Առաջին Նախագահության ուղերձ, հուլիս 2011
Եղբայր, ես պարտավոր եմ
Երկու մանկահասակ եղբայրներ կանգնած էին մի փոքր զառիթափի վերևում, որ նայում էր կապուտակ լճի մաքուր ջրերին: Սա ջրասուզակության հայտնի վայր էր, և եղբայրները հաճախ էին խոսում ցատկ կատարելու վերաբերյալ՝մի բան, որ նրանք տեսել էին ուրիշներին անելիս:
Չնայած նրանք երկուսն էլ ցանկանում էին ցատկել, նրանցից ոչ մեկը չէր ուզում լինել առաջինը: Զառիթափի բարձրությունը այդքան էլ մեծ չէր, բայց երկու մանկահասակ տղաներին թվում էր, թե տարածությունը մեծանում էր հենց որ նրանք սկսում էին առաջանալ, և նրանց համարձակությունն արագորեն անհայտանում էր:
Ի վերջո, եղբայրներից մեկը մի ոտքը դրեց զառիթափի ծայրին և վճռականորեն առաջ շարժվեց: Այդ պահին նրա եղբայրը շշնջաց. «Միգուցե մենք պետք է սպասենք մինչև մյուս ամառ»:
Սակայն առաջին եղբոր շարժման արագությունը նրան արդեն իսկ առաջ էր մղում: «Եղբայր,- պատասխանեց նա,- Ես պարտավոր եմ»:
Նա չլմփաց ջրի մեջ և արագորեն ջրի երես դուրս եկավ հաղթական աղաղակով: Երկրորդ եղբայրն անհապաղ հետևեց նրան: Դրանից հետո նրանք երկուսն էլ ծիծաղում էին առաջին եղբոր վերջում ասված բառերի վրա, որոնք նա ասաց ջրի մեջ գցվելուց առաջ` «Եղբայր, ես պարտավոր եմ»:
Պարտավորությունը մի փոքր նման է ջրի մեջ սուզվելուն: Կամ դուք պարտավորվում եք, կամ էլ ոչ: Կամ դուք առաջ եք գնում, կամ դուք մնում եք նույն տեղում: Չկա կես ճանապարհ: Մենք բոլորս էլ ունենում ենք պահեր, երբ մեր որոշումը փոխում է մեր մնացած կյանքը: Որպես Եկեղեցու անդամներ, մենք պետք է հարցնենք ինքներս մեզ. «Ես կսուզվե՞մ, թե՞ միայն կկանգնեմ եզրին: Ես կքայլե՞մ դեպի առաջ, թե՞ պարզապես կփորձեմ ջրի ջերմաստիճանը իմ ոտքի մատներով»:
Որոշ մեղքեր մենք գործում ենք մեր սխալի պատճառով, այլ մեղքեր գործվում են, քանի որ մենք ոչինչ չենք անում: Ավետարանին մասամբ նվիրվելը կարող է բերել հուսախաբության, տխրության և մեղքի: Սա չպետք է մեզ վերաբերվի, քանի որ մենք ուխտի մարդիկ ենք: Մենք ուխտեր ենք կապում Տիրոջ հետ, երբ մկրտվում ենք և երբ մուտք ենք գործում Տիրոջ տուն: Տղամարդիկ ուխտեր են կապում Տիրոջ հետ, երբ նրանք քահանաներ են կարգվում: Ոչինչ չի կարող ավելի կարևոր լինել, քան Տիրոջ հետ կապած ուխտերը պահելը: Եկեք հիշենք Հին Կտակարանում Ռաքելի և Լիայի պատասխանը Հակոբին: Այն պարզ էր, անկեղծ ու ցույց էր տալիս նրանց նվիրվածությունը. «Ինչ որ Աստուած քեզ ասել է, արա» (Ծննդոց ԼԱ.16):
Նրանք, ովքեր մասամբ են նվիրված, կարող են ակնկալել միայն մասամբ ստանալ վկայության, երջանկության և խաղաղության օրհնությունները: Երկնքի պատուհանները կարող են միայն մասամբ բացվել նրանց համար: Անմտություն չի՞ լինի մտածել. «Ես այժմ 50 տոկոսով կնվիրեմ իմ անձը, բայց երբ Քրիստոսը հայտնվի Երկրորդ Գալստյան ժամանակ, ես կնվիրեմ իմ անձը 100 տոկոսով»:
Տիրոջ հետ մեր ուխտերին հավատարիմ լինելը մեր դարձի գալու պտուղն է: Մեր Փրկչին ու Նրա Եկեղեցուն հավատարիմ լինելը զորացնում է մեր վճռականությունը և ամրացնում է մեր հոգին, որպեսզի երբ մենք հանդիպենք Քրիստոսին, Նա գրկաբաց ընդունի մեզ և ասի. «Լա՝ւ, բարի եւ հաւատարիմ ծառայ» (Մատթեոս ԻԵ.21):
Տարբերություն կա մտադրության և գործողության միջև: Նրանք, ովքեր ընդամենը մտադրություն ունեն գործելու, կարող են պատճառներ գտնել յուրաքանչյուր դեպքում: Նրանք, ովքեր իսկապես պարտավորվում են ուղղակի հաղթահարել իրենց դժվարությունները և ասում են իրենք իրենց. «Այո, դա շատ լավ պատճառ կլիներ հետաձգման համար, սակայն ես ուխտեր եմ կապել, և այսպիսով, ես կանեմ այն, ինչ պարտավորվել եմ անելու»: Նրանք ուսումնասիրում են սուրբ գրությունները և անկեղծորեն փնտրում են իրենց Երկնային Հոր առաջնորդությունը: Նրանք ընդունում և մեծարում են իրենց Եկեղեցու կոչումները: Նրանք հաճախում են իրենց ժողովներին: Նրանք կատարում են իրենց տնային կամ այցելության ուսուցումը:
Գերմանական առակն ասում է. «Խոստումները նման են լիալուսնի: Եթե դրանք չեք պահում մեկ անգամ, դրանք օրըստօրե նվաղում են»: Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ մենք պարտավորվել ենք քայլել աշակերտի արահետով: Մենք պարտավորվել ենք հետևել մեր Փրկչի օրինակին: Պատկերացրեք, թե որքան կօրհնվի երկիրը և կվերափոխվի ի բարին, երբ Տիրոջ Եկեղեցու բոլոր անդամները ապրեն համաձայն իրենց իրական ներուժի` մինչև իրենց հոգու խորքը դարձի գալով և պարտավորվելով կառուցել Աստծո արքայությունը:
Ինչ-որ կերպով մեզանից յուրաքանչյուրը կանգնած է որոշման առջև՝ նայելով ջրին: Իմ աղոթքն է, որ մենք հավատք ունենանք, առաջ շարժվենք, քաջաբար նայենք մեր վախերին ու կասկածներին և ասենք ինքներս մեզ. «Ես պարտավոր եմ»:
© 2011 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Printed in USA. Անգլերենի հաստատումը. 6/10: Թարգմանության հաստատումը. 6/10: First Presidency Message, July 2011-ի թարգմանությունը: Armenian 09767 201