Այցելող ուսուցիչների ուղերձ, օգոստոս 2012
Գործել անհրաժեշտ պահին
Ուսումնասիրեք այս նյութն աղոթքով և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում դուք այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և Սփոփող Միությունը դարձնել ձեր սեփական կյանքի ակտիվ մասը:
Որպես այցելող ուսուցիչներ մեր նպատակներից մեկն է օգնել ամրացնել ընտանիքներն ու տները: Քույրերը, ում մենք այցելում ենք, պետք է կարողանան ասել. «Եթե ես խնդիրներ ունեմ, ես գիտեմ, որ իմ այցելող քույրերը կօգնեն առանց հրավերի սպասելու»: Որպեսզի ծառայենք, մենք պարտականություն ունենք զգայուն լինել այն քույրերի կարիքների հանդեպ, ում մենք այցելում ենք: Եթե մենք ոգեշնչում փնտրենք, մենք կիմանանք, թե ինչպես արձագանքենք յուրաքանչյուր քրոջ հոգևոր և նյութական կարիքներին, ում մեզ հանձնարարված է այցելել: Այնուհետև, օգտագործելով մեր ժամանակը, հմտությունները, տաղանդները, հավատքի աղոթքները և հոգևոր ու էմոցիոնալ աջակցությունը, մենք կարող ենք օգնել` մատուցելով կարեկցող ծառայություն հիվանդության, մահվան և այլ հատուկ պայմանների ժամանակ:1
Այցելող ուսուցիչներից ստացված տեղեկությունների օգնությամբ Սփոփող Միության նախագահությունը տեղեկանում է նրանց մասին, ովքեր հատուկ կարիքներ ունեն ֆիզիկական կամ էմոցիոնալ հիվանդությունների, ծայրահեղ դեպքերի, ծնունդների, մահվան, հաշմանդամության, միայնակության կամ այլ խնդիրների պատճառով: Այնուհետև Սփոփող Միության նախագահը զեկուցում է իր ստացած տեղեկությունները եպիսկոպոսին: Նրա ղեկավարությամբ նա կազմակերպում է աջակցությունը:2
Որպես այցելող ուսուցիչներ մենք կարող ենք ունենալ «մեծ պատճառ … ցնծալու», որի պատճառն է այն «օրհնությունը, որը պարգևեց մեզ, որ մենք Աստծո ձեռքում գործիքներ դարձվեցինք` իրականացնելու այս մեծ աշխատանքը» (Ալմա 26.1, 3):
Սուրբ գրություններից
Մատթեոս ԻԲ.37–40, Ղուկաս Ժ.29–37, Ալմա 26.1–4, Վարդապետություն և Ուխտեր 82.18–19
Մեր պատմությունից
Եկեղեցու վաղ շրջանում անդամները քիչ էին և համակենտրոնացված: Անդամները կարող էին արագ արձագանքել, երբ ինչ-որ մեկը կարիքի մեջ էր: Այսօր մեր անդամների թիվն անցնում է 14 միլիոնից և մենք ցրված ենք աշխարհով մեկ: Այցելությամբ ուսուցանելը Տիրոջ ծրագրի մի մասն է, որի միջոցով օգնություն է տրվում Նրա բոլոր զավակներին:
«Միակ համակարգը, որը կարող էր սատարել և մխիթարել աշխարհով մեկ տարածված ամբողջ եկեղեցուն բազմազան ձևերով, կլիներ անհատ ծառաների միջոցով, որոնք մոտ կլինեին կարիքի մեջ գտնվող մարդկանց», - ասել է Նախագահ Հենրի Բ. Այրինգը` Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականը:
«… Յուրաքանչյուր եպիսկոպոս և յուրաքանչյուր ճյուղի նախագահ ունի Սփոփող Միության նախագահ, ում կարող է վստահել», - շարունակել է նա: «Նա ունի այցելող ուսուցիչներ, ովքեր գիտեն յուրաքանչյուր քրոջ դժվարություններն ու կարիքները: Նա կարող է նրանց միջոցով մանրամասներ իմանալ անհատների և ընտանիքների վերաբերյալ: Նա կարող է օգնության հասնել և օգնել եպիսկոպոսին անհատների և ընտանիքների համար հոգ տանելու իր կոչման մեջ»:3
© 2012 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Տպագրված է ԱՄՆ-ում: Անգլերենի հաստատումը. 6/11: Թարգմանության հաստատումը. 6/11:Visiting Teaching Message, August 2012-ի թարգմանությունը: Armenian. 10368 201