2011
Ինչ է ուսուցանում Մորմոնի Գիրքը Աստծո սիրո մասին
Հոկտեմբեր 2011


Ինչ է Մորմոնի Գիրքը ուսուցանում Աստծո սիրո մասին

Տիրոջ սիրո առավել ոգեշնչող օրինակներից մի քանիսը գտնվում են Մորմոնի Գրքում:

Նկար
Elder Russell M. Nelson

Քրիստոնյաների մեծ մասը ծանոթ են Հիսուս Քրիստոսի հատկանիշներին, որոնք գրի են առված Աստվածաշնչում: Նրանք հիանում են այն սիրով, որը Նա ցուցաբերում է աղքատների, հիվանդների և ճնշվածների հանդեպ: Նրանք, ովքեր իրենց համարում են Իր աշակերտները, նույնպես աշխատում են հետևել Նրա օրինակին և Նրա սիրելի Առաքյալի կոչին. «Իրար սիրենք, որ սերն Աստուածանից է. և ամեն ով որ սիրում է Աստուծանից է ծնուած, և ճանաչում է Աստծուն, … որովհետև Աստուած սեր է» (Ա Հովհաննես Դ.7–8):

Այս գաղափարը պարզաբանվում է Մորմոնի Գրքում: Այն նկարագրում է, թե ինչպես է մարդը ծնվում Աստծուց և ինչպես է ստանում սիրո զորությունը, որը Նա ունի: Այն առանձնացնում է երեք հիմնական սկզբունք, որոնք Աստծո սիրո զորությունը բերում են մեր կյանք:

Առաջինը, Մորմոնի Գիրքը ուսուցանում է, որ Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելը և Նրա հետ՝ Նրա պատվիրանները պահելու ուխտի մեջ մտնելը՝ հոգևոր վերածննդի հիմնական պայմանն է: Այդպիսի ուխտի մեջ մտած մարդկանց՝ Մորմոնի Գրքից, Բենիամին Թագավորն ասել է. «Եվ այժմ, ուխտի շնորհիվ, որ դուք արել եք, դուք կկոչվեք Քրիստոսի զավակներ՝ նրա որդիներն ու նրա դուստրերը, քանզի ահա, այս օրը նա հոգով ծնեց ձեզ. քանզի դուք ասում եք, որ ձեր սրտերը փոխվել են նրա անվան հանդեպ հավատքի միջոցով. հետևաբար, դուք ծնվել եք նրանից և դարձել եք նրա որդիներն ու նրա դուստրերը» (Մոսիա 5.7):

Երկրորդ, Փրկիչն Ինքն է ուսուցանում, որ Իր նման դառնալու զորությունը գալիս է ավետարանի ծեսերը ստանալու միջոցով. «Արդ այս է պատվիրանը. Ապաշխարեք, դուք, աշխարհի բոլոր ծայրեր, և եկեք ինձ մոտ ու մկրտվեք իմ անունով, որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին, որպեսզի դուք կարողանաք կանգնել անբիծ իմ առջև վերջին օրը» (3 Նեփի 27.20):

Երրորդ, Նա մեզ հորդորում է հետևել Իր օրինակին. «Ինչպիսի՞ մարդ եք դուք պարտավոր լինել»: Նա պատասխան չպահանջող հարց է տալիս: Ապա պատասխանում է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ճիշտ ինչպես ես եմ» (3 Նեփի 27.27): Իսկապես, Նա ցանկանում է, որ մենք դառնանք Իր նման:

Նրա սիրո առավել ոգեշնչող օրինակներից մի քանիսը գտնվում են Մորմոնի Գրքում: Այդ օրինակները կարող ենք կիրառել մեր կյանքում, ձգտելով ավելի նմանվել Տիրոջը:

Դա Լեքիի և նրա ընտանիքի հանդեպ սերն էր, ինչպես նաև նրանց սերը Նրա հանդեպ, որ օգնեց նրանց գալ Ամերիկաներ՝ իրենց խոստացված երկիրը, որտեղ նրանք բարգավաճեցին:1

Դա մեր հանդեպ Աստծո սերն էր, որ դարեր առաջ հուշեց Իրեն պատվիրել Նեփիացի մարգարեներին վարել իրենց ժողովրդի սուրբ գրառումները: Այդ գրառումների դասերը վերաբերում են մեր փրկությանը և վեհացմանը: Այդ ուսմունքները այսօր մատչելի են Մորմոնի Գրքում: Այդ սուրբ տեքստը հանդիսանում է ամբողջ աշխարհում Իր բոլոր զավակների հանդեպ Նրա սիրո շոշափելի վկայություն:2

Դա Քրիստոսի սերն էր Իր «մյուս ոչխարների» հանդեպ, որ բերեց Նրան Նոր Աշխարհ:3 Մորմոնի Գրքից մենք սովորում ենք, որ բնական մեծագույն աղետները և երեք օրվա խավարը տեղի ունեցան Նոր Աշխարհում՝ Հին Աշխարհում Տիրոջ մահից հետո: Այնուհետև փառավորված և հարություն առած Տերը իջավ երկնքից և ծառայեց Նոր Աշխարհի մարդկանց:

«Ես եմ լույսն ու կյանքն աշխարհի, - ասաց Նա նրանց, - և ես խմեցի այն դառը բաժակից, որը Հայրը տվեց ինձ, և փառավորեցի Հորը՝ վերցնելով ինձ վրա աշխարհի մեղքերը» (3 Նեփի 11.11):

Ապա Նա պարգևեց առավել մտերմիկ փորձառությունը, և ցանկացած մարդ կարող էր ունենալ այդ փորձառությունը: Նա հրավիրեց նրանց զգալ Իր կողերի վերքը, Իր ձեռքերի և ոտքերի մեխերի տեղերը, որպեսզի նրանք հավաստիանային, որ Նա էր «Իսրայելի Աստվածը, և ամբողջ երկրագնդի Աստվածը, և սպանվել եմ աշխարհի մեղքերի համար» (3 Նեփի 11.14):

Այնուհետև Հիսուսը Իր աշակերտներին իշխանություն տվեց՝ մկրտելու, շնորհելու Սուրբ Հոգու պարգևը և սպասավորելու հաղորդությունը: Նա նրանց զորություն տվեց՝ հիմնելու Իր Եկեղեցին, որը պետք է ղեկավարվեր տասներկու աշակերտների կողմից:

Նա նրանց մատուցեց մի քանի հիմնարար ուսմունքներ, որոնք տվել էր Հին Աշխարհում Իր աշակերտներին: Նա բուժեց նրանց հիվանդներին: Նա ծնկի իջավ և աղոթեց Հորը այնպիսի զորեղ և սուրբ խոսքերով, որ դրանք չէին կարող գրի առնվել: Այնքան զորեղ էր Նրա աղոթքը, որ նրանք, ովքեր լսեցին Նրան, լցվեցին ուրախությամբ: Հիսուսը, լցվելով նրանց հանդեպ Իր սիրով և Իր հանդեպ նրանց հավատքով, լաց եղավ: Նա մարգարեացավ Աստծո աշխատանքի մասին դարեր հետո, որը պետք է տաներ դեպի Իր խոստացված Երկրորդ Գալուստը:4

Ապա Նա խնդրեց նրանց մոտ բերել իրենց երեխաներին:

«Եվ նա վերցրեց նրանց փոքր երեխաներին, մեկ առ մեկ, և օրհնեց նրանց, և նրանց համար աղոթեց Հորը:

Եվ երբ նա արեց այս, նա կրկին արտասվեց.

Եվ նա խոսեց բազմության հետ, և ասաց նրանց. Նայեք ձեր փոքրիկներին:

«Եվ երբ նրանք նայեցին՝ տեսնելու համար, նրանք գցեցին իրենց աչքերը դեպի երկինք, և նրանք տեսան երկինքները բաց, և նրանք տեսան հրեշտակներ՝ իջնելիս երկնքից, կարծես թե կրակի մեջ էին. և նրանք իջան վար և օղակեցին այն փոքրիկների շուրջը, և նրանք, շուրջանակի, օղակված էին կրակով, և հրեշտակները սպասավորում էին նրանց (3 Նեփի 17.21–24):

Այսպիսին է Աստծո սիրո մաքրությունը և զորությունը, ինչպես հայտնված է Մորմոնի Գրքում:

Այս վերջին օրերում, մենք՝ ովքեր արտոնված ենք ունենալու Մորմոնի Գիրքը, լինելու Տիրոջ Եկեղեցու անդամները, ունենալու Նրա ավետարանը և պահելու Նրա պատվիրանները, գիտենք որոշ չափով Աստծո անսահման սիրո մասին: Մենք գիտենք, թե ինչպես Նրա սերը մերը դարձնենք: Դառնալով Նրա ճշմարիտ աշակերտները, մենք զորություն ենք ստանում սիրելու այնպես, ինչպես Նա է սիրում: Պահելով Նրա պատվիրանները, մենք նմանվում ենք Նրան: Մենք լայնացնում ենք սիրո մեր անձնական շրջանակը, օգնության հասնելով բոլոր ազգերի, ցեղերի և լեզուների ժողովուրդներին:

Նրա օրինակելի կյանքի համար խորին երախտագիտությամբ, մենք կարող ենք սուրբգրքյան այս հատվածը չափանիշ դարձնել մեզ համար. «Աղոթեք Հորը, սրտի ողջ կորովով, որ դուք կարողանաք լցված լինել այդ սիրով, որը նա շնորհել է բոլոր նրանց, ովքեր նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն են. որ դուք կարողանաք դառնալ Աստծո որդիները. որպեսզի երբ նա հայտնվի, մենք լինենք նրա նման. քանզի մենք պիտի տեսնենք նրան» (Մորոնի 7.48):5

Քրիստոսը հայտնվում է արևմտյան կիսագնդում, Առնոլդ Ֆրայբերգ© 1995 IRI

Ալման մկրտում է Մորմոնի Ջրերում, Առնոլդ Ֆրայբերգ

Հիսուս Քրիստոսը այցելում է Ամերիկաներ, Ջոն Սքոթ

Տպել