Առաջին Նախագահության ուղերձ, դեկտեմբեր 2012
Վերագտնել Սուրբ Ծննդյան Հոգին
Տարիներ առաջ, որպես երիտասարդ երեց, ես կանչվել էի այլ երեցների հետ միասին Սոլթ Լեյք Սիթիի հիվանդանոց՝ հիվանդ երեխաներին օրհնություն տալու համար: Երբ ներս էինք մտնում, մենք նկատեցինք վառ լույսերով մի հաճելի տոնածառ և տեսանք դրա տակ դրված զգուշությամբ փաթաթված կապոցներ: Այնուհետև մենք անցանք միջանցքներով, որտեղ փոքրիկ տղաներն ու աղջիկները՝ ոմանց ձեռքը կամ ոտքը գիպսի մեջ դրված, ուրիշները վատառողջ վիճակում, որ, հավանաբար, դեռ երկար պետք է բուժվեին, ողջունեցին մեզ ժպտացող դեմքերով:
Մի դեռատի, շատ հիվանդ փոքրիկ տղա ձայն տվեց ինձ. «Ի՞նչ է Ձեր անունը»:
Ես ասացի նրան իմ անունը, և նա հարցնեց. «Դուք ինձ օրհնություն կտա՞ք»:
Օրհնությունը տրվեց, և երբ մենք շրջվեցինք, որ հեռանայինք նրա անկողնու մոտից, նա ասաց. «Շատ շնորհակալություն»:
Մենք մի քանի քայլ արեցինք, հետո ես լսեցի նրան կանչելիս. «Օ՝հ, Եղբայր Մոնսոն, շնորհավոր ձեր Սուրբ Ծնունդը»: Այնուհետև մի մեծ ժպիտ փայլեց նրա դեմքով մեկ:
Այդ տղան ուներ Սուրբ Ծննդյան հոգին: Սուրբ Ծննդյան հոգին մի բան է, որը ես հուսով եմ, որ բոլորս էլ կունենանք մեր սրտերում և կյանքում, ոչ միայն այս ժամանակաշրջանում, այլ ամբողջ տարվա ընթացքում:
Երբ մենք ունենք Սուրբ Ծննդյան հոգին, մենք հիշում ենք Նրան, ում ծնունդը մենք նշում ենք տարվա այս եղանակին. «Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցաւ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը» (Ղուկաս Բ.11):
Մեր օրերում նվերներ տալու հոգին մեծ դեր է խաղում Սուրբ Ծնունդը նշելու ժամանակ: Մտածում եմ, որ մենք կարող ենք օգուտ քաղել, եթե հարցնենք ինքներս մեզ, թե ի՞նչ նվեր Տերը կցանկանար, որ ես տայի Նրան կամ ուրիշներին տարվա այս թանկագին ժամանակ:
Կարող եմ ես առաջարկել, որ մեր Երկնային Հայրը կցանկանար, որ մեզանից յուրաքանչյուրը տար Իրեն և Իր Որդուն հնազանդության նվերը: Ես նաև զգում եմ, որ Նա կխնդրեր մեզ նվիրաբերել մեր անձը և չլինել եսասեր կամ ագահ կամ անհաշտ, ինչպես Նրա թանկագին Որդին է խորհուրդ տալիս Մորմոնի Գրքում.
«Քանզի ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա, ով ունի հակառակության հոգին, ինձանից չէ, այլ դևից է, որը հակառակության հայրն է, և նա դրդում է մարդկանց սրտերը՝ բարկությամբ վիճելու մեկը մյուսի հետ:
Ահա, սա իմ վարդապետությունը չէ՝ բարկության դրդել մարդկանց սրտերը մեկմեկու դեմ. այլ այս է իմ վարդապետությունը, որ այդպիսի բաները պիտի վերացվեն» (3 Նեփի 11.29–30):
Ժամանակների լրության այս հրաշալի տնտեսության մեջ սիրելու և մեզանից բաժին հանելու հնարավորություններն իսկապես անսահման են, սակայն դրանք նաև անցողիկ են: Այսօր կան սրտեր, որ պետք է ուրախնան, բարի խոսքեր, որ պետք է ասվեն, գործեր, որ պետք է արվեն, և հոգիներ, որ պետք է փրկվեն:
Մեկը, ով ուներ խանդավառ մտքեր Սուրբ Ծննդյան հոգու հետ կապված, գրել է.
Ես Սուրբ Ծննդյան Հոգին եմ:
Ես մտնում եմ աղքատ տուն, պատճառ դառնալով, որ դալուկ դեմքով երեխաները մեծ բացեն իրենց աչքերը՝ հաճելի զարմանքով:
Ես պատճառ եմ հանդիսանում, որ դժբախտի պրկված ձեռքերը հանգստանան և, այդպիսով, մի վառ կետ եմ նկարում նրա հոգում:
Ես պատճառ եմ հանդիսանում, որ տարեցը վերագտնի իր երիտասարդությունը և ուրախ ծիծաղի, ինչպես հնում:
Ես ռոմանտիկ պատմությունները կենդանի եմ պահում մանկության սրտում և լուսավորում եմ քունը հրաշքներով հյուսված երազներով:
Ես պատճառ եմ հանդիսանում, որ ցանկության ոտքերը լի զամբյուղներով հեռանան մութ սանդուղքներով, իրենց ետևում թողնելով աշխարհի բարությամբ ապշահար սրտեր:
Ես պատճառ եմ հանդիսանում, որ անառակը մի պահ կանգ առնի իր զեխ ու շռայլ ճանապարհին և ուղարկում եմ մեծ սիրո մի փոքրիկ խորհրդանիշ, որն առաջ է բերում ուրախության արցունքներ. արցունքներ, որոնք լվանում են վշտի դժվար պահերը:
Ես մտնում եմ մութ բանտախցերը, հիշեցնելով վախեցած մարդկությանը, թե ինչ կարող էր լինել և ցույց տալով լավ օրերը, որոնք դեռ պիտի գան:
Ես մեղմորեն գալիս եմ վշտահար, լուռ, դժգույն տունը, և շուրթերը, որոնք չափազանց թույլ են խոսելու համար, պարզապես լուռ դողում են՝ երախտագիտություն արտահայտելով:
Հազարավոր եղանակներով ես պատճառ եմ հանդիսանում, որ հոգնաբեկ աշխարհը վեր նայի Աստծուն և մի ակնթարթ մոռանա աննշան ու թշվառ բաները:
Ես Սուրբ Ծննդյան Հոգին եմ:1
Թող որ մեզանից յուրաքանչյուրը կրկին վերագտնի Սուրբ Ծննդյան հոգին՝ Քրիստոսի Հոգին:
© 2012 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Տպագրված է ԱՄՆ-ում: Անգլերենի հաստատումը. 6/11: Թարգմանության հաստատումը. 6/11: First Presidency Message, December 2012 -ի թարգմանությունը: Armenian 10372 201