Ինչպես ուսումնասիրելՄորմոնի Գիրքը
Քսանհինգ տարի առաջ Նախագահ Էզրա Թավթ Բենսոնը (1899–1994) պարզաբանեց «երեք մեծ պատճառները, թե ինչու Վերջին Օրերի Սրբերը պետք է ուսումնասիրեն Մորմոնի Գիրքը ողջ կյանքի ընթացքում»:1 Այդ պատճառներն են.
-
Առաջինը, Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարն է՝ Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայության, մեր վարդապետության և մեր անձնական վկայության պորտաքարը:
-
Երկրորդ, Մորմոնի Գիրքը գրվել է մեր օրերի համար:
-
Երրորդ, Մորմոնի Գիրքն օգնում է մեզ մոտենալ Աստծուն:
Մորմոնի Գիրքն ուսումնասիրելու այս պատճառները նաև ճանապարհ են տալիս այս առանձնահատուկ սուրբ գրությունները ուսումնասիրելու համար:
Մեր կրոնի պորտաքարը
Քանի որ Մորմոնի Գիրքը Քրիստոսի և Նրա ավետարանի լրիվության մասին մեր վկայության պորտաքարն է, կարևոր է, որ ուսումնասիրության ընթացքում մենք հատուկ ուշադրություն դարձնենք Փրկչի մասին գրքում պարունակվող բազմաթիվ ուսմունքներին և վկայություններին: Որոշ մարդիկ անում են սա, ձեռք բերելով Մորմոնի Գրքի նոր և ոչ թանկարժեք օրինակ և նշելով բոլոր այն տողերը, որոնք վերաբերում են Փրկչին, Նրա ծառայությանը և առաքելությանը, կամ ուսուցանում են այդ մասին: Դա օգնում է ավելի խորը վկայություն ունենալ Հիսուսի մասին որպես Աստծո Որդի, և ավելի լավ գնահատել այն, ինչ Նա արել է և շարունակում է անել մեզ համար:
Գրված մեր օրերի համար
Մորմոնի Գրքի հեղինակները գրել են, հաշվի առնելով ապագա սերունդներին, հատկապես վերջին օրերը: Նեփիացիների գրառումները կրճատելիս, Մորմոնը ասաց, որ չի կարողացել ընդգրկել անգամ «հարյուրերորդ մասը» (տես 3 Նեփի 5.8; տես նաև Մորմոնի Խոսքերը 1.5): Մորոնին մեկնաբանում է. «Ես խոսում եմ ձեզ հետ, կարծես դուք ներկա լինեք, և սակայն դուք ներկա չեք: Բայց ահա, Հիսուս Քրիստոսը ձեզ ցույց է տվել ինձ, և ես գիտեմ ձեր արարքները» (Մորմոն 8.35): Այս երկու հեղինակները և մյուսները, ոգեշնչման ներքո, գրել են, թե ինչն է առավել օգտակար մեզ համար այս վերջին օրերում:
Այսպիսով, մենք պետք է ուսումնասիրենք, մտքում ունենալով այս հարցերը. «Ինչո՞ւ է սա ներառված: Ինչպե՞ս է սա կիրառվում այսօր և ինչ նշանակություն ունի ինձ համար»: Նախագահ Բենսոնը, օրինակ, նկատել է, որ Մորմոնի Գրքում մենք գտնում ենք Փրկչի Երկրորդ Գալստին պատրաստվելու օրինաչափություն: Մենք սովորում ենք, թե ինչպես էին Քրիստոսի աշակերտները ապրում պատերազմի ժամանակ, ինչպես էին դիմակայում հալածանքին և ուրացությանը, կատարում միսիոներական աշխատանք և արձագանքում մատերիալիզմի վտանգներին:2 Ինչպես Նեփին, երբ ուսումնասիրում ենք, մենք պետք է «նմանեցնենք» սուրբ գրությունները մեզ, այսինքն՝ աշխատենք հասկանալ, թե ինչպես կիրառենք այն, ինչ գտնում ենք Մորմոնի Գրքում (տես 1 Նեփի 19.23):
Ավելի մոտենալ Աստծուն
Կրկին մեջբերում Նախագահ Բենսոնից. «Մորմոնի Գիրքը մեզ միայն ճշմարտություն չի ուսուցանում, թեև այն իսկապես ուսուցանում է դա: Մորմոնի Գիրքը միայն վկայություն չի բերում Քրիստոսի մասին, թեև իսկապես բերում է: Կա ավելին: Գրքի մեջ մի զորություն կա, որը սկսում է թափանցել ձեր կյանք այն պահից, երբ դուք սկսում եք այդ գրքի լուրջ ուսումնասիրությունը»:3
Իսկապես, Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը հրավիրում է Հոգին, իսկ Հոգին հայտնության միջնորդ է: Սա նշանակում է, որ մենք պետք է ուսումնասիրենք՝ մտածելով, խորհելով, աղոթելով և, մի գուցե, կարդալիս գրառումներ անելով: Սա պայմաններ է ստեղծում, որպեսզի մենք ստանանք ավելի մեծ լույս և հասկացողություն՝ այն մասին, ինչ ուսումնասիրում ենք, և բոլոր այլ հարցերի մասին: Երբեմն օգտակար է կարդալ ամբողջ Մորմոնի Գիրքը համեմատաբար կարճ ժամանակում, որպեսզի ըմբռնենք դրա պատմությունը և ուղերձը: Սակայն, սովորաբար, լավագույն ձևն է՝ օրական որոշակի քանակով հատվածներ կամ էջեր կարդալու փոխարեն, ամեն օր պատշաճ ժամանակ հատկացնել և կենտրոնացված ուսումնասիրել գիրքը:
Ուսումնական օժանդակ նյութեր
Այսօր մենք, բարեբախտաբար, ունենք տարբեր գործիքներ, որոնք օգնում են մեզ ուսումնասիրել Մորմոնի Գիրքը: Որոշ գործիքներ կապված են մեր սուրբ գրությունների հետ՝ Թեմաների Ցուցիչը, Աստվածաշնչի Բառարանը, անգլերենում՝ սուրբ գրությունների ցուցիչը, և այլ լեզուներով՝ սուրբ գրությունների ուղեցույցը: Բացի դա՝ սուրբ գրությունների Վերջին Օրերի Սրբերի հրատարակությունների ամեն էջում մենք ունենք էջի տողատակի բազմաթիվ ծանուցումներ և խաչաձև հղումներ:
Ուսումնական տպագրված այլ նյութերի շարքում են՝ Կիրակնօրյա դպրոցի դասարանի անդամի ուսումնասիրության ուղեցույցը, Սեմինարիայի ուսանողի ուսումնասիրության ուղեցույցը և Ինստիտուտի ուսանողի ձեռնարկը: Մեր ժամանակի և դարաշրջանի համար նորություններ են ծավալով աճող էլետրոնային գործիքները, էջ 31:
Դարձի գալու գործիք
Մորմոնի Գիրքը դարձի գալու անգնահատելի գանձ է և գործիք, որը Տերը ստեղծել և տվել է մեր տնտեսության համար: Ես համարում են այն Հիսուս Քրիստոսի մասին իմ անձնական վկայության, Ջոզեֆ Սմիթի մարգարեական կոչման և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու՝ որպես երկրի վրա կրկին անգամ հիմնված Տիրոջ արքայության հիմքը:4 Ես ուրախ եմ, որ կարող եմ ավելացնել իմ վկայությունը Հիսուս Քրիստոսի վկայությանը՝ «ինչպես կենդանի է ձեր Տերն ու ձեր Աստվածը, այն ճշմարիտ է» (ՎևՈւ 17.6): Թող որ Մորմոնի Գրքի ձեր կյանքի տևողություն ունեցող ուսումնասիրությունը խորացնի ձեր դարձի ընթացքը և տանի ձեզ ուղիղ ճանապարհով՝ դեպի հավերժական կյանք: