Առաջին Նախագահության Ուղերձ, փետրվար 2013
Խոսք տատանվող միսիոներին
Հիսուս Քրիստոսի աշակերտները միշտ ունեցել են Նրա ավետարանը աշխարհին տանելու պարտավորություն (տես Մարկոս ԺԶ.15–16): Այնուամենայնիվ, երբեմն դժվար է բացել մեր բերանները և խոսել մեր հավատքի մասին մեր շրջապատում գտնվողների հետ: Մինչդեռ Եկեղեցու որոշ անդամներ բնատուր պարգև ունեն ուրիշների հետ կրոնի մասին խոսելու հետ կապված, մյուսները մի փոքր տատանվում են կամ անվստահ են զգում, ամաչում են կամ, նույնիսկ, վախենում դա անել:
Ելնելով դրանից, թույլ տվեք ինձ տալ չորս խորհուրդ, որոնց յուրքանչյուրն էլ կարող է հետևել՝ հնազանդվելու համար «ամեն արարածի» ավետարանը քարոզելու Փրկչի պատվիրանին (ՎևՈՒ 58.64):
Լույս եղեք
Իմ սիրած արտահայտություններից մեկը, որը պատկանում է Սբ. Ֆրանցիսին, հետևյալն է. «Քարոզեք ավետարանը բոլոր ժամանակներում և, եթե անհրաժեշտ է, օգտագործեք բառեր»:1 Ասվածի մեջ ակնարկվում է այն հասկացողությունը, որ հաճախ ամենազորեղ քարոզները հնարավոր չէ արտահայտել բառերով:
Երբ մենք ազնիվ ենք և հետևողականորեն ապրում ենք մեր չափանիշներով, մարդիկ նկատում են դա: Երբ մեզանից ուրախություն և երջանկություն է արտացոլվում, նրանք նկատում են նույնիսկ ավելին:
Յուրաքանչյուրն էլ ուզում է երջանիկ լինել: Երբ մենք` Եկեղեցու ադամներս, ավետարանի լույսն ունենք մեր մեջ, մարդիկ կարող են տեսնել մեր երջանկությունը և զգալ Աստծո սերը, որ լցնում և հեղեղում է մեր կյանքը: Նրանք ուզում են իմանալ, թե ինչու: Նրանք ուզում են հասկանալ մեր գաղտնիքը:
Սա մղում է նրանց տալ նմանատիպ հարցեր. «Ինչո՞ւ եք դուք այդքան երջանիկ» կամ «Ինչո՞ւ դուք միշտ ունեք այդպիսի դրական վերաբերմունք»: Այս հարցերի պատասխանները, իհարկե, կատարյալ առիթ են հանդիսանում Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի վերաբերյալ զրուցելու համար:
Զրույցի բռնվող եղեք
Կրոնի վերաբերյալ թեմա առաջ բերելը, հատկապես մեր ընկերների և սիրած էակների հետ, կարող է վախեցնող և դժվար թվալ: Այն չպետք է այդպիսին լինի: Մտերմիկ զրույցի ժամանակ հոգևոր փորձառություններ հիշատակելը կամ Եկեղեցու միջոցառումների կամ իրադարձությունների մասին խոսելը կարող է հեշտ և հաճելի լինել, եթե մենք ներդնենք մի փոքր քաջություն և առողջ դատողություն:
Իմ կինը` Հարրիեթը, այս առումով հրաշալի օրինակ է: Երբ մենք ապրում էինք Գերմանիայում, նա եղանակներ էր գտնում ընկերների և ծանոթների հետ իր զրույցի ժամանակ առաջ քաշել Եկեղեցու հետ կապված թեմաներ: Օրինակ, երբ ինչ-որ մեկը հարցնում էր նրան հանգստյան օրերի մասին, նա ասում էր. «Այս շաբաթ մենք տպավորիչ փորձառություն ունեցանք մեր Եկեղեցում: 16-ամյա մի պատանի հրաշալի ելույթ ունեցավ մեր համայնքի 200 մարդկանց առջև մաքուր կյանքով ապրելու մասին»: Կամ` «Ես տեղեկացա մի 90-ամյա կնոջ մասին, ով կարել էր ավելի քան 500 վերմակներ և տվել էր մեր Եկեղեցու մարդասիրական ծրագրին, որ ուղարկվեին աշխարհով մեկ գտնվող կարիքավոր մարդկանց»:
Մարդիկ, ովքեր լսում էին այս, ավելի հաճախ ցանկանում էին իմանալ ավելին: Նրանք հարցեր էին տալիս: Եվ դա հնարավորություններ էր տալիս խոսել ավետարանի մասին բնական, ինքնավստահ, հաճելի ձևով:
Համացանց և հասարակական զանգվածային միջոցներ մուտք ունենալով` այսօր ավելի հեշտ է խոսել այս բաների մասին զրույցի միջոցով, քան երբևէ նախկինում: Այն, ինչ մեզ պետք է, պարզապես դա անելու քաջությունն է:
Եղեք շնորհով լի
Ցավոք սրտի, շատ հեշտ է անբարյացակամ լինելը: Շատ հաճախ է պատահում, երբ մենք վիճում ենք, նվաստացնում ենք և դատապարտում ենք: Երբ մենք բարկանում ենք մարդկանց վրա, կոպտում նրանց կամ վիրավորում, նրանք այլևս չեն ցանկանում ավելին իմանալ մեր մասին: Անհնարին է իմանալ, թե քանի մարդ է հեռացել Եկեղեցուց կամ երբեք չի միացել, քանի որ ինչ-որ մեկը ինչ-որ բան է ասել, որը ցավ է պատճառել կամ վիրավորել նրանց:
Այսօր աշխարհը լի է անքաղաքավարությամբ: Քանի որ համացանցը այսօր ապահովում է անվան գաղտնիությունը, ավելի քան երբևէ հեշտացել է համացանցում թունավոր կամ նյարդայնացնող բաներ ասելը: Չպե՞տք է մենք` մեր բարի Քրիստոսի հույսով լի աշակերտներս, ունենանք ավելի բարձր, ավելի բարյացակամ չափանիշ: Սուրբ գրություններն ուսուցանում են. «Ձեր խոսքը ամեն ժամանակ շնորհքով` աղով համեմած լինի, որ գիտենաք թէ ինչպէս արժան է ձեզ ամեն մէկին պատասխան տալ» (Կողոսացիս Դ.6):
Ինձ դուր է գալիս այն գաղափարը, որ մեր բառերը լինեն պարզ, ինչպես պայծառ երկինքը, և լի լինեն շնորհով: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպիսին կլինեն մեր ընտանիքները, ծխերը, ազգերը և նույնիսկ աշխարհը, եթե մենք կարողանանք ընդունել այս պարզ սկզբունքը:
Լցված եղեք հավատքով
Երբեմն մենք մեզ վրա վերցնում ենք չափից ավելի գովասանք կամ չափից ավելի մեղադրանք, երբ հարցը վերաբերվում է ուրիշների կողմից ավետարանն ընդունելուն: Կարևոր է հիշել, որ Տերը մեզանից չի ակնկալում դարձի բերելը:
Դարձի են գալիս ոչ թե մեր խոսքերի, այլ Սուրբ Հոգու երկնային ծառայությունների շնորհիվ: Երբեմն ընդամենը պահանջվում է մեր վկայության կամ փորձառության վերաբերյալ մեկ արտահայտություն, որպեսզի ընթացքի մեջ դրվի սիրտը փափկացնելը կամ դուռը բացելը, որը կարող է առաջնորդել ուրիշներին Հոգու հուշումների միջոցով վեհ ճշմարտությունների հետ կապված փորձառություն ունենալ:
Նախագահ Բրիգամ Յանգն (1801-77) ասել է, որ իմացել է, որ ավետարանը ճշմարիտ է, երբ «տեսավ մի մարդու, ով առանց պերճախոսության կամ տաղանդների կամ հասարակության առջև վարժ խոսելաձևի, ով միայն կարող էր ասել. «Սուրբ Հոգու զորությամբ ես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, որ Ջոզեֆ Սմիթը Տիրոջ Մարգարեն է»»: Երբ Նախագահ Յանգը լսել է այդ համեստ վկայությունը, նա ասել է. «Այդ անհատից բխող Սուրբ Հոգին լուսավորեց իմ հասկացողությունը, և լույսը, փառքը և անմահությունը [հյտնվեցին] իմ առջև»:2
Եղբայրներ և քույրեր, հավատք ունեցեք: Տերը կարող է ուժ տալ ձեր ասած բառերին և զորեղ դաձնել դրանք: Աստված ձեզանից չի պահանջում դարձի բերել, այլ դրա փոխարեն բացել ձեր բերանները: Դարձի բերելու խնդիրը ձերը չէ, այն պատկանում է լսող անձնավորությանը և Սուրբ Հոգուն:
Յուրաքանչյուր անդամ միսիոներ է
Իմ թանկագին ընկերներ, այսօր մեզ համար շատ ավելի միջոցներ կան, քան երբևէ, որ բացենք մեր բերանները և ուրիշների հետ կիսվենք Հիսուս Քրիստոսի ավետարանի ուրախ լուրերով: Յուրաքանչյուրը, նույնիսկ տատանվող միսիոները, հնարավորություն ունի մասնակցելու այս մեծ աշխատանքին: Մեզանից յուրաքանչյուրն էլ կարող է ուղիներ գտնել օգտագործելու մեր որոշակի տաղանդները և հետաքրքրությունները, որ աջակցի աշխարհը լույսով և ճշմարտությունով լցնելու մեծ գործին: Դա անելով, մենք կգտնենք ուրախություն, որը տրվում է նրանց, ովքեր բավականաչափ հավատարիմ և համարձակ են «կանգնելու որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում» (Մոսիա 18.9):
© 2013 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Տպագրված է ԱՄՆ-ում: Անգլերենի հաստատումը. 6/12: Թարգմանության հաստատումը. 6/12: First Presidency Message, February 2013-ի թարգմանությունը: Armenian: 10662 201