«Ջեյն Էլիզաբեթ Մենինգ Ջեյմս», Եկեղեցու պատմության թեմաներ
Ջեյն Էլիզաբեթ Մենինգ Ջեյմս
Ջեյն Էլիզաբեթ Մենինգ Ջեյմս
Ջեյն Էլիզաբեթ Մենինգը (մոտավորապես 1822–1908) Կոնեկտիկուտում ազատ աֆրոամերիկացի զույգի լույս աշխարհ եկած առնվազն հինգ երեխաներից մեկն էր այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում սևամորթների մեծ մասը ստրուկներ էին:1 Երիտասարդ տարիքում նա միացավ Նոր Քանաանի Կոնգրեգացիոն եկեղեցուն 1841 թվականին, բայց 18 ամիս անց՝ 1842–1843 թթ․ ձմռանը, նա և նրա ընտանիքի մի քանի անդամներ մկրտվեցին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Շուտով, Ջեյնն ու նրա ընտանիքի մյուս անդամները ցանկացան միանալ Նավուի Սրբերին, այնպես որ նրանք Կոնեկտիկուտից ճանապարհորդեցին Նյու Յորք՝ պլանավորելով ճանապարհորդել ինչպես շոգենավերով, այնպես էլ լաստանավերով: Սակայն իրենց մաշկի գույնի պատճառով նրանց մերժեցին երթևեկել նավով, ուստի նրանք հարկադրված էին ոտքով անցնել մնացած 1290 կիլոմետրը: Իլինոյս նահանգի Պեորիա քաղաքում տեղական իշխանությունները հարցաքննեցին Մենինգներին՝ որպես հավանական փախուստի դիմած ստրուկների, և պահանջեցին փաստաթղթեր՝ իրենց ազատ կարգավիճակն ապացուցելու համար: Ռասիզմը մի խոչընդոտ էր, որին Ջեյնը դիմակայելու էր իր ողջ կյանքի ընթացքում:
Նավու հասնելուց հետո, Ջեյնը արագ բարեկամություն հաստատեց Ջոզեֆ և Էմմա Սմիթների հետ: Նա ապրում էր նրանց հետ և աշխատում էր նրանց տանը: Մի օր, Էմման հրավիրեց Ջեյնին քահանայության կնքման զորության շնորհիվ որդեգրվել Սմիթների ընտանիքում՝ դառնալով նրանց դուստրը:2 Ջեյնը մերժեց՝ լիովին չհասկանալով անծանոթ, նոր սովորույթը, բայց նա խորապես հավատում էր Ջոզեֆի մարգարեական դերին: «Ես իսկապես ճանաչում էի Մարգարե Ջոզեֆին», - հետագայում վկայեց նա: «Նա ամենալավ մարդն էր, որ ես երբևէ տեսել եմ երկրի վրա: … Ես համոզված էի, որ նա մարգարե էր, որովհետև ես դա գիտեի»:3
Ջոզեֆի և նրա մոր՝ Լյուսի Մաք Սմիթի հետ զրույցների միջոցով Ջեյնը ավելին իմացավ Մորմոնի Գրքի և դրա թարգմանության մասին և ձեռք բերեց ըմբռնում և հարգանք տաճարային արարողությունների նկատմամբ:
Ջեյնը ամուսնացավ Նյու Ջերսիից Իսահակ Ջեյմսի` մի ազատ սևամորթ նորադարձի հետ: Նրանք Ջեյնի որդու` Սիլվեստերի հետ, հեռացան Նավուից 1846 թվականին՝ ուղևորվելով դեպի արևմուտք Սրբերի հետ: Այդ տարվա հունիսին, ծնվեց Ջեյնի և Իսահակի որդին` Սայլասը։ Հաջորդ տարի ընտանիքը հատեց տափաստանները` ժամանելով Սոլթ Լեյքի հովիտ 1847 թվականի աշնանը: Իսահակը և Ջեյնը ունեցան ևս վեց երեխա, որոնցից միայն երկուսն ավելի երկար ապրեցին Ջեյնից: Ինչպես Սոլթ Լեյքի հովտի մյուս վաղ վերաբնակիչները, Ջեյնը և Իսահակը տքնաջան աշխատեցին իրենց ընտանիքն ապահովելու համար: Իսահակն աշխատում էր բանվոր, իսկ երբեմն՝ կառապան Բրիգամ Յանգի մոտ, իսկ Ջեյնը կտոր էր գործում, հագուստ էր կարում և լվացք անում, ինչպես դա արել էր Նավուում:
Ամուսնական լարվածությունը հանգեցրեց Իսահակի և Ջեյնի ամուսնալուծությանը՝ 1870 թվականին: Ավելի ուշ Ջեյնը կարճատև, երկամյա ամուսնություն ունեցավ նախկին ստրուկ Ֆրենկ Փերկինսի հետ, բայց շուտով վերսկսեց կյանքը՝ որպես միայնակ ծնող և տատիկ: Ֆինանսական կարիքը և երեք երեխաների մահը ստիպեցին Ջեյնին վերադառնալ աշխատանքի: Նա պատրաստում և վաճառում էր օճառ, իսկ նրա որդիներից երկուսն աշխատում էին որպես բանվոր: 1890 թվականին, 20 տարվա բաժանումից հետո, Իսահակը վերադարձավ Սոլթ Լեյք Սիթի, վերականգնեց իր անդամակցությունը Եկեղեցում և ընկերական հարաբերություններ հաստատեց Ջեյնի հետ: Երբ նա մահացավ մեկ տարի անց․ թաղման արարողությունը տեղի ունեցավ [Ջեյնի] տանը:
Իր կյանքի դժվարությունների ընթացքում, Ջեյնը նվիրված մնաց ավետարանի ուսմունքների հանդեպ իր հավատին և թանկ գնահատեց իր անդամակցությունը Եկեղեցում: Նա նվիրատվություն կատարեց տաճարների կառուցման համար և մասնակցեց Սփոփող Միության և Երիտասարդ տիկնանց ծախսերի կրճատման միությանը:4 Ջեյնը առատորեն վայելեց Հոգու պարգևները, ներառյալ տեսիլքներ, երազներ, բժշկություն հավատքով և լեզուներով խոսելու պարգևը: «Իմ հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ, - գրել է նա իր կյանքի ավելի ուշ շրջանում, - այնքան ուժեղ է այսօր, ոչ, գուցե էլ ավելի ուժեղ, քան այն օրը, երբ ես մկրտվեցի»:5
1884–1904 թվականներին Ջեյնը պարբերաբար դիմում էր Եկեղեցու ղեկավարներին՝ Ջոն Թեյլորին, Ուիլֆորդ Վուդրուֆին, Զինա Դ. Հ. Յանգին և Ջոզեֆ Ֆ. Սմիթին և փորձում էր թույլտվություն ստանալ իր տաճարային օժտումը ստանալու և կնքվելու համար:6 Այդ ժամանակ սևամորթ Վերջին Օրերի Սուրբ տղամարդկանց և կանանց չէր թույլատրվում մասնակցել տաճարային արարողությունների մեծ մասին: 1888 թ.-ին ցցի նախագահ Անգուս Մ. Քենոնը լիազորեց Ջեյնին մկրտություններ կատարել իր մահացած ազգականների համար:7 Եկեղեցու ղեկավարները, ի վերջո, թույլ տվեցին, որ 1894 թ.-ին նա փոխանորդ անձի միջոցով որպես ծառա կնքվի Ջոզեֆ Սմիթի ընտանիքի հետ, որը բացառիկ դեպք էր: Չնայած իր կենդանության օրոք նա տաճարային օժտում կամ ընտանեկան կնքումներ չստացավ, այդ արարողությունները կատարվեցին նրա համար 1979 թվականին:8
Նա մահացավ 1908 թվականի ապրիլի 16-ին, 95 տարեկան հասակում, մնալով միշտ հավատարիմ Վերջին Օրերի Սուրբ: Deseret News թերթը գրել է. «Հավատով և հավատարմությամբ քչերն էին ավելի աչքի ընկնում, քան Ջեյն Մենինգ Ջեյմսը, և չնայած իր համեստ ծագմանը՝ նրա ընկերների ու ծանոթների թիվը հասնում էր հարյուրների»:9