2010
Մի փոքր էլ համբերեք
Jan. 2010


ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՐՁ, հունվար 2010

Մի փոքր էլ համբերեք

Կիրթլենդի ժամանակաշրջանի մնայուն դասերից մեկն այն է, որ մեր հոգիները մշտական սնուցման կարիք ունեն: Մենք պետք է ամեն օր մոտ կանգնենք Տիրոջը, եթե ցանկանում ենք ողջ մնալ, երբ դժբախտությունը կթակի մեր դուռը:

Անցյալ ամառ ես և կինս մեր երկվորյակ թոռներին տարանք Կիրթլենդ, Օհայո: Դա հատուկ և թանկագին հնարավորություն էր մեզ համար` ժամանակ անցկացնել նրանց հետ, նախքան նրանց միսիա մեկնելը:

Այնտեղ մեր այցի ժամանակ, մենք սովորեցինք ավելի լավ հասկանալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի և Կիրթլենդում ապրող Սրբերի պայմանները: Եկեղեցու պատմության այդ ժամանակաշրջանը հայտնի է որպես դաժան փորձությունների, սակայն նաև գերագույն օրհնությունների ժամանակ:

Կիրթլենդում Տերը շնորհեց երկրային ամենահրաշալի հայտնություններից և հոգևոր պարգևներից մի քանիսը, որ այս աշխարհը երբևէ ունեցել է: Վարդապետություն և Ուխտերի վաթսունհինգ բաժինները ստացվել են Կիրթլենդում և դրան հարող տարածքներում, հայտնություններ, որոնք նոր լույս և գիտելիք սփռեցին այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են` Երկրորդ Գալուստը, կարիքավորների մասին հոգալը, փրկության ծրագիրը, քահանայության իշխանությունը, Իմաստության Խոսքը, տասանորդը, տաճարը և նվիրագործման օրենքը:1

Դա հոգևոր աճի մի անզուգական ժամանակահատված էր: Իրոք, Աստծո Հոգին այրող կրակի պես էր: Մովսեսը, Եղիան և երկնային շատ այլ էակներ հայտնվեցին այդ ժամանակաշրջանում, ներառյալ մեր Երկնային Հայրը և Նրա Որդին՝ աշխարհի Փրկիչը, Հիսուս Քրիստոսը:2

Կիրթլենդում ստացած իր բազմաթիվ հայտնություններից մեկը Ջոզեֆն անվանեց «Դրախտի ծառից պոկված … ձիթենու տերև` Տիրոջ խաղաղության ուղերձն ուղղված մեզ» (ՎևՈւ 88-ի ներածություն): Այդ հրաշալի հայտնությունը ներառում է փառահեղ հրավեր. «Մոտեցեք ինձ, և ես կմոտենամ ձեզ. փնտրեք ինձ ջանասիրաբար, և կգտնեք ինձ. խնդրեք, և կստանաք. թակեք, և ձեզ կբացվի» (ՎևՈւ 88.63): Երբ Կիրթլենդի Սրբերը մոտեցան Տիրոջը, նա իսկապես մոտեցավ նրանց, երկնքի օրհնությունները թափելով հավատարիմների գլխին:

Հոգևոր զեղում

Հավանաբար այս հոգևոր հայտնությունների գագաթնակետը հանդիսացավ Կիրթլենդի Տաճարի նվիրագործումը 1836թ. մարտի 27-ին: Ներկաների թվում էր 28-ամյա Վիլիամ Դրեյփերը, որն այդ օրը բնութագրեց որպես «Պենտեկոստէի օր»: Նա գրել է. «Դա Տիրոջ Հոգու զեղման մի ժամանակ էր, որ ոչ գրիչս կարող է լիովին գրել, ոչ էլ լեզուս կարող է արտահայտել: Սակայն կասեմ, որ Հոգին հորդեց և հզոր արագընթաց քամու պես եկավ, լցնելով տունը, և ներկաներից շատերը խոսեցին լեզուներով, տեսիլքներ և հրեշտակներ տեսան, և մարգարեացան, և դա մի համընդհանուր ցնծության ժամանակ էր, որի նմանը չի տեսել այս սերունդը»:3

Այս հոգևոր հայտնությունները չսահմանափակվեցին միայն տաճարի ներսում գտնվողների համար, քանի որ «հարևանությամբ գտնվող մարդիկ վազելով միասին եկան (ներսից եկող անսովոր ձայն լսելով, տեսնելով կրակի սյան նման պայծառ լույս, որը հանգչում էր Տաճարի վրա), և նրանք ապշել էին տեսնելով տեղի ունեցածը»:4

Լորենզո Սնոուն (1814-1901), որն ավելի ուշ պետք է դառնար Եկեղեցու Նախագահը, այդ օրհնյալ ժամանակահատվածում Կիրթլենդում էր ապրում: Նա նկարագրել է. «Կարող եք մտածել, որ այդպիսի հրաշալի հայտնություններ ստանալուց հետո, ոչ մի գայթակղություն չէր կարող հաղթել Սրբերին»:5

Սակայն իհարկե, մեծ հոգևոր փորձառությունները մեզ չեն ազատում ընդդիմությունից և փորձություններից: Տաճարի նվիրագործումից մի քանի ամիս անց լայնածավալ տնտեսական ճգնաժամը ցնցեց Միացյալ Նահանգները, և Կիրթլենդը խորապես զգաց դրա հետևանքները: Բանկերը սնանկացան, թողնելով շատերին ֆինանսական դժվար պայմաններում: Խնդիրն էլ ավելի բարդացավ, երբ Կիրթլենդ գաղթող Սրբերից շատերը եկել էին շատ քիչ ունեցվածքով, չիմանալով, թե ինչ են անելու կամ ինչպես են գոյատևելու:

Շուտով, Սրբերի դեմ հալածանքներ սկսվեցին և ամբոխներ ոտքի ելան: Եկեղեցու անդամները, անգամ Մարգարեի ամենամերձավորներից ոմանք, որոնցից շատերը ներկա էին գտնվել տաճարի նվիրագործմանը, ուրացան և մեղադրեցին Ջոզեֆին որպես ընկած մարգարե:

Երբ կնոջս և թոռներիս հետ քայլում էինք Կիրթլանդի Տաճարի շրջակայքում, ես խորհեցի, թե որքան ողբերգական պետք է որ լիներ այն, որ ոմանք չկարողացան հավատարիմ մնալ նույնիսկ հոգևոր հայտնություններից հետո, որոնց ականատեսն էին եղել իրենք: Որքա՜ն սոսկալի էր, որ նրանք չկարողացան դիմանալ անհավատների ծաղրանքին և քննադատությանը: Որքա՜ն տխուր է այն, որ ֆինանսական դժվարությունների կամ այլ մաքառումների առաջ կանգնելով նրանք չկարողացան ներքուստ զգաստանալով և ուժ գտնելով հավատարիմ մնալ: Որքա՜ն ցավալի է այն, որ նրանք ինչ-որ կերպ մոռացան տաճարի նվիրագործման ժամանակ ստացած հոգևոր հրաշալի արդյունքը:

Դասերը

Ի՞նչ կարող ենք սովորել Եկեղեցու պատմության այդ հրաշալի դարաշրջանից:

Կիրթլենդի ժամանակաշրջանի մեծ, հարատև դասերից մեկն այն է, որ մեր հոգիները մշտական սնուցման կարիք ունեն: Ինչպես Նախագահ Հարոլդ Բ. Լին (1899–1973) է ուսուցանել. «Վկայությունը ինչ-որ բան չէ, որը ունենալով այսօր դուք պահում եք ընդմիշտ: Վկայությունը կամ սկսում է աճել և աճելով հասնել որոշակի պայծառության, կամ սկսում է նվազել, հանգելով ոչնչի, կախված նրանից, թե մենք ինչ ենք անում այդ ուղղությամբ: Ես ասում եմ, օրեցօր նորոգվող վկայությունը մեզ փրկում է հակառակորդի որոգայթներից»:6 Մենք պետք է ամեն օր մոտ կանգնենք Տիրոջը, եթե ցանկանում ենք ողջ մնալ, երբ դժբախտությունը կթակի մեր դուռը:

Որոշ առումով մեր այսօրվա աշխարհը նման է 1830-ականների Կիրթլենդին: Մենք նույնպես ապրում ենք ֆինանսական ճգնաժամի ժամանակներում: Կան այնպիսիք, որ հալածում և հայհոյում են Եկեղեցին և նրա անդամներին: Անհատական և ընդհանուր փորձությունները երբեմն կարծես ընկճում են:

Այդ ժամանակ է, որ մենք պետք է առավել քան երբևէ մոտենանք Տիրոջը: Այդ դեպքում մենք կիմանանք, թե ինչ է նշանակում Տիրոջը մեր կողքին ունենալ: Եթե ավելի ջանասիրաբար փնտրենք Նրան, մենք անպայման կգտնենք Նրան: Մենք պարզորոշ կտեսնենք, որ Տերը չի լքում Իր Եկեղեցին կամ Իր հավատարիմ Սրբերին: Մեր աչքերը կբացվեն և մենք կտեսնենք, որ Նա բացում է երկնքի պատուհանները և մեզ վրա ավելի շատ է թափում Իր լույսից: Մենք հոգևոր ուժ կգտնենք գոյատևելու նույնիսկ ամենախավար գիշերը:

Թեպետ Կիրթլենդում Սրբերից ոմանք մոռացան իրենց հոգևոր փորձառությունները, նրանցից շատերը չմոռացան: Մեծ մասը, նրանց թվում նաև Վիլիամ Դրեյփերը, ամուր կառչեցին այն հոգևոր գիտելիքից, որ Աստված տվել էր նրանց, և շարունակեցին հետևել Մարգարեին: Այդ ողջ ընթացքում նրանք ավելի դաժան փորձություններ ունեցան, սակայն նաև ապրեցին ավելի քաղցր հոգևոր աճ, մինչև վերջապես, ովքեր համբերեցին մինչև վերջ, «ընդունվեցին … երբեք չվերջացող երջանկության վիճակում» (Մոսիա 2.41):

Դուք կարող եք համբերել

Եթե դուք երբևէ գայթակղվել եք հուսահատվելու կամ հավատը կորցնելու, հիշեք այն Սրբերին, ովքեր հավատարիմ մնացին Կիրթլենդում: Մի փոքր էլ համբերեք: Դուք կարող եք դա անել: Դուք հատուկ սերնդի մաս եք: Դուք պատրաստվել և պահվել եք ապրելու մեր գեղեցիկ երկրագնդի պատմության մեջ այս կարևոր ժամանակներում: Դուք սելեստիալ ծագում ունեք և այդ պատճառով ամեն անհրաժեշտ տաղանդ ունեք ձեր կյանքը հավերժական հաջողակ պատմություն դարձնելու համար:

Տերը օրհնել է ձեզ ճշմարտության վկայությամբ: Դուք զգացել եք Նրա ազդեցությունը և Նրա զորության ականատեսն եք եղել: Եվ եթե դուք շարունակում եք փնտրել Նրան, Նա կշարունակի սուրբ փորձառություններ շնորհել ձեզ: Այս և այլ սուրբ պարգևներով դուք կկարողանաք ոչ միայն բարելավել ձեր անձնական կյանքը, այլև ձեր բարությամբ օրհնել ձեր տները, ծխերը կամ ճյուղերը, համայնքները, քաղաքները, նահանգներն ու երկիրը:

Հնարավոր է, երբեմն դժվար լինի դա տեսնել, սակայն մի փոքր էլ համբերեք, քանզի «ինչ որ աչք չտեսավ և ականջ չլսեց և մարդի սիրտ չընկավ, այն պատրաստեց Աստված իրան սիրողների համար», և սպասեք Նրան (Ա Կորնթացիս Բ.9; տես նաև ՎևՈւ 76.10; 133.45):

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը ճշմարիտ է և Նրա այս Եկեղեցին ճշմարիտ է: Ես վկայում եմ իմ ողջ սրտով և հոգով, որ Աստված ապրում է, որ Հիսուս Քրիստոսը Նրա Որդին է և կանգնած է այս մեծ Եկեղեցու գլխավերևում: Մենք կրկին մարգարե ունենք երկրի վրա, որն է` Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը:

Թող որ մենք միշտ հիշենք Կիրթլենդի դասը և մի փոքր էլ համբերենք, անգամ երբ որոշ բաներ աղոտ ենք տեսնում: Իմացեք և հիշեք սա` Տերը սիրում է ձեզ: Նա հիշում է ձեզ: Եվ Նա միշտ կպահպանի նրանց, ովքեր «հավատքով կհամբերեն մինչև վերջ» (ՎևՈւ 20.25):

Հղումներ

  1. Տես, որպես օրինակ, բաժիններ 45, 56, 76, 84, 89, 97 և 104:

  2. Տես ՎևՈւ 76.23; 110.2–4, 11–13:

  3. William Draper, “A Biographical Sketch of the Life and Travels and Birth and Parentage of William Draper” (1881), typescript, Church History Library, 2; spelling and capitalization standardized.

  4. History of the Church, 4:605.

  5. Lorenzo Snow, “Discourse,” Deseret Weekly News, June 8, 1889, 26.

  6. Teachings of Presidents of the Church: Harold B. Lee (2000), 43.