Գերագույն համաժողով
Սնուցեք ձեր վկայությունը և կիսվեք դրանով
2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


13:15

Սնուցեք ձեր վկայությունը և կիսվեք դրանով

Ես հրավիրում եմ ձեզ հնարավորություններ փնտրել՝ ձեր վկայությունը խոսքով և գործով բերելու համար:

Նախաբան

Կյանքում որոշիչ պահերը գալիս են հաճախ և անսպասելի, նույնիսկ, երբ դուք դեռ երիտասարդ եք։ Թույլ տվեք պատմել ավագ դպրոցի աշակերտ Քևինի պատմությունը․ նա որոշել էր մեկնել նահանգներից՝ մասնակցելու ուսանողական ղեկավարների միջոցառմանը։

«Մոտեցավ իմ հերթը և գրանցումների բաժնի պաշտոնական տեսքով գործավարը հարցրեց իմ անունը։ Նա նայեց իր ցուցակին և ասաց․ «Փաստորեն դուք եք Յուտայից ժամանած երիտասարդը»։

«Նկատի ունեք, որ ես միա՞կն եմ»,- հարցրի ես։

«Այո, միակն եք»։ Նա տվեց իմ անվանանշանը, որի վրա անունիս տակ գրված էր «Յուտա»։ Երբ ես ամրացրի այն վերնաշապիկիս, այնպիսի զգացողություն ունեցա, ասես պիտակավորված էի։

Ես մտա հյուրանոցի վերելակը ավագ դպրոցի հինգ այլ աշակերտների հետ, որոնք նույնպես անվանանշաններ էին կրում։ «Օ՜, դու Յուտայից ես։ Դու մորմո՞ն ես»,- հարցրեց նրանցից մեկը։

Ես ինձ առանձնացած զգացի երկրի տարբեր մասերից ժամանած աշակերտների այս խմբից։ «Այո»,- արագ պատասխանեցի ես։

«Դուք հավատում եք Ջոզեֆ Սմիթին, որ ասում էր, թե հրեշտակներ է տեսել։ Բայց դու իրականում չես հավատում դրան, այնպես չէ՞»։

Ես չգիտեի ինչ ասել։ Վերելակում գտնվող բոլոր աշակերտների հայացքները սևեռված էին ինձ վրա։ Ես նոր էի եկել, և արդեն բոլորը կարծում էին, որ ես տարբերվում եմ իրենցից։ Ես մի փոքր ճնշված զգացի, բայց հետո ասացի․ «Ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն է»։

«Որտեղի՞ց եկավ այդ պոռթկումը»,- մտածեցի ես։ Ես չգիտեի, որ դա իմ մեջ կար։ Սակայն զգացի, որ այդ բառերի ճշմարիտ են։

«Այո, ինձ ասել էին, որ դուք բոլորդ պարզապես կրոնական խենթեր եք»,- ասաց նա։

Այդ պահին մի անհարմար իրավիճակ ստեղծվեց, մինչև բացվեց վերելակի դուռը։ Երբ վերցրինք մեր ճամպրուկները, նա սկսեց քայլել սրահով և ծիծաղել։

Ապա մի ձայն իմ հետևում հարցրեց․ «Մորմոնները ինչ-որ ուրիշ Աստվածաշունչ ունեն, այնպես չէ՞»։

«Օ՜, ոչ։ Նորի՜ց։ Ես շրջվեցի ու տեսա մեկ այլ աշակերտի՝ Քրիստոֆերին, որը ինձ հետ վերելակում էր։

«Այն կոչվում է Մորմոնի Գիրք»,- ասացի ես՝ ցանկանալով փակել թեման։ Ես վերցրի պայուսակներս և սկսեցի քայլել սրահով։

«Դա՞ է այն գիրքը, որը Ջոզեֆ Սմիթը թարգմանել է»,- հարցրեց նա։

«Այո, դա է»,- պատասխանեցի ես։ Ես շարունակում էի քայլել՝ հուսալով խուսափել ամոթալի իրավիճակից։

«Իսկ դու գիտե՞ս, թե ես ինչպես կարող եմ ձեռք բերել դրա մի օրինակը»։

Ես հանկարծ հիշեցի սեմինարիայում սովորած մի սուրբ գրություն։ «Ես ավետարանը ամոթ չեմ համարում»։1 Երբ այս խոսքերը հնչեցին իմ մտքում, ես ամաչեցի իմ պահվածքի համար։

Ողջ շաբաթվա ընթացքում այդ սուրբ գրությունը չհեռացավ իմ մտքից։ Ես հնարավորինս պատասխանեցի Եկեղեցու վերաբերյալ բոլոր հարցերին և ձեռք բերեցի շատ ընկերներ։

Ես բացահայտեցի, որ հպարտանում էի իմ կրոնով։

Քրիստոֆերին Մորմոնի Գրքի օրինակ տվեցի։ Հետագայում նա գրեց ինձ, որ միսիոներներին հրավիրել էր իր տուն։

Ես սովորեցի չամաչել իմ վկայությամբ կիսվելուց»։2

Ես ոգեշնչվել եմ վկայությամբ կիսվելու Քեվինի խիզախությամբ։ Դա խիզախություն է, որը կրկնվում է ամեն օր Եկեղեցու հավատարիմ անդամների կողմից ողջ աշխարհում։ Մինչ ես կկիսվեմ իմ մտքերով, հրավիրում եմ ձեզ կենտրոնանալ այս չորս հարցերի վրա․

  1. Արդյո՞ք ես գիտեմ և հասկանում եմ, թե ինչ է վկայությունը։

  2. Արդյո՞ք ես գիտեմ՝ ինչպես բերել իմ վկայությունը։

  3. Որո՞նք են իմ վկայությամբ կիսվելու խոչընդոտները։

  4. Ինչպե՞ս եմ ես պահում իմ վկայությունը։

Արդյո՞ք ես գիտեմ և հասկանում եմ ինչ է վկայությունը

Ձեր վկայությունը ամենաթանկ բանն է, որ դուք ունեք, և հաճախ կապված է խոր հոգևոր զգացմունքների հետ։ Այս զգացմունքները սովորաբար հաղորդվում են հանգիստ և նկարագրվում են՝ որպես «մեղմ ու նուրբ ձայն»։3 Դա ձեր համոզմունքն է կամ ճշմարտության մասին գիտելիքը, որը տրված է որպես հոգևոր վկայություն Սուրբ Հոգու ազդեցության միջոցով։ Այս վկայության ձեռբերումը կազդի ձեր խոսքի և վարքի վրա։ Սուրբ Հոգու կողմից հաստատված ձեր վկայության առանցքային տարրերը ներառում են հետևյալը․

  • Աստված ձեր Երկնային Հայրն է․ դուք Նրա զավակն եք։ Նա սիրում է ձեզ։

  • Հիսուս Քրիստոսն ապրում է։ Նա կենդանի Աստծո Որդին է, ձեր Փրկիչը և Քավիչը։

  • Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարե է՝ կանչված վերականգնելու Հիսուս Քրիստոսի Եկեղեցին։

  • Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Աստծո թագավորությունն է երկրի վրա։

  • Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին այսօր առաջնորդվում է կենդանի մարգարեի կողմից։

Արդյո՞ք ես գիտեմ ինչպես բերել իմ վկայությունը

Դուք բերում եք ձեր վկայությունը, երբ ուրիշների հետ կիսվում եք հոգևոր զգացումներով։ Որպես Եկեղեցու անդամ՝ ձեզ հնարավորություն է տրվում խոսքով բերելու ձեր վկայությունը Եկեղեցու պաշտոնական ժողովների ժամանակ կամ քիչ պաշտոնական ձևով՝ անհատապես ձեր ընտանիքի, ընկերների և ուրիշների հետ զրուցելիս։

Ձեր վկայությամբ կիսվելու մեկ այլ եղանակ է ձեր արդար վարքագիծը։ Հիսուս Քրիստոսի վերաբերյալ ձեր վկայությունը պարզապես ձեր ասած խոսքերը չեն․ դրանում արտացոլվում է ձեր բուն էությունը։

Ամեն անգամ, երբ դուք բարձրաձայնում եք ձեր վկայությունը կամ ձեր գործողությունների միջոցով ցուցադրում Հիսուս Քրիստոսին հետևելու ձեր որոշումը, դուք հրավիրում եք ուրիշներին գալ «Քրիստոսի մոտ»։4

Եկեղեցու անդամները կանգնում են որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, բոլոր բաներում և բոլոր տեղերում։5 Թվային տիեզերքում դա անելու հնարավորությունները անսահման են, քանի որ կարող եք օգտագործել ձեր սեփական ոգեշնչող բովանդակությունը կամ կիսվել ուրիշների կողմից պատրաստված ոգեշնչող բովանդակությամբ։ Մենք վկայում ենք, երբ սիրում ենք, կիսվում և հրավիրում ենք՝ նույնիսկ առցանց։ Ձեր թվիթերյան էջերը, ուղիղ հաղորդագրությունները և գրառումները կստանան ավելի բարձր, ավելի սուրբ նպատակ, երբ դուք օգտագործեք սոցիալական ցանցերը՝ նաև ցույց տալու համար թե ինչպես է Հիսուս Քրիստոսի ավետարանը օրհնում ձեր կյանքը։

Որո՞նք են իմ վկայությամբ կիսվելու խոչընդոտները

Ձեր վկայությամբ կիսվելու խոչընդոտները կարող է լինել անորոշությունը, թե ինչ պետք է ասել։ Վաղ շրջանի առաքյալներից Մեթյու Քաուլինը կիսվել է այդ փորձառությամբ, երբ նա 17 տարեկանում մեկնեց Նոր Զելանդիա հնգամյա միսիայի․

«Ես երբեք չեմ մոռանա հորս աղոթքները այն օրը, երբ ես մեկնում էի։ Ես երբեք չեմ լսել ավելի գեղեցիկ օրհնություն իմ ողջ կյանքի ընթացքում։ Ապա ինձ ուղղված նրա վերջին խոսքերը երկաթուղային կայարանում․ «Տղա՛ս, դու կգնաս կատարելու քո առաքելությունը, դու կսովորես, դու կփորձես նախապատրաստվել քո քարոզներին, և երբեմն, երբ քեզ կանչեն, կկարծես, որ հրաշալի պատրաստված ես, բայց երբ ոտքի կանգնես, քո մտքում դատարկություն կզգաս»։ Ես նման փորձառություն ունեցա ավելի քան մեկ անգամ։

Ես ասացի. «Ի՞նչ ես անում, երբ միտքդ դատարկվում է»։

Նա ասաց. «Դու կկանգնես այնտեղ և քո հոգու ողջ եռանդով կվկայես, որ Ջոզեֆ Սմիթը կենդանի Աստծո մարգարեն է, և մտքերն ու խոսքերը կհեղեղեն քեզ … և կհորդեն դեպի յուրաքանչյուր սիրտ, որ լսում է»։ Եվ այսպես, իմ միտքը, լինելով հիմնականում դատարկ, իմ … առաքելության ընթացքում… , ինձ հնարավորություն տվեց վկայություն տալու Տիրոջ խաչելությունից ի վեր աշխարհի պատմության ամենամեծ իրադարձության մասին։ Փորձեք մի օր, եղբայրներ և քույրեր։ Եթե այլ բան չունեք ասելու, վկայեք, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն էր, և Եկեղեցու ողջ պատմությունը կհեղեղի ձեր միտքը»։6

Նմանապես, Նախագահ Դալլին Հ. Օուքսը կիսվել է. «Որոշ վկայություններ ավելի լավ են ձեռք բերվում՝ ոտքի կանգնած բերելով, քան ծնկի իջած՝ աղոթելով դրանց համար»։7 Սուրբ Հոգին վկայություն է բերում խոսողին և լսողին նույն կերպով։

Մեկ այլ խոչընդոտ, ինչպես ընդգծում է Քևինի պատմությունը, վախն է։ Ինչպես Պողոսն է գրել Տիմոթեոսին․

«Որովհետև Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց, այլ զորության, սիրո …

Ուրեմն մեր Տիրոջը վկայելը ամոթ մի՛ համարիր»։8

Վախի զգացումը չի գալիս Տիրոջից, այլ հաճախ հակառակորդից։ Հավատք ունենալը, ինչպես դա արեց Քևինը, թույլ կտա ձեզ հաղթահարել այս զգացմունքները և ազատորեն կիսվել ձեր սրտում եղածով։

Ինչպե՞ս եմ ես պահում իմ վկայությունը

Ես կարծում եմ, որ վկայությունը մեր էության առանցքային մասն է, այնուամենայնիվ, այն պահելու և ավելի լիարժեք զարգացնելու համար Ալման ուսուցանել է, որ մենք պետք է սնուցենք մեր վկայությունը մեծ խնամքով։9 Եթե մենք անենք դա, «այն արմատ կգցի և կաճի և պտուղ կբերի»։10 Առանց դրա «այն կչորանա»։11

Առաջին Նախագահության յուրաքանչյուր սիրելի անդամ մեզ ուղղություն է տվել, թե ինչպես պահել վկայությունը։

Նախագահ Հենրի Բ․ Այրինգը սիրով ուսուցանել է մեզ, որ «Աստծո խոսքից ճաշակելը, սրտառուչ աղոթքը և հնազանդությունը Տիրոջ պատվիրաններին պետք է կիրառվեն հավասարաչափ և շարունակաբար՝ ձեր վկայությունն աճեցնելու և զարգացնելու համար»։12

Նախագահ Դալլին Հ. Օուքսը հիշեցրեց մեզ, որ մեր վկայությունը պահելու համար «մենք պետք է ամեն շաբաթ ճաշակենք հաղորդությունից (տես Վ&Ու 59․9), արժանանալու թանկարժեք խոստմանը, որպեսզի «Նրա հոգին միշտ [մեզ] հետ ունենանք» (Վ&Ու 20․77)»։13

Իսկ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վերջերս սիրով խորհուրդ տվեց․

«Սնուցեք [ձեր վկայությունը] ճշմարտությամբ։ …

… Սովորեք հնագույն և ժամանակակից մարգարեների խոսքերը։ Խնդրեք, որ Տերն ուսուցանի ձեզ, թե ինչպես ավելի լավ լսեք Նրան: Ավելի շատ ժամանակ անցկացրեք տաճարում և ավելի շատ ժամանակ հատկացրեք ընտանեկան պատմության աշխատանքին:

… Ձեր վկայությունը դարձրեք ձեզ համար առաջնահերթություն»։14

Եզրափակում

Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես խոստանում եմ, որ եթե դուք լիարժեք հասկանաք, թե ինչ է վկայությունը և կիսվեք դրանով, դուք կհաղթահարեք անորոշության և վախի խոչընդոտները՝ հնարավորություն տալով ձեզ սնուցել և պահել այս ամենաթանկ ունեցվածքը՝ ձեր վկայությունը։

Մենք օրհնված ենք հնօրյա և մեր ժամանակների մարգարեների անհամար օրինակներ ունենալու համար, ովքեր համարձակորեն բերել են իրենց վկայությունները։

Քրիստոսի մահից հետո Պետրոսը կանգնեց և վկայեց․

«Թող հայտնի լինի ձեզ բոլորիդ, … որ Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով, որին դուք խաչեցիք, և որին Աստված մեռելներից հարություն տվեց․ նրանով է սա հիմա ձեր առաջ առողջացած կանգնել։ …

… Որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված ուրիշ անուն, որով մենք կարող ենք փրկվել»։15

Հավատքի մասին Ալմայի քարոզից հետո Ամուղեկը վճռականորեն հայտարարեց. «Ես կվկայեմ ձեզ իմ կողմից, որ այս բաները ճշմարիտ են։ Ահա, ես ասում եմ ձեզ, որ ես իրոք գիտեմ, որ Քրիստոսը պիտի գա մարդկանց զավակների մեջ, իր վրա վերցնելու իր ժողովրդի օրինազանցությունները, և որ նա պիտի քավի աշխարհի մեղքերը. քանզի Տեր Աստված է ասել այս»։16

Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը, ականատես լինելով հարություն առած Փրկչի փառահեղ տեսիլքին, վկայեցին.

«Եվ արդ, բազմաթիվ վկայություններից հետո, որ տրվել են նրա մասին, սա է վկայությունը, ամենավերջինը, որ մենք տալիս ենք նրա մասին. Որ, նա ապրո՛ւմ է։

Քանզի մենք տեսանք նրան, նույնիսկ Աստծո աջ կողմում. և մենք լսեցինք ձայնը, որը վկայում էր, որ նա Հոր Միածինն է»։17

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես հրավիրում եմ ձեզ փնտրել հնարավորություններ՝ բերելու ձեր վկայությունը խոսքով և գործով։ Վերջերս ես նման հնարավորություն ունեցա Հարավային Ամերիկայում՝ քաղաքապետի աշխատասենյակում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ավարտին։ Երբ մենք ավարտեցինք հանդիպումը շատ ջերմ զգացմունքներով, ես վարանելով մտածեցի, որ պետք է կիսվեմ իմ վկայությամբ։ Հետևելով հուշումին՝ ես վկայություն բերեցի, որ Հիսուս Քրիստոսը կենդանի Աստծո Որդին է և աշխարհի Փրկիչը։ Այդ պահին ամեն բան փոխվեց։ Հոգու ներկայությունը սենյակում անհերքելի էր։ Կարծես բոլորը հուզված էին։ «Մխիթարիչը … վկայում է Հոր մասին և Որդու մասին»։18 Ես այնքան երախտապարտ եմ, որ քաջություն ունեցա բերելու իմ վկայությունը։

Երբ գալիս է նման պահ, բռնիր այն և բաց մի թող։ Դու քո սրտում կզգաս Մխիթարիչի ջերմությունը, եթե անես դա։

Ես բերում եմ ձեզ իմ վկայությունը․ Աստված մեր Երկնային Հայրն է, Հիսուս Քրիստոսն ապրում է, և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Աստծո Եկեղեցին է երկրի վրա այսօր, որն առաջնորդվում է մեր սիրելի մարգարեի՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի կողմից։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։