Որ նրանք ճանաչեն Քեզ
Իմ անկեղծ ցանկությունն է, որ դուք ճանաչեք Հիսուսին Նրա բազմաթիվ անուններով և դառնաք Նրա նման։
Մի քանի տարի առաջ իմ կյանքում շրջադարձային մի փորձառություն տեղի ունեցավ Արիզոնայի մեր տեղական ծխում՝ հաղորդության ժողովի ժամանակ: Քանի որ հաղորդության աղոթքում նշվում է մեր հոժարակամությունը՝ «[մեզ] վրա վերցնել անունը [Հիսուս Քրիստոսի]»,1 Սուրբ Հոգին հիշեցրեց ինձ, որ Հիսուսը շատ անուններ ունի: Այնուհետև այս հարցը ծագեց իմ սրտում. «Հիսուսի ո՞ր անունները պետք է վերցնեմ ինձ վրա այս շաբաթ»:
Մտքովս անցան երեք անուններ և ես դրանք գրի առա։ Այդ երեք անուններից յուրաքանչյուրը պարունակում էր Քրիստոսանման հատկանիշներ, որոնք ես ցանկանում էի լիարժեք զարգացնել: Հաջորդ շաբաթվա ընթացքում ես կենտրոնացա այդ երեք անունների վրա և փորձեցի հասկանալ դրանց համապատասխան հատկանիշներն ու բնութագրերը: Այդ ժամանակից ի վեր ես շարունակել եմ ուղղել ինձ այդ հարցը՝ որպես իմ անձնական երկրպագության մաս. «Հիսուսի ո՞ր անունները պետք է վերցնեմ ինձ վրա այս շաբաթ»։ Այդ հարցին պատասխանելու և Քրիստոսանման հատկանիշները զարգացնելու ձգտումը օրհնել է իմ կյանքը:
Իր բարեխոսական հայտնի աղոթքում Հիսուսն արտահայտեց այս կարևոր ճշմարտությունը. «Այս է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծու և նրան, որին ուղարկել ես՝ Հիսուս Քրիստոսին»:2 Այսօր ես կցանկանայի ձեզ հետ կիսվել այն օրհնություններով և զորությամբ, որոնք գալիս են Հիսուս Քրիստոսին Նրա բազմաթիվ անուններով ճանաչելուց:
Մարդուն ճանաչելու պարզ եղանակներից մեկը՝ նրա անունն իմանալն է: Ասում են՝ «մարդու համար սեփական անունն ամենաքաղցր և ամենակարևոր հնչյունն է ցանկացած լեզվով»։3 Երբևէ ունեցե՞լ եք նման փորձառություն, որ ինչ-որ մեկին սխալ անունով դիմեք կամ անունը մոռանաք։ Ես և կինս՝ Ալեքսիսը, մի անգամ մեր երեխաներից մեկին «Լոլա» կոչեցինք։ Ցավոք, ինչպես գուցե կռահեցիք, Լոլան մեր շունն է: Լավ, թե՝ վատ, երբ մոռանում ես ինչ-որ մեկի անունը, նշանակում է, որ գուցե լավ չես ճանաչում նրան:
Հիսուսը ճանաչում և դիմում էր մարդկանց անուններով: Հին Իսրայելին Տերն ասել է. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով. դու իմն ես»։4 Զատկի առավոտյան հարություն առած Քրիստոսի մասին Մարիամի վկայությունն ամրապնդվեց, երբ Հիսուսը տվեց նրա անունը:5 Նմանապես, Աստված դիմեց Ջոզեֆ Սմիթին անունով՝ ի պատասխան նրա հավատքի աղոթքի։6
Որոշ դեպքերում Հիսուսն Իր աշակերտներին տվել է նոր անուններ, որոնք բացահայտում էին նրանց էությունը, ունակությունը և ներուժը: Եհովան Հակոբին տվեց Իսրայել նոր անունը, որը նշանակում է «Աստծո հետ հաղթող» կամ «Թող Աստված գերակայի»։7 Հիսուսը Հակոբոսին և Հովհաննեսին տվեց Բաներեգես անունը, որը նշանակում էր «Որոտման որդիներ»։8 Սիմոնի մեջ տեսնելով ապագա առաջնորդին՝ Հիսուսը նրան տվեց Կեփաս կամ Պետրոս անունը, որը նշանակում է «վեմ»։9
Ինչպես Հիսուսը յուրաքանչյուրիս մեր անունով է ճանաչում, այնպես էլ Հիսուսին ավելի լավ ճանաչելու եղանակներից մեկը Նրա բազմաթիվ անունները սովորելն է: Ինչպես Իսրայելի և Պետրոսի անունները, Հիսուսի անուններից շատերը տիտղոսներ են, որոնք օգնում են մեզ հասկանալ Նրա առաքելությունը, նպատակը, բնավորությունը և հատկանիշները: Իմանալով Հիսուսի բազմաթիվ անունները, մենք ավելի լավ կհասկանանք Նրա աստվածային առաքելությունը և Նրա անձնուրաց բնավորությունը: Նրա բազմաթիվ անունների իմացությունը նաև ոգեշնչում է մեզ ավելի նմանվել Նրան՝ զարգացնել Քրիստոսանման հատկանիշներ, որոնք ուրախություն և նպատակ են հաղորդում մեր կյանքին:
Մի քանի տարի առաջ նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսումնասիրեց Թեմատիկ ուղեցույցում նշված Հիսուս Քրիստոսին վերաբերող բոլոր սուրբգրային հատվածները։10 Այնուհետև նա հրավիրեց չափահաս երիտասարդներին ուսումնասիրել այդ նույն սուրբգրային հատվածները։ Հիսուսի բազմաթիվ անունների վերաբերյալ նախագահ Նելսոնն ասել է. «Ուսումնասիրեք ամեն բան Հիսուս Քրիստոսի մասին և աղոթքով փորձեք հասկանալ, թե Նրա տարբեր տիտղոսներից և անուններից յուրաքանչյուրն ինչ է նշանակում անհատապես ձեզ համար»:11
Հետևելով նախագահ Նելսոնի հորդորին՝ ես սկսեցի մշակել Հիսուսի բազմաթիվ անունների իմ սեփական ցուցակը: Իմ ցուցակում այժմ կա ավելի քան 300 անուն, և ես վստահ եմ, որ շատերն էլ դեռ չեմ հավաքագրել։
Թեև Հիսուսի մի քանի անունները վերապահված են միայն Նրան,12 ես կցանկանայի կիսվել հինգ անուններով և տիտղոսներով, որոնք կիրառելի են յուրաքանչյուրիս համար: Ես հրավիրում եմ ձեզ կազմել ձեր սեփական ցուցակը, երբ դուք սկսում եք ճանաչել Հիսուսին Իր բազմաթիվ անունների շնորհիվ: Այդպես վարվելով, դուք կտեսնեք, որ կան այլ անուններ՝ իրենց համապատասխան Քրիստոսանման հատկանիշներով, որոնք դուք կցանկանաք վերցնել ձեզ վրա՝ որպես Հիսուսի ուխտյալ աշակերտ:13
Առաջինը՝ Հիսուսը Բարի հովիվն է։14 Որպես այդպիսին, Հիսուսը գիտի Իր ոչխարներին,15 «իր ոչխարներն իրանց անունովը կանչում է»,16 և, որպես Աստծո Գառ, Նա Իր կյանքը տվեց Իր ոչխարների համար։17 Նմանապես, Հիսուսը ցանկանում է, որ մենք լավ հովիվներ լինենք, հատկապես մեր ընտանիքներում և որպես սպասավորող եղբայրներ ու քույրեր։ Հիսուսի հանդեպ մեր սերը ցույց տալու եղանակներից մեկը Նրա ոչխարներին արածեցնելն է։18 Եթե կան կորած-մոլորված ոչխարներ, բարի հովիվները գնում են անապատ՝ նրանց գտնելու համար, այնուհետև մնում նրանց մոտ, մինչև նրանք ապահով վերադառնան։19 Որպես բարի հովիվներ, և եթե թույլ են տալիս տեղական պայմանները, մենք պետք է ձգտենք ավելի շատ ժամանակ հատկացնել՝ սպասավորելով մարդկանց իրենց տներում: Մեր սպասավորության ժամանակ տեքստային հաղորդագրությունները և տեխնոլոգիաները պետք է օգտագործվեն անձնական շփումը բարելավելու, այլ ոչ թե փոխարինելու համար:20
Երկրորդ, Հիսուսը Գալիք բարիքների քահանայապետն է։21 Իմանալով, որ Իր խաչելությանը մի քանի ժամ է մնացել, Հիսուսն ասել է. «Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք: Աշխարհքում նեղություն կունենաք. բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհքին»:22 Այսօր, երբ մեր աշխարհը հիմնականում բևեռացված է և բաժանված մասերի, կարիքը մեծ է, որ մենք քարոզենք ու հաղորդենք դրականություն, լավատեսություն և հույս: Չնայած մեր անցյալի բոլոր մարտահրավերներին, հավատքը միշտ ուղղված է դեպի ապագան՝23 հույսով լցված, ինչը թույլ է տալիս մեզ կատարել ուրախ լինելու Հիսուսի հրավերը:24 Ավետարանով ուրախ ապրելու շնորհիվ մենք դառնում ենք գալիք բարիքների աշակերտները։
Հիսուսի ևս մեկ տիտղոսն է՝ Նա Նույնն է երեկ, այսօր և հավիտյան։25 Հետևողականությունը Քրիստոսանման հատկանիշ է։ Հիսուսը միշտ կատարել է Իր Հոր կամքը,26 և Նրա բազուկը մշտապես մեկնված է մեզ փրկելու, օգնելու և բժշկելու համար:27 Եթե մենք ավելի հետևողական լինենք ավետարանով ապրելու հարցում, մենք ավելի շատ կնմանվենք Հիսուսին:28 Թեև աշխարհը մեծ տարուբերումներ կունենա հայտնիության իր ճոճանակում, երբ մարդիկ այս ու այն կողմ են նետվում ու քշվում վարդապետության ամեն մի քամուց,29 ավետարանով հետևողականորեն ապրելով, մենք հաստատուն և անխախտ կմնանք կյանքի փոթորիկների ժամանակ։30 Մենք կարող ենք նաև հետևողականություն դրսևորել՝ ընդունելով նախագահ Նելսոնի հրավերը՝ «ժամանակ տրամադրել Տիրոջը»:31 Հոգևոր մեծ ուժ է գալիս փոքր և հասարակ բաներից,32 ինչպես օրինակ, «սուրբ սովորություններից ու առօրյա արդար անելիքներից»՝ 33 ամենօրյա աղոթքի, ապաշխարության, սուրբ գրությունների ուսումնասիրության և մարդկանց ծառայելու միջոցով:
Չորրորդ, Հիսուսը Իսրայելի Սուրբն է։34 Հիսուսի կյանքը սրբության օրինակ էր։ Հետևելով Հիսուսին, մենք կարող ենք դառնալ Իսրայելի սրբեր։ 35 Մեր սրբությունն ավելանում է, երբ կանոնավոր այցելում ենք տաճար, որտեղ յուրաքանչյուր մուտքի վերևում փորագրված է «Սրբություն Տիրոջը»: Ամեն անգամ տաճարում երկրպագելուց հետո մենք հեռանում ենք՝ մեր տները սրբավայրեր դարձնելու ավելի մեծ զորությամբ օժտված:36 Նրանց, ովքեր ներկայումս սուրբ տաճար մտնելու երաշխավորագիր չունեն, ես հորդորում եմ, որ հանդիպեն իրենց եպիսկոպոսի հետ և պատրաստվեն մտնել կամ վերադառնալ այդ սուրբ վայրը: Տաճարում անցկացրած ժամանակը կավելացնի սրբությունը ձեր կյանքում։
Հիսուսի վերջին անուններից մեկն է՝ Հավատարիմ և Ճշմարիտ։37 Ինչպես Հիսուսն է միշտ հավատարիմ և ճշմարիտ եղել, Նրա անկեղծ ցանկությունն է, որ մենք էլ դրսևորենք այդ հատկանիշները մեր կյանքում: Երբ մեր հավատքը թուլանում է, մենք կարող ենք աղաղակել առ Հիսուսը՝ «Տե՛ր, փրկիր ինձ», ճիշտ ինչպես Պետրոսը, երբ նա սկսեց սուզվել Գալիլեայի փոթորկոտ ծովում:38 Այդ օրը Հիսուսը ձեռքը մեկնեց՝ փրկելու խեղդվող աշակերտին։ Նա նույնը արել է ինձ համար, և կանի՝ ձեզ համար: Երբեք մի՛ հրաժարվեք Հիսուսից։ Նա երբեք չի հրաժարվի ձեզանից:
Երբ մենք հավատարիմ և ճշմարիտ ենք, հետևում ենք Հիսուսի հրավերին՝ «կացէք ինձանում», որը կարող է նաև նշանակել «մնացեք ինձ հետ»:39 Երբ մենք բախվում ենք հարցերի, երբ մեզ ծաղրում են մեր հավատքի համար, երբ մեծ ու ընդարձակ շենքերից մարդիկ դեպի մեզ են ուղղում իրենց արհամարհանքի մատները, մենք հավատարիմ ենք մնում և ճշմարիտ: Այդ պահերին մենք հիշում ենք Հիսուսի խնդրանքը. «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի՛ կասկածեք, մի՛ վախեցեք»։40 Երբ մենք դա անում ենք, Նա մեզ տալիս է անհրաժեշտ հավատքը, հույսը և ուժը՝ Նրա հետ հավիտյան մնալու համար։41
Սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, Հիսուսը ցանկանում է, որ մենք ճանաչենք Իրեն, որովհետև Նրա անունն է միակը երկնքի տակ, որով մենք կարող ենք փրկվել:42 Հիսուսն է Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը. ոչ ոք չի կարող վերադառնալ Հոր մոտ, եթե ոչ Նրա միջոցով:43 Հիսուսը միա՜կ ճանապարհն է: Այդ պատճառով է Հիսուսը կանչում. «Ինձ մո՛տ եկ»,44 «Ինձ հետևիր»,45 «Քայլիր ինձ հետ»,46 և «Սովորիր ինձանից»։47
Իմ ամբողջ սրտով ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի մասին, որ Նա ապրում է, որ Նա սիրում է ձեզ և որ Նա ճանաչում է ձեզ անունով: Նա Աստծո Որդին է,48 Հոր Միածինը։49 Նա մեր Վեմն է, մեր Ամրոցը, մեր Վահանը, մեր Ապաստանը և մեր Ազատարարը:50 Նա է Լույսը, որը շողում է խավարում:51 Նա մեր Փրկիչն է52 ու մեր Քավիչը։53 Նա է Հարությունը և Կյանքը։54 Իմ անկեղծ ցանկությունն է, որ դուք ճանաչեք Հիսուսին Նրա բազմաթիվ անուններով և դառնաք Նրա նման՝ ձեր կյանքում դրսևորելով Նրա աստվածային հատկանիշները։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։