին իր սեփական զգեստապահարանի հագուստները: Բոլորին հնարավորություն էր տրվել հագնել թագավորական հագուստներ:13
Երբ թագավորը մտավ հարսանյաց սրահը, նա զննեց հավաքվածներին և անմիջապես նկատեց, որ մի աչքի ընկնող հյուր չէր կրում հարսանեկան հագուստ: Այդ մարդուն առաջ բերեցին և թագավորը հարցրեց. «Ընկեր. ի՞նչպէս մտար այստեղ, որ հարսանիքի հանդերձ չունիս: Եվ նա պապանձուեցաւ»:14 Իրականում թագավորը հարցրեց. «Ինչո՞ւ չես կրում հարսանեկան հագուստ, չնայած դա տրվել էր քեզ»:15
Մարդն ակնհայտորեն պատշաճ հագնված չէր այդ հատուկ առիթով և «Նա պապանձվեցավ» արտահայտությունը նշանակում է, որ մարդն առանց արդարացման էր:16
Երեց Ջեյմս Ի. Թալմիջը տալիս է այս խրատական մեկնաբանությունը այդ մարդու գործողությունների կարևորության մասին. «Այն որ անթիկնոց հյուրը մեղավոր էր անփութության, միտումնավոր անհարգալից վերաբերմունքի կամ ինչ-որ ավելի ծանր վիրավորանքի համար, պարզ է ենթատեքստից: Թագավորը սկզբում ողորմածաբար ուշադիր էր, հարցնելով միայն, թե ինչպես էր մարդը մտել առանց հարսանեկան հագուստի: Եթե մարդը կարողանար բացատրել իր բացառիկ տեսքը կամ եթե ունենար որևէ խելամիտ արդարացում ներկայացնելու, նա իհարկե կխոսեր, բայց մեզ ասվում է, որ նա անխոս մնաց: Թագավորի կոչերը ազատ տարածվել էին բոլոր նրանց, ում նրա ծառաները գտել էին, նրանցից յուրաքանչյուրը պետք է թագավորի պալատ մտներ դռնով, և նախքան խնջույքի սենյակ հասնելը, որտեղ թագավորն անձամբ էր հայտնվելու, յուրաքանչյուրը պատշաճ հագնված կլիներ, բայց այդ տկարամիտը, ինչ-որ կերպ մտել էր այլ ճանապարհով, և քանի որ չէր անցել շքամուտքի սպասավոր պահապանների կողքով, նա անկոչ հյուր էր»:17
Քրիստոնյա հեղինակ Ջոն Օ. Ռիդը, նշել է, որ մարդու կողմից՝ հարսանյաց հանդերձ կրելուց հրաժարվելը ցույց է տալիս բացարձակ անհարգալից վերաբերմունք՝ ինչպես թագավորի, այնպես էլ նրա որդու նկատմամբ: Նա ոչ թե պարզապես չուներ հարսանյաց հանդերձ, այլ ավելի շուտ, ընտրել էր չկրել այն: Նա ըմբոստությամբ հրաժարվել էր պատշաճ հագնվել այդ առիթով: Թագաւորի արձագանքն արագ էր և վճռական. «Դորա ոտները եւ ձեռքերը կապեցէք. Վեր առէք դորան դրսի խաւարը գցեցէք. Այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտելը:18
Այդ մարդու համար թագավորի դատաստանը հիմնված չէր հարսանյաց հանդերձի բացակայության վրա, այլ որ նա փաստորեն վճռել էր չհագնել այն: Մարդը … ցանկացել էր հարսանյաց խնջույքին մասնակցելու պատիվը, բայց … չէր կամեցել հետևել թագավորի ավանդույթին: Նա ուզում էր անել դա իր ուրույն ձևով: Պատշաճ հագուստի բացակայությունը բացահայտում էր նրա ներքին ըմբոստությունը թագավորի և նրա հրահանգների դեմ»:19
«Շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված»
Այնուհետև առակն ավարտվում է այս խորաթափանց սուրբգրային հատվածով «Քանզի շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված։20
Հետաքրքիր է, որ Աստվածաշնչի ոգեշնչված թարգմանության մեջ Ջոզեֆ Սմիթը կատարել է հետևյալ ուղղումը Մատթեոսի այդ հատվածում. «Քանզի շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված, ուստի ոչ բոլորն են կրում հարսանյաց հագուստ»:21
Հարսանեկան խնջույքի հրավերը և խնջույքին մասնակցելու ընտրությունը կապված են, բայց տարբեր բաներ են: Հրավերն ուղղված է բոլոր տղամարդկանց և կանանց: Անձնավորությունը կարող է նույնիսկ ընդունել հրավերը և նստել խնջույքին, սակայն ընտրված չլինել մասնակցելու, որովետև նա չունի համապատասխան հարսանյաց հագուստը` առ Տեր Հիսուսը դարձի գալու հավատը և Նրա աստվածային շնորհը: Այսպիսով, մենք ունենք երկուսն էլ` Աստծո կանչը և մեր անձնական պատասխանը այդ կանչին, և շատերը կարող են կանչվել, բայց քչերն ընտրվել:22
Ընտրված լինելը կամ ընտրյալ դառնալը մեզ շնորհված մի բացառիկ կարգավիճակ չէ։ Կարճ ասած՝ ես և դուք, ի վերջո, կարող ենք ընտրել ընտրված լինելը՝ մեր ազատ կամքի արդար գործադրման միջոցով։
Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք ընտրված բառի օգտագործման վրա Վարդապետություն և Ուխտերից հետևյալ ծանոթ հատվածներում.
«Ահա, շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված: Իսկ ինչո՞ւ նրանք ընտրվածչեն:
«Որովհետև նրանց սրտերն այնքան շատ են դրված այս աշխարհի բաների վրա և տենչում են մարդկանց գովասանքները»:23:
Ես հավատում եմ, որ այս հատվածները պետք է հասկանալ բառացիորեն։ Աստծո մոտ չկա սիրելիների ցուցակ, որի մեջ, պիտի հույս ունենանք, որ մի օր մեր անունները կավելացվեն։ Նա «ընտրվածների» քանակը չի սահմանափակում մի քանիսով։ Այլ, մեր սրտերը, մեր ցանկությունները, մեր կողմից ավետարանի սրբազան ուխտերն ու արարողությունները պատվելը, մեր հնազանդությունը պատվիրաններին և ամենակարևորը, Փրկչի քավիչ շնորհն է որոշում, թե արդյոք մենք համարվում ենք որպես Աստծո ընտրյալներից մեկը:24
«Քանզի, մենք աշխատում ենք ջանասիրաբար՝ գրելու և համոզելու մեր զավակներին, և նաև մեր եղբայրներին, հավատալու Քրիստոսին և հաշտվելու Աստծո հետ. քանզի մենք գիտենք, որ շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք՝ այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել»:25
Մեր ամենօրյա կյանքի զբաղվածության մեջ և ժամանակակից աշխարհի ժխորի մեջ մենք, գուցե, շեղվենք հավերժական բաներից, որոնք ամենակարևորն են` դարձնելով հաճույքը, բարգավաճումը, հանրաճանչությունը և համբավը մեր գլխավոր առաջնահերթությունները: Մեր կարճաժամկետ գերզբաղվածությունը «աշխարհի բաներով» և «մարդկանց գովասանքներով» ոչ պակաս կարող են մեզ տանել մեր հոգևոր անդրանիկության կորստին, քան մի աման ոսպով թանապուրը:26
Խոստում և վկայություն
Ես կրկնում եմ Տիրոջ հորդորը Իր ժողովրդին, որը տրվել է Հին Կտակարանի մարգարե Անգեի կողմից. «Եվ հիմա այսպէս է ասում Զորաց Տերը. Ձեր ուշքը դարձրեք ձեր ճանապարհներին»:27
Մեզանից յուրաքանչյուրը պետք է անկեղծորեն և աղոթքով գնահատի մեր նյութական և հոգևոր առաջնահերթությունները՝ բացահայտելու այն բաները մեր կյանքում, որոնք կարող են խոչընդոտել առատ օրհնություններին, որոնք Երկնային Հայրը և Փրկիչը պատրաստ են մեզ շնորհել: Եվ, անկասկած, Սուրբ Հոգին կօգնի ինքներս մեզ տեսնել այնպիսին, ինչպիսին կանք իրականում:28
Երբ մենք պատշաճ կերպով ձգտում ենք տեսնող աչքերի և լսող ականջների հոգևոր պարգևին,29 ես խոստանում եմ, որ մենք կօրհնվենք մեր ուխտի կապը կենդանի Տիրոջ հետ ամրացնելու կարողությամբ և դատողությամբ։ Մենք նաև կստանանք աստվածայնության զորությունը մեր կյանքում30 և վերջապես կլինենք ինչպես կանչված, այնպես էլ ընտրված` Տիրոջ խնջույքի համար:
«Զարթնիր, զարթնիր, հագիր զօրութիւնդ, ով Սիօն»:31
«Քանզի Սիոնը պիտի աճի գեղեցկությամբ և սրբությամբ. նրա սահմանները պիտի ընդլայնվեն. նրա ցցերը պիտի ամրացվեն. այո՛, ճշմարիտ ասում եմ ձեզ. Սիոնը պիտի բարձրանա և հագնի իր գեղեցիկ հանդերձները»:32
Ես ուրախությամբ եմ հռչակում իմ վկայությունը Աստծո` մեր Հավերժական Հոր և Նրա Սիրելի Որդու՝ Հիսուս Քրիստոսի աստվածային և կենդանի իրողության մասին: Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն ու Քավիչն է, և Նա ապրում է։ Ես նաև վկայում եմ, որ Հայրն ու Որդին հայտնվեցին Ջոզեֆ Սմիթ տղային, այդպիսով սկսելով Փրկչի ավետարանի վերականգնումը Վերջին օրերում: Թող որ մեզանից յուրաքանչյուրը ձգտի և օրհնվի տեսնող աչքերով և լսող ականջներով, ես աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի սրբազան անունով՝ ամեն: